Կոնգրեսը կորցնում է «եզակի առաջնորդին» – ՀԱԿ-ՀՀՇ-ն այլեւս չի կարող միահամուռ որոշումներ կայացնել…

- Շա՞տ ԲՀԿ-ականներ կսատարեն ՀՀԿ թեկնածուին

 ՀԱԿ-ում տրամադրությունները դառնում են վճռական: Նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկումներն ավելի լարված են ընթանում: Այսպես կոչված «ակտիվ բանակցությունները» քաղաքական մյուս ուժերի հետ կարծես շահեկան արդյունք չեն տալիս: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը բացատրում են այն հանգամանքով, թե նա ավելի լավ է քաղաքական դաշտը պատկերացնում եւ շատ լավ գիտի, որ եթե քաղաքական ուժերի համախմբում տեղի չունենա, իրական հաղթանակի հնարավոր չէ հասնել: Եվ ՀԱԿ-ը մինչեւ վերջին պահը փորձում է ԲՀԿ-ին կցել ՀԱԿ-ի նպատակների իրականացմանը: Միասնական թեկնածուն դարձել է հաջողություն բերող պայքարի միակ եւ իրական գործոնը: Եթե ոչ վերջնական հաղթանակի բերող, ապա գոնե հետընտրական գործընթացներ բորբոքող գործոնը:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ հետընտրական պրոցեսների համար ՀԱԿ-ը պետք է նախ՝ պատրաստ լինի նախընտրական պայքարի, իսկ այս պահին կոնգրեսականները կորցրել են այն ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք կային 2008-2009թթ.: Ըստ քաղաքագետի, եթե այս իրավիճակում, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը, գտնվելով խորհրդարանում, խոսում է «փողոցային քաղաքականության մասին, դա նման է նոստալգիկ բնույթ ունեցող հայտարարության, ինչը կորցրել է իր ուժը, եւ փողոցային քաղաքականությունն այս պահին ակտուալ չէ»:

ՀԱԿ-ի վերջին՝ մի քանի հարյուրանոց հանրահավաքը տեւել է շատ կարճ, եւ ելույթներով հանդես չեն եկել ՀԱԿ գործիչներ Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չի մասնակցել հանրահավաքին: ՀԱԿ-ի ներսում էլ հստակություն չկա, տարբեր պատկերացումներով քաղաքական գործիչներ են միավորվել, եւ պահանջներն էլ տարբեր են:

Ինչպես ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի, այնպես էլ ՀՀՇ-ական հատվածի համար ընդիմության միակ միասնական թեկնածուն դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Բայց նրանք էլ վստահ չեն հաղթանակի առումով եւ կարծում են, թե «այս ընտրությունները կկեղծվեն ոչ ավանդական միջոցներով, մաֆիան փոխել է իր ձեռագիրը, փող են բաժանում աղքատ քաղաքացիներին եւ հետեւում՝ գումարի դիմաց ձայն ստացա՞ն, թե՞ ոչ»: Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով ՀՀ նախագահի եղբորորդու մասնակցությամբ «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին՝ նշել է. «Երբ Սաշիկի որդու հոպարը էլ նախագահ չլինի, տեսնեմ ոնց է էդ ժամանակ քաղաքում ռագատկայով կրակում: Իսկ քանի դեռ հոպարը նախագահ է, ինքը ինչ ուզում անում է: Ցավոք սրտի, սա է մեր հասարակությունը»:

«Նախկին» «ԿԳԲ»-ականը չի սխալվում, բայց «մոռանում» է նշել, որ այդ հասարակության հիմքը դրել են Տեր-Պետրոսյանն ու Եղիազարյանի ՀԱԿ-ՀՀՇ-ական ընկերները: Երեւի կարիք չկա հիշեցնելու իրենց ժամանակներում (հատկապես վանոյա-վազգենական)

այստեղ-այնտեղ կրակելու, ծեծուջարդ անելու եւ մարդկանց կորցնելու «ավանդույթի» մասին…

Ոմանք հետընտրական գործընթացների նախազգուշացում են համարում նաեւ «ՀԱԿ 4 ակտիվիստների դատավարությունը… ՀՀՇ-ի վախը բռնվել է սրանով…»,- կարծում են նրանք: Հատկապես, որ միջազգային մի շարք կառույցներին հղված դիմումները, այդ թվում՝ Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարական կուսակցությանը, մնացին անպատասխան: Անգամ փորձեր եղան «քաղբանտարկյալներ»-ի հայտարարություններ տարածել եւ դատական մարմիններում դա արծարծել, սակայն կրկին արդյունքներ չգրանցվեցին:

Ասացինք «վանոյա-վազգենական… ավանդույթ», հիշեցինք ժամանակին պետության ստվերային կառավարչին, ում համար պայքար սկսած մարդիկ այսօր էլ դեմ չէին լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն տեսնել Վանո Սիրադեղյանին: Իսկ իրականում ոչ մի տարբերություն էլ չկա, թե ինչ կասեն՝ ինչպես նախկինում. «Լեւոնն էլ է Վանոյի մոտ նախագահ աշխատում…», թե՝ հակառակը:

Հաստատ է մի բան. Սիրադեղյանը հենց այնպես չէր կարող գնալ Հայաստանից, եւ կայքերը հենց այնպես չեն գրում, որ «Վանոյի՝ երկրից դուրս գնալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ»: Եվ անգամ հայտնում են, որ «Վանոն համաձայն չէ այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, ինչ անում է ՀԱԿ-ը՝ համագործակցելով ԲՀԿ-ի հետ. նա երբեք Քոչարյանին չի ընդունել»,- գրել է «Հրապարակ»-ը՝ հայտնելով Վանոյի մտերիմներից մեկի բողոքը:

Շուրջ 12 տարի Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործ մնում է: Տեսակետ էլ կա, որ նա երկրում է եւ սպասում է հարմար պահի: Չնայած Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը մինչեւ իր մահը նշել էր. «Վանո Սիրադեղյանին ես ինքս եմ ճանապարհել»: Անգամ նշվեց, թե գոյություն ունի Վանո Սիրադեղյան-Վարդան Ղուկասյան կապ, եւ դա եւս համարվեց Գյումրու ՀՀԿ-ական քաղաքապետից հրաժարման պատճառ:

Ինչեւէ, ՀՀՇ-ն հստակ հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ է գնում, իսկ Սուրեն Սիրունյանի պնդմամբ, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը մի առիթով նշել էր, թե չէր ցանկանա, որ Վանո Սիրադեղյանը վերադառնար Հայաստան:

«Ելք» շարժման նախաձեռնությանը՝ Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, եւս ՀՀՇ վարչության անդամներին չստիպեց իրենց տեսակետները հայտնել: Ըստ նույն Սիրունյանի, «Սիրադեղյանի շրջապատից Մանուկյանը միակը չի եղել, որ պատրաստակամություն է հայտնել Վանոյին անձեռնմխելիությունից զրկելուն»:

Այս մանրամասները հիշեցինք, որպեսզի հասկանալի լինի այն իրողությունը, որ ՀԱԿ-ՀՀՇ-ն այլեւս չի կարող միահամուռ որոշումներ կայացնել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից ունի, ով անգամ հետախուզման մեջ գտնվելով կարողանում է կարծիք ձեւավորել նույն կառույցում:

Իսկ նախագահի թեկնածուների հավակնորդներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը եւ այլոք իրենց առաջադրումների շահարկմամբ կփորձեն հիմնավորապես չեզոքացնել եզակիության բարդույթը:

Արման Դավթյան

* * *

Շա՞տ ԲՀԿ-ականներ կսատարեն ՀՀԿ թեկնածուին

ԲՀԿ նախագահի կեցվածքը գալիք նախագահական ընտրությունների առումով՝ դեռ կքննարկվի, մինչեւ նոր նախագահի ընտրվելը, թերեւս նաեւ դրանից հետո անդրադարձ կլինի, թե ինչպես չի կարելի պայքարել երկրի նախագահ դառնալու համար: Այսինքն՝ վատ օրինակը եւս օրինակ է: Վերջերս քաղաքական գնահատականներով հաճախ հանդես եկող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես չգալը մարտահրավեր եղավ բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ փորձում էին գործակցել միասնական շտաբ ձեւավորելու համար:

Ըստ ԿԳ նախարարի, ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չգալու մասին ԲՀԿ որոշումը ընտրությունների բոյկոտ չի նշանակում. «Որովհետեւ դա կուսակցական որոշում է, բայց վստահ եմ, որ շատ ԲՀԿ-ականներ հոգով ու սրտով կաջակցեն ՀՀԿ թեկնածուին»:

Արմեն Աշոտյանը խոսել է նաեւ այն ուժերի մասին, որոնք ԲՀԿ-ի հետ հույսեր էին կապում. «Որոշ քաղաքական ուժեր հույս էին փափագում, որ կարող են կպնել ԲՀԿ շոգեքարշին եւ իրենց զրոյացող քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի եւ վարկանիշի շնորհիվ: Ակնհայտ է, որ այդ պլանները տապալվեցին, հատկապես ՀԱԿ-ի պարագայում, իսկ նորմալ քաղաքական ուժերում տապալում, ֆիասկո թույլ տված քաղաքական գործիչները պետք է պատասխան տան իրենց գործընկերների առջեւ՝ իրենց սխալ քաղաքական մարտավարությոնը եւ ռազմավարությունը ուրիշներին թելադրելու փորձերի համար»: Իսկ ՀՀԿ-ին՝ ԲՀԿ-ի որոշումը չի տխրեցնի, քանզի, նախարարի խոսքերով, ՀՀԿ-ն ՀՀ անկախության տարիներին ստեղծված եւ գրանցված առաջին քաղաքական միավորումն է, որն իր պատմության ընթացքում ականատես է եղել Հայաստանի նորագույն պատմության բոլոր էջերին եւ բազմափորձ է, ուստի, հանրապետականներին դժվար է այսօր ուրախացնել կամ տխրեցնել:

ՀՀԿ գործիչը չմանրամասնեց այն հարցը, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքնաառաջադրվելու է եւ ԲՀԿ-ն ներքին կարգով սատարելու է նրան. «Հրապարակային քաղաքականության մեջ կա մեկ չգրված օրենք՝ չմեկնաբանել խոսակցությունները, ասեկոսեները, անհայտ եւ մոտիկ կանգնած աղբյուրների լրահոսները»:

Իսկ թե ԲՀԿ-ի հետ ի՞նչ պայմանավորվածություն է եղել, նախարարը չասաց, միայն խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մամլո խոսնակներին. «Հստակ է միայն մի բան. ՀՀԿ-ն գնում է ընտրությունների սեփական թեկնածուով, գնում է ընտրությունների վստահ եւ բաց ճակատով՝ չապավինելով եւ ոչ մեկի քաղաքական աջակցությանը, մյուս կողմից՝ պատրաստ լինելով իր կողքին տեսնել այնպիսի ուժերի ու մարդկանց, ովքեր կիսում են մեր ծրագրերը, հավատում են, որ Հայաստանում հնարավոր է բեկումնային փոփոխություններ մտցնել»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։