Աշխարհովի նախագահ ենք ընտրում – ՀՀ նախագահի հերթական ընտրության մասին…

- Հայաստանի նոր նախագահը ճանապարհ ընկավ – Առաջադրումների ժամանակը…

«Լուսանցք»-ը մի առիթով անդրադարձել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան «նախընտրական» գործունեությանը, թե ինչպիսի ջանասիրությամբ են ամերիկացիները նախապատրաստվում Հայաստանի նախագահի ընտրությանը:

Հատկապես ԱՄՆ-ի դեսպանն է պատրաստվում: Նշել էինք, որ դեսպան Ջոն Հեֆերնը «նախընտրական» հանդիպումներ է անցկացրել ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

ԲՀԿ առաջնորդը նաեւ Եվրոպա եւ ԱՄՆ մեկնեց բանակցությունների: Չնայած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից հայտնել են, թե զլմ-ներից են տեղեկացել, որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ:

ՍԴՀԿ-ի պատվիրակությունը եւս հանդիպել է ԱՄՆ դեսպանին, բայց մինչ այդ սոցիալ դեմոկրատները հանդիպել էին ՀՀ նախագահին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս հանդիպել է Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիս Անդերսոնը, քաղաքական հարցերով մասնագետ Տաթեւիկ Մելիքյանը:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կուսակիցների հետ հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի եւ քաղաքական հարցերով մասնագետ Տաթեւիկ Մելիքյանի հետ:

Դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպումների շարք է ունեցել ՀՀ այլ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ եւ խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Նա կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել երկրի միջազգային հեղինակության վրա:

Այսպես է խոսել Հեֆերնը եւ որոշ ժամանակով բացակայել է մեր հանրապետությունից:

ՌԴ դեսպանատունը այնքան ակտիվ չէ, ինչպես ԱՄՆ-ինը, սակայն զարմանալի հանդիպում է եղել ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի (որ Արեմուտքի սիրահարներից է) եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի միջեւ:

Իսկ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդիպել է ՌԴ պատասխանատու պաշտոնյաների հետ:

ՌԴ դեսպանի պասիվությունը գուցե կապված է այն հանգամանքի հետ, որ ռուսական ուղղությանն առնչվող քաղաքական ուժերը հիմնականում իրենք են այցելու Մոսկվա:

Թերեւս այդպես է նաեւ եվրոպական ուղղությանն առնչվողների համար, որոնք այցելում են Բրյուսել կամ Փարիզ:

Հիշեցնենք, որ այս դիտարկումը միջազգային լրատվություն չէր, այլ ՀՀ նախագահի հերթական ընտրության մասին հակիրճ տեղեկատվություն: Եվ ցավոք, այսպես են որոշվում նաեւ հայության համար շատ ճակատագրական հարցեր:

Անի Մարության

* * *

Հայաստանի նոր նախագահը ճանապարհ ընկավ

Նախագահական հերթական ընտրությունները կանցկացվեն 2013թ. փետրվարի 18-ին. հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հաստատվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

«Ընտրական օրենսգրքի» համաձայն, Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

ՀՀ նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացն սկսվելու է դեկտեմբերի 25-ից եւ կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը:

Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը:

Եվ այսպես՝ նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ից: Իսկ նախագահի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել մինչեւ փետրվարի 8-ի ժամը 18.00-ն:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ում եւ նշել, որ 2012թ. մայիսի ՀՀ ԱԺ ընտրությունները գնահատվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից որպես ԵԱՀԿ առջեւ ստաննձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխանող:

«Հայաստանը շարունակում է համագործակցել ԺՄԻԳ-ի հետ՝ իրականացնելու ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկները, եւ մենք վճռական ենք տրամադրված ամրապնդելու այս ձեռքբերումը եւ անցկացնելու 2013թ. նախագահական ընտրությունները ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- հավաստել է նախարարը:

Հայտնի է նաեւ, որ ՕԵԿ-ը կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը: «ՕԵԿ-ից շատերն են ցխկվում ու տրաքվում, եւ դրա ապացույցը զլմ-ների որոշ վերլուծություններ են»,- հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Նա վստահ է, որ քաղաքական դաշտում շատերն են նախանձում ՕԵԿ-ին:

Արդեն հայտնի է նաեւ, որ ԲՀԿ-ն չի առաջադրելու թեկնածու եւ չի պաշտպանելու նաեւ որեւէ այլ թեկնածուի:

ՀՅԴ-ն եւս նման մի հայտարարություն անելու ճանապարհին է, քանի որ տարբեր կուսակցությունների եւ ՀՀ նախագահի հետ հանդիպումները չբավարարեցին նրանց պահանջները:

ՀԱԿ-ում եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում եւս առաջադրելու խմորումներ կան, վերջինս անգամ կարող է համագործակցել ՀԱԿ-ից հեռացած նախկին ՀՀՇ-ականների հետ:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւս մտադիր է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին:

Չի բացառվում, որ դեռ նոր առաջադրումներ կլինեն, նման քննարկումներ են լինում նաեւ հայ արիականների եւ ազգայնականների շրջանում:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։