Մեր ժամանակների լակոտները – «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիայի» ճակատագիրը…

- Արծվի ու Աղվեսի առածը – Հայոց վերջին Քրմապետի՝ Արձան Քրմապետի բազում առածներից մեկը…

Ինչպես բնապահպան ակտիվիստներին հուշել էինք «Լուսանցք»-ի թիվ 39 եւ 40 համարներում, «Գառնու գործ»-ը երբեք լուծում չի ստանա, որովհետեւ Գառնու բնական հուշարձանի՝ «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիայի» քարերը դեռ պետք են այդպես էլ չկայացած այն 40-ն անց լակոտներին, ովքեր բնության հրաշքին վերաբերում են իբրեւ էժան շինանյութի:

Մեր հրապարակումներից հետո խմբագրությունը շատ հեռախոսազանգեր ստացավ, ամեն մեկը խնդրո առարկայի շուրջ իր իմացածն էր մեզ փոխացում: Նաեւ այս օրերին բնապահպանները ոստիկանությանը բաց նամակ փոխանցեցին:

Ի պատասխան ընդամենը ի՞նչ եղավ: Ոստիկանությունը ծրագրել է կառուցել արգելաշերտեր եւ պարեկային ծառայության երթուղիներն այնպես կազմակերպել, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում եւ հսկողության տակ:

Տեսնու՞մ եք, ամեն ինչ անում են, բացի տարածքին համապատասխան հատուկ կարգավիճակ տալուց:

Համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են մի քանի հոգի քանդում հուշարձանի քարերը եւ տեղափոխում այլ վայր£ Կարճ ժամանակ անց հայտնաբերվեցին այդ արարքի հեղինակները: Նրանք ասել են, թե քարերը տարել են գերեզմանատուն£ Սակայն հայտնի է, որ տարիներ շարունակ նման քարերով նույն գյուղում կառուցվել են մեծ առանձնատներ, որոնց տեղերը հայտնի են:

Գիտե՞ք որը կլինի այս պատմության շարունակությունը: Առանձնատները չեն տեսնի, տերերին չեն ճանաչի, մի որոշ ժամանակ քարերը չեն կտրի, հանրությունը կհանգստանա, հետո նորից ամեն ինչ կսկսվի նորից…

Որովհետեւ հիմա լակոտների ժամանակն է, քանի դեռ մի ուժեղ ձեռք չի եկել ու շան թուլի պես չի սատկացրել քարը կտրողին էլ, տանողին էլ, վաճառողին էլ, շինարարություն անողին էլ, տիրոջն էլ, տիրոջը հովանավորողին էլ ու այս ամենի վրա աչք փակողին էլ…

Սեփ. լրատվություն

* * *

Արծվի ու Աղվեսի առածը

Ստորեւ շարադրված առածը կապում են հեթանոսական շրջանի քրմական զրույցներին, երբ հայոց քրմերը մարդկանց հետ առնչվելիս օգտագործում էին դրանք՝ կյանքի այս կամ այն երեւույթը բացատրելու, մեկնաբանելու կամ մարդկանց պարզ ու մատչելի ձեւով իրենց խորհուրդը հասու դարձնելու համար…

Այս առածը համարում են հայ հեթանոսական ժամանակաշրջանի Հայոց վերջին Քրմապետի՝ Արձան Քրմապետի պատմած բազում առածներից մեկը:

Հիշեցնենք, որ Արձան Քրմապետն էր, ով ազգին կազմակերպեց եւ ինքն էլ կենաց-մահու կռիվ մղեց Հռոմից հովանավորվող եւ Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական զավթարարների դեմ (Գրիգորիս խավարիչի գլխավորությամբ)՝ մինչեւ իր կյանքի զոհաբերումը Հայոց հավատին եւ Հայ Աստվածներին…

Հավերժ փա՛ռք Հայոց Քրմության Նվիրյալին, ով այսօր էլ Հայ Աստվածների հետ է, իսկ նորօրյա քրմերի համար վառ ու անմեռ օրինակ է:

Արծիվն ու աղվեսը մի օր բարեկամացան ու պայման կապեցին, որ եթե մեկը զոհվի, ապա մյուսը պետք է ստանձնի զոհվածի ձագերի պաշտպանությունն ու դաստիարակությունը: Ժամանակ անց արծիվը, որ պատահաբար կոտրել էր թեւն ու մեռնում էր լեռան ստորոտում, ուրախացավ, երբ աղվեսը հայտնվեց իր մոտ: Վեհանձն արծիվը չկասկածելով մայր աղվեսի ազնվությանը՝ հիշեցրեց նրան իրենց պայմանը: Աղվեսը հանգստացնելով մեռնող արծվին՝ իմացավ թե որտեղ է գտնվում նրա բույնը:

Բարձրացավ լեռան գագաթը, համոզեց արծվի ձագերին, որ երկնքով սավառնելն անմիտ զբաղմունք է, որ արծվիկների հավատամքը՝ արեւի ու երկնքի մասին, հնարովի է:

Աղվեսի դաստիարակությամբ արծվի ձագերը մոռացան թռչելը, մոռացան արեւն ու երկինքը եւ դադարեցին արծիվ լինելուց: Փոքրիկ արծվիկները չգիտեին իրենց էությունը, չէին գիտակցում իրենց տեսակը, չգիտեին սավառնել, չգիտեին արեւն ու երկինքը: Անցան տարիներ, անցան դարեր. թռչելու կարողությունից զրկված ու լեռնային հավ դարձած արծվի սերունդները այլեւս հեշտ կեր էին աղվեսի սերունդների համար…

Առակը ցուցանում է, որ յուրաքանչյուր տեսակ՝ ըստ իր էության, ունի գոյապայքարի իր ձեւը: Օտարի կողմից ներմուծված գաղափարներն ու հավատամքը միտումնավոր են ու մոռացումի են մատնում սեփական էությունը:

Հայոց վերջին քրմապետը գիտեր ապագան: Բայց շփոթի մատնված թագավորն ու նախարարները չլսեցին, չհասկացան: Մարդիկ մոլորված էին, իսկ ոմանց մտքում էլ միայն քրմական տաճարների հարստությունն իրար մեջ բաժանելու պատկերն էր պտտվում…

Եվ առ այսօր առյուծածին հայերը աղվեսների, գայլերի ու բորենիների համար կեր են ծառայում… սպասելով Առյուծաձեւ Մհերի ժայռից դուրս գալուն… Մինչդեռ սպասել պետք չէ. Մհերը մեր հոգու, մեր հոգեւոր կյանքի՝ Հայոց հավատի վերականգնման մեջ է:

Քուրմ Արմոգ

(Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ)

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։