Ժողովրդագրական վիճակը հուսադրող չէ

Բայց այնքան վատ է, որ նույնիսկ կառավարությու՞նը չի հերքում

Մեր երկրում ժողովրդագրական վիճակն այնքան լավ չէ, որ այդ մասին խոսում է անգամ կառավարությունը: Դա երեւաց գործադիրի՝ երեկ հաստատած ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013թ. պետական ծրագրից: Այդ փաստաթղթով կառավարությունը մտադիր է խնդրի լուծման ուղիներ փնտրել:

Պատկերը ներկայացնենք թվերով:

ՀՀ մշտական բնակչության ցուցանիշը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 3.274,3 հազար մարդ, որից շուրջ 2.096,0 հազարը՝ քաղաքային եւ 1.178,3 հազարը՝ գյուղական: 2011թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ի մշտական բնակչության ցուցանիշը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11,7 հազ. մարդով, ինչը պայմանավորված է բնական հավելաճով: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության ցուցանիշը կազմել է 3.277,0 հազար մարդ՝ տարեսկզբի նկատմամբ աճելով շուրջ 2,7 հազար մարդով: Հանրապետությունում 2011թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 43.340 կենդանի ծնված, 1.485-ով պակաս, քան 2010թ.: 2012թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը կազմել է 19.183 մարդ, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 812 ծնունդով կամ 4,1%-ով: Ծնելիության‘դեռեւս ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը ամուսնությունների՝ դեռեւս ոչ բավարար մակարդակն է: 2011թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2010թ. հունվար-դեկտեմբերի համեմատ (17.984) ավելացել են 1.722-ով եւ կազմել 19.706 դեպք, իսկ ամուսնալուծությունների դեպքերը աճել են 6,4%-ով կամ 191-ով եւ կազմել 3.188 դեպք: 2012թ. հունվար-հունիսին, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նկատվել է ամուսնությունների թվաքանակի նվազում 147-ով: 2011թ. մեր երկրում գրանցվել է մահվան 27.963 դեպք, 2010թ. 27.921-ի համեմատ, իսկ մահացության գործակիցը 1.000 բնակչի հաշվով մնացել է անփոփոխ՝ 8.6: 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության 507 դեպք, 2010թ. 512-ի համեմատ: Մանկամահացության գործակիցը, 1.000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 11,6 պրոմիլ: Ընդ որում մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը կազմում են 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերի՝ 594, շուրջ 85,3%: 2012թ. հունվար-հունիսին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազել են 7-ով՝ կազմելով 241 դեպք: Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ ետծննդյան ժամանակահատվածում, 2011թ. գրանցվել է մայրամահացության 6 դեպք, որով պայմանավորված մայրամահացության գործակիցը կազմել է 13,8՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով‘ 2010թ. 9-ի դիմաց: Բնական հավելաճի գործակիցը 2011թ. կազմել է 4,7 պրոմիլ (1.000 բնակչի հաշվով), նախորդ տարվա 5.2 պրոմիլի համեմատ: 2012թ. հունվար- հունիսին բնական հավելաճի ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նույնպես նվազել է՝ 3,3-ից իջնելով 2,6 պրոմիլի՝ 1.000 բնակչի հաշվով:

Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին. 2012թ. հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության գործակալության 10 մարզային եւ 41 տարած¬քային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 81.733 մարդ, իսկ գործազուրկների թիվը՝ 69.440 մարդ, հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 6,2 %: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77,0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12,8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 5.8%-ով (81.7 հազ. մարդ): Անկախացումից հետո ՀՀ-ի ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներից մեկը միջպետական միգրացիան է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ ճիշտ է, վերջին մի քանի տարիներին միգրացիոն բացասական մնացորդը դրսեւորել է նվազման միտում, այնուհանդերձ վիճակը հեռու է բավարար լինելուց: 2009թ. համեմատ 2010թ. ուղեւորափոխադրումների բացասական մնացորդը աճել է շուրջ 4.9 հազարով: Ուղեւորափոխադրումների հաշվեկշիռը (ժամանումների եւ մեկնումների տարբերությունն է սա) 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -43,8 հազ., 2010թ.-ին արձանագրված՝ -46,7 հազ. ուղեւորության համեմատ: 2012թ. հունվար-հունիսին ուղեւորափոխադրումների բացասական մնացորդը կազմել է -73.874 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի -67.278-ի համեմատ: Արտաքին միգրացիայի բացասական ազդեցությունը վերարտադրողական տարիքի անձանց, մասնավորաբար տղամարդկանց, տեւական բացակայությունն է ընտանիքներից:

Ինչեւէ, գործադիրը լուծումներ է առաջարկում: Օրինակ, ծնունդների աճի ապահովումը, երեխայի, հատկապես երրորդ եւ հաջորդ, ծննդյան նյութական խրախուսման միջոցով: Կամ՝ մանկամահացության եւ մայրամահացության ցուցանիշի փոփոխումը՝ մանկամահացության եւ մայրամահացության դեպքերի նվազեցման միջոցով: Կամ՝ հաշվի առնելով ամուսնությունների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նյութական, բնակարանային, կենցաղային պայմանները դառնում են ամուսնության ժամկետի հետաձգումը, դրանից հրաժարման եւ ամուսնալուծության պատճառ, կարեւորվում է երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդումը, որը կիրականացվի «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով:

Զգալի ազդեցություն կունենա երկարաժամկետ այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք, ի լրումն վերոնշյալ ծրագրերի, լրացուցիչ աջակցություն կապահովեն երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին‘ գոնե մասնակիորեն լուծելով նրանց բնակարանային, ինչպես նաեւ երեխաների՝ կրթական վճարովի ծառայությունների մատչելիության հիմնախնդիրները:

Ի դեպ, ասեմ՝ սրանք վատ քայլեր չեն, պարզապես հաշվի առնելով ժողովրդագրական վիճակը, դանդաղկոտ են: Պետք է մտածել թարմ ու նոր քայլեր, որոնք այդ իրավիճակը կշտկեն շատ կտրուկ ու արագ: Չանտեսենք՝ մենք նաեւ թշնամական երկրներով ենք շրջապատված ու չենք կարող նկատի չունենալ նրանց հետ համեմատականը:

Աստղինե Քարամյան

* * *

Մայրաքաղաքային դիմագիծ –

Երբ Երեւանյան փողոցը հայատյացի անունով է

Չնայած Երեւանն ավելի հին է, քան «հավերժական» Հռոմը, բայց մինչեւ 1827թ. չի ունեցել բարեկարգ փողոցներ: Ռուս նշանավոր ճանապարհորդ Իվան Շոպենը այդ տարիներին գրել է. «…Փողոցները նեղ են, ծուռումուռ, փոշոտ, հիմնականում կավապատ, առանց անվանումների»: Համարյա այդպես են նկարագրել այդ տարիներին Երեւանի փողոցները դեկաբրիստ Լաչինովը, գրող, դիվանագետ Գրիբոյեդովը:

1837թ. հաստատվում է Երեւանի քաղաքաշինության առաջին պլանը, իսկ 1856թ. դեկտեմբերին՝ առաջին գլխավոր հատակագիծը: Ըստ դրա, կառուցապատվում են մի քանի բարեկարգ փողոցներ՝ իրենց անվանումներով: Սրանց միանում էին բազմաթիվ ծուռտիկ փողոցներ՝ առանց անվանումների: Քաղաքի գլխավոր փողոցը Բերդայինն էր (ՍՐպտՏրՑվՏռ): Այն հետագայում անվանափոխեց՝ դառնալով Աստաֆյան, ապա՝ Աբովյան: Փողոցը սկսվում էր քաղաքի բերդի գլխավոր մուտքից եւ համարյա ուղղահայաց անցնում՝ հասնելով Քանաքեռի սարալանջ՝ ներկայիս Աբովյանի պուրակ: Կառուցապատվում են նաեւ բավական բարեկարգ Ցարսկայա (Սպանդարյան, Արամի) Բեհբութովյան-Բուզանդի, Տեր Ղուկասովի-Նալբանդյան, Դեղատնային, Նահանգային-Հանրապետական եւ այլն: Այնուհետեւ երբ Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, բնակարանային, մշակութային, վարչական, արդյունաբերական գեղեցիկ եւ համաշխարհային նշանակության կոթողների հետ միասին կառուցվեցին ու կառուցապատվեցին լայնահուն եւ ուղիղ պողոտաներ, փողոցներ, հրապարակներ, պուրակներ: Բոլոր փողոցներն ունեցան իրենց անվանումները: Որպես սկզբունք ընդունված էր դրանք անվանակոչել կոմունիստական կուսակցության մեծ ու փոքր գործիչների անվամբ: Անուններ այլազգի եւ օտարոտի, ովքեր ոչ միայն մեր երկրի, ժողովրդի տեղն ու անունը չգիտեին, այլեւ իրենց գործունեությամբ վնասել էին Հայաստանին, հայ ժողովրդին: Հայաստանի անկախացումը հնարավորություն տվեց երկրով մեկ վերափոխել մեզ համար խորթ անունները: Այդ ուղղությամբ զգալի գործ արվեց:

Բայց դեռեւս մեր երկրին ու ժողովրդին թշնամաբար տրամադրված մարդկանց անուններով փողոցներ ունենք: Ահա դրանցից մեկը, ում անունը «զարդարում» է մայրաքաղաքը եւ զայրույթ առաջացնում բնակիչների շրջանում՝ Ֆրունզեի՝ նախկին խորհրդային Ռուսաստանի զինված ուժերի ժողկոմի անունով փողոցը:

Հայատյաց այդ անձնավորությունը 1920թ. Թուրքիա է բերում հսկայական քանակի ռազմամթերք, ռազմական տեխնիկա, անգամ սավառնակներ, 10 մլն ռուբլի (ոսկով) ֆինանսական օգնություն: Նա իր ձեռքով թուրքական բանակի հայասպա սպաների եւ զինվորների կրծքերին է ամրացնում ռուսական շքանշաններ, մեդալներ: Սպառազինված ու ոգեւորված թուրքական բանակը, խախտելով Հայաստանի Հանրապետության հետ կնքած զինադադարի համաձայնագիրը, կրկին հարձակվում է Հայաստանի վրա, զավթում տարածքներ, կոտորում հազարավոր հայերի:

Ֆրունզեի անվան փողոցը Շենգավիթի վարչական տարածքում է, սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասից, հասնում մինչեւ Թամանցիների փողոց: Վարչական այս տարածքում են Սերգեյ Լազոյի անվան փողոցն ու նրբանցքը, Կույբիշեւի, Կոտովսկու անունները կրող փողոցներ…

Մեկ այլ խնդիր էլ կա. այն տպավորությունն է, որ համապատասխան կառույցների ղեկավարները մեր մայրաքաղաքը զարգացնում են առանց տրամաբանության: Օրինակ՝ հանճարեղ ծովանկարիչ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է երաժշտանոցի հարեւանությամբ, իսկ մեծ երաժշտահան Առնո Բաբաջանյանինը՝ Կարապի լճի ափին: Մեծ բարերար Մանթաշովի հուշարձանը տեղադրվել է Աբովյան փողոցում (որտեղ կար նաեւ Կարա Բալայի-թուրքի տղայի արձանը), մինչդեռ Մանթաշյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում, Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 10 շենքի փողոցին հարող փոքրիկ պուրակ կա: Այն համապատասխան ձեւավորելով՝ Մանթաշովի հուշարձանը իր անվան փողոցի եզրին կարելի էր տեղադրել:

Մի խոսքով, քաղաքի զարգացումը ըստ տրամաբանության պետք է լինի, այլ ոչ թե համաձայն որոշ պատասխանատու պաշտոնյաների անիմացության ու ճաշակի: Այլապես խաթարվում է ոչ միայն քաղաքի դեմքը, այլեւ բնակիչների նյարդերն են քայքայվում:

Սերգեյ Ավագյան

Հ.Գ. – խմբ. կողմից – Խորհրդային տարիներին մայրաքաղաքից զատ մեր ամբողջ երկիրն էր խաթարված՝ աշխարհագրական անվանումների առումով: Բոլոր սարերը դաղեր էին, լճերը՝ գյոլեր, այգիները՝ բաղեր… Պատմական հայկական անվանումները վերականգնելու, անվանափոխելու, վերանվանակոչելու հսկայական գործ արվեց: Դա գրչի մի հարվածի կամ մեկ ժամվա աշխատանք չէր: Ընթացքը գյուղ առ գյուղ էր, լիճ առ լիճ, սար առ սար, առանց չափազանցության՝ անգամ աղբյուր առ աղբյուր: Երբ հերթը հասնում էր համայնքին ու նրա ղեկավարին, անգամ անվանափոխությանն ընդդիմացողներ էին լինում: Դեպքեր էին լինում, որ ոչ թե ընդդիմանում էին, այլ, ասենք տվյալ տարածքի օրինակ հանդի, դաշտի հայկական տեղանունը մոռացված էր լինում: Ժամանակ էր պետք՝ վերագտնելու-վերականգնելու նախկին հայկական ճիշտ անունը: Աշխատանքային մասնագիտական խումբ էր ստեղծվել, պատմաբաններ, աշխարհագրագետներ էին ներառվել եւ երբեմն անվանումների շուրջ նույնիսկ նրանց փաստարկներն ու տեսակետներն էլ չէին համընկնում:

Բայց ամեն ինչ հաջողությամբ պսակվեց: Այդ տարիներին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի անմիջական գործուն ու հետեւողական ջանքերն արդյունք տվեցին: Կոմիտեն նույնիսկ մարզ առ մարզ վերականգնված հայկական աշխարհագրական անվանումների գազետիրներ տպագրեց: Ու թե ինչքան բան փոխվեց այդ ամենի հետեւանքով, խոսել պետք չէ: Ասվածի ապացույցն է խոսուն, եւ այն կարող է ցայտուն երեւակել խորհրդային շրջանի, նույնիսկ հետխորհրդային առաջին տարիների ու անմիջապես նշածս աշխատանքների արդյունքում տպագրված քարտեզների համեմատականը:

Ի դեպ, սա առանձին ու շատ հետաքրքիր թեմա է, որին առիթով անպայման կանդրադառնանք:

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.