Նախագահների մրցավեճը տապալվում է

- Սփյուռքը եւս ընտրկալվում է

Վերջերս խորհրդարանական էթիկայի մասին շատ են խոսում պատգամավորները, նիստերն ու ասուլիսներն ավելի բուռն են անցնում: Անգամ քաղաքական ուժերի հարցերն են բացահայտ քննարկվում «հակաէսթետիկական» բառապաշարով: Ընդդիմադիրները բարկացել են (հասկանալի է, քանզի հույսեր էին փայփայում) եւ բարձրաձայնում են, թե ԲՀԿ-ին մի հնարված կարգավիճակ է տրվել: Ինչքանով ԲՀԿ-ն իշխանական չէ, այնքան էլ հստակ եւ ապացուցելի է, որ ընդդիմադիր էլ չէ: Ուրեմն ի՞նչ փոփոխության մասին էր խոսքը. կարծես հենց նոր հասկացած լինեն ԲՀԿ-ին ապավինողները:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը, իհարկե, վստահ է գործող նախագահի հաղթանակի հարցում, եւ «Yerkir.am»-ին ասել է, որ ուժեղ կամ թույլ մրցակիցների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ առաջադրումները դեռ չեն սկսվել: Ըստ Լեւոն Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, որովհետեւ հասկացել էր, որ չի կարող մրցակցել նախագահ Սարգսյանի հետ: «Ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Եթե դուք համոզված լինեք ձեր հաջողության մեջ, հետ կքաշվե՞ք: Իհարկե՝ ոչ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ եթե ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ առաջադրվի, միեւնույնն է՝ ուժեղ մրցակից չի կարող լինել: Նա մատնանշել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Չնայած առաջադրումները նոր են սկսվել, բայց նախագահի եղբայրը կարծում է, որ Սերժ Սարգսյանից ուժեղը չի լինի, որովհետեւ ՍԺ ընտրությունների նախադեպը կա:

Եվ չնայած ԲՀԿ ղեկավարը այլեւս թեկնածու չի լինելու, այնուամենայնիվ, խոսակցությունները մնում են, որ նրա կայացրած որոշման մեջ լուրջ պատճառ կա եւ, ամենայն հավանականությամբ, նա խնդիրներ ունի ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Տեսակետ է ձեւավորվում, որ Ծառուկյանը հետեւելով ՕԵԿ-ի օրինակին, ընտրություններից հետո կմտնի իշխանական կոալիցիա, ԲՀԿ-ի ղեկավարումը կթողնի մեկ այլ անձի, իսկ ինքը Մինսկում, Դուբայում եւ այլուր կզբաղվի իր բիզնեսներով: Խոսում են նաեւ Կիեւ մեկնելու հնարավորության մասին, սակայն հաշվի առնելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ Ծառուկյանի մտերմությունը, կարծում են՝ նա առավելապես Մինսկում կհարմարվի:

Բրյուսելյան այցից հետո հասկանալի էր, որ եվրոպական ուղղությունը ԲՀԿ նախագահի հնարավորություններից դուրս է, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն անգամ նշեց. «Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի կողմից «Եվրոպայի հայտնագործումը» նույն ազդեցությունն ուներ, ինչ Կոլումբոսի կողմից Ամերիկայի»: Իսկ Ռուսաստանում Սարգսյան-Քոչարյան զույգը ավելի շատ ու հզոր լծակներ ունի:

Եվ այսպես, նախամիչընտրական ժամանակահատվածում ՀՀ 3 նախագահները բուռն պայքար ծավալեցին, քաղաքական ուժի ցուցադրման հնարքներ բանեցրին եւ գրեթե համոզել էին, որ պիտի մրցակիցներ լինեն 2013թ. նախագահական ընտրության ժամանակ:

Բայց մինչընտրական հատվածում մնացին 3 նախագահներից 2-ը, Սարգսյան-Քոչարյան զույգը վերստին համախմբվեց:

Իսկ արդեն ընտրական գործընթացների շեմին կարծես մնում է միայն գործող նախագահը:

Դա մտահոգել է ՀՀՇ-ական թեւին, ինչը «բացահայտվեց» համացանցում հայտնված ձայնագրությունից՝ Լեւոն Զուրաբյան – Վարդան Օսկանյան զրույցի ընթացքում:

Իհարկե սա վտանգավոր նախադեպ է, եւ ապացուցում է, որ գաղտնալսումներն ամենուր են:

Եվ իհարկե, առաջին կասկածյալը ԱԱԾ-ն է, չնայած ընդդիմադիր դաշտը «թշնամիներ» էլի ունի (անգամ՝ ներքին, որոշ ուժեր արդեն մրցակցում են Արեւմուտքի հետ բանակցություններում), եւ այլ տարբերակները եւս չեն բացառվում: Ինչպես՝ ՀԱԿ-ԲՀԿ չստացված կապի համար միմյանց պատժելու նախաձեռնությունը: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին անհասկանալի է, որ թեեւ ԲՀԿ-ն 2-րդ քաղաքական ուժն է, սակայն հրաժարվեց մասնակցել ընտրություններին. «Բոյկոտող իրավիճակը քաղաքական տեսանկյունից ինձ համար անընդունելի է»: Նա հավելել է, որ Լեւոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսումը ամենաքիչը ձեռնտու էր ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին, եւ ամենայն հավանականությամբ 3-րդ ուժ է այն տարածել (սակայն չի ասել՝ իշխանակա՞ն, թե ընդդիմադի՞ր):

Բայց հարցն այս դեպքում միայն գաղտնալսումը չէ, այլ այն, որ ինչ գրվում էր ամիսներ շարունակ՝ բացահայտ իրողություն է այլեւս: Այդ զրույցից հստակ երեւում է, որ ՀԱԿ-ը փլուզման եզրին է եւ դրա համար էլ ամեն գնով կառչել էր ԲՀԿ-ից՝ ինչպես փրկարար օղակի:

Պարզ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը չեն ցանկանում մնալ ստվերում, իսկ Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը անգամ բավարար են համարել 10-12% ձայն ստանալը, եթե միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնվի մասնակցել:

Բայց հայտնի է, որ ՀՀ 1-ին նախագահը միշտ հաշվենկատ է գործել, եւ չենք կարծում, թե նրան կբավարարի 10-12%-անոց հաշվակը: Եթե իհարկե այլ հանգամանքներ «չստիպեն»…

Ուստի՝ հավանական է թերեւս ՀՀ 3 նախագահներից միայն 3-րդի մասնակցությունը, ում հաղթելու փորձն ու հեռանկարը արդեն կտրվի այլ թեկնածու-մասնակիցների:

Հայկ Թորգոմյան

* * *

Սփյուռքը եւս ընտրկալվում է

Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերջերս գործնական այցով մեկնել է Ռուսաստան եւ հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ղուկասյան-Աբրահամյան հանդիպման թեման եղել են 2013թ. նախագահական ընտրությունները. մասնավորապես քննարկվել է նրանց երկուսի անելիքներն այդ միջոցառման շրջանակներում եւ ինչ չափով ու ինչպես պետք է օգնել Սերժ Սարգսյանին:

Ամիսներ առաջ լուրեր սպրդեցին, որ Արա Աբրահամյանի գործերը լավ չեն եւ նա լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ֆինանսական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում է Երեւանյան լճի հարակից տարածքում: Հիշեցնենք, որ 2010թ. գարնանը Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո Կիրիլ պատրհարքը եւ մասնակցել էր այդ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:

Եվ գործերը կարգավորելու նպատակով Ռուսաստանի հայերի միության նախագահը Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը կազմակերպեց Երեւանում, որն առաջին անգամ անցկացվել էր Մոսկվայում: Երեւանում անցկացվեցին նաեւ արդեն ավանդական դարձած Ռուսաստանի հայերի միության օրերը: Հայրենիքի ու սփյուռքի կապն է մեր պետության տնտեսական զարգացումն ապահովելու.- հայտարարել է Արա Աբրահամյանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայրենի իշխանություններին նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանում բիզնեսի ու տնտեսության զարգացմանն ուղղված հարցերում: Ռուսաստանահայ այս գործարարն անգամ 120-130 մլն ԱՄՆ դոլար է ներդրել Հայաստանում եւ փորձում է կարեւոր տեղ զբաղեցնել հայ-ռուսական հարաբերություններում, ինչը նաեւ անձնական խնդիրները լուծելու նպատակ ունի. ասում են՝ մեծ պարտքեր ունի Ռուսաստանում: Ինչեւէ, ռուսաստանահայերի միության նախագահը մեկնել է նաեւ Ստեփանակերտ, որտեղ Համաշխարհային հայկական կոնգրեսը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում:

Ակնհայտ է, որ ռուսաստանահայերի շրջանում արդեն քարոզչական աշխատանքներ են սկսվել ՀՀ նախագահի ընտրությունների հետ կապված: Ռուսաստանի հայերի միությունը շատ արագ հերքեց այն լուրերը, իբր ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի են հանդես եկել. «Մենք նման հայտարարություն չենք արել, առավել եւս իշխանությունների կողմից ոչ մի ճնշում չի եղել եւ հետո ես էլ ճնշվող չեմ»,- նշել է Արա Աբրահամյանը:

Այսպես հիմնականում հստակեցվում է, թե ՌԴ հայերը մեծամասամբ ինչ ուղղությամբ կքվեարկեն: Երկրորդ հայաշատ համայնքը ԱՄՆ-ում է եւ, վստահաբար, այդտեղ եւս նման քայլեր նախաձեռնվում են, ինչպեսեւ՝ Ֆրանսիայում ու այլ եվրոպական երկրներում եւ այլուր, հատկապես մերձավորարեւելյան հայաշատ հատվածում:

Իհարկե, ավանդական կուսակցությունները եւ մյուս քաղաքական ուժերը եւս հետ չեն մնում, ու շուտով առավել մեծ թափով նաեւ սփյուռքյան հատվածներում կընթանան նախընտրական գործընթացներ:

ՀՀԿ-ն արդեն թափով է անցել գործի, հատկապես ԲՀԿ-ի այն հայտարարությունից հետո, թե բարգավաճականները չեն ունենալու սեփական թեկնածու: Եվ ինչպես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է նշել, ՀՀԿ-ն ձեւի հետեւից չի ընկնում եւ ուշադրություն չի դարձնում «վերջին ժամանակների քաղաքական ուշագրավ զարգացումներին, հանկարծահաս հայտարարություններին, ռեվերանսներին, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներին»… Ըստ նրա, քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ: Եվ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, մենք իրականացնում ենք քայլեր ըստ էության»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։