Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը

Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը կնշի Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ էլ Աբովյանի հին պատմական տարածքում՝ Էլար-Դարանի հնավայրում, արիադավան-հեթանոսական ծես կկատարեն՝ փառաբանելով Միհր Աստծուն: Կմասնակցեն Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Այնուհետեւ հայ արիներն ու ազգայնականները կայցելեն Գառնո հեթանոսական-արիական տաճար եւ կփառաբանեն Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին:

Երեւան վերադառնալիս փառաբանման ձոներ կհնչեցվեն նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հուշարձանի մոտ՝ հանուն Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու Հայ տեսակի առաքելության:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Հ.Գ. – Հին հավատներում «աշխարհի վերջ» հասկացություն չի եղել, եւ այժմ դա շահարկում են այն համաշխարհային մութ ուժերը, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ: Մայաների մշակույթում եւս չի եղել «աշխարհի վերջ» մտածողությունը, իսկ 2012թ. դեկտեմբերի 21-ը նրանք համարել են Նոր Դարաշրջանի սկիզբ… Եվ այդ դարաշրջանը սկսվել ու ավետում է բոլոր սին կրոնա-քաղաքական «աշխարհաստեղծ» պատկերացումների վերջը՝ ազդարարելով ազգային-էթնիկ հավատների Տիեզերապատկերացումների վերադարձը:

«Աշխարհի վերջ»-ի մասին ստաբանությունները համաշխարհային չարը դարձնում է մարդկային երեւակայության բաղադրիչ, ինչը ոչ միայն վախի ու դրանով տիրելու նպատակ ունի, այլեւ՝ մեծ բիզնեսի խնդիր է լուծում:

Ինչպես մոլորակների շքերթը, այնպես էլ Արեգակի ակտիվությունը տիեզերական փուլեր ունեն եւ ղեկավարվում են Տիեզերքի Արարչի կողմից: Տիեզերքը մեկ Տեր ունի, եւ Նա Ամենայն Ստեղծի Արարիչն է, եւ «աշխարհի վերջ» կամ «աշխարհի վերաձեւում» միայն Նա՝ Ամենաբարձրյալը կարող է կամենալ… Անգամ Արեգակ-աստղերի, Լուսին-արբանյակների կամ մոլորակ-տիեզերամարմինների կյանքն ու մահը Նրա կամոք է լինում, քանի որ Արարիչն Ինքը՝ հենց Տիեզերքն է:

Աշխարհի գաղտնի կառավարության տերերը հարյուրավոր տարիներ խաբում եւ խառնում են մարդկանց, բայց չկարողանալով սին կրոնական տեսություններով արգելափակել արարչածին Մարդ Տեսակի գենետիկ-ծինաբանական հիշողությունը՝ փորձում են դա անել ազգային հավատների ու հնագույն աստվածաստեղծ քաղաքակրթությունների միջոցով…

Աշխարհի վերջ իրապես հնարավոր է միայն տիեզերական մեծ աղետի դեպքում, ինչը եւս վերահսկվում է Ամենակարող Արարչի կողմից, եւ բնությունից շեղված ու հակաբնական օրենքներով ապրող ներկայիս մարդկության միայն չնչին տոկոսին է սա հասկանալի:

Արդեն «աշխարհի վերջ» հայտարարողների 4-5-րդ «վերջն» է ավարտվում, բայց ամեն բան տիեզերապտույտով գնում է ի շրջանս յուր, եւ հայերն ու բնական մյուս ազգերը Տիեզերական Գարնան այս փուլում կստանան տիեզերական աջակցություն եւ կփոխեն չարիների ստեղծած այս աշխարհը, ինչն էլ կլինի «չար աշխարհի վերջը», որը արիների արդարադատության Աստծու վերածննդի (արդարության վերահաստատման) օրվան է առնչվում, ինչն էլ նաեւ մայաներն են արձանագրել:

Աշխարհը կա եւ կմնա

Տիեզերքն էլ վերջի միտում չի ցուցաբերում

Մայաների մշակույթում, հավատալիքներում չի եղել աշխարհի վերջը «տեսնող» երեւույթ, իսկ ըստ գիտնականների, 2012թ. դեկտեմբերի 21-ը մայաները համարում էին մի նոր դարաշրջանի սկիզբ: Այսպես է մեկնաբանել հնագետ-մայագետ, պատմական գիտությունների թեկնածու Յուրի Պոլյուխովիչը: Ավելի քան 15 հազար տարի առաջ հայտնի որեւէ բառարանում եւ արձանագրությունում, ոչ մի անգամ աշխարհի վերջ հասկացություն չի հայտնաբերվել ու չի հայտնաբերվի, քանի որ մայաները աշխարհի վերջը այնպես չեն ընկալում, ինչպես ընկալում են եվրոպական մշակույթի կրողները՝ ամեն ինչ կվերանա, աղետներ կլինեն եւ այլն.- ասում է գիտնականը: Նրա խոսքով, Մեքսիկայում գտնվող մայաների, այսպես կոչված, Հուշարձան 6-ում հենց այդպես էլ գրված է, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին կավարտվի հերթական դարաշրջանը, եւ կսկսվի նորը:

Մայաների «աշխարհի վերջը» անցել է, մոլորակների շքերթ չի լինելու, եւ այս լուրերի տարածումը «մարդկանց հոգեբանական մանիպուլիացիաների ենթարկելու պարբերական փորձ է»,- աշխարհի վերջի մասին իր կարծիքն է հայտնել հոգեբան Աննա Բադալյանը: Նրա խոսքով՝ աշխարհի վերջի մասին լուրերը հոգեբանական մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա, ընդ որում՝ եւ՛ անհատական, եւ՛ զանգվածային: Նման հոգեբանական ներազդման պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ կախված այն բանից, թե ով է ներազդողը եւ ինչ նպատակներ ունի: Ըստ հոգեբանի, ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում աշխարհի վերջի մասին խոսակցությունները նման սուր չեն, ոչ էլ հիվանդագին. «Պարզապես սա մեր ազգի մենթալիտետն է՝ պատրաստվել ցանկացած ոչ հաճելի վիճակների»:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի պնդմամբ՝ 1999-ից մինչ օրս առնվազն 5 անգամ աշխարհի վերջ է հայտարարվել. «Ընդ որում, ըստ մայաների օրացույցի, աշխարհի վերջը 2003-ին պետք է լիներ: Աշխարհի վերջի մասին լուրերը միայն մարդկային երեւակայության ու հարստանալու խնդիր է: Մարդիկ կարողանում են փողեր ստեղծել ստի հիման վրա. այդ բոլոր փաստերը շինծու են եւ ոչինչ չեն նշանակում: Ոչ էլ մոլորակների շքերթ է լինելու, այդպիսի բան հնարավոր չէ ընդհանրապես՝ որպես գիտական երեւույթ: Արեգակի ակտիվությունը միշտ էլ եղել է, իսկ բարձրագույն ակտիվությունը մյուս տարվա փետրվարին է լինելու, ոչ թե այս տարվա դեկտեմբերին»,- հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

«Աստվածաշնչում ասվում է, որ կլինի Քրիստոսի երկրորդ գալուստ, եւ այդ ժամանակ էլ լինելու է աշխարհի վերջը: Այն լինելու է գաղտնի եւ հանկարծահաս: Ոչ մի մարդ չգիտի, թե դա երբ է լինելու, բացի Աստծուց»,- սա էլ Երեւանի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի կարծիքն է: Նա կոչ է արել «տուրք չտալ տարբեր արհեստածին հիսթերիաների եւ ապրել քրիստոնյային վայել»: Նաեւ նշել է, որ գոյություն չունի ոչ մի տոմար, որտեղ նշված լինի աշխարհի վերջի մասին. «Ուղղակի անհրաժեշտ է մշտապես լինել մարդ՝ մարդու նկատմամբ, դա է կարեւոր»,- ասել է քահանան եւ փաստել, որ այս իրավիճակում տիրող հոգեբանական բարդ մթնոլորտից «խորապես օգտվում են աղանդավորական շարժումները, եւ ցավոք, դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ. պարզապես պետք է զգոն լինել»:

«Ոչ ոք չգիտի, թե երբ է լինելու աշխարհի վերջը: Այս դարի սկզբին Եհովայի վկաներն էլ հայտարարեցին աշխարհի վերջի մասին. աղանդավորները մեծ գումարներ հավաքեցին, իբր Քրիստոսի համար պալատ կառուցելու նպատակով, բայց, երբ որ աշխահի վերջը «չեկավ», այն հանձնեցին իրենց ղեկավարներին: Կրկնեմ. եթե Քրիստոսն ասել է, որ ոչ ոք չգիտի աշխարհի վերջին օրը, ապա թող ոչ ոք այդ մասին ենթադրություն չանի»,- հայտնել է եկեղեցու սպասավորը՝ նկատելով, որ եկեղեցին իր քայլերն է անում, «որպեսզի հանրության մեջ չտարածվի հոգեբանական այս պանիկան՝ քարոզելով պարկեշտություն, պետք է հիշել, որ անկախ ամեն ինչից հարկավոր է լինել մարդկային, հետեւողական՝ հավատքի մեջ եւ պատրաստ ցանկացած զարգացման»:

Աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանն իր հաշվարկներով պարզել է, որ «2013թ. մահացությունների թիվը մեծ մասշտաբների է հասնելու, որը սակայն կշրջանցի Հայաստանը: Այն երկրները, որոնք հաշվառման մեջ գտնվում են «Ցուլից» մինչեւ «Կշեռք« համաստեղությունում, գտնվում են ապահով գոտում: Հայաստանը «Կշեռք» է, եւ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»: Նա հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին ոչ մի աշխարհի վերջ չի լինելու, նույնիսկ պնդել է հակառակը. ասում է՝ այդ օրն արեգակը մտնելու է պաշտպանված գոտի, նույնիսկ այդ օրվա համար տիեզերիքի քարտեզն է գծել: Իսկ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ 21-ից 3 օր աշխարհը լինելու է խավարի մեջ, աստղագետը համարում է խաբեբաներ. «Սուտ է՝ նման բան չկա: Մի 100 տարի կա. ինչո՞ւ ենք խառնվել իրար՝ չեմ հասկանում: Ժողովրդի մեջ տագնապ առաջացնելը չարի գործն է: Դա բիզնեսի նպատակ է հետապնդում, որովհետեւ այդ խավարի օրը մարդկանց առաջարկել են լիքը ապրանք առնել ու լցնել տանը»: Աստղագետը հաշվարկել է, որ 2016թ. Հայաստանը հասնելու է իր ծաղկունքի գագաթնակետին եւ աշխարհի վերջի հակառակն է լինելու:

Աշխարհի վերջ հնարավոր է միայն տիեզերական աղետի դեպքում. ընդգծել է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ում կարծիքով, «տիեզերական աղետների հնարավորություն կա, բայց հավանականությունը քիչ է»: Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, որն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին, նա նշել է, որ աշխարհի շատ ժողովուրդներ ունեն օրացույցներ, եւ եթե դրանցով առաջնորդվեն, պետք է բոլոր օրացույցներով աշխարհի վերջ նշեն ու դիմավորեն: Արդեն ունեցել ենք մի քանի աշխարհի վերջ, եւ այս մեկն էլ կապրենք:
Նա ընդհանրապես մարդկության համար ավելի վտանագավոր է համարում արեգակի ակտիվության աճը. 2013թ. արեգակը մոտենում է իր ակտիվության մաքսիմումին, իսկ այս տարի մոլորակների շքերթ չի լինելու, ինչպես պնդում են շատերը:

Հաճախ են աշխարհի վերջերը կապում նաեւ արեգակի խավարումների հետ: Հաջորդ տարի արեգակի խավարում լինելու է մայիսի 10-ին եւ նոյեմբերի 3-ին, որոնք Հայաստանում չեն դիտվի: Այս մասին եւս նշել է Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, Հայաստանում կդիտվի 2020թ. հունիսի 21-ին կանխատեսված արեգակի խավարումը:
Մեզ մոտ վերջին անգամ արեգակի խավարում դիտվել է 2006թ. մարտի 29-ին:

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից եւ Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Լինում են նաեւ օղակաձեւ եւ հիբրիդ խավարումներ: Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, իսկ մյուս տարի հենց այդպիսին է լինելու, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձեւ խավարում է դիտվելու:

Եվ սրանք բնական ու տիեզերական երեւույթներ են:

Ուրախալի է, որ հայերս կարողանում ենք մեզ զերծ պահել այսօրինակ «վերջերից», եւ գոնե այս հարցում չենք «գլոբալացվում», իսկ աշխարհի շատ երկրներում անգամ «դեկտեմբերի 21-ին սպասվելիք աշխարհի վերջի նախապաստրաստման վերաբերյալ անվճար դասընթացներ» են կազմակերպվում: Ինչը եւս «աշխարհի վերջի» բիզնես-ծրագրի մի մաս է:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։