Վասն Հայ Աստվածների եւ Նվիրյալ Հոգիների -

Աստվածամայր Անահիտի արձաններից մեկի բեկորների տեղաձոխման եւ ՆԺդեհի անվան հրապարակի «ազատագրման» հարցերը…

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար:

Իհարկե հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց պետք է մի գործընթաց սկսել, որը կարող է լուծումներ առաջադրել:

Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարության տարիներին այս հարցը բարձրացվեց, հետո նախագահ Սերժ Սարգսյանի օրոք եւս արծարծվեց: Անգամ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առանձին այս հարցը քննարկման դրեց, բայց դեռ որեւէ քայլ չի կատարվել: Իսկ պարսիկները Մայր Անահիտի պղնձաձույլ արձանի բեկորները վերագրել են սեփական պատմությանը, եւ սա լրացուցիչ խնդիր է ստեղծում: Չնայած մենք՝ հայերս, պիտի արդեն սովորած լինենք, որ պարսիկները, հույները կամ հրեաները, թե այլոք փորձել եւ փորձելու են սեփականացնել հայոց պատմությունը եւ մեր ազգային արժեքները:

Նրանք փորձելու են, իսկ մեր խնդիրը դա թույլ չտալն է:

19-րդ դարի վերջին Արեւմտյան Հայաստանի Սատաղ բնակավայրում գտնված Անահիտ դիցուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասի Հայաստան տեղափոխումը մի նոր հոգեւոր-հոգեբանական եւ պատմա-իրավական լիցքեր կհաղորդի մեզ եւ մեր արժեքային համակարգը հաստատ կսավառնի 1700 տարուց անդին, եւ հայոց ինքնությունն ու էությունը նոր որակների կմղվեն:

Իհարկե, կան էլի շատ ազգային մշակութային եւ պատմական արժեքներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում եւ դրանք նույնպես Հայաստան վերադարձնելու կարիք կա, ինչը անհրաժեշտ է անել աստիճանաբար: Այս ձեռնարկը կհանդիսանա լուրջ պատմական քայլ, որից հետո նաեւ օտարները կվերագնահատեն Հայոց Ազգային Արժեքները, իսկ մենք նրանցով զորեղանալու եւ մեր ազգային միասնությունն ու կամքը վերահաստատելու ճանապարհը կբռնենք:

Վստահ ենք, որ հայ մտավորականությունը, Հայաստանի եւ սփյուռքի հայությունը կսատարեն մեր իշխանությունների ազգանպաստ նախաձեռնությունը, եւ մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում համայն հայությանը՝ օժանդակելու հայրենի իշխանությունների այս աննախադեպ քայլը ձեռնարկելու համար:

Կան մշակութային արժեքներ, որոնք անփոխարինելի են եւ որոնց վերադարձը նախախնամություն ունի…

Ճիշտ նույն ժամանակից, Աստվածամայր Անահիտի պղնձաձույլ արձանի բեկորների վերադարձի հետ, Հայ Արիական Միաբանությունը դիմել էր նաեւ Երեւանում Գարեգին Նժդեհի անվան հրապարակի «ազատագրման» հարցով: Երբ 2001թ.-ն Հայաստանում Նժդեհյան տարի կոչվեց, մտածեցինք՝ հարցը կլուծվի, բայց… Մեզ վերստին մտահոգում է այն հանգամանքը, որ արորդի Նժդեհի անվան հրապարակում շարունակում է կանգնած մնալ համայնավար Սպանդարյանի արձանը:

Սա անընդունելի է երկու տեսանկյունից, նախ՝ Գարեգին Նժդեհը համայնավարների հետ անհաշտ պայքարում պաշտպանեց Լեռնահայաստանը ու մինչեւ մահ հալածվեց նրանց կողմից եւ բարոյական ու արդարացի չէ այս արձանի գոյությունը հայ ազգային գաղափարախոսի եւ զորավարի անվան հրապարակում:

Եվ երկրորդը՝ վերջ ի վերջո մեծ հայորդու մի հրաշագեղ արձան պիտի լինի՞ հայոց մայրաքաղաքում, թե՞ ոչ: Մենք համարում ենք, որ պիտի՛ լինի եւ այն էլ՝ ի՛ր անվան հրապարակում: Իսկ այդ վայրը վստահաբար կդառնա քաղաքամայր Երեւանի ազգային եւ պետական միջոցառումների կարեւոր հավաքատեղի:

Բազմաթիվ գրքեր են հրատարակվել եւ վերահրատարակվել մեծ հայորդու կյանքն ու գործունեությունը, գաղափարները վերհառնելու համար: Գարեգին Նժդեհը այսօր վերագնահատվում է, անգամ լիամետրաժ կինոնկար է նկարահանվում այժմ նրա մասին եւ, որպես հայ արիադավան (հեթանոս) ազգայնականներ, մենք պատրաստ ենք աջակցելու այս եւ նման այլ ազգային ձեռնարկներին, հատկապես, որ հունվարի 1-ին տոնելու ենք մեծն հայորդու ծննդյան 127-ամյակը:

Քուրմ Արմոգ

(ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ)

Մաղթանքներ հայ ազգի թե՛ հեթանոս եւ թե՛ քրիստոնյա հատվածին

* * *

«Լուսանցք»-ի այս՝ դեկտեմբերի 21-27-ի թողարկումը 2012թ. վերջին համարն է: Կհանդիպենք ամանորյա տոներից հետո:

Հաջորդ՝ նախընտրական տարում կփորձենք հնարավորինս օգտակար լինել հատկապես ազգային-ազգայնական շրջանակներին՝ բավարար տեղեկատվություն տալով ՀՀ նախագահի թեկնածուների եւ քաղաքական ծավալումների մասին, իսկ առհասարակ կմնանք մեր գաղափարական ու հավատքային համոզմունքներին հարազատ եւ կշարունակենք ազգային արժեքների պաշտպանության գործը:

Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն (իսկ մեր փորձը դա է երբեմն վկայում), տեղեկացնենք խմբագրությանը հարցադրումներ արած ընթերցողներին, որ ազգայնական շրջանակներին թերթի էջերում տեղ տալը ամենեւին էլ չի ենթադրում, թե պատրաստ չենք տարածք հատկացնել այն ժողովրդավարին, ով երկրի առջեւ ծառացած խնդիրների համար նպաստավոր լուծումներ է առաջարկում, կամ՝ այն համայնավարին, ընկերվարին, ազատականին, ով համոզված է սեփական տեսակետի ճշմարտացիության մեջ, անգամ եթե նրանց կարծիքներին համամիտ չէ «Լուսանցք»-ի խմբագիրը: Հստակեցնենք, որ այսպես ասած թույլատրելի շարքում բացառություն է ապազգային ուղղվածությունը…

Ինչեւէ, գալիք օրերին ընդառաջ «Լուսանցք»-ը շնորհավորում է՝

- Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին՝ հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի՝ Ցեղակրոնի օրվա կապակցությամբ՝ մաղթելով ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

- Հայ Արիական Միաբանության ստեղծման 19-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին (1993թ.):

- Հայ Ազգայնականների Համախմբման ստեղծման 4-ամյակը՝ դեկտեմբերի 22-ին (2008թ.):

- ՀԱՄ նորաստեղծ Քրմական խորհրդի 2-ամյակը՝ դեկտեմբերի 22-ին (2010թ.):

- Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը՝ դեկտեմբերի 23-ին:

Շնորհավորում ենք նաեւ հայ քրիստոնյաների ամանորը՝ մաղթելով երջանկություն անձնական կյանքում եւ ի նպաստ հայ ընտանիքների ու ազգի զորացման:

Աշխարհասփյուռ հայությանը ցանկանում ենք հաստատուն ուղի՝ հայահավաքի ու հողահավաքի սրբազան գործում:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։