Վրացական հետախուզությու՞ն

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, ով Փարիզից ժամանելով Թբիլիսի, ամիսներ առաջ փոխարինեց «Մեծ Արեւելք»-ի իր «եղբայր» Միխայիլ Սաակաշվիլուն եւ դարձավ Վրաստանի թիվ 1 իշխանավորը, երեկ ժամանել էր Երեւան:

«Սա իմ պաշտոնական առաջին հանդիպումն է բարեկամ եւ հարեւան երկրում: Չափազանց շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասաց նա, ով մոռացել է, թե տակավին վերջերս, մինչեւ ինշխանության գալը, հայտարարել էր, թե լավ կլիներ, որ Վրաստանի հայերը գնան ու Հայաստանում ապրեն, քանզի եթե վրացիներին այդքան մոտ լիներ իրենց հայրենիքը՝ ապա նրանք կգնային… Այսինքն՝ Ջավախքի հայերը պետք է գան Հայաստան՝ բնակվելու, քանի որ Հայաստանը մոտիկ է հայերին եւ նրանք պետք է լքեն Վրաստանը (իմա՝ Ջավախքը)… Հետո իհարկե, այս վրացին, ինչպես մյուս վրացիները, փորձեց խաղեր տալ ու հերքել իր խոսքերը, իբր այլ բան է ասել ռուսական պարբերականին… Բայց ամեն բան պարզ էր:

Հիմա նա Երեւանում շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ շատ ջերմ ընդունելության համար:

Հայաստանի ու Վրաստանի կառավարության ղեկավարների առանձին հանդիպումից հետո Իվանիշվիլին երեկ նշեց, թե քննարկվել է նաեւ ընդհանուր շուկա ունենալու հարցը. «Մենք փոքր երկրներ ենք, եւ դա մեզ անհրաժեշտ է: Նոր կառավարություն ենք մենք, նոր իշխանություն ենք եւ հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները եւ, առաջին հերթին՝ տնտեսական»: Մեր վարչապետն էլ հանդիպումը ջերմ որակեց. «Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա մի հարց, որը հնարավոր չէ լուծել քննարկումների արդյունքում: Կա ներուժ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու»: Վրաստանի վարչապետը հայկական կողմի բոլոր խնդրանքներին դրական է արձագանքել՝ ըստ վարչապետ Սարգսյանի (իսկ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատմա՞նը…): «Կանեմ ամեն ինչ, որպեսզի հայությունը Վրաստանում իրեն զգա ինչպես իր հայրենիքում»,- ամեն դեպքում ասել է Իվանիշվիլին: Վերջերս նաեւ Ջավախքում՝ Զատիկի եկեղեցական տոնին է լավ խոսել հայ-վրացական բարեկամությունից: Պարզապես Իվանիշվիլուն չհուշեցին, որ Ջավախքում հայերն իրենց հայրենիքում են, եւ Ջավախքը եւս Հայաստան է…

Բայց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի այն հարցը, որը վերաբերում էր Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջակիձեի հայտարարությանը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ (Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին), զայրացրեց Իվանիշվիլուն, ով վրդովվեց. «Ինչու՞ եք այդ հարցը այստեղ հնչեցնում: Վրաստանում ամենատարբեր մակարդակներով արձագանքել ու մեկնաբանել են ԱԳ նախարարի հայտարարությունը, հարցը սպառված է… Ես Ադրբեջանում նախագահ Ալիեւի հետ խոսել եմ Ղարաբաղի թեմայով, հարցն իրոք շատ բարդ է: Իմ ցանկությունն ու կոչն է, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

Հարց ուղղվեց նաեւ Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին: «Դա հնարավոր է», – միանգամից ասաց Վրաստանի վարչապետը՝ թե բազմիցս պատրաստակամություն է հայտնել խնդրո առարկայի հետ կապված. «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնություն չկա այս հարցով: Մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Վրաստանն այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը»:

Իբրեւ ամփոփում Հայաստանի վարչապետն էլ ընդգծել է, թե Աբխազիա-Վրաստան -Հայաստան երկաթուղային հաղորդակցության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է. «Այսօրվա հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք նաեւ այդ հարցը. Հայաստանը շահագրգռված է այդ հարցի լուծմամբ»:

Աստղինե Քարամյան

* * *

Փանջիկիձեին այդ հարցը չտրվե՞ց Նալբանդյանը

Կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:

Նախարարները քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման եւ երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Նախարարները գոհունակությամբ են վերահաստատել, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում:

Հիշեցնենք, որ Մայա Փանջիկիձեն օրերս հայտրարել էր, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։