Ինչո՞ւ է աճել ընտրողների թիվը… Միջազգային դիտորդներն անցել են գործի… Մեր ուժայինները կգործեն օրենքի շրջանակներում… Հստակ է թեկնածուների եթերաժամի տրամադրման կարգը…

Որոշ ՀՀԿ-ականներ չեն բացառում, որ ԲՀԿ-ն կարող է պաշտոններ ստանալ, եթե ցանկություն հայտնի վերադառնալ կոալիցիա: Անգամ չի բացառվում, որ ԲՀԿ-ն ստվերային տարբերակով կաջակցի ՀՀԿ-ին, եւ այդպիսով կարժանանա պաշտոնների:

Նման խոսակցություններ կան նաեւ ՀՅԴ-ի առումով, որ ստվերային աջակցությունը պաշտոնների կբերի որոշ «նախկին» դաշնակցականների…

Ասում են նաեւ, որ Սերժ Սարգսյանը հասկացրել է, թե նախագահի ընտրությունից հետո կձեւավորվի նոր կառավարություն, նոր նախարարներ կլինեն ու գուցեեւ՝ նոր վարչապետ… Փոփոխություններ կլինեն նաեւ դատաիրավական ոլորտում:

* * *

Ինչո՞ւ է աճել ընտրողների թիվը

Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են ավելի քան 20.000-ով ավելացել ընտրողները. «ՀՀ-ից մշտապես բնակության մեկնողների եւ ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվերի միջեւ անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում: Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական եւ ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն»:

Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա նշվում է, որ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012թ. մայիսի 6-ից մինչեւ 2013թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) ավելացել է 25,053-ով:

Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60,645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ՝ 29,986 ընտրող):

Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես եւ այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով՝ 15,572 ընտրող):

Գոհար Վանեսյան

Միջազգային դիտորդներն անցել են գործի

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմը դրական է գնահատել ՀՀ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը, ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախարարը վերահաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իշխանությունների վճռականությունը եւ ընդգծել, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ ընդունվել եւ ուժի մեջ է մտել նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը:

Դեսպան Տալյավինին գոհունակություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար եւ վստահեցրել, որ դիտորդական առաքելությունը անաչառ կլինի:

Անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, նաեւ համապատասխան առաջարկություններն ներառվել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարեւոր աշխատանք է կատարվել: Դիտորդական առաքելության ղեկավարը հայտնել է, որ մոտ ապագայում Երեւան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետեւեն 24 երկարաժամկետ եւ շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:

ԵԽԽՎ պատվիրակությունը, որը ղեկավարելու է Կարին Ուոլդսետը (Նորվեգիա) հունվարի 16-17-ը նախընտրական այցելություն է կատարել Երեւան: Հանդիպում է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված հիմնական թեկնածուների ու խորհրդականական խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումներ են եղել նաեւ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի ու քաղաքացիական հասարակության եւ զլմ-ների ներկայացուցիչների հետ:

Անի Մարության

Մեր ուժայինները կգործեն օրենքի շրջանակներում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւս ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման եւ այլ ընթացակարգային բնույթի, ինչպեսեւ ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը նշել է, որ ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը շահագրգռված է ընտրություններին զինծառայողների մասնակցության թափանցիկության, օրինականության պահպանման եւ այդ ուղղությամբ դիտորդական խմբերի հետ արդյունավետ համագործակցության ծավալման հարցերում:

ՀՀ ոստիկանությունը, կարեւորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքը, քաղաքացիների, այդ թվում ՀՀ նախագահի թեկնածուների իրավունքների լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ իր պարտականության ու լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված իրենց հասցեագրված դիմումների եւ բողոքների քննության պատշաճ ընթացակարգի ապահովմանը, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացմանը, հասարակական կարգի պահպանությանը, ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի եւ մթնոլորտի ձեւավորմանը:

Ըստ ոստիկանության հայտարարության՝ «ՀՀ ոստիկանության կազմակերպական, մասնագիտական եւ մարդկային ամբողջ ներուժն ուղղվելու է ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով երաշխավորված՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի անշեղ իրականացմանը, առանց որեւէ տարբերակման, բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացման ապահովմանը: ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ»:

Ընտրական գործընթացների անբաժանելի մասն է հավաքների անցկացումը: Հաշվի առնելով այս հիմնարար սահմանադրական իրավունքի նշանակությունը հատկապես ընտրությունների փուլում՝ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է հանրությանը, որ, հավատարիմ մնալով իր որդեգրած եւ իրեն բազմիցս արդարացրած գործելակերպին, «ՀՀ Սահմանադրության եւ «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում անվերապահորեն ապահովելու է բոլոր հավաքների անցկացումը: ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ ՀՀ-ում սկսել է ձեւավորվել հավաքների ազատության կենսագործմանը նպաստող հասարակական միջավայր, առաջացել է փոխգործակցության եւ համերաշխության ապահովման հանրային հրամայական, որի պահպանումը թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե իշխանությունների գերխնդիրն է: Միայն այս միջավայրն է, որ ունակ է լինելու գործուն, իրական երաշխիք տարաբնույթ միջադեպերի եւ հնարավոր խախտումների կանխման համար»:

ՀՀ ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին հայցել ու ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունն ընտրական գործընթացներում իրենց կողմից կարեւորվող բոլոր հարցերով, քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների եւ խնդիրների լուծմանը:

Կարեն Բալյան

Հստակ է թեկնածուների եթերաժամի տրամադրման կարգը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13:30-ից եւ ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ ա) 2013թ. հունվարի 21-ից մինչեւ 2013թ. փետրվարի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով. բ) 2013թ. փետրվարի 2-ից մինչեւ 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով. գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով:

Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ ա) 2013թ. հունվարի 21-ից մինչեւ 2013թ. փետրվարի 7-ը ներառյալ՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի հիմունքներով. բ) 2013թ. փետրվարի 8-ից մինչեւ 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով. գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրական 2 անգամ՝ 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով:

ՀՀ ԿԸՀ-ն սահմանել է նաեւ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով անվճար ու վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության ու հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում դրա փոխարեն թեկնածուին այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաեւ թեկնածուին տրամադրված եթերաժամն այլ թեկնածուի կողմից օգտագործվել չի կարող:

ՀՀ ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաեւ 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. ՀՀԿ՝ 884-ական, ԲՀԿ՝ 619-ական, ՀԱԿ կուսակցությունների դաշինք ՀԱԿ՝ 155-ական, ՀՅԴ՝ 110-ական, ՕԵԿ՝ 110-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։