Զավեշտը ընտրվածին անլուրջ է դարձնում – ՀՀ նախագահի ընտրությունը պետք է խստագույնս կանոնակարգվի…

Մեր ինքնահաստատվող երկրում զավեշտների պակաս չի զգացվում, հատկապես լրջագույն հարցերում, բայց որ այն կհասնի ՀՀ նախագահի ընտրություններին, անհավատալի էր թվում: Ի վերջո սա ինչպես ընտրվող նախագահի (անկախ նրա ով լինելը), գործող իշխանության եւ ներկա ընդդիմության, այնպես էլ չեզոք ընտրազանգվածների համար վիրավորական է, քանզի պետության եւ պետական ղեկավարի վարկանիշին, ուրեմնեւ՝ երկրի ամբողջ բնակչության վարկանիշին է վերաբերում:

Հիմա էլ կան որոշակի չափորոշիչներ, որոնք պարտադիր են նախագահի թեկնածու առաջադրվելու համար, բայց, կարծում ենք, դա բավարար չէ: Մարդու անցած կյանքի ուղին, ազգի ու երկրի համար կարեւորագույն ժամանակահատվածներում նրա գործունեությունը, մատուցած ծառայությունները (բացառություն չեն երկրաշարժի, արցախյան ազատամարտի կամ այլ համազգային իրավիճակներում երկրից փախածները) եւ սեփական գաղափարներին համահունչ ապրելակերպը պետք է դառնան ամենակարեւոր չափորոշիչները: Եթե այսպես լիներ, ապա որոշ ծաղրուծանակի առիթներ չէին լինի այս ընթացքում:

Իհարկե անհեթեթ է, երբ ոչ մի տեղ չաշխատող Ռոբերտ Ահարոնյանը կոչ է անում ՀՀԿ-ին վճարել իր ընտրագրավը՝ գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Առաջարկության հիմնական էությունը առավել զավեշտալի է, եթե չասենք՝ ողորմելի, քանզի փորձում է նժդեհականության ուղղությամբ քար նետել: Նա նշել է, եթե ՀՀԿ-ն այդքան համոզված է, որ իր գաղափարախոսությունը, այսինքն՝ նժդեհականությունը կհաղթի, ապա թող «հավասար պայմաններ եւ արդար ու թափանցիկ ընտրություններ» ապահովեն մեկ այլ՝ սոցիալիստական գաղափարախոսության ներկայացուցիչ թեկնածուի համար եւ հաղթեն այդ ընտրություններում: Կարելի է իհարկե իշխող ուժին վերաբերվել սեփական մտածողության ամենաանմիտ դատողություններով անգամ, դա այլ խնդիր է, սակայն չի կարելի պատրվակ դարձնել մի ազգային գաղափար, որն արդեն իսկ վարկաբեկվում է հենց իշխանությունների մեծամասնության (անգամ պատկերացում չունեն ցեղակրոն ուսմունքի մասին) կողմից: Քմծիծաղի է արժանի անգամ կապիտալիստական գաղափարախոսության դեմ այսօրինակ սոցիալիստական պայքար ծավալելը: Սա պետք է մտահոգի նաեւ համայնավարական ու դաշնակցական, ինչպեսեւ իրապես սոցիալիստներին:

Հաջորդ զավեշտը մինչընտրական գործընթացներում իբրեւ էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի կեցվածքն էր: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ակնկալում է ընտրագրավը հանգանակել հայրենակիցներից, որը հասկանալի է, քարոզչական տարր է պարունակում, իսկ էպոսագետը հայտարարել էր, թե պատրաստ է վճարել այդ ընտրագրավը: Անդրադառնալով իր եկամուտների աղբյուրին՝ նա ասել է, որ 14 տարի ուսումնասիրում է եւ ներկայացնում էպոսի վերլուծությունները. «Ոչ միայն հայկական էպոսի, այլեւ աշխարհի շատ էպոսների վերլուծություններն եմ կատարում, սեմինարներ եմ ունեցել Մոսկվայում, Թեհրանում, բազմիցս ունեցել եմ հրապարակումներ, հեռուստատեսային հարցազրույցներ. եթե ես որոշում եմ նման քայլ անել, փողը ամենավերջին ( ՞,-խմբ.) բանն է, որ կարող եմ անհանգստանալ»…

Եթե էպոսագիտությունը կամ ազգագիտությունը այսքան եկամտաբեր են, ապա ու՞ր են ոլորտի իրական մասնագետները, ինչու՞ չեն առաջադրվել: Իսկ եթե այս «էպոսագետին» թվում է, թե ազգի փրկությունը դեռեւս քրմական ժամանակներից գրավոր ու բանավոր փոխանցված եւ, ցավոք, տակավին ոչ ամբողջական ու մաքրամաքուր պահպանված Հայոց Էպոսն է փրկության միակ բանալին, ապա կիսատ է նրա փրկարարական գործի պատկերացումը: Տիեզերքը երազախաբության հասնող զավեշտներին եւ կիսատպռատությանը չի արձագանքում, այլ պատասխանում է իրապես Հայոց Հավատի հետեւորդներին, քրմական խորիմաստ խորհուրդները ընկալողներին (նաեւ էպոսն ու այլ դիցաբանությունները մեզ թողած աստվածամարդկանց) եւ Հայ Աստվածների պաշտամունքը հոգում կրողներին միայն: Իսկ այս մի «էպոսագետին» թվում է, թե «Սասնա Ծռերը» գրվել են քրիստոնեության ժամանակաշրջանում, դրա համար իր հենասյուներից մեկը համարում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (գուցե այսպես է պատասխանել, որպեսզի խուսափի՞ ընտրագրավի մասին հարցադրումներից՝ Իրանի մի կրոնական կազմակերպության, թե աղանդավորական մի կառույցի կողմից տրված, ինչպես շրջանառվել էր)… Երեւի այդպես էլ էպոսից «չկտրվելով» ու այլ էպոսագետների վերլուծություններին անհաղորդ մնալով, օրինակ՝ որ «Սասնա Ծռերը» վաղուց համեմատել են «Հեթանոսական Աստվածաշնչի» հետ (Էպոսում իշխում է արիադավան տիեզերահավատի Արարիչը, այլ ոչ թե՝ հուդա-քրիստոնեական Եհովան):

Ինչ մնում է իրեն էպոսագետ համարող Սեդրակյանի կողմից կուսակցապետ Հովհաննիսյանի հիմնադրամին 8 մլն դրամ նվիրատվություն անելու առաջարկին, ապա այն ոչ կոռեկտ է որակել «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հա՜, էպոսագետը խրոխտ հայտարարել է, թե «քաղաքական դաշտ է բերում Սասունցի Դավիթ Էպոսը» եւ իրեն մրցակից չի տեսնում (կրկին մոռանալով, որ էպոսը վաղուց է հայտնվել հայ քաղաքական ու հոգեւոր ոլորտներում): Անգամ խոստացել է, որ երբ հաղթի, ապա ՀՀ 3 նախկին նախագահներին էլ նշանակելու է իր ավագ խորհրդականներ: Սա թերեւս կնպաստի գործազրկության հերթական կանխմանը:

Անտրամաբանական էր նաեւ այդպես էլ առաջադրման չհասած նախկին ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանի կեցվածքը: Նա հանդես էր գալիս եւ՛ որպես հեթանոս, անգամ արիացի ու նժդեհական, եւ՛ որպես քրիստոնյա ու հավատավոր քաղաքացի: Ու իր միակ հակառակորդը հաղթանակի ճանապարհին համարում էր վերոնշյալ «էպոսագետին»: Իհարկե, հետո փորձեց դա ժամանակավրեպ համարել: Ամենազավեշտալին սակայն այս անձի՝ «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադրի կամ պատմաբան-մանկավարժի հեռուստաելույթներն էին, երբ լրագրողների հարձակումներին անգամ հակադարձելու ձիրք չունեցավ, իսկ սեփական գաղափարական մի քանի նախադասություն ներառող գաղափարախոսությունն ասելիս միշտ գրպանից հանում էր մի թուղթ, եւ կարդում «իր գաղափարախոսությունը» ամփոփող այդ մի քանի տողը (գոնե անգիր աներ):

Խմբագրություն զանգեր եղան, թե արդյո՞ք ճանաչում ենք այն թեկնածուին, ով հայտարարում է, որ «յուրաքանչյուր հայ մարդ ամեն առավոտ պետք է փառք տա իր հին աստվածներին՝ Աստղիկին, Անահիտին, Արամազդին ու Վահագնին», բայց նաեւ հավատավոր քրիստոնյա է, ով ոչ թե եվրոպական արժեքներին է հետեւում, այլ հայրենապաշտ ու ցեղակրոն է…

Նախ՝ հին Աստվածներ չկան, Հայ Աստվածները (եւ մյուս Աստվածները) իր չեն, որ հնանան ու մաշվեն, Նրանք Արարչի Զավակներն են՝ եղել են, կան ու կմնան, անկախ հիվանդ կղերականների (սրանք ոչ թե հոգեւորականներ են, այլ՝ հոգեկաններ) ցանկությունից եւ սին մեկնություններից, եւ հետո՝ բազմաստվածությունը ամենատարբեր աստվածներին հավատալու «կարողությունը» չէ, որ Հայր Արան ու Եհովան համատեղվեն… Այդպես էլ չառաջադրված Մարտիկ Սարգսյանը հայտարարում էր, թե ազգայնականական շարժում է ծավալելու, հատկապես արիական, եւ առաջարկում էր բոլոր ուժերին միանալ իրեն: Հասկանալի էր անշուշտ, թե որ ուղղության վրա էին պատրաստվում քարեր նետել…

Իսկ ահա թոշակառու եւ իր իսկ խոսքերով՝ «վաստակավոր գործազուրկ» թեկնածու Պավլիկ Սարգսյանը պահանջել է առանց ընտրագրավի գրանցել իր թեկնածությունը, քանի որ մեր հանրությունը պետք է ճանաչի իրեն… Ցնցող փաստարկ է՝ ՀՀ նախագահ դառնալու համար:

Ընտրություններում ինքնաառաջադրված անկուսակցական, դարձյալ ոչ մի տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանն էլ դիմել էր ԿԸՀ, որպեսզի թույլատրեն իրեն գրանցվելու համար պահանջվող 8 մլն. դրամ ընտրական գրավի փոխարեն վճարել ընդամենը… 50 հազ. դրամի չափով պետտուրք: Պատճառը իր սոցիալ-տնտեսական կարգավիճակն է, 10 տարուց ավելի գործազրկությունը, եւ ԿԸՀ-ին հորդորել էր հաշվի առնել իր «ՀՀ-ում ստացած բարձր կրթական ցենզը եւ մասնագիտական բարձր հեղինակությունը»: Այս ամենից հետո երեւի մոռացել է անձնական պարտքերի մարման գրաֆիկը ներկայացնել ԿԸՀ:

Զարմանալի է, բայց զայրացնում են նաեւ որոշ քաղաքական գործիչներ: Չնայած այսօրինակ գործիչները (կամ ՀՀ ու ԼՂՀ նախկին պաշտոնյաները՝ ի դեմս ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանի) չգիտես որտեղից եւ ինչպես են միշտ գումարներ հայթայթում ու ընտրությունից ընտրություն դառնում ազգափրկիչ: «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը առաջարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից մի 10 օր առաջ բոլոր թեկնածուները ինքնահրաժարականներ ներկայացնեն եւ գործող նախագահին թողնեն մեն-մենակ՝ դրանով իսկ ցույց տալով, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ՝ փաստի առաջ կանգնեցնելով Սերժ Սարգսյանին: Սա նույնիսկ Հայաստանում լուրջ չի ընկալվում, իսկ ժողովրդավար երկրները կնկատե՞ն այս «շախմատային քայլը»:

Ընտրություններին այս անգամ չմասնակցող եւ դրանով իսկ ապշեցնող «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բացատրել է, որ ընտրությունները Հայաստանին ոչինչ չեն տալու, ընտրական գործընթացները կարեւոր չեն. «Եկող նախագահական ընտրությունները, ինչպեսեւ մնացածը, լինելու են ընտրական մանիպուլյացիաներ, այլ բան չեն տալու»: Իսկ հետաքրքիր է՝ այն ընտրությունները, որոնցում նա մասնակցել է, «մանիպուլյացիա» չե՞ն եղել: Այստեղ էլ ստանում ենք նրա «ամեն ինչ ասող» պատասխանը.- իր նախագահ դառնալու դեպքում ինքը որոշ հիմնարկներ կազգայնացնի եւ տնտեսապես կհզորացնի Հայաստանը:

ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չմտած քաղաքական ուժի ղեկավարն ակնկալում է հեղափոխական ալիք: «Ով փող ունի, միայն նա կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,- 8 մլն. դրամ ընտրագրավի պահանջն այսպես է մեկնաբանում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը եւ վստահեցնում, որ նախագահի թեկնածուի համար բոլորովին այլ չափանիշներ են անհրաժեշտ: Ըստ նրա, ընտրագրավը ընդհանրապես պետք է վերացնել. «Երբ քաղաքական դեմքը չի մասնակցում, այլ ինչ-որ անհատ, ով գալիս է փրկելու հայրենիքը, սա քաղաքական միամտությունն է»: Հայաստանի փրկության նախապայմանը նա համարում է հասարակության պահանաջատեր դառնալը եւ չի բացառում, որ դրան կարող ենք հասնել հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ այսօրվանից պահանջատեր լինելով՝ պիտի բերենք այնպիսի մակարդակի, որ խոսենք հեղափոխության մասին:

Ոմանց պնդմամբ էլ, հանրությանը շփոթի մատնած եւ ինքը է՛լ ավելի շփոթված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ պաշտպանել գործող նախագահին, բայց ՕԵԿ դառնալ էլ չի ուզում, չի ցանկանում «ընկալվել» որպես Արթուր Բաղդասարյան:

Բայց ՀՀ 3 նախագահների օրոք բարգավաճած այս գործարարը այդպես էլ չըմբռնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արանքում հայտնվելու տխուր վիճակը եւ այսօր Սերժ Սարգսյանին թեկուզ ստվերային սատարելու ողբերգության իմաստը: Անգամ լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը երկրից շարունակում է ավելի մեծ թափով հանել իր փողերը:

«Արմատական» ընդդիմադիր ՀԱԿ-ը փաստեց, որ ԱԺ մտնելն իր վերջին բարձրագույն նիշն էր, եւ այդ դաշինքը կազմաքանդման եզրին է: Արդեն հեռանում են քաղաքական ուժերը: Իսկ այն, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, այլեւս աննպատակահարմար է նշյալ նախագահների համար: «Անհրաժեշտության դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի եւ գործչի հետ, այդ թվում նախկին եւ գործող նախագահների»,- անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասել էր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք այսօր մեծ սիրով կարող են համագործակցել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Նրանց հետ նստենք, որոշենք, թե ինչպե՞ս կարելի է երկիրն այս վիճակից հանել»: Իսկ այսօրվա ՀԱԿ-ի խոսքը ի՞նչ արժեք ունի: Երեւի սա հասկանալով՝ ՀԱԿ անդամը ավելացրել է, որ երկրի ներկայիս աղետալի վիճակի համար պատասխանատու են բոլորը՝ եւ՛ ՀՀԿ-ն եւ՛ ԲՀԿ-ն. «Լյուցիֆերին չեմ հավատում, մարդուց վատ սատանա չկա, կհամագործակցենք ցանկացածի հետ, որպեսզի ժամ առաջ ազատվենք ներկայիս իշխանություններից»: Իսկ ու՞ր մնաց գործող նախագահի հետ համագործակցելը… Գուցե հասկացան, որ դա այլեւս անհնար է: Իսկ ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն այդ առումով հայտարարեց, որ ՀԱԿ այլեւս նշանակում է «Հայ ազգային կատակերգություն»:

Ամենազավեշտալի երեւույթներից է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու փաստարկը: Ի պատասխան թերթերից մեկի հարցին՝ նախկին նախագահը նշել է, թե չի առաջադրվելու. «Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետեւաբար ասպարեզ պետք է իջնեն ինձանից ավելի երիտասարդները»: Իսկ հետաքրքիր է, 2008թ. մարտիմեկյան դեպքերը եւս տարիքային «կլիմաքսի» հետեւա՞նք են, թե՞ 64-65 տարեկան լինելը այնքան էլ մեծ չի թվացել, եւ միջազգային «եղբայրությունը» մարտիմեկ-ը անհրաժեշտ է համարել…

Ծնունդով արցախցի ռուսաստանաբնակ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանը եւս զարմացրեց, երբ հայտարարեց, թե պատրաստ է վճարել ՀՀ արտաքին պարտքը «հանուն սեփական լավագույն թեկնածու Ռոբերտ Քոչարյանի»: Նրա գործունեությունն առավել հայտնի է Արցախում, բայց, ըստ երեւույթին, ՀՀ 2-րդ նախագահի օրոք իրեն Հայաստանում էլ վատ չի զգացել եւ պատրաստ է դրան հասնելու համար անգամ երկրի պարտքը վճարել… Բայց նա չի մոռացել գործող նախագահին, ու քանի որ իր թեկնածուն չի առաջադրվել (գոնե երկիրն անպարտք կմնար ախր), հայտնել է, թե «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանն էլ հայտարարել էր, որ ընտրությունները տեղի

կունենան ոչ թե փետրվարի 18-ին, այլ ավելի ուշ, նա դիմելու է «Սահամանդրության 57 հոդվածի» զորությանը (իմա՝ Սահմանադրական դատարան), որն ասում է, թե «եթե ճանաչվի, որ թեկնածուի համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, երկշաբաթյա ժամկետով հետաձգվում են ՀՀ նախագահի ընտրությունները եւ այդ ժամկետն ավարտվելուց հետո 40 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ»: Ըստ նրա, անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել դատարանի որոշմամբ. «ՀՀ ներկայիս 20 տարի «բարեփոխվող» դատական համակարգի շնորհիվ իմ ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ եւ չեմ կարողանում մուծել 8 մլն. ընտրագրավը»: ԲՀԿ-ական նախագահի թեկնածու, իրավաբան Ռուբեն Այվազյանը այլեւս չի մաքառի, քանի որ կուսակիցների հետ վերջապես հանդիպման է գնացել ու նրանց խնդրանք-հորդորով որոշել դուրս գալ նախագահական ընտրապայքարից. «Իմ ընկերների խորհրդով որոշեցի չօգտվել ԿԸՀ-ի երկօրյա ժամկետից: Իմ մոտիկ ընկերներն են խորհուրդ տվել չշարունակել»… Այսինքն՝ ԲՀԿ ղեկավարության որոշումը ոչինչ չէր ասե՞լ այս նախկին թեկնածուին:

«Հանրությունը տեղյակ է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում ընտրակաշառք է բաժանել: Ընտրակաշառք տալը եւ վերցնելը քրեորեն պատժելի արարք են: Հետեւաբար, կարծում եմ՝ ՀՀԿ-ն չունի բարոյական, քաղաքական ու իրավական իրավունք մասնակցելու ընտրություններին իր թեկնածուով: Հայաստանի համար լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն հրաժարվեր ընտրություններում մասնակցելուց իր սեփական որոշմամբ եւ ոչ թե հանրային ճնշման տակ»,- ասել է թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ շեշտելով, թե դիմելու է ԿԸՀ՝ ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սարգսյանի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով. «Նախկինում ընտրակաշառք բաժանող կուսակցության մասնակցությունը ընտրություններում ուղղակիորեն խախտում է իմ ընտրական իրավունքը»: Եվ այս մասին նա հիշել է միայն այսօր: Ափսոս:

«Հենց 25 մլն դրամ ունենամ, ֆսյո, մտնում եմ ընտրապայքարի մեջ, միանշանակ»,- ԿԸՀ-ի արտահերթ նիստից հետո ասել էր կարատեիստ եւ անկուսակցական Տարոն Աբրահամյանը: Իսկ Ռոբերտ Սիմոնյանը մի շարք թեկնածուների հետ կարծում է, թե ընտրագրավը հակասահմանադրական երեւույթ է: Ռոբերտ Ահարոնյանը հանկարծ հիշել էր, որ «անհիմն է այդքան գումար ծախսելը ՀՀԿ-ի հետ մրցակցելու համար, այդ գումարը ավելի լավ է օգտագործի հետագա ծրագրերի իրականացման համար»: Միակ կին թեկնածու Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե առաջադրվելը 2 օրում չի որոշվել, սա մի քանի ամսվա աշխատանք է. «Մենք ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, սակայն 1 օրում հիմնական գումար տվող գործարարները հրաժարվեցին: Այժմ աշխատում ենք այլ գործարարների հետ, սակայն նկատել ենք մի բան՝ գործարարները բավականին վախեցած են ու չեն ցանկանում քաղաքական որեւէ պրոցեսի մասնակցել»:

Կարելի է իհարկե էլի զավեշտներ նշել, գուցե ավելի «լավերը» լինեն, որոնք մեզ հայտնի չեն: Բայց այսքանն էլ բավարար է հասկանալու, որ ՀՀ նախագահի ընտրությունը պետք է խստագույնս կանոնակարգվի եւ ընտրված նախագահի վարկանիշը չպիտի աղտոտվի մինչընտրական զավեշտներով: Եվ այս ընտրությունը այն նիշը չէ, որ չկայացածների ինքնահաստատման ասպարեզ դառնա:…

Սրանք պետք է լրջորեն հասկանան, որ միեւնույնն է՝ այսպես չեն մտնում պատմության դասագրքեր, իսկ եթե որեւէ հուշերում «տեղավորվեն» էլ, ապա միայն ծիծաղելի օրինակներ որպես: Եթե սա է նրանց նպատակը, ապա վայ մեզ, եւ ստիպված ենք, ինչպես մեր ընթերցողներից են առաջարկում, «մի երկու տող գրել թերթում, որ հանգստանան-գնան իրենց տներով»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։