Հայոց բնաշխարհը հոգեկերտվածքն է հայի –

Բնապահպանները եւ երկրի տնտեսությունը զարգացողները Հայոց երկիրն ու բնությունը պաշտպանել պիտի իմանան®

®Որովհետեւ մենք մեր երկիրը ու մեր բնաշխարհը առավելապես պիտի սիրենք: Ու պիտի ճիշտ սիրենք, որպեսզի բնապահպանությունը բիզնես չդառնա ու չհակադրի իր շահերը տնտեսությանը®

Պարբերաբար ահազանգներ են հնչում բնապահպանական հարցերի վերաբերյալ եւ գրեթե ամեն օր մի խնդիր է բարձրաձայնվում: «Լուսանցք»-ը եւս հետամուտ է բնապահպանական հարցերին, եւ ողջունելի է, որ Հայաստանում եւ սփյուռքում նախաձեռնող խումբը միասնաբար փորձում է ստեղծել Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ):

Վերջերս խմբագրությունը մի հայտարարություն ստացավ, որում մասնավորաբար ասվում էր, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ (ներառյալ Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցները), փաստելով, որ ներկայում Հայաստանում եւ Արցախում, օգտվելով հանրության լայն շրջանակներում էկոգիտակցության ոչ բավարար մակարդակից, բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությունից եւ պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երեւույթներից, «մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի եւ ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով», որոշել են ստեղծել բնապահպանական ճակատ:

Եվ որ այս ճակատի նպատակը պետք է լինի մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման եւ սոցիալական արդարության ապահովումը: Իսկ սրան հասնելու համար ճակատն առաջարկում է ձեւավորել բնապահպանական դիտարկման եւ գործողությունների համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության, կամավորության եւ բանականության սկզբունքներով: Ըստ ճակատի հայտարարության, կձեւավորվեն աշխատանքային խմբեր՝ օրինակ՝ հանքավայրերով զբաղվող խումբ, փոքր ՀԷԿ-երով զբաղվող խումբ, անտառների վերահսկման եւ այլն: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու:

Առաջին հերթին անհրաժեշտ է կառույցներ ձեւավորել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով՝ Լոս Անջելեսում եւ Մոսկվայում:

Անդամակցությունը ՀԲՃ-ին կամավոր է:

ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաեւ բնապահպանական հիմնադրամ:

Մանրամասն ներկայացրի, որպեսզի պարզ լինի, թե ինչ են ուզում մեր բնապահպանները: Իսկ թե ինչպես են ուզում, դա պարզ կդառնա, երբ նրանք գործունեություն ծավալեն: Համենայնդեպս, դրական նախադեպեր ունենք՝ թեկուզ հենց «Թռչկան»-ի օրինակով:

Հիմա մի կարեւոր դիտարկում անեմ ընդհանրապես բնապահպանության շուրջ:

Վերջերս, ցավոք, իմ ծանոթ բնապահպաններից մեկն ինձ ասաց, թե բնապահպան է, որովհետեւ դա շուտով մեր երկրում էլ է «դախոդով» գործ լինելու:

Այսինքն՝ բնապահպան է, որովհետեւ դա եկամտաբերության տեսակետից հեռանկարային է համարում: Իհարկե, եկամտաբեր գործի մասին մտածելը վատ բան չէ, բայց… նրա հոգեկերտվածքը ինձ մտածելու տեղիք տվեց: Որովհետեւ ինչպիսին հոգին է, այդպիսին էլ կլինի նրա պաշտպանությունը՝ ուղղված բնությանը: Իսկ մեր բնաշխարհի վիճակը ուղղակիորեն արտացոլանքն է մեր մարդկանց մտածելակերպի:

Այո՛, չեմ ժխտում. բնապահպանությունը ամբողջ աշխարհում եկամտաբեր գործ է դարձել, եւ նույնիսկ բնապահպանական շարժումներ կան, որոնք վտանգ են տեսնում այնտեղ, որտեղ այդ վտանգը չկա էլ: Բայց իրենք վտանգը տեսել են, որովհետեւ տվյալ տարածքում կամ տարածքին կից վայրում տնտեսական գործունեություն ծավալողը նրանց լավ չի նայել: Այո՛, բնապահպանական շարժուները երբեմն ու վերջերս ավելի հաճախ քաղաքական հարցեր են որոշում: Խոշոր ներդրում անողները նախ հաշվետու են իրենց բնապահպանական եւ հետո միայն՝ տնտեսական կամ ներդրումային ծրագրի համար: Սա՝ ընդհանրապես, բայց այս կարգի փաստերի կարող եմ հանգիստ վերաբերել, քանի դեռ թեման մեր երկրին չի առնչվել:

Որովհետեւ մենք մեր երկիրը ու մեր բնաշխարհը առավելապես պիտի սիրենք: Ու պիտի ճիշտ սիրենք, որպեսզի բնապահպանությունը բիզնես չդառնա ու չհակադրի իր շահերը տնտեսությանը:

Մի փոքր կենցաղային լեզվով բացատրեմ. բնապահպանական շարժումները ոչ թե պետք է արգելեն, ասենք, հանքարդյունաբերությունը, մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը եւ այլն, այլ՝ պիտի հետեւեն, որպեսզի հանքարդյունաբերությամբ զբաղվողը բնապահպանական պահանջները խստորեն կատարի, հանքի տված բարիքից օգտվի՝ ի շահ իրեն, իր աշխատակիցների եւ իր երկրի, ոչ թե շահագործի այդ հանքը այնպես, որ սերունդներին բան չմնա:

Բնապահպանները պիտի հետեւեն, որ հիդրոէլեկտրակայանները այնպես նախագծվեն ու աշխատեցվեն, որ ոչ թե փչացնեն տվյալ տարածքի ջրային համակարգը, այլ՝ ի նպաստ գործածեն ջրային ներուժը:

Բնապահպանները պիտի հետեւեն, որ ոչ թե կտրած տասը ծառի փոխարեն տասը տնկվի ու հարցը փակված համարեն, այլ՝ կտրած թեկուզ մեկ ծառի փոխարեն վերականգնել տան այնքանը, ինչքանով որ կվերականգնվի տվյալ տարածքի խաթարված կենսաբազմազանությունը:

Սա՛ է իրական բնապահպանությունը ու սերը առ Հայոց բնաշխարհը՝ գտնել այն սահմանագիծը, որը թույլ կտա եւ՛ աշխատատեղ ստեղծել, եւ՛ բնությունը պաշտպանել:

Կանե՞ն սա մեր բնապահպանները, այդ պարագայում պատրաստ ենք նույնիսկ էջեր տրամադրել նրանց գործունեությանը, աջակցել, արծարծել նրանց առջեւ ծառացած խնդիրները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.