Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի
Ամերիկահայ Սոնա Թաթոյանը պատրաստվում է ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանել‘ «Դրախտից 3 խնձոր ընկավ» գրքի մոտիվներով: Ռեժիսորը հայտնի Շեքհար Կապուրն է, ում «Էլիզաբեթ» ֆիլմը Օսկարի էր արժանացել: Նկարահանումները կսկվեն այս տարեվերջին:
Նշվում է, որ Սոնայի՝ այսպիսի կինոնկար նկարահանելու ցանկության պատճառը Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցն է:
Հիշեցնենք, որ թուրքահայ մտավորական Դինքը սպանվել է 2007թ, հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ՝ հետեւից գլխին արձակված 3 հրազենային կրակոցներից:
Լավ է ծպտյալ, բայց հայ, քան…
Թուրքիայում հետզհետե ավելանում են հայերի սպանության փաստերը: Ստամբուլի հայկական դպրոցներից մեկում աշխատող հայ ուսուցիչ է դաժանաբար սպանվել վերջերս:
Քաղաքի Քադըքյոյ շրջանի հայ ուսուցիչ Իլքեր Շահինի անշունչ մարմինը գտել են բնակարանում:
Գործընկերները շուրջ 3 օր ոչ մի նորություն չեն ունեցել եւ որոշել են այցելել նրան: Նրա բնակարանի դուռը փակ գտնելով՝ ոստիկանություն են դիմել: Երբ ոստիկանները ներս են մտել, տեսել են հայ ուսուցչի կտրված կոկորդով դին: Ուսուցիչը դիմադրել է մարդասպանին, որը, ըստ ամենայնի, գողության նպատակով չի ներխուժել նրա բնակարան:
Հայտնի է նաեւ, որ նրա վերջին գործողությունն է եղել կոլեգաներին սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորանք ուղարկելը: 40-ամյա Շահինը, ով 1 դուստր ուներ, 9 տարի շարունակ դասավանդում էր հայկական դպրոցում:
Նշենք, որ Ամանորի նախօրեին Ստամբուլում սպանվել էր տարեց մի հայուհի: Կնոջը սպանել էին՝ կտրելով կոկորդը:
Հիշեցնենք, որ եղել են դեպքեր, երբ հայերին բացահայտ գրություն են ուղարկել Թուրքիան լքելու եւ Հայաստան գնալու համար…
Հ.Գ. – Նկատենք՝ վերջերս երբ ներկայիս Թուրքիայի տարածքում ծպտյալ հայերի բացահայտում էր «գնում», որովհետեւ եկեղեցին նրանց քրիստոնեացման համատարած կոչ էր անում (պատճառներից մեկը նաեւ սա էր), «Լուսանցք»-ն ահազանգ հնչեցրեց բացահայտված հայերի կյանքի անվտանգության առումով, որովհետեւ համոզված էինք եւ ենք՝ թուրքը այսօր էլ նույն թուրքն է, իսկ հանուն ոչ մի կրոնի չի կարելի վտանգել մարդուն եւ ազգայինը:
Ահազանգը, կարծես, ուշացած տեղ հասավ, հիմա, կրկնում ենք՝ ներկայիս Թուրքիայում, հայերի են սպանում՝ վրաները քրիստոնեական խաչեր դաջելով…
Հայկական գույքը վերստին թուրքացվեց
Ըստ թուրքական «Haber3.com» լրատվականի, չեղյալ է հայտարարվել Թուրքիայում հայկական հիմնադրամին վերադարձվելիք անշարժ գույքի վերաբերյալ որոշումը:
Մասնավորապես՝ Ստամբուլի հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու վերաբերյալ որոշումներից մեկը արդեն չեղյալ է հայտարարվել:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության նախագահ Ադնան Էրթեմի գրավոր հայտարարության համաձայն՝ հիմնադրամների խորհուրդը հայկական սբ. Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամին վերադարձված գերեզմանատների վերաբերյալ նոր ստուգումներ է անցկացրել եւ պարզել, որ եկեղեցուն վերադարձված 2 գերեզմանատներից մեկը հայկական հիմնադրամին չի պատկանում:
Գոհար Վանեսյան
* * *
Կրոնական խնդիրներ –
«Ես քրիստոնյա չեմ, եւ ինձ համար հաճելի չէ այսօր եկեղեցուց շնորհավորական sms ստանալը»
Համացանցում (http://blognews.am/arm/news/34031/) մարդիկ հանդես են գալիս բողոքի մի նոր ձեւով: Նշվում է. «Եթե մենք աշխարհիկ, այլ ոչ կրոնական պետություն ենք, եւ մեր երկրում կա կրոնի ու դավանանքի ազատություն, ապա ինչո՞ւ կրոնական կառույցը՝ Հայ առաքելական եկեղեցին, կրոնական տոնի կապակցությամբ բջջային օպերատորների միջոցով շնորհավորական sms-ներ է ուղարկում բոլոր բաժանորդներին՝ առանց հաշվի առնելու կրոնական պատկանելությունը եւ առանց հաշվի առնելու, թե ցանկանո՞ւմ է արդյոք տվյալ բաժանորդը ստանալ այդ sms-ը»:
Ըստ բողոքողների, ստացվում է, որ «մեր երկրում կրոնը զոռով փաթաթում են մարդու վզին»: Այս բողոքը նախաձեռնողը պարզ հայտարարել է. «Ես քրիստոնյա չեմ եւ ինձ համար հաճելի ու ցանկալի չէ նման sms ստանալը: Համարում եմ դա ոչ ավել, ոչ պակաս՝ մարդու իրավունքների խախտում:
Բացի այդ, կրոնական կառույցը, կարծում եմ, չպետք է հավասարվի ինչ-որ խանութի մակարդակի եւ իրեն sms-ներով գովազդի»: Իսկ երբ պարտադրվում են եկեղեցական, այս կամ այն սրբի տոնն ու ծնունդը, ապա դրանք օրհնանքի փոխարեն այլ բանի են արժանանում…
Բողոքի այս տեսակին միացողներ եղել են համացանցում եւ հիմնականում նույն բովանդակությամբ արձագանքել են, որ իրենք համամիտ են լրիվ. «Ես արիադավան-հեթանոս եմ, ունեմ Հայ Աստվածների պաշտամունքը եւ ինձ էլ հաճելի չէ այս «առաքինի» պարտադրանքը… Ու բոլորը գիտեն, որ միայն ես չէ, որ Հայաստանում հանդիսանում եմ Հայոց Հավատի հետեւորդ…»:
Վահագն Նանյան
Կրոնի համաշխարհային օր՝ առանց ազգային հավատների
Հետաքրքիր է, որ աշխարհը նաեւ Կրոնի համաշխարհային օրն է նշում. դա հունվարի 20-ին է: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1950թ.. հիմնվել է աշխարհի բոլոր կրոնների տոնը՝ ցույց տալու համար, որ կրոնն աշխարհը միավորող ուժ է: Ավանդաբար այդ օրը մի շարք երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համերգներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, կլոր սեղաններ: Դրանք նվիրված են խաղաղության հաստատմանն ու համերաշխության զարգացմանը: Ներկայում աշխարհում գոյություն ունի 3 միաստվածային կրոն՝ քրիստոնեությունը, իսլամը եւ բուդդիզմը: Նշվում է, որ բոլոր դավանանքները հավասար են օրենքի առջեւ, եւ կրոնը յուրաքանչյուրի անձնական գործն է:
Իհարկե, միջազգային կրոնագետները չեն բարձրաձայնում, որ մեծ տարբերություն կա վերազգային կրոնի եւ ազգային հավատի միջեւ, ինչը անգամ հունվարի 20-ին չի բարձրաձայնվում: Ազգային հավատ ունեն բնածին ազգերը, ինչը արհեստածին (համաշխարհայնացման գնացող) կրոնախեղներին միշտ էլ սարսափեցնում է, եւ «տաբուն» դեռ գործում է…
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



