Ու թշնամիների համար էլ գործելու պարարտ տարածք է
Վերջերս կայացել է Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Երեւան էր ժամանել: Քննարկվել են երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի ու Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման, ինչպեսեւ երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Սակայն, այդպես էլ տեղեկատվություն չտրվեց՝ արդյո՞ք նախարար Փանջիկիձեն պատասխան է տվել իր այն հայտարարության համար, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս հարցը Երեւանում վրացական լրագրողը տվեց Վրաստանի վարչապետին, ով էլ բորբոքված պատասխանեց, թե չի կարելի ամեն անգամ խնդիրն արծարծել, երբ արդեն իսկ ինքը պատասխանել է, թե ԼՂ-ի հարցի կարգավորումը Թբիլիսին տեսնում է խաղաղ բանակցությունների շրջանակում: Իհարկե, սա ոչինչ չասող պատասխան է պարզապես, բայց հայ լրագրողներն ավելին չեն հարցրել, քանի որ, ըստ այս կարգի «պրոտոկոլային» հանդիպումների կանոնակարգի, եթե հարցերն ու հարց տվողները չեն էլ ընտրվում, ապա սահմանափակվում է ժամանակը (համապատկերում թերեւս անհասկանալի է վրացական կողմի հարցուպատասխանը):
Ինչեւէ, մինչ այդ վրացական ԱԳՆ-ից պատասխանել էին, որ Լիտվայի խորհրդարանի քննարկումների ընթացքում Վրաստանի ԱԳ նախարարը պատասխանելով հարցին, նշել է, որ «պաշտոնական Թբիլիսին հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որեւէ կերպ չի կապել ԼՂ-ի հետ ու որեւէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը՝ չնայած Ադրբեջանի դեսպանի համառ պնդումներին կապել այդ երկու հարցերը»:
Ավելին՝ Վրաստանի ԱԳՆ-ից տրամադրել են այդ հանդիպման տեսագրության հղումը, որտեղ ամեն ինչ պարզ երեւում է, որ պատասխանելով Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հարցին, Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է եւ ունի իր լուծման ճանապարհը: Սակայն ադրբեջանական զլմ-ները «տեղեկություն» էին տարածել, թե իբր Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբի եւ տեղեկատվական գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին՝ Վրաստանի ԱԳՆ Մայա Փանջիկիձեն ասել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»:
Ադրբեջանական «տեղեկատվությունից» հետո, սույն հարցի վերաբերյալ հայկական մի շարք լրատվամիջոցներ եւս հարցում էին կատարել Վրաստանի ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, արդյո՞ք նման հայտարարություն եղել է: Եվ Թբիլիսիից եւս մեկ անգամ զլմ-ներին պարզաբանել էին, թե քննարկման ընթացքում երկրի ԱԳ նախարարը պատասխանելով այդ հարցին, միայն նշել է. «Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա պետք չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետեւ այս տարածքը ոչ մի կերպ չի հիշատակվել»:
Գուցե հարցն այսքան ցավագին չընկալվեր (քանզի հայերին հայտնի է ադրբեջանական տեղեկատվական կեղծիքի կիրառման գործելաոճը), եթե մյուս կողմում վրացական գործոնը չլիներ: Բանն այն է, որ հայերիս լավ հայտնի է նաեւ վրացական երկերեսանիությունը, ինչն էլ Վրաստանի ԱԳՆ բացատրությունները վերջնականապես հավաստի չեն դարձնում:
Հիշեցնենք, որ վերջերս Վրաց եկեղեցին եւս նման մի հայտարարություն էր արել ԼՂ-ի հարցի վերաբերյալ: Հետո վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Եթե սրան ավելացնենք Բիձինա Իվանիշվիլու՝ մինչեւ վարչապետ դառնալն արած հայտարարությունները, հատկապես Վրաստանի (նաեւ՝ Ջավախքի) հայերին Հայաստանի տեղը, որպես իրենց հայրենիք ցույց տալու մասով (ինչը եւս հետո հերքվեց, իբր ռուսական պարբերականն էր աղավաղել), ապա հասկանալի է, որ հայ-վրացական հարաբերությունները չեն կարող վստահության վրա կառուցվել՝ գոնե առայժմ:
Իսկ թե հետո Հայաստանի ու հայության, նաեւ Վրաստանի հայերի նկատմամբ ինչ վերաբերմունք կցուցադրեն վրացիները՝ նոր իշխանությունների գլխավորությամբ (եւ ավելի բացահայտորեն), ժամանակը շատ սպասեցնել չի տա:
Արման Դավթյան
Ջավախքահայ գործիչը պե՛տք է ազատ արձակվի – Հոդվածը տպագրվում էր արդեն, երբ հայորդին ազատ արձակվեց…
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել էր «Համաներման մասին» օրենքը եւ շատերս էինք սպասում, որ այսպիսով կավարտվի ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի ոդիսականը եւ նա եւս ազատ կարձակվի:
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամն էր, երբ օրենքի վրա վետո էր դրել նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, բայց խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն:
Համաներման մասին օրենքում ներառվել են միայն նախագահ Սաակաշվիլիի հակառակորդները: Ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միանգամից հայտնել էր, որ ազատ է արձակվելու նաեւ իր պաշտպանյալը, քանի որ համաներման ցուցակում կա նաեւ Վահագնի անունը, ուստի օրենքի ստորագրումից 1 օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյաները պիտի ազատ արձակվեն: Այդ օրենքի համաձայն, 190 կալանավորի հետ միասին Թբիլիսիի Գլդանի թիվ 8 կալանավայրից ազատվել էին նաեւ Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շեկոյանը:
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման, երբ 90-ական թվականներին կազմակերպել էին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996թ.:
Բայց ահա Չախալյանի հարցն առկախ է: Նրա անունը, պարզվում է, տեղ չի գտել ցուցակում, վրացական «itv.ge» լրատվական գործակալությունը ներկայացրել էր այն քաղբանտարկյալների ցուցակները, ովքեր համաներում են ստացել եւ պետք է լքեն բանտերը, եւ այդ ցուցակում ջավախքահայ գործչի անունը տեղ չէր գտել: Ցուցակում միայն նշյալ 2 հայի անունն է եղել:
Իսկ գուցե Թբիլիսին փորձում է Չախալյանին չճանաչե՞լ քաղբանտարկյալ: Պաշտպան Ոսկանյանը այդ առիթով տեսակցել է Վահագնին եւ հայտնել, որ նա բարոյապես ու հոգեպես շատ լավ վիճակում է: Իսկ նրա ազատ արձակելու գործը Ախալցխեի շրջանային դատարանում է, այն դատարանում, որը նրան մեղավոր է ճանաչել: Օրեր առաջ էլ Վահագն Չախալյանը Վրաստանի խորհրդարանին դիմում է ներկայացրել իրեն քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ:
Վրաստանի հայերը (ոչ միայն նրանք) համոզված են, որ օրենքը տարածվում է նաեւ «Միասնական Ջավախք»-ի ղեկավարի վրա, քանի որ նա պայքարել է հայապահպանության եւ ազգային խնդիրների պաշտպանության համար, ուստի վրացիները չպետք է հապաղեն:
Մեկ հիշեցում էլ անենք՝ հայ գործչին ձերբակալել են 2008թ., իսկ 2009թ. նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, խուլիգանության եւ զենքի պահպանման համար:
Այս հարցով միջնորդել է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ Գարեգին Բ կաթողիկոսը, երբ Էջմիածնում հանդիպել է Վրաստանի վարչապետին: Այժմ քայլ անելու հերթը վրացական կողմինն է:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



