Արցախի պաշտպանության բանակը 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-18-ը անցկացրեց հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել եւ անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից է խոսել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանակի հրամանատարը հավաքները կարեւոր է համարել ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի եւ բանակի բաժինների ու ծառայությունների միջեւ փոխգործակցության հարցերի հստակեցման եւ այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում: Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական ու ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային եւ մարտավարական պատրաստության, ինչպեսեւ մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր:
Այս ընթացքում Բաքուն ինչպես միշտ փորձում էր սրել արցախյան հարցը՝ հերթական թիրախ ընտրելով Ստեփանակերտի օդանավակայանը: Ադրբեջանի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել, որն, ըստ նրանց, իրավական հիմք է տալիս Արցախի տարածքում թռչող օբյեկտների (ինքնաթիռների) ուղղությամբ կրակ բացել: «Բաքվի այս որոշումը ահաբեկչության դրսեւորում է, եւ միջազգային հանրությունը պետք է համապատասխան ձեւով, ավելի կոշտ արձագանքի»,- անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից հաստատված՝ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների վերաբերյալ նոր որոշմանը՝ ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, ադրբեջանական կողմի այս պահվածքին ամենաարդյունավետ արձագանքման միջոցներից մեկը կլինի այն, որ ինքնաթիռի առաջին ուղեւորները լինեն հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «Սրանով իսկ ցույց կտան, որ Ադրբեջանի նման գործելաոճն ու պահելաձեւն անընդունելի է միջազգային հանրության եւ ժամանակակից քաղաքականության համար»,- նշել է Դ. Բաբայանը՝ հավելելով, թե այս քայլով միջազգային հանրությունն Ադրբեջանին ցույց կտա իր տեղը, «ինչն էլ ազդեցություն կունենա Բաքվի հետագա քաղաքականության վրա»:
Այս առումով խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հայկական կողմն ունի բոլոր միջոցները կանխարգելելու ադրբեջանական գործողությունները՝ ապահովելով ինքնաթիռների ազատ գործունեությունը: Նաեւ ընդգծել է, որ Արցախի օդային սահմանների վրա հարձակումները կարող են նոր պատերազմի հանգեցնել:
Արցախահայության շահերի պաշտպանությամբ հերթական անգամ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել է, թե արցախահայությանը բնաջնջել խոստացողները եւ այդ մասին մինչեւ հիմա երազողներն ուշացել են: Հայաստանի ՊՆ-ում անցկացվել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ, որտեղ էլ ելույթ է ունեցել երկրի նախագահը: Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած 2 կարեւորագույն միջոցառումների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում «Փոխգործակցություն-2012» եւ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական ու տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը: Նիստին մասնակցել են նաեւ երկրի ազգային անվտանգության խորհրդի, ԱԺ հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը:
Զեկույցով հանդես է եկել ՊՆ Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով Հայաստանի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները եւ դրանց դիմագրավման ուղիները, անդրադարձել է համապետական զորավարժությունների անցկացման նպատակներին, եղանակներին ու արձանագրված արդյունքներին: Պաշտպանության նախարարը հանգամանորեն անդրադարձել է նաեւ զորավարժությունների անցկացման առանձին փուլերին եւ դրանց իրականացմանը ներգրավված մարմինների աշխատակարգին՝ սկսած ազդարարումից, մարտական խնդիրների ստացումից ու վերլուծությունից, մինչեւ որոշումների ընդունումը եւ իրագործումը, ներկայացրել է զորավարժությունների ժամանակ բարձր ֆունկցիոնալ պատրաստվածությամբ ու կատարողական վարպետությամբ աչքի ընկած գերատեսչություններին:
ՀՀ նախագահը նշել է, որ մեր Զինված ուժերը մտել են կայացման այնպիսի փուլ, որում լիամասշտաբ պլանային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պետք է կրի պարբերական բնույթ: Իսկ դրա արդյունավետության համար պահանջվում է բոլորիս համատեղ աշխատանքը: Թերությունները պետք է շտկվեն արագ եւ որակով: Դեկտեմբերին նախագահը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ հստակ ցուցումներ տալով կառավարությանը, բայց հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, առկա մարտահրավերները, արագ մոբիլիզացվելու անհրաժեշտությունը, կարեւորվել է, որ մենք պետք է մշտապես կատարելագործենք պետական համակարգի փոխգործակցելու եւ արդյունավետորեն արձագանքելու կարողությունները: «Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարեւոր բաղկացուցիչ մաս կազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նշվել է, որ մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է եւ պետք է հստակ քայլեր ձեռնարկել այդ համբավը վերականգնելու ուղղությամբ, պետք է զարգացնել բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնել բանակ-գիտություն փոխգործակցությունը՝ ապահովելով բանակի համար արդի եւ կիրառելի գիտական արդյունքի մատակարարում: Պիտի նաեւ ուժեղացնել կապը ռազմական ու քաղաքացիական բուհերի միջեւ՝ ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր եւ քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ՝ կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով:
Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում այդ հարցում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է: Օրեր անց նշվելու է Արցախյան շարժման 25-ամյակը, ինչը առավել պարտավորեցնող հանգամանք է, եւ մոտ 19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարը պետք է մեզ հիշեցնի, որ ունենք հաղթանակած բանակ, որը պատրաստ է նոր սխրանքների:
Իսկ նոր պատերազմի պետք է միշտ պատրաստ լինել, քանզի անտեսելով զինադադարի մասին եռակողմ համաձայնությունը, Ադրբեջանը մինչ օրս չի դադարում գնդակոծել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի սահմանները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մերժում են միջնորդների՝ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, նույնիսկ հրաժարվում են 1 տարի առաջ Սոչիում իրենց իսկ ստորագրած հայտարարությամբ ստանձնած վստահության ամրապնդման միջոցառումներն իրագործելուց:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «ընդամենը օրեր առաջ մեր հարեւան պետության ղեկավարը Սումգայիթում ամենայն լրջությամբ հերթական անգամ կրկնում էր, որ այսօրվա Հայաստանը առաջացել է ադրբեջանական հողերի վրա, որ Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է, եւ իր նախնիները մեծ սխալ են գործել այն «նվիրելով» հայերին: Գուցե կարելի կլիներ այդ ամենին որպես զավեշտի մոտենալ, եթե չլիներ ողբերգական ասոցիացիան: Քառորդ դար է բաժանում Իլհամ Ալիեւին ադրբեջանցի այն բաշիբոզուկներից, որոնք Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների ծածուկ աջակցությամբ նույնաբովանդակ ելույթներով սադրում էին գազազած ամբոխին՝ սպանել, այրել ու ոչնչացնել հայերին… Օրինաչափ է, որ պետության այդպիսի ղեկավարը արդարացնում եւ հերոսացնում է քնածին կացնահարող տականքին: Մի բան, որ խայտառակություն կհամարվեր իրեն հարգող որեւէ բանակի սպայական ամբողջ անձնակազմի համար»:
Ուստի պետք է լինել աչալուրջ, եւ չնայած Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար, այնուամենայնիվ, նախ եւ առաջ պետք է հույսներս մեզ վրա լինի: Պետք է լրջորեն հետեւենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի իշխանությունների քայլերին, հետեւենք նաեւ, որ միջազգային ճնշմամբ Բաքվում ու Անկարայում վերանայեն վերաբերմունքը իրենց պետության եւ ժողովրդի պատմության հանդեպ: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը նույնպես պիտի լինի ՀՀ ռազմա-քաղաքական առաջնահերթության ցանկում:
Բայց ցավալի մի դանդաղկոտություն է նկատվում Արցախի անկախության կամ վերամիավորման փաստի ճանաչման հարցում: Ինչը նպաստում է թուրք-ադրբեջանական սին նպատակներին: Վերջերս «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարեց, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն իրենց տարածքների նոր՝ հետխորհրդային սահմաններում, ինչը պետք է հենց հայկական պետության արտաքին քաղաքականության նպատակակետ դառնա:
Սակայն, ՀՀ կառվարությունը, որ նախկինում մերժել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության՝ ԼՂՀ անկախ պետությունը ճանաչելու նախագիծը, այժմ էլ դեմ է արտահայտվել «Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ու Հայկ Բաբուխանյանի ներկայացրած նախագծին», որում առաջարկվել է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում՝ դեկտեմբերի 1-ը հռչակելով որպես Հայաստանի ու Արցախի վերամիավորման օր: Իսկ կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, դեմ է արտահայտվել պատգամավորների առաջարկին՝ նշելով, թե օրենքի ընդունումը Ադրբեջանի կողմից կգործածվի որպես լրացուցիչ փաստարկ՝ հիմնավորելու իր ապակառուցողական դիրքորոշումը «ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնելով ոչ թե հակամարտություն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, այլ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:
ՀՀ նախագահը նույնպես նշել է, թե չի կարծում, որ հիմա Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ճիշտ է. «Ներկայումս ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը որեւէ կերպ չի նպաստի ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը»: Նախագահը կարծում է՝ եթե մենք հիմա ճանաչենք Արցախը, կնշանակի, որ այլեւս չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, «իսկ եթե մենք չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, նշանակում է, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք վարել ռազմական գործողություններ»: Բայց այժմ Երեւանը շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Երկրի ղեկավարը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Եթե թուրքերը չվավերացնեն արձանագրությունները, մենք կարող ենք վերանայել մեր դիրքորոշումը: Մեր ժամանակն անսպառ չէ, եւ մենք կարող ենք հետ կանչել արձանագրությունները խորհրդարանի օրակարգից… Արձանագրությունների ստորագրման ժամանակ թե սփյուռքում, թե Հայաստանում դրանց ստորագրության նպատակահարմարության վերաբերյալ հնչում էին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ: Սակայն, կյանքը ցույց տվեց, որ բոլոր անհանգստությունները սին էին, եթե թուրքերին այդքան ձեռնտու էին այդ արձանագրութունները, ինչո՞ւ չեն վավերացնում դրանք»:
Ինչեւէ, պատճառաբանությունների հետ կարելի է համաձայնել կամ ընդդիմանալ դրանց, սակայն մի բան ակնհայտ է՝ դանդաղկոտությունը ոչ միշտ է օգտակար դերակատարում ունենում:
Իսկ մենք մնում ենք մեր կարծիքին՝ միջազգային հանրություն կոչվածը միշտ էլ հաշվի է նստում կայացած փաստի հետ, իսկ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը կայացած փաստ է՝ մնում է միայն արձանագրել պաշտոնապես եւ այն նետել միջազգային ասպարեզ… Իսկ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն ավելի հեշտ կլինի միջազգայնացնել, եթե Երեւանն ու Ստեփանակերտը երկկողմանի անվտանգության ու պաշտպանության պայմանագիր կնքեն եւ Արցախին եւս բանակցային կողմ դարձնեն վերստին:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



