Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ըստ ՀՀ ԸՕ-ի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ: Ընտրությունները տեղի են ունենալու ս.թ. փետրվարի 18-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 16-ին, փետրվարի 17-ին լռության օր է:
* * *
Ճոխ «զավտրիկդ» ուտեմ
Հովիկ Աբրահամյանը Բրյուսել այցի ժամանակ հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ով ՀՀ պատվիրակությանը նախաճաշի էր հրավիրել:
Մեր ԱԺ նախագահը նայում է սեղանին ու թե՝ «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»:
Եվ այս հատվածը եվրոպական կողմը չի մոնտաժել ու հենց այդպես էլ տեղադրել է իր կայքում՝ http://audiovisual.europarl.europa.eu/MediaPlayer.aspx?g=517a0329-e85f-4cca-96d0-12591be97f60 հասցեով:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանին ուղեկցող ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը գերադասում են չլսելու տալ ԱԺ նախագահի հիացմունքը առ շուլցյան նախաճաշի սեղանը:
Մտածել, որ Հովիկ Աբրահամյանին իսկապես զարմացրել էր եվրոպական չափավորությամբ այդ սեղանը, միամտություն կլինի: Նա էդպիսի՜ ճոխ սեղաններ է տեսել:
Պարզապես փորձել է կատակել կիսառուսերեն-կիսահայերեն ու՝ ոչ տեղին եւ ստացվել է «կիքս», իմա՝ դիվանագիտական անկրթություն:
Փողերի լվացման գործը սառեցվե՞լ է
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված փողերի լվացման գործը հերթական սառեցման մի նոր փուլ է մտել:
Ըստ տեղեկատվության, վերջին գործողությունը այդ գործով կատարվել է 2012թ. նոյեմբերի 9-ին, երբ Օսկանյանը կանչվել է ԱԱԾ՝ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռեւս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել:
Իսկ մինչ այդ, նոյեմբերի 1-ին, ԱԱԾ-ի քննչական վարչությունը բանկային ստուգում էր նշանակել, որը հանձնարարվել էր Կենտրոնական բանկին: Ինչքանով մեզ հայտնի է, այդ ստուգումների արդյունքները դեռ չկան:
Ինչու՞ է սառեցվում հերթական անգամ այս վիճահարույց գործը եւ արդյո՞ք դա կապ ունի ՀՀ նախագահի հերթական ընտրության հետ:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում նաեւ լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել իր կուսակից, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին, երբ նա գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ՝ հանդիպելու իր կուսակցապետի հետ:
Ըստ այդ լուրերի՝ ԲՀԿ-ական պատգամավորը մոտ 2 ժամ սպասել է, սակայն ԲՀԿ ղեկավարը նրան այդպես էլ չի ընդունել: Օսկանյանը մյուս սպասողների հետ անակնկալի է եկել, երբ սպասասրահում ժամեր անցկացնելուց հետո թիկնապահներից մեկը հայտնել է, որ Ծառուկյանը դուրս է եկել շենքից: Եվ այժմ պարզ չէ, թե ինչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ:
Երբ լրատվամիջոցները փորձել են սա ճշտել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, խոսնակը ասել էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Նման նախադեպ չի եղել: Ժողովրդավարության հետ կապված որեւէ խնդիր կուսակցությունում չկա: Պարոն Ծառուկյանը մշտապես հասանելի է կուսակիցների, խմբակցության անդամների եւ քաղխորհրդի համար»:
Արտակ Հայոցյան
… Իսկ գաղտնալսմա՞ն
Մի տեսակ սառած է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի (ՀԱԿ) եւ Վարդան Օսկանյանի (ԲՀԿ) առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012թ. դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում:
Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները:
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Եվ ու՞ր է հասել նախաքննությունը:
Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը 2012թ. դեկտեմբերի 21-ին հրավիրվել էին Հատուկ քննչական ծառայություն:
Պատգամավորները թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ թվում էր, թե քրեական գործի նախաքննության ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, սակայն… առջեւում նախագահական ընտրություններ են:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



