Արցախի ճակատում
… Այսպես անընդհատ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում ձգձգվում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հարցը…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին: Կարեւորվել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարեւորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:
Քննարկել են այդ ոլորտում փոխ- գործակցության զարգացման հետագա ծրագրերը եւ ԼՂ-ի հիմնախնդիրը:
Մինչ այս, հիմնախնդիրը քննարկվել է նաեւ ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում՝ ռազմավարական գործընկերների հետ, ինչպեսեւ Փարիզում՝ հակամարտող երկրների նախարարների հետ հանդիպման ժամանակ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ֆրանսիայում առանձին-առանձին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
Հանդիպումներին ներկա է գտնվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Համանախագահներն այսպիսով շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու աշխատանքային առաջարկի շուրջ, որոնք ներկայացրել են 2012թ. հոկտեմբերին: Քննարկել են նաեւ փոխադարձ վստահության մթնոլորտ ապահովելու միջոցները: Նրանք անդրադարձել են նաեւ 2011թ. ապրիլի 14-ի եւ 2012թ. հուլիսի 13-ի հայտարարություններին եւ քննարկել Ստեփանակերտի օդանավակայան իրականացվող քաղաքացիական թռիչքների հարցը:
Արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ վճռականությունը՝ շարունակելու բանակցությունները:
Նախարարները եւ համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները:
Այսպես անընդհատ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում ձգձգվում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հարցը:
Կարեն Բալյան
* * *
Ճանաչե՞լ են տալիս, թե՞ սայթաքել են
… Դիվանագիտական եւ իրավագիտական մարտադաշտերը պակաս կարեւոր չեն, քան ռազմադաշտը, ինչը բոլորիս քաջ հայտնի է…
… մեր եվրապատվիրակները (ոչ միայն ԵԽԽՎ-ի) պետք է սա այլեւս միանշանակ ընդունեն եւ անչափ զգույշ վերաբերվեն բանաձեւերի ու զեկույցների յուրաքանչյուր տողին ու ձեւակերպմանը…
Ադրբեջանի մի շարք զլմ-ներ շարունակում են գրել, թե ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն ընդունել է, որ «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, եւ այդ տարածքներից բռնագաղթել են հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ»:
Ըստ ադրբեջանական զլմ-ների, իրենց պատվիրակության հերթական մեղադրանքներին ի պատասխան, ըստ որոնց՝ «Հայաստանն օկուպացրել է երկրի 20%-ը, եւ այնտեղից բռնագաղթել են 1 մլն. ադրբեջանցիներ», հայկական պատվիրակությունը պատասխանել է, որ խոսքը ոչ թե 20%-ի, այլ 13%-ի մասին է, իսկ փախստականների թիվն էլ ոչ թե 1 մլն. է, այլ 700 հազ.:
Եվ Բաքվում համարում են, որ այսպիսով հայերը պաշտոնապես ճանաչել են «օկուպացիայի փաստը»:
Հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում լսվել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման մասին զեկույցը, որը ներկայացրել են ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը եւ Ժոզեֆ Գրեշը: Զեկույցը ներկայացնելու ժամանակ համազեկուցող Ագրամունտը հայտարարել է, որ 3 ամիս առաջ Փարիզում տեղի ունեցած մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչն ընդունել է, որ Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 13%-ը՝ այդ տարածքներից ստիպողաբար հեռացնելով 700 հազ. ադրբեջանցիների:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը սա «մանիպուլիացիա» են համարել:
Մեր պատվիրակության ղեկավարն ի պատասխան Ագրամունտի հայտարարության, մոնիտորինգին ասել է. «Իր պնդումներն ավելի համոզիչ դարձնելու համար Ագրամունտը մանիպուլիացիաների է դիմել եւ խեղաթյուրել իմ փաստարկները, որոնք վերաբերում էին հակամարտության փաստական տվյալներին»: Ապա հավելել է, որ նա կանխամտածված ապակողմնորոշում է ԵԽԽՎ-ին. «Սարսափելի է, որ Վեհաժողովի անդամը, ավելին՝ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը դիմում է կեղծիքի: Ագրամունտի հիշողությունը նրան դավաճանում է»:
Հայկական պատվիրակությունը համարում է, որ իսպանացի պատգամավորը կաշառված է, եւ «նրա բերանից փչում է իր կերած նավթա եւ ձկնկիթա – դոլարների (այլ կերպ ասած՝ խավիարի) հոտը»:
Պարզ է, որ ԵԽԽՎ-ում հավաքվածների մի մասը լուծում է նաեւ անձնական խնդիրներ, ինչու չէ՝ նաեւ իր բարեկեցության… ուստի մեր եվրապատվիրակները (ոչ միայն ԵԽԽՎ-ի) պետք է սա այլեւս միանշանակ ընդունեն եւ անչափ զգույշ վերաբերվեն բանաձեւերի ու զեկույցների յուրաքանչյուր տողին ու ձեւակերպմանը:
Այլապես կարող է եւ ավելի տհաճ, անգամ իրական վտանգավոր անակնկալ հանդիպել:
Դիվանագիտական եւ իրավագիտական մարտադաշտերը պակաս կարեւոր չեն, քան ռազմադաշտը, ինչը բոլորիս քաջ հայտնի է:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



