Իսկ Հայոց աշխարհի խաչապաշտ տերերը երկիրը թողած՝ նեղանձնական խնդիրները լուծելով էին զբաղվում
Առաջին անգամ Միջագետքի քաղաքակրթության պատմության մեջ 452թ. Հայոց հոգեւոր դասը զրկվեց հազարամյակներ առաջ իրեն ընձեռված Մեծ դատավորի իրավունքից:
Այս իրողությանը նախորդում էին մի շարք քաղաքական եւ դավանաբանական իրադարձություններ Հայոց Աշխարհում, որոնք ավելի շատ ներկայացնում էին անձերի եւ առաջնորդների հակամարտություններ եւ որեւէ կերպ կապված չէին հայոց բազմահազարամյա Մեծ դատավորի իրավունքի պաշտպանության խնդրի հետ:
330թ. Կոստանդիանոս կայսեր նախաձեռնությամբ Հռոմեական կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին գտնվող հին հունական քաղաք-պետության՝ Բյուզանդիոն ամրոցը, որը ավելի ուշ կայսեր անունով կոչվել է Կոստանդնուպոլիս: Կոստանդիանոս կայսրը նպատակ ուներ վերահսկել հին աշխարհում լայն տարածում գտած նոր կրոնական շարժման գաղափարախոսությունը, ում խորհրդանիշն էր խաչը եւ ձուկը: Իսկ այդ նույն ժամանակ Հայոց աշխարհի խաչապաշտ տերերը համառորեն չէին տեսնում այն խոշորամասշտաբ տարածքային եւ մշակութային սահմանազատումները, որոնք տեղի էին ունենում իրենց շուրջ եւ զբաղված էին նեղանձնական խնդիրները լուծելով:
333թ. Արիստակես Ա սպանությունից հետո, նրա եղբայր, նախկին զինվորական Վրթանեսը դարձավ հայոց հոգեւոր առաջնորդ, այսինքն՝ կաթողիկոս եւ կրեց Մեծ դատավորի իրավունքը: Ելնելով իր Մեծ դատավորի իրավունքից՝ նա Աղբիանոս եպիսկոպոսին ուղարկել է հաշտեցնելու իրար դեմ պայքարող Մանավազյան, Բզնունյաց եւ Օրդունի նախարարական տներին, սակայն չի կարողացել: Կարծես տրամաբանական պետք է լիներ Մեծ դատավորի հաջորդ քայլը՝ ամեն գնով հաշտեցնել իրար դեմ պայքարող Մանավազյան, Բզնունյաց եւ Օրդունի նախարարական տներին, սակայն Վրթանես Ա կաթողիկոսը, ով կրում էր Մեծ դատավորի տիտղոսը, սառնասրտորեն համաձայնվում է Խոսրով Կոտակի հետ եւ վերջինիս հրամանով բնաջնջվում են Մանավազյան, Բզնունյաց եւ Օրդունի նախարարական տները, իսկ նախարարական տիրույթները հանձնվում են արքունիքի եւ կաթողիկոսի իշխանությանը: Հայոց գերագույն հոգեւորականի այս քայլը նախապայման պետք է հանդիսանար, որպեսզի Հազկերտը, հարյուր տարի անց, հայոց հոգեւոր դասին վերջնականապես զրկեր Մեծ դատավորի իրավունքից:
Մանավազյան, Բզնունյաց եւ Օրդունի նախարարական տներին բնաջնջելուց հետո, իր համար Հայքում ստեղծած ծանր վիճակը հաղթահարելու նպատակով, Վրթանեսը Ա կաթողիկոսը, ով կրում էր Մեծ դատավորի իրավունքը, շրջանցելով հայոց արքային, նամակ է հղել հռոմեական կայսր Կոստանդին I-ին՝ խնդրելով ռազմական օգնություն: Ընդառաջելով Վրթանես Ա-ի խնդրանքին՝ կայսրը Հայաստան է ուղարկել Անտիոքոս զորավարին, ով պետք է հավանաբար օգներ Վրթանես Ա-ին՝ երկրում իր իրավունքը ամրապնդելու համար: Այս իրավիճակում Հայոց աշխարհում ներքին կռիվների մեջ մխրճված անձերից եւ առաջնորդներից մեզ համար առանձնանում է Մամիկոնյանների կռիվը:
Մամիկոնյանների տոհմը առաջնորդեց արդեն քրիստոնյա դարձած, Սպարապետ Վաչե Մամիկոնյանը. Հայոց եկեղեցու համար Մամիկոնյանների առաջին նահատակն էր, ով զոհվեց 337/38թ.՝ Սասանյանների դեմ վարած կռվում: Վրթանես Ա կաթողիկոսը հայ եկեղեցական տոնացույցը հաստատելու ժամանակ, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը հաստատեց որպես Նահատակաց տոն՝ ի հիշատակ 337/38թ., հայ-պարսկական պատերազմում զոհված խաչապաշտ քրիստոնյա Վաչե Մամիկոնյան Սպարապետի: Խաչապաշտ քրիստոնյա Սպարապետ Մամիկոնյանների տոհմի ծաղկուն ժամանակաշրջանը սկսվում է մոտ 350թ., երբ հայոց Սպարապետ է կարգվում Վասակ Մամիկոնյանը (ծննդյան թիվն անհայտ – մահացել է 368թ.):
Քրիստոնյա Մամիկոնյանների հաջորդ հայտնի զինվորականն էր Վարդան Մամիկոնյանը (ծնվել է 388/391թ.), նա ավագ որդին էր Համազասպ Մամիկոնյանի եւ Սահակ Ա. Պարթեւ կաթողիկոսի դուստր Սահականույշի: Հայոց աշխարհի՝ որպես պետություն պահպանման մեջ առանձնակի է Մամիկոնյանների դերը, որոնք մերթ ցուցաբերում էին հռոմեական, մերթ պարսկական կողմնորոշում եւ երբեք չկարողացան այն աստիճանի կենտրոնացնել հայոց միտքը եւ զինուժը, որ կարողանային անհրաժեշտ պահին անսասան պահել հայոց գահը ինքնուրույն:
363թ. սկսվեց հերթական պարսից եւ հռոմեաց պատերազմը, Շապուհ II-ի զորքերը ներխուժում են Հայոց Միջագետք, այդ ժամանակ Արշակ Բ-ն զինակցում էր իր դաշնակից Հուլիանոս կայսրին: Նույն թվականին Հուլիանոս Կայսրի զոհվելուց հետո, նրան հաջորդած Հովիանոս կայսրը Շապուհ II-ի հետ կնքել է Հռոմի համար ստորացուցիչ հաշտություն եւ պարտավորվել այլեւս չաջակցել հայոց գահին: Հայոց Աշխարհի այս քաղաքական խառնաշփոթի մեջ, 364թ. գարնանը, Շապուհ II-ը զորքով մտել է Հայք եւ Արշակ Բ-ից պահանջել ենթակայություն: Թե ինչ է մտածել Մամիկոնյանների Սպարապետական տունը, ամրապնդված է պատմության մեջ, այն է՝ անմիջապես Շապուհ II-ին են միանում որոշ նախարարներ Վահան Մամիկոնյանի եւ Մերուժան Արծրունու գլխավորությամբ: Արշակ Բ-ն եւ Սպարապետ Վասակ Մամիկոնյանը ընդունել են Շապուհ II-ի մարտահրավերը եւ կռվել են հավասարը հավասարի հետ: Շապուհ II-ի զինված առավելության բացակայությունը Հայոց Աշխարհում կարող էր հուսալի հիմք հանդիսանալ գերակայության չհասած Շապուհ II-ի հետ ապագա բանակցություններում, սակայն դեպքերը այլ զարգացում ստացան: Հաշտություն կնքելու պատրվակով, 368թ. Շապուհը Տիզբոն է հրավիրել Հայոց արքա Արշակ Բ-ին եւ Սպարապետ Վասակ Մամիկոնյանին, այնուհետեւ կալանավորել են եւ սպանել:
Նույն թվականին Շապուհ II-ի զորաբանակը մտել է Հայոց Աշխարհ, նրան դիմադրություն է կազմակերպել Հայոց թագուհի Փառանձեմը փոքրաքանակ արքունի կայազորով՝ ամրանալով Արշարունիք գավառի Արտագերս ամրոցում:
Հայոց թագուհի Փառանձեմը 14 ամիս հերոսաբար պաշտպանվում է, եւ 14 ամիս Հայոց Աշխարհում չգտնվեց մեկ նախարար, որը կարողանար օգնության հասներ Հայոց թագուհի Փառանձեմին: Արտագերս ամրոցը ընկավ, Հայոց թագուհի Փառանձեմը տանջամահ արվեց:
369-370թթ. Սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը թագաժառանգ Պապի եւ իր շուրջն է համախմբում նախարարներին, եւ կարողանում են դիմակայել Շապուհ II-ին ու հնարավորություն ընձեռել Հռոմի Վաղես կայսրին օգնական զորամաս ուղարկել Հայք: 371-ի գարնանը հայ-հռոմեական միացյալ ուժերը Բագրեւանդ գավառի Ձիրավ գյուղի մոտ գլխովին ջախջախել են Շապուհ II-ի զորաբանակը: Շապուհ II-ը հարկադրված, հաշտության պայմանագրով ճանաչել է քրիտոնյա Հայքի անկախությունը եւ Պապ Արշակունու գահը: Պապը օգտվելով իր թագավորական իրավունքից՝ վերամիավորել է Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը, Աղձնիքը, Ծոփքը իր թագավորությանը: Պապը, ի դեպ, կատարում է բազմաթիվ բարեփոխումներ, սահմանափակում է հայոց հոգեւոր գերագույն դասի քաղաքացիական իրավունքները: Պապ Արշակի ընդգծված ազգային եւ աշխարհիկ քաղաքականությունը հարուցել է Հռոմի արքունիքի եւ հայ հոգեւոր դասի դժգոհությունը, եւ Հայոց արքան, ի վերջո, սպանվել է Վաղես կայսրի կազմակերպած դավադրությամբ: Վաղես կայսրը Հայոց թագավոր է ճանաչել Պապի մերձավոր ազգական, Հռոմում կրթված, օլիմպիական մրցախաղերում հաղթող հռչակված Վարազդատին 374-378թթ., ով վարել է Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ խուսանավելու եւ սեփական ուժերով Արշակունիների թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն: Իսկ ահա Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը Պարսկաստանին դիմակայելու միջոց է համարել Հայքում հռոմեական զորքերի կենտրոնացումը: Վարազդատ արքայի եւ Սպարապետի միջեւ տարաձայնությունները հանգեցրել են ողբերգական վախճանին: 376թ. Վարազդատը կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի սպանությունը եւ սպարապետության իրավունքը հանձնեց իր դայակ Բաթ Սահառունուն:
Այդ պայմաններում հայ նախարարական տները բաժանված էին 3 խմբի՝ անկախականներ, հռոմեամետներ, պարսկամետներ, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին չէր կարողանում գտնել համագործակցության եզրեր՝ միասնականորեն երկիրը դուրս բերելու ծանր կացությունից: Պարսից արքունիքը իմանալով Մուշեղ Մամիկոնյանի մահվան մասին՝ Հայոց Աշխարհ է ուղարկում Մանվել Մամիկոնյանին: Նա առանց հայոց թագավոր Վարազդատին հարցնելու՝ ստանձնեց Սպարապետությունը: 378թ. Մանվել Մամիկոնյանը դուրս է գալիս Վարազդատի զորաբանակի դեմ, հաղթում նրան եւ հարկադրում փախչել Հռոմ: Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Հայքի թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ-ն՝ 378-389թթ. … 378թ. Վեստգոթերի դեմ Ադրիանուպոլսի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում, զոհվում է Վաղես կայսրը, ինչից հետո Հռոմը զրկվեց Արեւելքում ակտիվ քաղաքականություն վարելուց: Հռոմը 387թ. Պարսկաստանի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով Հայոց աշխարհը բաժանվեց նրանց երկուսի միջեւ: Հռոմեական Հայքում գահակալեց Արշակ Գ-ն, իսկ Իրանական Հայքում՝ Խոսրով Գ-ն՝ 387-389թթ.: Արշակ Գ-ի մահից հետո Հռոմը վերացրեց Հռոմեական Հայքի թագավորությունը: 389-ին Երկու Հայքը վերամիավորելու մեղադրանքով Սասանյանները տապալել ու բանտարկել են Խոսրով Գ Արշակունուն, աթոռազրկել կաթողիկոս Սահակ Ա Պարթեւին: Սասանյան արքա Վռամ IV-ը (388- 399) նույն թվականին հայոց գահը եւ «Հայոց Մեծաց թագավոր» տիտղոսը շնորհել է Խոսրով Գ-ի եղբայր Վաղարշին՝ տալով նրան Վռամշապուհ նոր անունը (Վռամի եւ նրա հայր Շապուհի անուններով): 395թ. Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Թեոդոսիոս Մեծ կայսեր 2 որդիների միջեւ, արեւմտյան մասը՝ Հոնորիոսին, իսկ արեւելյան մասը (Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը, Հայքի եւ Ղրիմի թերակղզու մի մասը) բաժին է ընկել Արկադիոսին: Հռոմեական կայսրության արեւելյան մասը պաշտոնապես ճանաչվեց որպես Բյուզանդիա: 421թ. hերթական անգամ Փոքր Ասիայում իրար նկատմամբ առավելության չհասնելով՝ Բյուզադիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքվում է 50-ամյա խաղաղության պայմանագիրը:
Դա կնքելուց հետո Սասանյան թագավոր Վռամ IV-ը Մեծ Հայքում թագավոր է ճանաչում Վռամշապուհ թագավորի որդի Արտաշես Գ-ին:
Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ թագավորը հարուցել է հայոց նախարարների դժգոհությունը, եւ վերջիններս Վռամ IV-ից պահանջել են գահազրկել Արտաշես Գ-ին: Վռամ IV-ը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավոր Արտաշես Գ-ին եւ այդ ժամանակի Հայոց կաթողիկոս ասորի Սուրմակին:
Արտաշես Գ-ն թեեւ հերքում է իր դեմ հարուցած ամբաստանությունները, այնուամենայնիվ, 428թ. գահազրկվում է, եւ դրանով ավարտվում է Հայ Արշակունիների գահակալությունը, եւ դադարում է Հայոց Մեծաց թագավոր տիտղոսի կրողների իրավունքը:
Այսպիսով պաշտոնապես թե՛ արեւմուտքում եւ թե՛ արեւելքում Հայոց աշխարհում դադարում է թագավորական ինստիտուտը, եւ այս ճակատագրական պահից հետո հայոց ապագա թագավորներ կթագադրվեն տարերայնորեն՝ Հայոց Աշխարհի տարբեր մասերում, տարբեր ժամանակներում, սակայն դրանք կլինեն միայն ժամանակավոր:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



