– Ուզում է էդ ձեւ ծառայել ժողովրդին, մի ձեւի չեն թողնում – Մեր աղբյուրները հուշում են, որ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն «էն ձեւ» է զբաղված նախարարությունում, որ չի հասցնում օրվա թղթերն անգամ նայել…

– Համարվել է արտակարգ պատահար – ԲՀԿ առաջնորդը մասնակցել է ԱԺ նիստին եւ կարգադրել է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին…

– 8 մլն. դրամ՝ մի քանի ասուլիսի համա՞ր…

Ուզում է էդ ձեւ ծառայել ժողովրդին, մի ձեւի չեն թողնում

«Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ£ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին «Ժամանակը» հարց ուղղեց՝ ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ եւ ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցելո՞ւ է£ «Քաղաքապետի ընտրությունները կատարվում են համամասնական ընտրացուցակով, որտեղ ավագանու ցուցակը որոշում են ՀՀԿ կողմից ներկայացվելիք մարդիկ, իրանք կորոշեն£ Ոնց կուսակցությունը որոշում կկայացնի, մենք էդ ձեւ կծառայենք կուսակցությանն ու ժողովրդին»,- պատասխանեց Բեգլարյանը՝ փաստացի չթաքցնելով, որ դեմ չէ կրկին քաղաքապետ դառնալուն»,- գրում է «Ժամանակը»:

«Լուսանցք»-ի լրատվության աղբյուրները հուշում են, որ այս խնդիրը քննարկվել է նաեւ Բաղրամյան 26-ում:

Բանն այն է, որ այստեղ արդեն «էն ձեւ» են «ջոկել» Բեգլարյանի՝ աշխատել չկարողանալը (տրանսպորտի ու կապի ոլորտը ամեն մարդու բան չէ), որ այդ «էդ ձեւ» նրան կուղարկեն «ծառայելու» կուսակցությանն ու ժողովրդին:

Մեր աղբյուրները հուշում են, որ Բեգլարյանն «էն ձեւ» է զբաղված նախարարությունում, որ չի հասցնում օրվա թղթերն անգամ նայել ու դրանք ստորագրում է՝ առանց կարդալու, թե ինչ փաստաթղթի ներքո է դնում իր ստորագրությունը: Ու «էն ձեւ» չի հասկանում բնագավառից, որ հնարավոր է տապալի այն ծրագրերը, որոնք նախապատրատել ու մեկնարկի էր դրել նախկին նախարար Մանուկ Վարդանյանը: Իսկ քանի որ «Հյուսիս-հարավ»-ի ծրագիրը մեր իշխանություններն ուզում են ամեն կերպ գործի դնել, հավանաբար Գագիկ Բեգլարյանին «էդ ձեւ» կուղարկեն… երեւի քաղաքապետարան, մեր աղբյուրները ուղղության մասին բան չեն նշում:

Մեր աղբյուրներն ասում են նաեւ, թե Բեգլարյանը ամենափոքր քայլի համար «էն ձեւ» է փող ուզում ղեկավարությունից, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարկացել է ու բողոքել երկրի նախագահին:

Ի միջի այլոց ասեմ մեր ղեկավարությանը՝ «էն ձեւ» եք նեղանում, կարծես «էդ ձեւի» կադրը ձեր կադրային քաղաքականության արդյունքը չէ:

Սեփ. լրատվություն

Համարվել է արտակարգ պատահար

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում նորից հայտնվելը տարբեր քննարկումների պատճառ է դարձել: Ոմանք այնքան են զարմացել, որ կարեւորել են ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները՝ կարծելով, թե ԲՀԿ առաջնորդի մասնակցությունը հատուկ նպատակով է:

2012թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված ԱԺ աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով նախորդ նստաշրջանի աշխատանքներին չէր մասնակցում բուժման մեկնելու պատճառով:

Քննարկումներ ծավալվում են հիմնականում մի հարցի շուրջ: Ի՞նչը ստիպեց ընդդիմադիր առաջնորդ դառնալու ցանկությամբ տոգորված Ծառուկյանին նման ակտիվություն ցուցաբերել: Նշվում է, որ այդ ակտիվությունը նա պետք է ցուցաբերեր ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, բայց……

Համացանցային քննարկումների եզրակացության գերակշռող վերջաբանը հետեւյալն է՝ Ծառուկյանը չառաջադրվեց, որովհետեւ հասկացավ, որ չի կարող մրցակցել Սերժ Սարգսյանի հետ: Ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, քանի որ համաձայն այս տրամաբանության, կարելի է ենթադրել, որ գործարար պատգամավորը ինքնավստահության այնպիսի անկում է ապրում, որ նույնիսկ որոշել է դեմ գնալ իր սկզբունքներին ու հաճախել ԱԺ:

Գոհար Վանեսյան

Հ.Գ. – Մեզ հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագաը արդեն հրահանգել է, որ ԲՀԿ-ական քաղաքապետերն ու գյուղապետերը, այլ պաշտոնյաները ակտիվ մասնակցություն ունենան նախագահական ընտրություններին եւ աշխատեն գործող նախագահի՝ Սերժ Սարգսյանի օգտին:

8 մլն. դրամ՝ մի քանի ասուլիսի համար

ԿԸՀ շենքի մոտ երեկ, օրվա երկրորդ կեսին, Արամ Հարությունյանը հայտնել է, թե պատրաստվում է շենքի դիմաց 24-ժամյա հացադուլ անցկացնել եւ արեց դա: Նա հիշեցրեց, թե իր նպատակը այն է, որ մյուս թեկնածուները միանան իրեն եւ ինքնաբացարկ հայտնեն՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին թողնելով միայնակ:

«Մեկ օրվա հացադուլը, պարզ է, որ ոչինչ չի փոխի, բայց դա մի հնարավորություն է փետրվարի 18-ից առաջ բարձրաձայնել ընտրությունների անօրինության մասին, ինչպես նաեւ հանդիպել մյուս թեկնածուների հետ ոչ սրճարանում, այլ՝ բաց»:

Անկեղծ ասած՝ Ա. Հարությունյանին չեմ հասկանում, եթե պայքարի ձեւ է ընտրել… 1-օրյա հացադուլը, ապա ինչու՞ է ստիպում մյուս թեկնածուներին էլ դա անել: Չէ՞ որ իրեն ոչ ոք ոչինչ չի ստիպում: Ի՞նչ է, իրեն թվում է՝ մյուս թեկնածունե՞րն էլ ասելիք ու անելիք չունեն: Եվ արժե՞ր արդյոք 8 մլն դրամ ընտրագրավ մուծել ընդամենը մի քանի ասուլիսում նույն բանն ասելու համար: Բա Արամ Հարությունյանի տղան մեղք չէ՞… Հիշեցնենք, որ ոչ մի տեղ չաշխատող Ա. Հարությունյանը, իր իսկ հայտարարագրի համաձայն, 20 հազ դոլարը (8 մլն-ն) փոխառություն էր արել իր որդուց՝ Սերգեյից, ի դեպ, 4 մլն դրամ էլ ունի, որ Ա. Հարությունյանը խնայել է ինքն իրենից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.