- «Անհաղթահարելի խոչընդոտ»-ը գործիք կդառնա՞ – Դա բացառապես կարող է քննարկվել, երբ խոչընդոտներն առաջանում են թեկնածուների կամքից անկախ:…

- Դրսի զենքով՝ ու՞մ ցանկությամբ – կրակել են հազվադեպ հանդիպող ատրճանակով, որի ինքնարժեքը հասնում է մոտ 10 հազար դոլարի…

- Հիմա վա՞տ է, թե՞ վատ չէ – Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը երեկ վատացել էր…

«Անհաղթահարելի խոչընդոտ»-ը գործիք կդառնա՞

Հայ քաղաքական ու լրագրողական ոլորտները հանգամանալից ներկայացրել են «անհաղթահարելի խոչընդոտ» ընտրական հասկացողությունը, մասնավորապես ընդգծվել է, որ այն չի կարող ծառայել թեկնածուների ցանկություններին, առավել եւս՝ քմահաճույքին:

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպին եւ Անդրիաս Ղուկասյանի առողջության վատթարացման հանգամանքներին՝ տարբեր վարկածներ են առաջ քաշվել, սակայն հնարավոր հետեւանքների եւ ընտրական գործընթացը խեղելու նպատակ ունեցողների քայլերն ու վերլուծությունները հիմնականում ազդեցիկ չեն համարվել:

Հստակ է, որ խոսքը շատ սկզբունքային հարցի է վերաբերում, երբ ասվում է «անհաղթահարելի խոչընդոտ»-ի մասին, որի արդյունքում կարող է դիտարկվել ընտրությունների հետաձգումը: Դա բացառապես կարող է քննարկվել, երբ խոչընդոտներն առաջանում են թեկնածուների կամքից անկախ: Այլապես՝ յուրաքանչյուր թեկնածու, ով կնկատի իր այլեւս անհեռանկար մասնակցությունը, կամ ինչ, թե ում հետապնդած նպատակներով կցանկանա խաթարել ընտրությունները, կարող է դիմել որոշակի անկանոն քայլերի ու հայտարարել, թե «անհաղթահարելի խոչընդոտ» է առաջ եկել:

Թեկնածուն միայն իր անձի համար կարող է դիմել Սահմանդրական դատարան՝ «անհաղթահարելի խոչընդոտ»-ի հարցով, ինչքան էլ որոշ թեկնածուներ պնդում են, թե ԱԻՄ նախագահի միջադեպից հետո իրենք էլ մտահոգություն ունեն եւ… փորձում են Պարույր Հայրիկյանի հարցը շահարկել: Բայց, չգիտես ինչու, հրաժարվում են ոստիկանության առաջարկած հսկողական ծառայությունից:

Կարեն Բալյան

Դրսի զենքով՝ ու՞մ ցանկությամբ

Անկախ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին կրակել են հազվադեպ հանդիպող ատրճանակով, որի ինքնարժեքը հասնում է մոտ 10 հազար դոլարի, այսինքն՝ մահափորձը իրականացվել է հազվադեպ պատահող ատրճանակով. դա կարող է լինել ՏՏ կամ «Նագան» տեսակի ատրճանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ընդամենը 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ եւ դա կարող է լինել ՏՏ կամ «Նագան» տեսակի ատրճանակ, բայց ՏՏ-ի դեպքում պարկուճ է մնում: Եթե հանցագործը շտապել-փախել է, ուրեմն պետք է պարկուճ թողած լիներ: Ամենայն հավանականությամբ «Նագան» է եղել.- եզրակացնում է փորձագետը, ով հավելել է, որ ընդհանրապես թմբուկավոր զենքը շատ հարմար է հանցագործության համար, որովհետեւ պարկուճ չի թողնում: «Նագան»-ի դեպքում կրկնակի բարդանում է զենքի տիրոջը գտնելը, որովհետեւ հաշվառումներում մի քիչ դժվար է գտնել այդպիսի զենքի տիրոջ, իսկ ՏՏ-ի դեպքում, քիչ թե շատ, ավելի հեշտ է: Նշվել է, որ «Նագան»-ի փամփուշտներն էլ են շատ դժվար ձեռք բերվում: «Նագան»-ը ցարական Ռուսաստանի ատրճանակ է, իսկ ՏՏ-ն՝ Խորհրդային միության:

Հայտնի է, որ պրոֆեսիոնալ մարդասպանները նախընտրում են աշխատել թմբուկավոր հրացանով եւ, սովորաբար, բարձրակարգ

մարդասպաններն աշխատում են մեծ հեռավորություններից եւ ոչ թե այդքան մոտիկ տարածություն են ընտրում, որի դեպքում վտանգ կա դեմքը ցուցադրելու: Փորձագետը կարծում է, որ, դատելով մարդասպանի գործելաոճից, սա սովորական սպանության փորձ չէր: Կարող է եւ չեն ցանկացել սպանել:

«Այստեղ այլ կերպ պետք է հարցը դիտարկենք: Նայած, թե մարդասպանն իր առաջ ինչ խնդիր է առաջադրել եւ դրանից էլ կախված է, թե ինքն ինչ է ցանկացել անել: Եթե խոսելու լինենք մարդասպանի աշխատանքի որակի մասին, ապա նա շատ անորակ մարդասպան է եղել: Կամ էլ պետք է եղել, որ ինքը այդպես ցույց տա: Ինչպես արդեն խոսքիս սկզբում նշել էի, նա այդքան մոտիկից պետք է չգործեր: Նա, կամ ռեալ, կամ միտումնավոր, անորակ մասնագետի տպավորություն է թողնում»,-հավելել է բանախոսը:

Անի Մարության

Հիմա վա՞տ է, թե՞ վատ չէ

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը երեկ վատացել էր:

Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը չգիտի՝ կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ. «Ես չեմ բացառում ոչինչ, բայց այժմ միանշանակ չեմ կարող ասել՝ մենք դիմում ենք, թե ոչ»: Նա նաեւ հավելեց, թե Հայրիկյանի նախընտրական շտաբը քարոզարշավն իրականացնում է առանց իրենց թեկնածուի:

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։