- Գլխներիս փորձանքն առավելապես ներսից է – …առավելապես վտանգ է տեսնում մեր ներսից ու բացառում է, որ ԱԻՄ ղեկավարի մահափորձի հետեւում դրսի ուժեր լինեն…

- Կբաժանվի՞ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ընտրազանգվածը…

Գլխներիս փորձանքն առավելապես ներսից է

Այն, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կգործածվի մեր պետության դեմ, շատերը նշեցին, անգամ ՀՀ գործող նախագահը դա բարձրաձայնեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս հայտարարեց, որ այդ ահաբեկչությունը մեծ հարված է մեր պետությանը, իշխանություններին:

Իսկ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը բացառել է, որ ԱԻՄ նախագահի դեմ իրականացված մահափորձը խորհրդային ԿԳԲ-ի ձեռագիրն է, քանի որ դա այսօր չկա: Չկան նաեւ խորհրդային ԿԳԲ-ի այն հետքերը կամ մնացած արմատները, որ թեկնածու Հայրիկյանի դեմ փորձեր մահափորձ իրականացնել: «Բացառում եմ, որ մահափորձի հետեւում դրսի ուժեր լինեն» (այսինքն՝ ռուսական հատուկ ծառայությունները եւս բացառվել են),- ասել է նախկին ոստիկանապետը, բայց ավելին չի խոսել, թե արդյո՞ք ներսի ուժերին է կասկածում:

Ոմանք անթաքույց ակնարկում են այն ընդդիմադիր ուժերին, որոնք հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին: Այժմ խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ 1-ին նախագահի ղեկավարած ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններից հետո տապալվել է եւ վերհառնելու ուղիներ է փնտրում: Անգամ հնարավոր է այս դաշինքը վերածվի կուսակցության: Չնայած ՀՀՇ նոր վարչություն էր ընտրվել վերջերս, որը կարող է հիմա էլ ՀՀՇ-ին փոխարինել նոսրացած ՀԱԿ-ով: Խոսվում է նաեւ, թե ՀԱԿ-ն այլեւս նախկին վստահությունը չունի ոչ միայն իր ընտրազանգվածի, այլեւ արտաքին ուժերի մոտ, եւ լուրջ քայլեր են պետք՝ վստահությունը վերականգնելու համար: Իսկ դա կարող է լինել ՀՀ նախագահի հերթական ընտրության ապականումը կամ ձախողումը:

Մի փոքրիկ փորձ վերջերս եղավ՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը բողոքի վայր դարձնելու եւ հեղափոխական ալիք պատրաստելու առումով: Նախկին, այլեւս չգործող (իսկ թե ինչու՞ է անվանարկվում տարիներ անց, դեռ կպարզվի) «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունանը 3 օրով միացավ հացադուլին եւ հայտարարեց, թե կսատարեն այս պայքարին, կնպաստեն պայքարի ծավալմանը: Իսկ նա հայտնի է ՀՀՇ-ի, հետո նաեւ ՀԱԿ-ի հետ իր առնչություններով, եւ հայտնի «7-ի գործով» դատավարության ընթացքում էլ բանտից ազատ արձակվեց դատարանի որոշմամբ՝ «անմեղսունակ ճանաչվելու փաստով» պայմանավորված:…

Ինչեւէ, հացադուլից հեղափոխություն անցնումը չստացվեց: Եվ երբ տեղի ունեցավ ԱԻՄ նախագահի դեմ մահափորձը, կարծիքներ եղան, որ այն կարող է ցնցել երկիրը ու մի նոր ընդդիմադիր ալիք առաջացնել: Բայց դա էլ տեղի չունեցավ, ինչքան էլ անգլիական եւ ամերիկյան ուղղություններից փորձեցին սրել իրավիճակը, չնայած մահափորձից տուժյալ նախագահի թեկնածուն ակնարկում էր ռուսաստանյան ուղղությունը:

Մինչեւ այս դեպքերը, ՀԱԿ-ը 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները փորձում էր միշտ օրակարգում պահել, անգամ ԱԺ-ում նախաձեռնեց այն վերաքննելու որոշում ստանալը, ինչը կասեցվեց փոխհամաձայնության գալուց հետո, որ կարելի է քննարկել նախագահական ընտրություններից հետո:

Բայց այժմ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հայտնում է, որ մարտի 1-ին «այս խայտառակ ընտրություններից» հետո ՀԱԿ-ը վերադառնալու է քաղաքական դաշտ»: Այսինքն՝ արդեն հաստատվել է, որ ընտրությունները խայտառակ են անցնելու… «Մենք չենք խեղճանալու, մենք գլուխներս չենք կախելու: Մենք անելիքներ ունենք: Մենք պայքարելու ենք: Ինչքան կարողանանք, պայքարելու ենք»,- ասել է ՀՀՇ ղեկավարը: Իսկ օրերս նրանք հիշել են նաեւ վաղուց դատված «ՀԱԿ ակտիվիստներին» եւ նրանց ազատելու կոչեր են հնչեցրել:

Այսպե՞ս է երեւի, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը առավելապես վտանգ է տեսնում մեր ներսից ու բացառում է, որ ԱԻՄ ղեկավարի մահափորձի հետեւում դրսի ուժեր լինեն:

Արման Դավթյան

Կբաժանվի՞ ընտրազանգվածը

«Եթե մենք փորձենք թեկնածուներին բաժանել ըստ ակտիվության, կարելի է 3 խումբ առանձնացնել:

1-ն խումբը կազմում է գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով ամբողջ հանրապետությունով մեկ քարոզարշավ է իրականացնում,

2-րդ խմբում կցանկանայի ներառել Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին, որոնցից յուրաքանչյուրն իր ոճով նույնպես քարոզարշավ է անցկացնում:

3-րդ խումբն էլ կա, որում ներգրավվում են մնացյալ թեկնածուները»,- ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա ընդգծել է, որ այս քարոզարշավը հնարավորություն է տալիս նորմալ ընտրություններ անցկացնել: Իսկ ՕԵԿ-ի տարածքային կառույցները նախընտրական շտաբեր ունեն, որոնց միջոցով քարոզչական աշխատանք են կատարում. «Մենք մեր մոտեցումներին համապատասխան, աջակցելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, իրականացնում ենք նախընտրական գործունեություն՝ քարոզչություն եւ կազմակերպչական աշխատանք»:

Անդրադառնալով նաեւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ընտրազանգվածի հնարավոր վարքագծին՝ ՕԵԿ-ական պատգամավորը կարծիք է հայտնել, որ մի հատված կսատարի ընդդիմադիր թեկնածուներին, մի որոշակի հատված էլ կքվեարկի գործող նախագահի օգտին. «Կբաժանվի գուցե ընտրազանգվածը»:

Այս ընտրություններում ՕԵԿ-ը սպասվածից քիչ դերակատարում ունեցավ, երեւի թե այն պատճառով, որ ՀՀԿ-ականները նախընտրեցին առավելապես իրենց սատարումը իրենց թեկնածուին:

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։