Հայաստանը՝ ռազմաքաղաքական մարտադաշտ – Դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավը չէր սկսվել, բայց դրսի եւ ներսի անհամբերները արդեն հայտարարել էին, թե անմրցակցային է լինելու հերթական նախագահականը եւ ամեն ինչ կանխորոշված է…

Հայ արիների կոչը՝ կանխելու հետագա միջամտությունները

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը: Սա մեր նոր պետականության պատմության մեջ, երբ նախընտրական շրջանում մահափորձ է կատարվում, աննախադեպ երեւույթ է եւ երիցս դատապարտելի: Այս օրերին յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուների դեմ, ինչը կվնասի նրանց նախընտրական գործընթացը, ուղղված է նաեւ պետության դեմ:

Եթե մահափորձ անողն անձնական նպատակներ հետապնդեր, ապա իրեն չէր վտանգի այս օրերին՝ հասկանալով, թե ինչ հետեւանքներ կլինեն, իսկ նման քայլն անելու դեպքում էլ այդքան մոտիկ տարածությունից հաստատ կիսատ չէր թողնի իր գործը:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունը հակված է այն տեսակետին, որ ԱԻՄ առաջնորդի վրա կրակողը սպանելու միտում չի ունեցել, քանզի դա իրականացնելու համար նրան ոչինչ խանգարող չի եղել այդ պահին: Հայ արիները կարծում են, որ այս մահափորձը նպատակ է հետապնդում վարկաբեկելու ՀՀ նախագահի հերթական ընտրությունը, խաթարելու մեր պետության ունեցած միջազգային վարկանիշը, ինչպեսեւ հետագա միջամտության պատրվակ ստեղծելու հեռահար քայլ կարող է լինել:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, որ սա ներքին ու արտաքին թշնամիների կազմակերպված համատեղ գործողությունը կարող է լինել, քանի որ այդ ուժերը զրկվեցին նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական լարվածություն մտցնելու եւ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու հնարավորությունից, եւ փորձում են միջամտության այլ «աղբյուրներ» ստեղծել:

Այս առումով չի բացառվում, որ սա վերջին միջադեպը կարող է չլինել, ուստի Հայ Արիական Միաբանությունը պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անել ամեն ինչ այս հանցագործությունը պարզելու համար, իսկ Պարույր Հայրիկյանին մաղթում են շուտափույթ ապաքինում եւ ընտրապայքարի մեջ ներգրավում:

ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին կոչ ենք անում չհրաժարվել պետական ուժային կառույցների պաշտպանությունից, զուգահեռ նաեւ սեփական միջոցներով կազմակերպել ինքնապաշտպանությունը, մինչեւ փետրվարի 18-ը՝ ՀՀ նախագահի ընտրության օրը:

Հայ Արիական Միաբանություն – 01.02.2013թ.

Հայաստանը՝ ռազմաքաղաքական մարտադաշտ

Դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավը չէր սկսվել, բայց դրսի եւ ներսի անհամբերները արդեն հայտարարել էին, թե անմրցակցային է լինելու հերթական նախագահականը եւ ամեն ինչ կանխորոշված է: Անգամ 15 թեկնածուներից 8-ի գրանցումը չդադարեցրեց այդ աղմուկը: Այն, թվում է, տարբեր տեղերից եւ տարբեր մակարդակներում էր իրականացվում, սակայն մի բան պարզորոշ էր. սա հիմնականում կազմակերպել են այն ուժերը, որոնք չկարողացան մտնել այս «անմրցակցային» պայքարի մեջ:

Դրսի այդ ուժերը զայրացան, որովհետեւ իրենց հայաստանյան թեկնածուները անուժ եւ անհեռանկար գտնվեցին, իսկ ներսի նման ուժերը հենց դրսերի ցանկացած այդ անուժ եւ անհեռանկար թեկնածուներն էին…

Եվ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը իրեն «դրսի լավ տղու տեղ դրած» (մերիններից ի՜նչ պիտի սովորեն) ոչ կոռեկտ քաղաքական հայտարարությամբ փորձեց վարկաբեկել ՀՀ նախագահի ընտրության ընթացքը, ինչը փորձեցին շարունակել ԵԽԽՎ դիտորդ-մանկլավիկները իրենց վեհաժողովում, ինչին ի պատասխան հանդես եկավ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը ու եվրակամակատարների «պորտը տեղը դրեց»:

Սակայն Եվրոպան շարունակում էր աղի արտասուք թափել հատկապես ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի «մեռած» թեկնածուների «անժամանակ մահվան» համար, մի քիչ էլ լացեցին ՀՅԴ-ի առումով: Ռուսաստանը կարծես խաղաղ էր վերաբերում այս ամենին, քանզի ՀՀ 2-րդ նախագահը, ով ռուսական ուղղության «ծանր հրետանին է», համաձայնել էր գործող նախագահի քայլերի հետ: Եվ, թվում էր, նախագահական ընտրությունները առանց բարդությունների կհասնեն փետրվարի 18-ին:

Բայց հանկարծ ամեն բան խառնվում է իրար: Լացող Արեւմուտքը եւ չլացող Ռուսաստանը հայտնվում են մահափորձ կազմակերպող արտաքին ուժերի ցանկում: Եվ այն էլ ՀՀ նախագահի թեկնածուի վրա մահափորձի մեղադրանքով: Իսկապես անսպասելի էր Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի լուրը, քանի որ ոչ մի բան չէր հանգեցնում դրան:

Ինչեւէ, դեպքին արձագանքեցին Հայաստանի եւ սփյուռքի քաղաքական բոլոր ուժերը, եւ միջազգային արձագանքներն էլ չուշացան: Հետաքրքիր է, որ միանգամից շրջանառվեց ոչ թե անձնական վրեժի տարբերակը, այլ այն, թե ում է խանգարում կայուն Հայաստանը: Սա նաեւ տրամաբանական էր, քանզի անձնական վրեժ լուծողը այսպիսի համարձակ քայլի չէր գնա՝ հասկանալով, թե ինչպիսի հարված կստանա ի պատասխան: Իհարկե, հիշեցին նաեւ ԱԻՄ առաջնորդի հանդեպ առաջին մահափորձը, որ կատարվել է 1991թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ Տավուշի մարզում վերջինիս ավտոմեքենան քարկոծեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Բայց ամենաշատ շրջանառվող վարկածն այն էր, որ միջադեպը արտաքին ուժերի գործունեության հետեւանք է: Հատկապես նշվեց, որ ԱԻՄ ղեկավարը թեեւ պետականամետ, բայց ռուսատյաց գործիչ է, եւ առաջին կասկածը ՌԴ հատուկ ծառայության ուղղությամբ հնչեց: Սա հիմնավորվում էր նաեւ Հայաստանի՝ Եվրասիական միությանն ինտեգրվելու եւ Եվրոպական միությունից հեռանալու առաջարկներով պայմանավորված:

Այստեղ էլ այլ վարանում առաջացավ, քաղաքագետներից ոմանք նշեցին, որ «Հայրիկյանը ֆավորիտ չէ եւ ինչպես Հայաստանի քաղաքական դաշտում, այնպես էլ արտաքին ուղղություններում չկա այնպիսի ուժ, որին ձեռնտու լիներ նրա դեմ մահափորձը»: Այսինքն, եթե ահաբեկչությունն անգամ հաջողվեր, ապա ոչինչ չէր փոխվի: Բայց հակառակը պնդողները այլ եզրակացություն են տալիս, որ եթե մահափորձը կայանար եւ ներքին քաղաքական դաշտում հիմնարար ոչինչ չփոխվեր էլ, միեւնույնն է, խաթարվում էր ՀՀ նախագահի ընտրությունը, իսկ սա արտաքին քաղաքական միջամտության առանցք կդառնար:

Ոստիկանության տեղեկություններով՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի ժամանակ 2 կրակոց է արձակվել, որոնցից միայն առաջինն է նպատակակետին հասել, մյուս գնդակը չնայած արձակվել է, սակայն չի հասել իր նպատակակետին. գնդակի ծայրը վնասված չի եղել: Ինքը՝ թեկնածուն, դա բացատրում է մոտիկ տարածությամբ (մոտ 20 սմ հեռավորության վրա է եղել մարդասպանը) եւ իր դիմադրության փորձով: Բայց այստեղ էլ կան ընդդիմադիրներ, որ չեն պատկերացնում, թե օտարերկրյա փորձառու մարդասպանը ինչպես կարող է 20 սմ-ից վրիպել կամ ի՞նչ իմաստ կար այդքան մոտենալ, եթե կարելի էր փոքր ինչ հեռվից հանգիստ ավարտել գործը: Այս տեսակետն էլ իր ընդդիմադիրներն ունի, որ միջազգային ահաբեկչությունն իրականացնողը հրահանգ չի ունեցել սպանել ԱԻՄ առաջնորդին, այլ վիրավորելով նրանք հասկացրել են իշխանություններին, որ կարող էին ապականել ընտրական գործընթացը, բայց չեն արել, քանի որ… եւ կասվեն ինչ-ինչ պայմաններ:

Տեսակետների բախումը, միեւնույնն է, չբավարարեց բոլորին եւ եղան այլ կարծիքներ. «Հայրիկյանի մահափորձն ընտրությունների կեղծ ինտրիգ էր»: Այսպես մտածողները եւս երկու կարծիքի են, նախ, իբր միջադեպը Սերժ Սարգսյան – Պարույր Հայրիկյան պայմանավորվածության հետեւանք է, եւ կրակողը շատ «մասնագիտորեն» է գործն արել, որպեսզի մեծացնի հետաքրքրությունը «անմրցակցային» ընտրության առումով եւ նպաստի նաեւ վնասը կրած թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Երկրորդը, որ ԱԻՄ ղեկավարն ինքն է սա կազմակերպել՝ իր անունը «տարիների փոշու տակից» բարձրացնելու եւ ներքին ու արտաքին ուժերի հետ, արդեն որպես կարեւորված անձ, համաձայնությունների գալու համար: Առաջ քաշվեց մի տեսակետ եւս, թե՝ «Կյանքը հետաքրքիր է դարձել՝ ամենաբարձր պաշտոնյաների դռները ոտքով բացողները մի պահ երկմտում են՝ իսկ արդյոք ինձ կընդունի՞ Պարույր Հայրիկյանը… Առաջ թքած կունենային Հայրիկյանի վրա էլ, Մայրիկյանի վրա էլ, իսկ հիմա զգաստանում են… Կարելի է ասել, որ այս մահափորձն էլ ինչ-որ չափով նպաստեց քաղաքացիական հասարակության կայացմանը»…

Իսկ թե ով է «շահագրգռված» նման ձեւով կայացնել քաղաքացիական հասարակությունը, չի նշվել:

Նույնիսկ քննադատողներ եղան հենց սկզբից, որ համակարծիք էին, թե «նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շտապել է՝ տեղի ունեցածը գնահատելով քաղաքական հանցագործություն, այս պահին առանց հետաքննության միանգամից վարկածներ են հնչում, մինչդեռ խոսքը պետք է թողնել իրավապահ համակարգին»: Դե հասկանալի է, որ իրավապահ համակարգին չվստահողների պակաս եւս չկա, եւ այդտեղ էլ տեսակետների բախում եղավ:

Հաջորդ աղմուկն այն ուղղությամբ էր, թե «Հայրիկյանը կդիմի՞ ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան՝ ընտրությունների հետաձգման համար»: Այստեղ էլ շատ տարբերակներ քննարկվեցին, մինչեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ որոշել է չդիմել ՍԴ եւ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները չհետաձգել եւ ոչ մի օրով:

Սա կանխատեսում էին նաեւ սոցիոլոգներն ու վերլուծաբանները, որ նախագահի այս թեկնածուն բաց չի թողնի այս պահը, երբ մարդիկ առավելապես իրենով են հետաքրքրված, եւ մահափորձի թեման է քննարկումների թեժ գծում: Գրեթե բոլոր նախագահի թեկնածուները (բացի գործող նախագահից) թափանցիկ կամ խոսքի մեջ դիմեցին ԱԻՄ ղեկավարին ընտրությունների հետաձգման համար: Կարծիքները կամ անհետաքրքիր են, ոչինչ չասող, կամ էլ վիրավորական տոն ունեն, եւ չենք մանրամասնի: Միայն նշենք, որ հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ փորձեց ավելի ջերմ առաջարկով հանդես գալ (երեւի փոշմանել է իր հացադուլի համար) եւ բաց նամակով դիմեց. «Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար՝ հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող եւ հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին»: Եվ մի հատված բերենք այսպես կոչված էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի «էպիկական» կարծիքից. «Ես էլ նույն հաջողությամբ կայրեմ իմ ավտոմեքենան, փողոցում մի տեղ կկանգնեցնեմ՝ իբր խանութ եմ մտել, հետո կասեմ՝ տեսեք, ինչ եղավ… ու իմ վարկանիշը կբարձրանա: Կարողա՞ տուն- տունիկ ենք խաղում, ինքն էլ ամենատաղանդավորն է»:

Բայց Պարույր Հայրիկյանը որոշեց շարունակել ընտրապայքարը, եւ նրա վաղեմի որոշ ընկերներ դա այնքան բարձր գնահատեցին, որ հայտարարեցին, թե «արդարացի կլինի, եթե Հայրիկյանին պաշտոն տան»: Իսկ ԱԻՄ առաջնորդը վարկաբեկիչ չի համարում, որ ինքը որպես նախագահի թեկնածու հանդիպում է բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին, եւ անգամ քննարկումներ է անցկացնում: Դա բնական է համարում, քանզի պատրաստվում է բոլորի նախագահը դառնալ: Նա նաեւ հետազոտություն է անցկացրել եւ մի արդյունք արձանագրել, որ ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, միասնաբար հանդես գալով, կհավաքեն 70% ձայն եւ, ըստ այդ արդյունքների, ինքն ավելի նախընտրելի միասնական թեկնածուն է:

Ինչ մնում է միջազգային արձագանքին, ապա Մոսկվայից բացատրեցին, որ իրենք եւս քննադատում են մահափորձը, եւ որեւէ խնդիր չունեն բարեկամ Հայաստանի հետ, իսկ ռուսական հատուկ ծառայությունները այդպիսի առաջադրանք չեն ստացել: Անգամ հասկացրեցին, թե ստանալու դեպքում էլ այսպես անփույթ չէին գտնվի…

Իսկ Վաշինգտոնն առավել կտրուկ քննադատեց Հայաստանում նախագահի թեկնածուի դեմ մահափորձը եւ շեշտեց, որ «Հայաստանի իրավապահ մարմինները խոստացել են միջադեպի բազմակողմանի հետաքննություն անցկացնել»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը նույնպես մտահոգություն է հայտնել եւ կոչ արել ընտրությունների մասնակից բոլոր ուժերին զերծ մնալ ցանկացած քայլից, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը: Հույս է հայտնել, որ պատկան մարմինները կհետաքննեն այս հանցագործությունը եւ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին:

Ամեն դեպքում ինքը՝ ԱԻՄ առաջնորդը հակված է կասկածել ՌԴ հատուկ ծառայություններին, որոնք, նրա կարծիքով, կարող էին անգամ երկրի նախագահին կամ վարչապետին այս մասին տեղյալ չպահել՝ համարելով, որ Ռուսաստանի շահերի համար են դա անում: Իսկ հակառակ մտածողները պնդում են, թե սա մեր կողմից է «սարքվել», եւ այսպիսով Հայաստանն առայժմ փորձում է դիմադրել ու Եվրասիական մաքսային միությունից հրաժարվելու նոր մեխանիզմներ որոնել: Թե որքան կարող է ձգվել դա, եւ ռուսական կողմը Երեւանի համար մանեւրելու ինչ նշաձող է սահմանել, դժվար է կանխագուշակել: Օրինակներ են բերվում, որ հենց այս օրերին ռուսական զլմ-ներում միաժամանակ հարցազրույցներ են տվել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական միությանն առնչվող հարցերով:

Ինչեւէ ամեն բան կպարզի ամենազոր ժամանակը: Բայց անբացատրելի է նաեւ ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների այս մահափորձի նկատմամբ պահպանվող լռությունը: Թե այստեղ ինչ «մութ պատմության էջեր» կան, սա էլ է ժամանակի պարզաբանման տիրույթում: Այս օրերին ոստիկանությունը եւս մեկ անգամ հայտնել է պատրաստակամություն՝ իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը եւ կոչ է արել նրանց օգտվել այդ հնարավորությունից, բայց կարծես բոլորը հրաժարվել են:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։