Մերձավոր Արեւելքը զինվում է…

- Թուրքիան եւ Ադրբեջանը զենք են կիրառում ամենուրեք – Անկարան հարեւան երկրներ է արտահանում հիվանդ մրգեր ու բանջարեղեն…

- Եգիպտոսյան «սխալմունքներ» – Հարձակվել են Իրանի նախագահի վրա…

Մերձավոր Արեւելքը զինվում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ՆԱՏՕ-ի ռազմական աջակցության շրջանակներում տրամադրվող հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» համակարգերի մասին որոշ տեղեկություններ է ներկայացրել խորհրդարանին:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Յըլմազը նշել է, որ Գերմանիայից ու Հոլանդիայից արդեն ստացել են այդ համակարգերը, իսկ Միացյալ Նահանգներից ստանալու են այս օրերի ընթացքում:

Նախարարը խորհրդարանի անդամներին ասել է, որ հիշյալ զինտեխնիկան ՆԱՏՕ-ն տրամադրում է Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա չեզոքացնել Սիրիայի արձակած բալիստիկ հրթիռները. «Հակաօդային պաշտպանության այս համակարգերը ռադարների վրա թիրախավորելով՝ հակառակորդ հրթիռները ի զորու են օդում ոչնչացնել դրանք: Այն արդյունավետ է գործում նաեւ անօդաչու թռչող սարքերի եւ ռազմական ինքնաթիռների հարձակման դեմ»:

Անդրադառնալով շրջանառվող այն խոսակցություններին, թե իրականում «Patriot» համակարգերը Թուրքիայում տեղադրվում են իրանական հրթիռներից Իսրայելին պաշտպանելու նպատակով, թուրք նախարարը պարզաբանել է, որ դա չի կարող ճիշտ լինել, քանի որ Իրանից Իսրայել արձակվող հրթիռը Թուրքիայում գտնվող հենակետերից ոչնչացնելը տեխնիկապես անհնար է:

Զինվում է ոչ միայն Թուրքիան, այլեւ՝ Իրանն ու արաբական երկրները: Եվ իհարկե՝ Իսրայելը: Զինվում են նաեւ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Արտակ Հայոցյան

Թուրքիան զենք է կիրառում ամենուրեք

Մենք բազմիցս նշել ենք, որ Թուրքիան իր գյուղատնտեսական եւ այլ ապրանքները վաղ թե ուշ կարող է վտանգավոր դարձնել իր քիմքին ոչ հարիր երկրների համար: Սակայն թուրքերին հավատացողները միշտ քաղաքական որակումներ էին համարում այդ ասվածը: Օրերս Վրաստանում հայտնաբերվել է քաղցկեղով վարակված կարտոֆիլի մեծ խմբաքանակ, որը ներմուծվել է Թուրքիայից: Այդ երկրի գյուղնախարարը այս մասին հայտարարել է պաշտոնապես:

«Գռուզիա-Օնլայն»-ը տեղեկացրել է, որ կարտոֆիլային քաղցկեղը կարանտինային հիվանդություն է: Խմբաքանակը առգրավված է, պարտադիր ոչնչացվելու է, իսկ տեղեկությունն այդ մասին ուղարկվել է ներմուծող երկրին:

Հիշեցնենք, որ Թբիլիսի գնացող հիմանական ճանապարհները Ջավախքի տարածքով են անցնում եւ վստահաբար մի մեծ խմբաքանակ էլ ջավախքահայերին հասած կլինի:

Իսկ որ Ջավախքի բարեկամները նաեւ իրենց հայաստանաբնակ հարազատներին կարող են աջակցել, դա եւս չի բացառվում, ինչպես չի կարելի բացառել, որ հենց թուրքասեր հայաստանահայերը կարող են նման խմբաքանակներ (եւ ոչ միայն կարտոֆիլի) Հայաստան բերել:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը երեւանյան սուպերմարկետներում թուրքական լոլիկ էր հայտնվել: Եվ մինչ յուղնախարարությունը փորձում էր դա ժխտել, սուպերմարկետների աշխատակիցներն այլ բան էին ասում: Ընդ որում՝ թուրքական ներկրված լոլիկը 3 անգամ ավելի էժան էր, քան մեր տեղականը, թեկուզ՝ ջերմոցայինը:

Մինչ անխելք սպառողները արդարացնում էին ներկրողներին, մենք գոնե մեր խմբագրություն զանգահարողներին փորձում էինք հասկացնել, որ ավելի լավ է լոլիկ չուտել, եթե չես կարողանում օգտվել տեղեկանից, քան ուտել եւ, առավել եւս, սեփական երեխային էլ դրանով կերակրել:

«Լուսանցք»-ը այդ օրերին նույնիսկ լուսանկարներ էր տպագրել, թե ինչ տեսք ունեն այդ լոլիկները ներսից: Դրանից հետո մեզնից դժգոհողները սսկվեցին, ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնես, քան հազար անգամ լսես:

Սրան հաջորդեց այն, որ Արարատի խանութներից մեկում հայտնվեցին ադրբեջանական կոնֆետներ: Մի քանի օր խոսեցին, անցավ-գնաց: Ոչ մի հետեւանք, ոչ մի քաղված դաս:

Մինչդեռ ընդամենը հասկանալ էր պետք, որ թշնամական երկրից բերված մթերքը պարտադիր չէ, որ սպառողին հենց նույն օրը թունավորի: Դա կլինի որոշ ժամանակ անց՝ որեւիցե հիվանդության ձեւով, եւ ո՛չ սպառողը ու ո՛չ էլ բժիշկը չեն իմանա, որ պատճառը այն թուրքական լոլիկն է, այն ադրբեջանական կոնֆետը…

Ու ընդհանրապես, պետությունը սխալ է անում, որ ամեն ինչ թողնում է ներկրողի հույսին: Ներկրողներից շատերը, թող ներեն ինձ քչերը, անմիտ վաշխառուներ են բառիս դասական իմաստով, որովհետեւ նրանց խնդիրը գումար աշխատելն է, միայն թե արագ ու միայն թե շատ:

Այդ անմիտների «շնորհքը» չէ՞ին թուրքական տետրերը, որոնք իրենց կազմերի վրայի քարտեզներով հայ երեխային ուսուցանում էին, որ Հայկական լեռնաշխարհի տերը թուրքն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է:

Այդ ապուշների թեթեւ ձեռամբ չէ՞, որ ներկրված գլոբուսների վրա Հայաստան գոյություն չունի, փոխարենը Թուրքիան է ու Ադրբեջանը:

Եվ վերջապես այդ՝ իմ կարծիքով անբարոյականներին պաշտպանող մեր պետության մեղքը չէ՞, որ հայ աշակերտը այդպես էլ չի հասկանում, թե ինչու ինքը պիտի կարդա հայ դասականին, այլ ոչ թե դասականի սեղմագիրը:

Հավատացեք, տարբեր բաներից չեմ խոսում, նույն շղթան է՝ թշնամու համար կուռ, մեզ համար՝ պոկված շրջանակներով:

Կարեն Բալյան

Եգիպտոսյան «սխալմունքներ»

Եգիպտոսում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին հետաքրքիր միջադեպեր են եղել:

Նախ՝ Կահիրեի օդանավակայանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ Սիրիայի մի քաղաքացի հարձակում է իրականացրել, որը այնուամենայնիվ անվտանգության աշխատակիցները կանխել են: Այդ ժամանակ Իրանի նախագահին դիմավորելու էր եկել Եգպիտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը պաշտոնական այցով է ժամանել Եգիպտոս, ինչը երկար ընդմիջումից՝ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, երկրի նախագահի առաջին այցն է Եգիպտոս: 2012թ. օգոստոսին տեղի էր ունեցել Եգիպտոսի նախագահի այցը Իրան, որտեղ էլ համաձայնություն էր ձեռք բերվել երկու երկրներում դեսպանատներ բացելու: Սա եւս դրական նորություն է արաբա-իրանական հարաբերություններում:

Մի միջադեպ էլ գրանցվեց Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից: Նա գագաթնաժողովում Եգիպտոսի ներկայիս նախագահ Մոհամադ Մուրսիին պատահաբար դիմել է այդ երկրի նախկին բռնապետ, ցմահ ազատազրկված Հոսնի Մուբարաքի անունով. «Ես երախտապարտ եմ Ձերդ գերազանցություն, Մոհամադ Հոսնիին… Մոհամադ Մուրսիին…»,- ասել է Պաղեստինի ղեկավարը՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Մասնակիցները հումորով են ընդունել սխալմունքը, սակայն եգիպտական լրատվամիջոցները գրում են, թե Աբբասն այդպիսով ողջունել է Մուբարաքին: Վերջինս Եգիպտոսի նախագահի պաշտոնը լքել էր 2011թ. փետրվարին եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, այդ թվում՝ եգիպտական հուզումների (արաբական գարնան) ժամանակ ցուցարարների վրա կրակ բացելու հրամաններ արձակելու համար:

Ի դեպ, արաբա-իրանական հարաբերություններից ամենաշատը ահաբեկված են Իսրայելում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։