- Ադրբեջանական դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց սադրանքները…

- Թուրքից սնված թրքան տղերք Եվրոպայում… – Դրվագներ եվրոպական արժեքակիր կաշառակերների կյանքից®

Արցախի հայերը մինչեւ վերջին մարդը կպայքարեն

Հնչեց հիվանդ եվրախելագարների հերթական «խաղաղասիրական հրովարտակը»

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց սադրանքները, վերջին մի քանի օրերին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում խախտումներ են արձանագրում:

Ավելին՝ անգամ փորձել են շփման գծի տարբեր հատվածներից մուտք գործել հայկական ստորաբաժանումների թիկունք, եւ առաջնագծի տարբեր հատվածներում ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանումների ու ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների միջեւ մարտեր են ընթացել, որից հետո հակառակորդը նահանջել է:

Տեղեկության համաձայն, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ թշնամական դիվերսիոն խմբերը, նախնական տեղեկություններով, 3-4 զոհ են ունեցել եւ մի քանիսն էլ վիրավորվել են:

Ադրբեջանական լրատվամիջոցները կարճ տեղեկացրել են, թե «ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման հետեւանքով 1 զինծառայող վիրավորվել է, իսկ 2-ը մահացել են, որոնցից 1-ը սպա է»:

Այս մի ԵԱՀԿ նախագահը իր նախորդների պես, ինչպես եվրոպական մտածողության գագաթնակետ բարի փերիների մասին հեքիաթում, կողմերին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

Սրանց մոտ քրոնիկ հիվանդություն է դարձել արդեն, երբ ադրբեջանական դիվերսիաներից հետո թշնամուն պարտադրորեն սատկացրած հայերին նույնպես խաղաղության կոչ են անում: Այս եվրախելագարներին ի՞նչ է թվում՝ հայկական կողմը պետք է ադրբեջանցիներին իր տարածք թողնի եւ հանուն եվրոպական սին խաղաղասիրական հրովարտակի ոչ մի ինքնապաշտպանական միջոց չձեռնարկի՞…

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան փետրվարի 5-ին հանդիպել է ԼՂ-ի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆիորի (Ֆրանսիա) եւ Յան Քելլիի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ եւ քննարկել է «ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացը»:

Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումը, երբ նրանք քննարկել են խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկները, որը կողմերին ներկայացվել էր դեռ նախորդ տարի: Քննարկվել են նաեւ կողմերի միջեւ փոխվստահության հաստատմանն ուղղված կարծիքները, ինչը ադրբեջանական դիվերսիոն գործողությունների համապատկերին միայն ծիծաղ է առաջացնում:

ԵԱՀԿ գործող նախագահը բացարձակ աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում, եւ իր օգնությունը՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված: «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթությունն է աշխատել կողմերի հետ՝ գործընթացը առաջ տանելու նպատակով: Հետեւաբար ես կողմերին կոչ եմ անում պատրաստակամություն եւ քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- հերթական ձեւական ու այլեւս անիմաստ մտքերն է արտաբերել ԵԱՀԿ նախագահը:

Ավելի հետաքրքիր կարելի է համարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ հանդիպումը ամփոփող հայտարարությունը: «2013թ. հունվարի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որոնց ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է: Քննարկումներ են եղել բանակցային գործընթացն առաջ տանելուն միտված աշխատանքային առաջարկության շուրջ, ինչպես նաեւ դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան եւ այնտեղից քաղաքացիական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր»:
Իհարկե, ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ու բանակցությունները շարունակելու վճռականության հարցում իրենց հավատարմությունը, որը ադրբեջանցիների համար միայն հերթական փաստաթուղթ է ծառայում՝ հաջորդ սահմանային սադրանքից առաջ:

Իսկ ահա, ավելի հստակ եւ բացահայտ է արտահայտվել ռուս քաղաքագետ Մարկ Ուրնովը, ով «Vesti.az»-ին ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սառեցված փուլում է եւ իրական խաղաղ լուծումների հեռանկար չի նկատվում դեռեւս:

«Իմ անձնական դիտարկումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ ԼՂ-ի հայերը մինչեւ վերջին մարդը պայքարելու են իրենց անկախության համար: Ընդ որում՝ շատ պարզ է, որ Երեւանը չի պատրաստվում հրաժարվել նրանցից»,- ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը՝ նա նշել է, որ եթե Ադրբեջանը գնդակոծի քաղաքացիական ինքնաթիռները, ապա միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ չեն բացառվում:

Մեր կողմից կհավելենք, որ չի բացառվում նաեւ պատասխան օդային հարվածը, ինչը հաստատ գիտակցում, բայց լավ չեն պատկերացնում Բաքվում:

Առավել եւս չեն պատկերացնում, թե նոր պատերազմը ինչ վախճան կբերի իրենց: Անգամ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի մասնագետների գովական եւ մասնագիտական կարծիքները հայկական զինուժի մասին դեռ ոմանց մոտ տեղ չեն հասնում…

Արամ Ավետյան

Թուրքից սնված թրքան տղերք Եվրոպայում

Բաքուն դեռեւս շարունակում է նենգ քայլերը Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ անառողջ մթնոլորտ ստեղծելու նպատակով: Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար գտնում եւ կաշառում են որոշ եվրախեղկատակների, որոնք էլ թյուրքական վայրահաչը դարձնում են եվրոպական «արժեք»:

Չնայած այն իսկապես հեռու էլ չէ Եվրոպայից, եթե հիշենք հունգարա-ադրբեջանական այն ծախու գործարքը, որը կոչվեց «սաֆարովյան»:

Այս աղմուկի առումով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշել է. «Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը»:

Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե վերջերս 2-3 եվրոպացի պատգամավորներ անհանգստություն են արտահայտել Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որ դա իբր կարող է ազդել բանակցային գործընթացի վրա:

«Եթե այդ մի քանի պատգամավորներն իսկապես անհանգստանում են բանակցությունների ընթացքի համար, ապա պետք է առնվազն հետաքրքրվեն այդ գործընթացով, ծանոթ լինեն ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մոտեցումներին:

Իսկ կոնկրետ այս հարցի վերաբերյալ եռանախագահները բազմիցս կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ, եւ որ օդանավակայանի բացման հարցը չպետք է քաղաքականացնել:

Իսկ ո՞վ է սպառնում: Ադրբեջանը: Ովքե՞ր են քաղաքականացնում: Ադրբեջանը եւ նրա հորդորներով այս կարգի հայտարարություններ անողները: Եթե այդ պատգամավորները իսկապես անհանգստացած են տարածաշրջանային անվտանգությամբ եւ կայունությամբ, ապա ինչո՞ւ երբեւէ անհանգստություն չեն արտահայտել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ու քաղաքականության, սադրիչ գործողությունների առնչությամբ:

Ի՞նչ էին ասում այդ նույն պատգամավորները Սաֆարովյան տխրահռչակ գործարքի վերաբերյալ: Նրանք կամ լռում կամ անգամ արդարացնում էին Ադրբեջանին, երբ ամբողջ աշխարհը միահամուռ դատապարտում էր Բաքվին: Ինչո՞ւ են այս պատգամավորները այսպես վարվում: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը թե՛ մենք, ինչպես նաեւ հենց իրե՛նք շատ լավ գիտեն»,- այսպես հստակ արտահայտվել է ԱԳ նախարարը, ով, կարծում ենք, նաեւ հասկացրել է միջազգային հանրությանը, որ Երեւանը շատ լավ գիտակցում է ադրբեջանական շահերով ու փողերով տոգորված եվրապատգամավորներին:

Իսկ հայկական կողմի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ ավելի քան հստակ է՝ երբեւէ չի քաղաքականացվելու այս խնդիրը, եւ Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական ու մարդասիրական նպատակների համար է ծառայելու:

Ի վերջո թուրք-ադրբեջանական աղբը կարողացավ իր հոտը տարածել Եվրոպայով…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։