Հայ արիները դեմ են հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում

Քրդական ներողությունը կվերածվի՞ թուրքականի…

- Անկարան կխիզախի՞ ճանաչել Հայոց ցեղասպանությունը… – Ինչպես գերմանացիները դա արեցին Հոլոքոսթի դեպքում…

Ինչպես տեղեկացրել է «Արաքս» շաբաթաթերթը (Թեհրան), քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջեւ բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությանը քրդերի ունեցած դերակատարման մասին: Իսկ թուրքական «Միլլիեթ» օրաթերթը (Ստամբուլ) տեղեկացնում է, որ Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդի հետ հանդիպելուց հետո ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք բոլորս, ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով գործածվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում: Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների եւ եզդիների արյունով, եւ մենք, որպես նրանց զավակները եւ թոռները, պարտականություն ունենք ազնվությամբ ու համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով՝ այս ներողության ընդունումը մեծ եւ հեղաշրջող նշանակություն ունի եւ կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական ու մշակութային հաշվարկներում»:
Քուրդ գործիչը հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Անկարան չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ եւ եզդիներ կոտորվել են. «Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիեւ ներողություն խնդրելը չպիտի դժվար եւ անկարելի լինի»,- եզրակացրել է Թյուրքը:

Հիշեցնենք, որ երբ տարիներ առաջ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը ՀՀ-ի քրդերի նախաձեռնությամբ հանդիպել էր Երեւան ժամանած (քրդական մի միջացառման առիթով) ՔԲԿ ներկայացուցիչների հետ, զրույց էր եղել նաեւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման մասին: Ըստ ՀԱՄ առաջնորդի, քրդերին հետաքրքրել են հայ արիականների ու ազգայնականների ապագա մտադրությունները եւ կարծիքը քրդերով բնակեցված եւ թուրքերի կողմից զավթված հայկական տարածքների մասին:

Երբ ՀԱՄ առաջնորդը հստակ հաստատել է Միացյալ Հայաստանի վերակերտման գաղափարը ամբողջ Հայկական լեռնաշխարհում, (հայերի արարչատուր եւ աստվածային բնօրրանում) առանց որեւէ մասնակիության, ՔԲԿ ներկայացուցիչները հարցրել են, թե ՀԱՄ կառույցը ինչպես կնայի Արեւմտյան Հայաստանում հայ-քրդական պետության կազմավորմանը, որովհետեւ միլիոնավոր քրդերը չեն կարող հենց այնպես հեռանալ երբեմնի ազատագրված այդ տարածքներից:

Հայ արիների ղեկավարը նախ հստակեցրել է, որ ՀԱՄ կառույցը կտրուկ դեմ է եւ երբեք չի ընդունելու «Մեծ Քուրդիստան» կոչվող պետության «տարածքներում» նաեւ Արեւմտյան Հայաստանի հողերի ներառումը, ինչը հայ ազգայնականների համար գրեթե նույնացնում է թուրքական, թե քրդական զավթարարությունը: Նա ՔԲԿ ներկայացուցիչներին հայտնել է, որ հայերը իրենց պայքարը կշարունակեն այնքան՝ մինչեւ Արեւմտյան Հայաստանը միավորվի Արեւելյան Հայաստանին, անկախ այն հանգամանքից, թե այդտեղ ժամանակավոր իշխելիս կլինեն թուրքերը, քրդերը, թե այլոք: 2-րդը՝ քրդերը կարող են ապրել ազատագրված հայկական տարածքներում, եթե ցանկանում են, բայց այդ հողերի վրա կարող է վերակերտվել միայն հայկական պետությունը: Եվ բոլոր հայկական հողերի համար է դա միանշանակ տեսակետ: 3-րդը՝ հայ-քրդական դաշնային կամ ոչ դաշնային պետությունը քրդերի «չեզոք» տարբերակն է, քանի որ հստակ գիտակցում կա, որ ավելի քան 15 մլն. քրդերի հետ սկզբնական ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանում կապրեն ամենաշատը 1-2 մլն. հայ (միլիոնավոր ծպտյալ հայերի հարցը ժամանակատար է եւ դեռ հավաստիացման անհրաժեշտություն կունենա), եւ այդ պարագայում հայ-քրդական պետության մեջ հայերը (ապրելով իրենց հայրենիքում) ոչինչ չեն որոշելու ընդունված կարգի համաձայն՝ քվեարկության վրա հիմնված, անգամ պետության անունը, Սահմանադրությունն ու օրենքները, երկրի նախագահին, խորհրդարանն ու կառավարության կազմը եւ այլն: Ու սա միայն կամրապնդի «Մեծ Քուրդիստան» երբեք գոյություն չունեցած պետություն ստեղծելու գաղափարը, բայց ոչ՝ Մեծ եւ Միացյալ Հայաստանի:

Եվ Արմեն Ավետիսյանը մերժել է քննարկել անգամ հայ-քրդական համատեղ պետության գաղափարը Արեւմտյան Հայաստանի տարածքում՝ նշելով, որ հայկական բոլոր հողերը ազատագրվելուց հետո միանալու են առկա հայկական պետությանը: Եվ դա կսկսվի հենց Արցախից, որն արդեն փաստացի Հայաստանի Հանրապետության մի մարզ է:

Վերջում ՀԱՄ ղեկավարը հավելել էր, որ քրդերը, ի դեմս Աբդուլա Օջալանի, այն էլ գրավոր ու հավաստի, պիտի ներողություն խնդրեն հայերից՝ 1915-1923թթ. Հայոց մեծ ցեղասպանության ընթացքում թուրքերին աջակցելու համար: Իհարկե եղել են բարեկամաբար տրամադրված քրդեր, ովքեր նաեւ օգնել են հայերին փրկվել, բայց այդպիսի թուրքեր էլ հաստատ ավելի քիչ, բայց եւս եղել են, ինչը չի փոխում սարսափելի անցյալն ու ներկա հայրենակորուստ իրավիճակը:

Այս հիշեցումն արեցինք, քանզի «Մեծ Քուրդիստան» ստեղծելու նպատակը ոչ միայն քրդերի, այլեւ «Մեծ մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» ու նմանատիպ այլ ծրագրերն առաջ քաշած, աշխարհի վերաբաժանումը միշտ քաղաքական օրակարգում պահող համաշխարհային գաղտնի ուժերի ծրագրերում են: Եվ քրդերի ներողությունը կարող է մի նախնական փորձ լինել հայերի տրամադրվածությունը ստուգելու, որից հետո չի բացառվում, որ թուրքերն էլ «իրենց հայրերի ու նախնիների համար ներողություն խնդրեն»…

Բայց, ինչպես հայ արիականներն են նշել, մենք եւս պնդում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը (ներողությունը) չի կարող դիտվել փոխհատուցում (եթե անգամ դրամական կորուստները նույնպես հաշվառվեն) եւ ճանաչմանը զուգահետ պետք է լինի նաեւ դատապարտումը (հայոց տարածքների վերադարձը եւ փոխհատուցումները):

Այսինքն՝ այսուհետեւ ավելի ճիշտ կլինի օգտագործել Հայոց ցեղասպանություն եւ պահանջատիրության եզրերը միասնաբար: Քանզի արդարության եւ փոխհատուցման պահը, ի վերջո, գալու՛ է եւ պետք չէ, որ մենք ինքներս դրա ճանապարհին լրացուցիչ խոչընդոտներ ստեղծենք կամ նպաստենք դրանց ստեղծմանը:

«Հայաստանը՝ հայերին» ցեղակրոն կարգախոսը պետք է կյանքի կոչվի:

Հայկ Թորգոմյան

Անկարան կխիզախի՞ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոդվածագիր Փոլ Խաչատուրյանի՝ «Թուրքիան պետք է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրի» խորագրով նամակը տպագրել է «The Gazette» պարբերականը: Հիտլերի իշխանության գալու 80-ամյակի կապակցությամբ Բեռլինում բացվել է ցուցահանդես, եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս առիթով զգուշացրել է հասարակությանը անտարբերության վտանգի ու սպառնալիքների մասին, եւ կոչ է արել մարդկանց հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ ու իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրել:

«Ի տարբերություն այս խիզախ դիրքորոշմանը, ես հիշեցնում եմ Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականության շարունակելիության մասին. 1915թ. 1,5 միլիոն հայեր սիստեմատիկորեն շրջափակման մեջ են գտնվել, տեղահանվել ու սպանվել կառավարության կողմից: Հույս ունենք, որ Թուրքիան եւ Թուրքիայի հասարակությունը խիզախություն կցուցաբերեն իրենց կատարած գործողությունների համար ու պատասխանատվություն կկրեն, ինչպես գերմանացիներն են ժամանակին արել: Թուրքերը գերմանացիների նման պետք է նաեւ հանդես գան Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հուշարձաններ ու ցուցահանդեսներ անցկացնելու նախաձեռնությամբ»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ «Գերմանիան հավերժ պատասխանատվություն է կրում նացիստական վարչակարգի իրագործած հանցագործությունների, 2-րդ աշխարհամարտի զոհերի եւ Հոլոքոստի համար… Մենք դեմ առ դեմ ենք կանգնում մեր պատմությանը եւ ոչինչ չենք թաքցնում, ոչինչ չենք ճնշում»:

«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։