– Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը – Դատապարտյալն իրավունք ունի ստանալու իր դատավճիռը…
Հարկայինի խուճապը՝ հարկատուի վզին
Չի՛ կարելի հարկային դաշտը այդքան արագ փոփոխել:
Չի՛ կարելի այդքան շուտ-շուտ զզվեցնել հարկատուներին:
Եվ վերջապես՝ չի՛ կարելի հարկայինի խուճապը փաթաթել հարկատուի վզին:
Իսկ հարկայինը խուճապի մեջ էր, որովհետեւ բյուջեի եկամուտները պիտի կարողանար հավաքագրել: Ու քանի որ դա միշտ խուսափում է (եթե ուզի, ապա կարող է) անել խոշոր ձկների շլինքին տալով, չոքում է մանրի ու միջինի բկին:
Արդյունքում՝ հարկայինն իր՝ խուճապից դուրս գալու հարցը լուծում է՝ այդ խուճապը փոխանցելով մանր-միջին հարկատուին: Հիմա հարկայինը հանգիստ նստած՝ հարկատուն լեզուն դուրս գցած վազվզում է:
Եկամտային հարկի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ՊԵԿ փոխանցելու համար այսօր բազմաթիվ հարկատուներ խուճապահար են:
Բանն այն է, որ «Եկամտային հարկի մասին» օրենքը սահմանում է, որ հաշվետվությունները պետք է ուղարկվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հարկատուներն ապահովված լինեն համապատասխան ծրագրային եւ տեխնիկական միջոցներով,
իմանան դրանցից օգտվելու կանոնները:
Սրանից զատ՝ շատ գործատուներ, ընդ որում՝ ոչ իրենց մեղքով, չեն հասցրել ձեռք բերել անգամ այդ տեխնիկական միջոցները:
Հարկատուները օրերով, առանց չափազանցության՝ օրերով, հերթ են կանգնում, որպեսզի նույնականացման քարտերը կարդացող սարքեր ձեռք բերեն:
Բայց սա էլ դեռ վերջը չէ:
Հարկատուները պիտի իսկական համակարգչային մասնագետներ լինեն, որպեսզի անհրաժեշտ ծրագրային բազան ներբեռնեն եւ գործողության մեջ դնեն:
Ու այս ամենի համար մի քանի օր է մնացել՝ մինչեւ փետրվարի 20-ը:
Հակառակ պարագայում տույժ-տուգանքի տակ կընկնեն:
Ի դեպ, տուգանքի չափը յուրաքանչյուր 15 օր ուշացման համար 20 հազար դրամ է, իսկ հարկային տուգանքի չափը՝ հաշվետվության մեջ նշված գումարի 5 տոկոսի չափով:
Ի՜նչ է դուրս գալիս. պետական կառույցները վատ են աշխատում, ու նրանց թերացման համար վճարում է հարկատուն՝ տույժ-տուգանքով: Թերեւս եթե մտածենք մեր չինովնիկների ուղեղային ծավալի տրամաբանությամբ, ապա այո՛, տույժ-տուգանքն էլ բյուջե լցնելու ձեւ է:
Ա՛յ, կլցվի բյուջեն բազմաթիվ հարկատուների տույժ-տուգանքներից նաեւ, ու կպարզվի՝ հարկայինն է գործը լավ արել:
Ահա այսպիսի պարզունակ ու սեփական հարկատուին անարգելու լավագույն ձեւ:
Ամենաանհեթեթը՝ հարկայինից էլ դեռ բողոքում են, թե իրենք «բանից բեխաբար», ու ամեն ինչ փոխել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Աստղինե Քարամյան
* * *
Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը
Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել էր խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրությունում, ի թիվս այլ նյութերի, պետք է տեղ գտնեն նաեւ այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Եվ դրանք ձեռք բերելու նպատակով դեռ 2011թ. նոյեմբերին նա դիմել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն: Սակայն ԱԱԾ-ն իր գրությամբ, հղում կատարելով «Արխիվային գործի մասին» օրենքի 21 եւ «Տեղեկատվության մասին» օրենք» 8 հոդվածների վրա, նրան մերժել է:
Նա չի ցանկացել վիճարկել դա եւ կազմակերպել է, որ շատ մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ եւ պահանջեն ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից, հավաքել է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղակել ԱԱԾ, բայց դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստացել: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է «Արխիվային գործի մասին» օրենքի 22 հոդվածը:
Կարծում ենք՝ յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ստանալու իր դատավճիռը, ինչը խորհրդային տարիներին քաղաքական բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների հետեւանքով: Բայց քանի որ այդ ժամանակներն անցել են, եւ այն երկիրը, որը մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար, այլեւս գոյություն չունի, կարելի է փոխել վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Այդ ժամանակաշրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց ՀՀ ԱԱԾ-ն հին ժամանակների պես շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային տարիներին հրապարակված դատավճիռները: Չնայած անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն՝ այդ դատավճիռները հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են դարձել:
Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է Խորհրդային Միության տապալումից եւ Հայաստանի Հանրապետության հռչակումից այսքան տարի անց անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր այդ ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին: Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը՝ հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը:
Պարույր Հայրիկյան, Ռազմիկ Մարկոսյան, Ազատ Արշակյան, Շահեն Հարությունյան, Վալտեր Մելիքյան, Բագրատ Շահվերդյան, Գագիկ Առաքելյան, Նորիկ Մարտիրոսյան, Սուրեն Մելիքյան, Վարդան Հարությունյան
«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



