- Չպայքարելու դրսեւորումներն անքննելի են…

- Տեսողական խնդիր ունեցողն էլ կքվեարկի…

- Մայիսի 5-ին էլ ընտրություններ (Երեւանի ավագանու, որի միջոցով էլ՝ քաղաքապետի)…

Չպայքարելու դրսեւորումներն անքննելի են

Զարմանալի էր ԱԻՄ առաջնորդի Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու որդեգրած ձեւը: Մի օր հայտարարում էր, թե վաղը գնում է դիմելու, հաջորդ օրը, կարեւորելով ահաբեկիչների վնասարարությանը չնպաստելու հանգամանքը (նախագահական ընտրությունների տապալումը), հայտնում էր, թե չի դիմելու եւ ամեն բան իր հունով է ընթանալու: Լուրերն արդեն ստացել էին «Նաջարյա՞նն» է փոշմանել, թե՞ «Համոն» փողը չի տվել» վերնագիրը:

Անգամ եղան ավելի զայրալից ձեւակերպումներ, թե «մարդը անկողնում պառկած PR է անում իր եւ Սերժի օգտին»: Ընտրողները եւս արձագանքում էին, թե «Հայրիկյանն անհաղթահարելի խոչընդոտի ու անսպասելի խթանի արանքում է հայտնվել» եւ հիվանդասենյակը վերածվել է ընդունելությունների տան:

Գրեթե իր բոլոր հարցազրույցներում Հայրիկյանը նշում էր, որ նոր ընտրություններ չի պահանջի, բայց երկշաբաթյա ժամկետից ստիպված է օգտվել, քանզի չի կարողանա քարոզչություն իրականացնել: Սոցցանցերն իսկույն արձագանքեցին, թե «Պարույրի այս դիրքորոշումը շատ էր դուր գալիս փեսայական լրատվամիջոցներին եւ այդ իսկ պատճառով «անկախության խորհրդանիշը» դարձավ հեռուստաաստղ: Պարույրը թեւերի վրա էր, նրան այցելեցին նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ քաղաքական ու հասարակական գործիչներ, նախարարներ, պատգամավորներ…

Ահարոն Ադիբեկյանն էլ «սոցիոլոգիայի» լեզվով բացատրեց, որ ընտրությունների երկարաձգման դեպքում բոլորը կմոռանան կրակոցն էլ, 20-25 սանտիմետրից վրիպած կրակողին էլ, տուժողի մարմնում մեկ օր մնացած գնդակն էլ, եւ ԱԻՄ անփոփոխ առաջնորդը կկորցնի սեփական վարկանիշի անսպասելի բարձրացման պահը՝ 3-րդ պատվավոր տեղից վերադառնալով 4-րդ անպատվաբեր հորիզոնական:

Բայց թվում էր, վերջապես ՍԴ-ն 24 ժամվա ընթացքում քննության կառնի մուտքագրված «հայրիկյանական» դիմումը՝ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով: Առավել եւս, որ Պարույր Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Անդրիաս Ղուկասյանին էր դիմել, թե միասնական թեկնածուով հանդես գալու իր կոչը բավարարելու դեպքում միայն ինքը հետ կվերցնի իր դիմումը:

Բայց էլի մի զարմանալի բան կատարվեց, հիշյալ թեկնածուները հայտնեցին, որ տեղյակ չեն ոչ մի կոչի, որը պարզապես տեղադրված է եղել ԱԻՄ ղեկավարի ֆեյսբուքյան էջում: Հետո իհարկե նա իր կոչը հանձնեց գրավոր, բայց գրանցվեցին բանավոր եւ գրավոր մերժումներ:

Եվ Հայրիկյանը որոշեց մեկ անգամ եւս զարմացնել, հաջորդ օրը հետ վերցրեց իր դիմումը՝ հայտարարելով, թե նախագահի ընտրության օրը փետրվարի 18-ն է:

Կրքերը գրեթե հանգստացան եւ մնաց մի կասկած, որ ընտրական գործընթացը կարող է հետաձգել հացադուլը շարունակող Անդրիաս Ղուկասյանը: Նրան հորդորներով դիմել էին ԿԸՀ-ն, առողջապահության նախարարը, մյուս թեկնածուներն ու այլոք, սակայն այս թեկնածուն շարունակում է հացադուլային քարոզարշավը: Նրանից վերցված արյան եւ մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել էր որոշակի շեղումներ, ինչը պարտադրում էր բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել: Բայց հորդորներն այդպես էլ անօգուտ եղան, իսկ թեկնածուն այդպես էլ «անհաղթահարելի խոչընդոտ» չներկայացրեց:

Եվ փետրվարի 18-ը նորից մնաց անփոփոխ: Պարզապես ոչ թե 8, այլ 7 թեկնածուներ կլինեն ընտրացուցակում, քանի որ Արամ Հարությունյանը 24-ժամյա հացադուլից հետո ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ԿԸՀ: Նա եւս զարմանալի քայլ կատարեց, մյուս թեկնածուներին կոչ արեց հրաժարվել ընտրապայքարից՝ Սերժ Սարգսյանին թողնելով միայնակ: Բայց այս կոչն էլ արձագանք չունեցավ:

Իսկ ես կուզեի, որ նախընտրական այս պայքարը թեժ լիներ՝ բայց ապագայի իրատեսական լուրջ ծրագրերի, ձեռնարկվելիք հայանպաստ որոշումների ու, ինչու ոչ, էական մարտահրավերների առումով:

Անի Մարության

Տեսողական խնդիր ունեցողն էլ կքվեարկի

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հ/կ-ն դիտարկել է մայրաքաղաքի 470 ընտրատեղամասերի մատչելիությունը տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների համար եւ պարզել, որ ընդամենը 35-ն են մատչելի նրանց, 42–ը՝ գրեթե մատչելի: ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը բացատրում է, թե ինչէ նշանակում գրեթե. «Մի բորդյուր, մի աստիճան, կարելի է մի փոքր օգնությամբ, մի օգնականի հետ մտնել ընտրատեղամաս»£

ՀՀ-ում կա հատուկ կարիքներ ունեցող 180.000 մարդ (որոնցից 8.000–ը երեխաներ են), իսկ տեղաշարժման հետ խնդիրներ ունեցողների (սայլակի օգնությամբ) թիվը Հայաստանում, ըստ Արմեն Ալավերդյանի, 3.000 է, որոնց հիմնական մասը ընտրական իրավունք ունեցող անձինք են: «Ունիսոն»-ի ղեկավարը հավելեց, թե քվեարկության օրը ԿԸՀ-ում հավատարմագրված իրենց դիտորդները ուշադրություն են դարձնելու, թե արդյոք տեսողական խնդիրներ ունեցող կամ առհասարակ չտեսնող ընտրողներին տրամադրվելու՞ են ոսպնյակներ եւ բրայլյան քվեաթերթիկներ, որոնք պետք է լինեն հանրապետության բոլոր ընտրատեղամասերում:

Ի դեպ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հստակեցրել է, որ խոսքը ոչ թե բրայլյան քվեաթերթիկների, այլ ստվարաթղթե կաղապարների մասին է. «Եթե քվեաթերթիկը լինի բրայլյան, ապա կարող է այդ տեղամասում մի ընտրող գա ու անմիջապես բացահայտվի, թե ով է այդ ընտրողը»: Իսկ քվեարկած ընտրողների անձնական տվյալների հրապարակումը ընտրություններից հետո արգելվում է:

Կ. Մուկուչյանի ասածը ստավարաթուղթ է, որի վրա բրայլյան տարբերակով գրված են քվեաթերթիկի ատրիբուտները՝ թեկնածուի համարը, անուն-ազգանունը, իսկ անմիջապես դիմացը v–աձեւ պատռվածք է արված, որի մեջ գրիչով նշվում է նախընտրած թեկնածուն: Դրանից հետո ընտրողը քվեաթերթիկի վրայից պետք է հանի ստվարաթղթե կաղապարը ու սովորական դարձած քվեաթերթիկը գցի քվեատուփը:

Մայիսի 5-ին էլ ընտրություններ

Մայիսի 5-ին կանցկացվի Երեւանի ավագանու հերթական ընտրությունը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում: «Երեւանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է ավագանու լիազորությունների ժամկետի ավարտի հանգամանքով: Այդպիսով, ավագանու ընտրությունների միջոցով էլ կընտրվի Երեւանի նոր քաղաքապետը:

Կրկին այս պաշտոնին է հավակնում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ու այնքան է այս ուղղությամբ մտածում, որ բարձիթողի է մատնել նախարարության գործերը… եթե, իհարկե, երբեւէ զբաղվել է դրանցով:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։