Մարտադաշտում նախագահի թեկնածուներն են

Հարցեր են հնչում ուղղված հենց ԱԱԾ-ի պատասխանատուներին…

Իրապես զարմանալի էր, երբ կարճ ժամանակահատվածում հայտարարվեց, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է: Հետո 2-րդ անձ ձերբակալվեց եւ ապա՝ 3-րդը, եւ ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը հայտնեց, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: Դեռ բարդ էր անգամ մահափորձի լինել-չլինելը (իրական, թե սարքովի) հասկանալու եւ ընկալելու պահը, քանզի կարծիքները ծայրահեղ տարբեր էին, անգամ ԱԻՄ ղեկավարն էր տարաբնույթ ելույթներ ունենում, եւ որեւէ մեկը չէր էլ սպասում, որ ԱԱԾ-ն արագ հայտարարությամբ հանդես կգա:

Հիշեցնենք նախկին հաղորդագրությունը. «Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա՝ աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Վիրավորը տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»: Փաստի առթիվ հասկանալի է, անմիջապես հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Եվ քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հայրիկյանն ինքն էլ էր երեւի զարմացել այս արագությունից եւ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ բացահայտումն սկսված է, եւ հնարավոր է՝ շուտով պաշտոնական հայտարարություն լինի: Նա չի բացառել, որ իշխանությունները շահագրգռված են, որ այս գործը բացահայտվի, քանի որ այս նախընտրական պահին կրակել են ոչ թե իր, այլ պետության վրա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով մահափորձի գործով ձերբակալություններին, ասել է. «Ես շատ կուզեմ, որ մահափորձն իսկապես բացահայտվի: Սա հայ իրականության մեջ բացառիկ դեպք կլինի, որովհետեւ այդպիսի հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ պատահաբար են բացահայտվում, կամ էլ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում են բացահայտվում»: Սա այն դեպքն է, երբ բարձրագույն իշխանությունը շահագրգռված է հանցագործության արագ բացահայտմամբ. համոզմունք է հայտնել իրավապաշտպանը:

Հետո, ինչպես ընդունված է, գործի դրվեց վարկածների «սպրդումների» մեխանիզմը: Նախ հնչեց հրապարակային մի հարց, թե Հայրիկյանի գործով ձերբակալվածները ի՞նչ կապ ունեն Շերիֆի հետ: Մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի՝ Շերիֆի մորաքրոջ որդին է: Կարեն Բաբայանն արձագանքել էր, թե տվյալ անձն իր հորաքրոջ կողմից ինչ-որ հեռավոր ազգական է, եւ որ նրան վերջին անգամ երեւի մի 15-20 տարի առաջ է տեսել: Անգամ մոռացել էր նրա մասին, իսկ թաքցնելու թեմա չկա փոքր Հայաստանում, այդպիսի բաներն արագ են իմացվում: Նա մահափորձը համարել է դավաճանություն մեր ազգի նկատմամբ. «Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում»,- եզրափակել է Շերիֆը:

Իմիջիայլոց, Հայրիկյանը նախապես հայտնել էր, թե մահափորձ կատարողը «սլավոնական արտաքին ուներ», իսկ հիմա պնդում է, թե դա ասել է հանցագործներին շեղելու նպատակով…

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել մահափորձի գործի ընթացքը, երբ ՀՀ գործող նախագահը իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ընտրություններին նրանց լիարժեք ու իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:

ԱԱԾ տնօրենի տեղեկությունները, մահափորձի գործի հետ կապված, բավարարել են Սերժ Սարգսյանին եւ նա գոհ է մնացել ու հրահանգել է հստակ քայլեր ձեռնարկել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:

Եվ ահա, այս պահին, հանկարծ չի դիմացել դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Արա, Դուք ո՞վ եք, որ Ձեզ վրա կրակեն»,- բարձրաձայնել է ասուլիսում՝ պարզորոշ դիմելով Հայրիկյանին: ՀՅԴ բյուրոյի անդամի այս խոսքերն ասվել է այն բանից հետո, երբ ԱԻՄ առաջնորդը հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հետեւում «ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներ են կանգնած»: «Չեմ կարծում, որ Մոսկվան այդպես վարվեր, թեեւ ոչ էլ կարող եմ հակառակը պնդել»,- նշել է Հովհաննիսյանը, բայց եւ արել իր՝ «Արա, Դուք ո՞վ եք…» հայտարարությունը:

Իհարկե, սրան պետք է պատասխաներ ԱԻՄ ղեկավարը եւ այն չուշացավ. «Տղայ ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը»,- ասել է Հայրիկյանը եւ հավելել. «Իմացա, որ դաշնակցականն իրեն շատ տարօրինակ է պահել, այնպիսի տպավորություն ստացա, ասես, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանվել: Բայց սա իմ՝ քո եւ քո հայրիկի չիրականացած երազները իրականութիւն դարձրած մարդու դեմ արուած մահափորձ է: Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը: Ուզու՞մ ես ֆեյսբուքում տեղադրեմ: Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը: Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում եւ հիմա էլ չեմ ուզում հավատալ: Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսության պաշտպա՞ն ես դարձել: Կարծում ես դա՞ է քո առաքելությունը: Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում: Հոխորտում ես, թեեւ անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք… Բայց քո պատճառով ես դաշնակցութեանը չեմ փնովի, որովհետեւ բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եւ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից: Լավ եղիր ու մի մտածիր ներողութիւն խնդրելու մասին: Ներված ես»,- ավարտել է խոսքը ԱԻՄ առաջնորդը:

Ինչպես հետագայում հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների եւ այլ օբյեկտիվ տեղեկատվության, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ «հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ, մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը»:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել էին ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող «մի շարք փաստական հանգամանքներ», որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչեւ «կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների եւ ցուցմունքների հետ»:

Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն չի հայտնվել, թե ինչի մասին են հատկապես զրուցել նախագահի թեկնածուները: Իսկ ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են մի շարք փաստական հանգամանքներ, որոնց մասին չի ասվել, քանի որ դա կարող է վտանգել «սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը»:

Եվ այսպես ձերբակալվել է երկու անձ՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով. «Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Եվ երբ դեռ շարունակվում էին պատվիրատուների հարցով քննարկումները, հարցը ռուսական իմպերիալիզմից, ՀՀ իշխանություններից եւ չուզող ընդդիմադիրներից, ինչպեսեւ Շերիֆից շատ սահուն տեղափոխվեց նախագահի այլ թեկնածու, իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի կողմը: Ձերբակալված Սամվել Հարությունյանը ապրում է Քանաքեռում: Շինարար է, հանգիստ մարդու համբավ ունի, եւ ինչպես հարեւաններն են պնդել, մինչ այս դեպքերն էլ աշխատել է նախագահի թեկնածու Սեդրակյանի տանը՝ վերանորոգելով նրա բնակարանը: Վերջինս նաեւ վերանորոգել է նրա ամառանոցը: Սամվել Պողոսյանը նույնպես Քանաքեռից է, եւ, ինչպես պնդում են նրա հարեւանները, նա էլ է աշխատում է «էպոսագետ» Սեդրակյանի մոտ, ով նույնպես Քանաքեռից է: Հետաքրքիր է, որ մահափորձի մեջ մեղադրվող Սամվել Պողոսյանի եւ Վարդան Սեդրակյանի տները գտնվում են միմյանց հարեւանությամբ: «Եթե գնանք Խաչիկի վարորդի տուն՝ թմրամոլի մասին է խոսքը, եւ փորձեք զրուցել կնոջ հետ, նա թմրանյութի ազդեցության տակ ամբողջ Քանաքեռում, բոլոր հարեւաններին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իրեն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար: «Վոլվո»-ի հետեւում էլ մի թուղթ են կպցրել: Հետո իմացա, որ դա հատուկ պատժիչ, գաղտնի ջոկատների նշանն է: Նաեւ իբր ասել եմ, որ իրեն հետո հրամանտար, նախարար եմ դարձնելու»,- պատմել է Սեդրակյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե «Վոլվո» մեքենայով է վճարել նրանց, թեկնածուն նշել է, որ, ինքն իր «Վոլվոն ոչ թե նվիրել, այլ վաճառել է նրանցից մեկին»:

Երեկ, երբ տեղեկություն եղավ, որ Հայրիկյանի մահափորձի գործով կա ձերբակալված երրորդ անձը, եւ նա Սեդրակյանի բարեկամը կամ փոխկապակցված անձ է, այս հարցն առավել մեծ հետաքրքրություն ձեռք բերեց, քանի որ զարմանալիորեն հարստացած «էպոսագետ» նախագահի թեկնածուն լուրջ բացատրություններ ունի տալու: Գուցե երկրնե՞ր են եղել շահարգրգիռ, գուցե դրա՞նք են Սեդրակյանի զարմանալի հարստության աղբյուրները: Այսպես, նախորդ երկու ձերբակալվածները՝ Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանը «էպոսագետի» տան աշխատողներն են, իսկ երրորդը՝ պարզվում է ավելի մտերիմ է: Եվ չնայած այս թեկնածուն ամեն բան խեղաթյուրում է իր խոսքում, խառնում ժամանակագրությունը, բայց արդեն ակնհայտ նյարդայնացած է, ակամա ինչ-որ բացահայտումներ է անում իր ու ձերբակալվածների կապի մասին: Նաեւ «փորձում» է հետագա գործողությունները կանխատեսել, թե շուտով մամուլում ձայնագրություն կհայտնվի, թե ինքն այդ ձերբակալվածներին ինչպես է գումար տալիս, ինչ այլ կապ ու շփումներ են առկա: Բայց նաեւ հավաստում է, որ իրեն ոչինչ չեն կարող անել… երեւի Տիեզերքն է այդպես «հուշել» նրան, ով արդեն մի անգամ «հուշում» է ստացել եւ իրեն այլեւս ընտրված նախագահ է երեւակայում:

Մենք չենք խախտի այս մարդկանց անմեղության կանխավարկածը, բայց գուցե առավել մեծ աղմուկ է սպասվում, քան Հայրիկյանի դեմ մահափորձն էր…

Խնդիրն այն աստիճանի է սրվել, որ նախագահի թեկնածու Սեդրակյանը հայտարարել է, թե ընտրությունների հաջորդող օրերին իրեն ձերբակալելու են: Մի՞թե ինչպես սոցցանցերն են պնդում, «էպոսագետի մութ գործերն ու քրեական անցյալը կարող է զարմացնել դեռեւս»: Անգամ հարցեր են հնչում ուղղված հենց ԱԱԾ-ի պատասխանատուներին. 1. Ինչպե՞ս հայտնվեց «էպոսագետը» այս ընտրություններին ու առհասարակ քաղաքական որ հարթության կողմից: Ո՞վ է համոզել, նրան, որ՝ 81% ձայն է հավաքելու եւ դառնալու է ՀՀ նախագահ: 3. Ինչպե՞ս է համարձակվում բացահայտ հայտարարել, որ վառելու է իր ավտոմեքենան եւ հետաձգելու է ընտրությունները: 4. Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած նրա հետեւում ՀՀ-ում եւ երկրից դուրս: 5. Ի՞նչ ծագում ունի նրա անբացատրելի ֆինանսական կարողությունը: 6. Ի՞նչ դեր է նա խաղում այս ընտրություններում: 7. Ինչո՞ւ է նա արդեն քանիերորդ անգամ հայտնվում աղմկահարույց քրեական գործերի մեջ եւ այլն:

Հիմա ի՞նչ, ընտրություններից հետո «էպոսագետին» կփորձեն մեղադրե՞լ, մահափորձի կազմակերպի՞չ ներկայացնել: Նա իր ասուլիսում հայտարարեց, թե նախապես ինքը գուշակել էր մարտիմեկյան դեպքերն ու հոկտեմբերի 27-ի սպանությունները, եւ սա պատճառ էր դարձել իր նկատմամբ կասկած ունենալու, բայց նա հերքում է իր մասնակցությունը այդ դեպքերին, ինչպես նաեւ ԱԻՄ ղեկավարի դեմ մահափորձին: ԱԱԾ-ն դեռ չի հարցաքննել «էպոսագետին», բայց նա վստահ է, որ «քանի դեռ այս քարոզարշավը կա, եւ ինքն անձեռնմխելի է, չեն կանչի, հետո կկանչեն ու պատմություններ կլինեն. «Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն: Արդեն հստակ երեւում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից…»:

Այս թեկնածուն պնդում է, որ նախորդ տարվա հունիսից, երբ հայտարարել է իր թեկնածությունը դնելու մասին, հարցերի շարք է սկսվել ու սկսվել է լրագրողներից. «…Նաիրի Հունանյանից սկսած… Բայց ես չէի կարող Նաիրի Հունանյանի խմբի հետ կապ ունենալ, քանի որ Վազգեն Սարգսյանի եղբայրը իմ դասընկերն է եղել, համակուրսեցին, ես նրանց տուն եմ գնացել-եկել, մենք ընտանիքներով ենք մոտ եղել… Ես երբեք ոչ մի քրեական գործում ներգրավված չեմ եղել, ոչ հոկտեմբերի 27-ի, ոչ էլ՝ Հայրիկյանի մահափորձում, եւ ոչ էլ այլ գործերում»: Նա իրեն լուրջ մրցակից է համարում իշխանություններին ու այնպես չէ, որ ինքը խոչընդոտ չի եղել որպես թեկնածու, ու նույնիսկ ադրբեջանական մամուլն է անդրադարձել իրեն, իր առաջատար լինելուն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին:

Այս ամենը կարծես քիչ էր, հանկարծ հիշատակվեց ոչ հեռու անցյալում «ձիու վրա» գործող Գառնիկ Իսագուլյանի անունը: «Որտե՞ղ են երեւում Իսագուլյանի ականջները»,- հարցնում են զլմ-ները եւ իրենք էլ պատասխանում, որ «Նախընտրական պայքարից դուրս եկած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ում մասին ասում էին, թե համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ, նշել է, որ ԱԺ նախագահը գնել է Արտաշատում Արամ Հարությունյանին պատկանող հյուրանոցը, որն իրականում այլ «կուրատոր» ունի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը, ով ժխտել է լուրը՝ ասելով, որ 2 տարի է խռով է Հովիկ Աբրահամյանից՝ մեկին նեղացնելու պատճառով, եւ չի տեսել նրան:

Ի դեպ, Սեդրակյանին եւ նրա՝ «Վերին էության կամքով» «սեփականաշնորհած» «Սասնա Ծռեր»-ի կամ իր հասկացած «արիական գաղափարաբանության» կամ «հեթանոսական հավատի» որոշակի դրույթներ (հատկապես որ նա ներկայացել է որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ) նույնպես կապում են Իսագուլյանի հետ, ով այս առնչությամբ ասել է, թե «Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու անգամ է տեսել, երբ Քոչարյանի խորհրդականն էր անվտանգության հարցերով, էլ երբեք չի տեսել»:

Ինչպես երեւում է՝ այս խմորը դեռ շատ է ջուր քաշելու եւ չի բացառվում, որ ներքին ու արտաքին խառնակիչ ուժերի շահերը, ինչպես հաճախ է պատահում, համընկել են նախագահական ընտրությունները շահարկելու հարցում՝ իհարկե, յուրաքանչյուրն իր նպատակը հետապնդելով: Պետք է հուսալ, որ այդ գործը սուբյեկտիվ շեղումներ չի ունենա, ավելին՝ չի «սառչի», ինչպես «Սիվիլիթաս»-ի հետ կապված «փողերի լվացման» կամ «Լեւոն Զուրաբյան – Վարդան Օսկանյան գաղտնալսման» գործերը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։