Կրոնական խարդավանքներ, որ կարող են ցնցել աշխարհը -

Պապը՝ պահպանողականների ու ազատականների զոհ

Հաստատվեց Հռոմի Պապի հրաժարականը, եւ սա շուրջ 700 տարվա մեջ եզակի դեպք է: Թերեւս կարելի է հիշել, որ ինքնահրաժարական եղավ մոտ 600 տարի առաջ՝ 1415թ., երբ գահից հրաժարվեց Գրիգորիոս 16-րդը: Սակայն այսօր բոլորովին այլ իրավիճակ է, այլ ձեւակերպումներով: Ինչեւէ, «Վատիկանի Ռադիո»-ի պաշտոնական կայքը արդեն հրապարակել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի գահից հրաժարվելու մասին կոնդակը: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ սիրո եւ աշխատանքի համար, եւ ներողություն է խնդրել իր թերությունների առումով: Հռոմի Պապը վստահություն է հայտնել, որ իրենց եկեղեցու բարձրագույն հովիվը, իրենց Աստված Հիսուս Քրիստոսը եւ նրա մայր Մարիամը կօգնեն կարդինալներին, որպեսզի կարողանան ընտրել նոր պոնտիֆիկոսի: Իսկ ինքը ցանկություն է հայտնել ապագայում ծառայել Տիրոջ Սուրբ Եկեղեցուն, նվիրելով իրեն աղոթքի:

Հետաքրքիր է, որ այժմ ամենայն մանրամասնորեն են ներկայացվում Հռոմի Պապի կյանքն ու գործերը: Անգամ հիշեցնում են, որ ազգությամբ գերմանացի Յոզեֆ Ռատցինգերը (պատանի Բենեդիկտոս 16-րդը) պատանեկության տարիներին եղել է «հիտլերյուգենդի» անդամ ու 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել Ավստրիական լեգիոնում: Պատերազմի ավարտից հետո գերեւարվել է, որտեղից ազատվելով՝ ընդունվել Մյունխենի համալսարանի աստվածաբանության բաժին: 1978թ. դարձել է Կաթոլիկ եկեղեցու կարդինալ, իսկ 2005թ. կարդինալների որոշմամբ դարձել Հռոմի Պապ՝ Բենեդիկտոս 16-րդ անվամբ:

Այսպիսով, 2013թ. փետրվարի 28-ին, ժամը 20.00–ին, Հռոմի՝ Սուրբ Պետրոս Առաքյալի գահը մնաց թափուր, եւ նրանք, ովքեր իրավասություն ունեն հրավիրել կոնկլավ, կընտրեն նոր բարձրագույն պոնտիֆիկոսին:

Ամբողջ աշխարհում մեկնաբանում են Պապի հրաժարականը: «Ես խորապես հարգում եմ Բենեդիկտոս XVI-ի որոշումը, վստահ եմ, որ այն ուղղված է եկեղեցու բարօրությանը»,- ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին: Իսկ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ խորապես հիացած է հովվապետի քայլով, որն այդքան պատասխանատու եւ ազնիվ է: Եվ շատերն են սա համարել «համարձակ քայլ»: Սակայն բացասական արձագանք է եղել Լեհաստանից. տեղի հոգեւորականները, հիշելով ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս 2-րդի կառավարման վերջին 6 տարիները, երբ նա հիվանդ էր, ասել են. «Խաչից չեն հրաժարվում»: Իսկ Հռոմի Պապին, ով իր հրաժարականը մեկնաբանել է տարիքով եւ հոգնածությամբ պայմանավորված, հերքել է Վատիկանի մամլո ծառայությունը՝ հասկացնելով, որ դա չէ պատճառը: Փետրվարի 10-ին Բենեդիկտոս 16-րդը հայտարարեց. «Մենք պիտի ապավինենք Աստծո ողորմածությանը: Մենք բոլորս մեղավորներ ենք, սակայն Նրա շնորհիվ փոխակերպվում եւ լիանում ենք»:

Այսպես Պապի հրաժարականի «պարզ շարժառիթը» կարծես այնքան էլ պարզ չէ, չնայած Բենեդիկտոս 16-րդը նշել է. «Ժամանակակից աշխարհում Հռոմի Պապը պետք է բավականին առողջ լինի՝ ելույթներ ունենալու եւ եկեղեցական ծեսերին մասնակցելու համար, իսկ իմ առողջական վիճակը վերջին շրջանում գնալով վատթարանում է»: Բայց վերլուծաբանները պնդում են, որ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը պահպանողական բնույթ ուներ եւ դա խոչընդոտող էր: Օրինակ՝ լեհ Հովհաննես Պողոս 2-րդն իր գահակալության ժամանակ նորարարական քայլեր արեց՝ այցելեց մզկիթներ, սինագոգներ, ներողություն խնդրեց խաչակրաց արշավաքների, Ջորդանո Բրունոյին (16-րդ դար, իտալացի փիլիսոփա, պոետ) այրելու եւ գիտնականներին հետապնդելու համար, քրիստոնեական մյուս եկեղեցիներն անվանեց քույր-եկեղեցիներ եւ այլն, եւ դա «ազատագրեց» Վատիկանի անհաշտ կերպարը:

Վերլուծություններում համոզմունք է հայտնվում, թե ազգությամբ լեհ Պապը արեց խիզախ եւ նոր քայլեր, բայց ոչ ամենապահպողանական քայլերը եւ, կյանքից հեռանալով, իր հաջորդին թողեց մի սահմանի վրա, որը նույնիսկ ինքը, ինչպեսեւ մյուս Պապերը չէին կարող անցնել առանց աղմուկի: Խոսքը հոգեւորականների ամուսնության, կին քահանաների, համասեռականների

ամուսնության եւ ոչ պահպանողական այլ հարցերի մասին է, որոնց եկեղեցին չէր արձագանքում: Իսկ ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը այնքան էլ ոգեւորված չէր համասեռականների ամուսնություններով, մանկապիղծների եւ նմանների՝ եկեղեցիներ այցելելով, կին քահանաների ներդրման հարցերով: Սրան էլ գումարվեց Հռոմի Պապին բաժին ընկած այն ժամանակաշրջանը, երբ հակասությունը քրիստոնեության եւ իսլամի միջեւ վերստին սրվել էր: Նա 2006թ. ելույթներից մեկի ժամանակ մեջբերեց բյուզանդացի կայսր Մանուիլ 2-րդ Պալեոլոգի այն խոսքերը, թե «Ցույց տվեք ինձ՝ ինչ նոր բան է բերել Մուհամմադ մարգարեն (իսլամի հիմնադիր), եւ դուք կտեսնեք, որ միայն չար ու անմարդկային բաներ՝ ինչպես օրինակ կրոնը սրով տարածելը»:

Մահմեդականներն արագ արձագանքեցին՝ հիշեցնելով խաչակրաց արշավանքները: Հետո Պապն այցելեց Թուրքիա եւ կրկին հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ, որում ասվում էր. «Եթե Արեւմուտքում մուսուլմանները պահանջում են, որ իրենց վերեբերվեն հանդուրժողականության արեւմտյան իդեալներին համապատասխան, ապա Արեւելքում եւս քրիստոնյաները պետք է նման իրավունքներ ունենան: Իսկ դրա համար, Արեւմուտքն այլեւս չպետք է թաքցնի իր քրիստոնեական ինքնությունը, ինչը որ մինչեւ այժմ արել է՝ վախենալով այլադավաններին վիրավորելուց»: Իսկ Աֆրիկայում նա անգամ հանդես եկավ պահպանակների դեմ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար էլ առաջարկեց «զուսպ լինել ու հավատարիմ»:

Եվ արդեն նշվում է, թե Բենեդիկտոս 16-րդը իրեն պահում էր որպես «մեծ պահպանողական» եւ ազատամտության որեւէ մոտեցում չէր դրսեւորում, ուստի տպավորություն ստեղծվեց, որ կաթոլիկ եկեղեցին հետընթաց է ապրում, «ինչ-որ բան այն չէ կաթոլիկ եկեղեցու ներսում»:

Բայց… կա մի բայց էլ, համաշխարհային եկեղեցու առաջնորդ լինելը նշանակում է, որ պետք է շատ զգոն լինել, որ «հոտում կան հարուստ, զարգացած, հանդուրժող ժողովուրդներ, որոնք ազատություն են պահանջում (համեմատվելով, օրինակ, բողոքակաների հետ), բայց հոտի մեջ են մտնում ավելի պահպանողական արեւելաեվրոպացիներ, լատինամերիկացիներ, որոնք սարսուռով են նայում Եվրոպայում իրենց կաթոլիկ-եղբայրների ազատություններին»:

Եվ Հռոմի Պապը ստիպված է լինել բոլորի առաջնորդը, ինչը անչափ դժվար է: Հատկապես, որ «հոտի հարուստ, զարգացած, հանդուրժող ժողովուրդները» լծվել են համաշխարհային գլոբալիզացիայի սայլին եւ հոգեւոր-աղանդավորական, սեռամոլագարական ու սանձարձակ կյանքի ազատությունները փորձում են այլեւս փաթաթել պահպանողական եկեղեցական համակարգին եւս: Եթե լեհ Հովհաննես Պողոս 2-րդը դա «հասկացավ» եւ զիջեց, ապա գերմանացի Բենեդիկտոս 16-րդը սկսեց դիմադրել:

Իսկ եվրոպական, ամերիկյան, անգամ անգլիական եկեղեցիներից շատերում սանձարձակությունները մուտք են գործել:

Հայտնի է Վատիկանի հոգեւոր եւ նյութական ուժային հնարավորություններն աշխարհում, ինչը կարծես թե գործածվել էր ոչ միայն աշխարհի գաղտնի տերերի նպատակների համար:

Վերլուծաբան Ալեքսանդր Բաունովն իր ծավալուն հոդվածում եւս շեշտում է Բենեդիկտոս 16-րդի՝ գերմանացի լինելու հանգամանքը: «Սլավոնացի Պապի (Հովհաննես Պողոս 2-րդի) 27-ամյա կառավարումից հետո շատ իտալացիներ ցանկանում էին, որ հաջորդ Պապը լինի իտալացի: Պապական գահակալության ամբողջ պատմության ընթացքում Պապերի ճնշող մեծամասնությունն իտալացի է եղել: Իսպանալեզու կաթոլիկները դա չէին ցանկանում. նրանք ցանկանում էին, որ Պապն ի վերջո լինի լատինամերիկացի: Իսկ դրան դեմ էին ոչ միայն իտալացիները, այլեւ գերմանացիները, ֆրանսիացիները, նիդեռլանդցիները: Եվ ահա գերմանացի Պապը դարձավ ազգային փոխզիջումային տարբերակ (ի միջի այլոց, չի բացառվում, որ հաջորդ Պապը լինի սեւական՝ Աֆրիկայից): Այդ պատճառով էլ ընտրվեց բավականին հեշտ (ի տարբերություն Հովհաննես Պողոս 2-րդի)՝ երրորդ քվեարկությունից»:

Բաունովի կարծիքով՝ այստեղ էլ եկեղեցուն բնորոշ վիճակ էր՝ տարակարծություն, քննարկումներ, նույնիսկ կոնֆլիկտներ նրա ազատասեր ու պահպանողական հատվածների միջեւ:

Բանն այն է, որ ազատասեր հատվածը նոր բարեփոխումներ էր ցանկանում, իսկ պահպանողական մասը՝ տեղում մնալ եւ չշարժվել, իսկ «Բենեդիկտոսն էլ չէր կարող վերցնել ու փակել նրանց մի մասի բերանը եւ եկեղեցին հռչակել մյուսների եկեղեցին. նա դա չէր կարող անել՝ նախ խիղճը թույլ չէր տա, հետո էլ պարադոքս է, բայց նա չուներ իրական լիազորություններ»:

Հետաքրքիր է, ինչպես գրում է «Bild»-ը, Հռոմի Պապի հրաժարականը «գուշակել» էր գերմանական «Karicartoon 2013» օրացույցը: «Espresso» հրատարակչության ծաղրանկարներով՝ օրացույցում համապատասխան ծաղրանկարը տեղադրվել էր փետրվարի 10-ի էջում, եւ նկարում Հռոմի Պապը հեռուստացույցի առջեւ նստած լրացնում է լոտոյի տոմսը: Երբ նա հասկանում է, որ հաղթել է, ասում է. «Տեր Աստված, վաղը եւեթ հրաժարական եմ տալու»:

Փետրվարի 11-ին Պապը, իրոք, հրաժարական է տվել:

Հռոմի Պապի հրաժարականից հետո կայծակը հարվածել է Սբ. Պետրոսի տաճարին:

Իսկ թե սա ինչ է նշանակում, կպարզվի հետագայում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։