- Հայոց Տրնդեզ – տոնն է Տիեզերքի Արարչի (Քուրմ Արմոգ)…

- Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…

- Տրնդեզին ընդառաջ՝ ավելուկով հաց…

Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին

Փետրվարի 13-ին քաղաքամայր Երեւանի Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:

Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները:

Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ սփյուռքից հյուր եկած հայ հեթանոսներն ու ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչներ:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման ծիսակարգ, գինեձոներ ու փառաբանումներ հնչեցին, եւ հայ-արիներն ու ազգայնականները բոցաշունչ պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին-պարեցին ու երկրպագեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին:

Ձոն Արարչին

- ՏԵՐ

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-

Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,

Երազների կուռք-երազ արթմնի®

Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,

Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,

Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,

Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,

Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-

- Կանչը մեր հոգու,

- Զարկերը՝ սրտի,

- Միտքը՝ ուղեղի,

- Փա՛ռքն ու աղոթքը՝

կյանքի ու մահի®

- Տե՜ր Ամենայնի:

* * *

Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Խորհուրդ Երդումի

Հա՜յր իմ ԱրԱրիչ,

Մա՜յր իմ Բնություն,

Տու՜ն իմ Տիեզերք.

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

Գալի՛ս եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ ես Ձեզ…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ անցկացրեց Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ:

Իրապես փառաբանվում է Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ են գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Իսկ գարնան մարտիմեկյան այցը հերթական տիեզերափուլով կպարգեւի Աստվածահայր Արան, ինչը նույնպես տոնի կվերածվի եւ կտեւի մինչեւ Հայարիական Նոր տարին՝ մարտի 21-ը:

Քուրմ Արմոգ

Հայ Արիական Միաբանություն Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

Հ.Գ. – Հայ առաքելական եկեղեցին որոշակի դադարից հետո, կրկին փորձում է հայերին համոզել, որ Տրնդեզն անեն ոչ թե ամսի 13-ին, այլ՝ 14-ին, եւ փորձում է վերստին Տիեզերքի Արարչի տոնը վերածել Քրիստոսի հերթական մի տոնակատարության:

Բայց հայերը նշում են ինչպես միշտ, եւ ի հեճուկս ոմանց ազգամերժ կեցվածքի, թռչում են հեթանոսական կրակի վրայով ու խինդով լցնում հայոց երկիրը ու նոր գարուն մաղթում միմյանց:

* * *

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…

Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երեւույթը, ո՛չ ինքը: Բայց եւ ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց եւ իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երեւույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում՝ նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց եւ որքա՜ն հուսացող է նա: Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է…

Դերենիկ Դեմիրճյան («Ո՞վ է Հայը», հատված)

* * *

Տրնդեզին ընդառաջ՝ ավելուկով հաց

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը

Ավելուկ – 1 կապ

սալորաչիր – 150 գ

սոխ – 0.5 կգ

սխտոր – 4 պճեղ

բուսայուղ – 150 գ

կարմիր պղպեղ (փոշի)

ալյուր – 1 կգ

ջուր – 700 գ

աղ – 5 գ

շաքարավազ – 5 գ

խմորիչ – 15 գ

Պատրաստման եղանակը

Նախ խմորը պատրաստել:

Դրա համար խմորիչը ջրում բացել, ավելացնել շաքարավազը, աղը: Սրան ավելացնել ալյուրը, 10 րոպե հունցել խմորը, թողնել հասունանա՝ 1 ժամ:

Ընդ որում՝ խմորի երեսին բուսայուղ քսել, որպեսզի հեշտ հասունանա:

Այս ընթացքում նախապես թրջած ավելուկը եփել: Առաջին ջուրը, 10 րոպե եռալուց հետո, թափել, որպեսզի ավելուկը դառնահամ չլինի:

Վերջնական եփելուց հետո ջրքամել:

Այնուհետեւ պատրաստել սոխառածը (սոխը՝ լուսնաձեւ կտրատած), ավելացնել սխտորը, կարմիր պղպեղը ու նախապես թրջած, կտրատած սալորաչիրը: Այս ամենը խառնել ավելուկին:

Հիմա ժամանակն է արդեն հասունացած խմորը կրկին հունցելու:

Հունցելուց 10 րոպե հետո բաժանել խմորը 15 գնդերի: Ամեն գունդը թողնել 10 րոպե հանգստանա եւ պատրաստի միջուկը լցնել բացած խմորի վրա, եւ խմորը հավաքել լուսնաձեւ (այսպես բոլոր գնդերը):

Հետո միջուկով խմորը շրջել հակառակ ուղղությամբ, թողնել 5 րոպե:

Դրանից հետո հերթականությամբ բացել, լոշիկի տեսք տալ եւ թավայում տապակել՝ առանց բուսայուղի:

Ու քանի որ մեր այսօրվա հացը Տրնդեզի առիթով է, ուրեմն՝ թող Արարչի օրհնությունը հացի հարգն իմացող մարդկա՛նց սեղանից անպակաս լինի:

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։