- Աշխարհաքաղաքական ընտրության ծածկագիրը…

…երկու ռազմական դաշինքների հետ հաջողված փորձը եւս կարող է հուշել այն գաղտնաբառը, որը թույլ կտա օգտակար երկկողմանի բանակցություններ վարել այս ընթացքում…

- Ու՞մ հետ կաշխատեն մեր նախագահները…

- Երկու ախպեր՝ մի անխելքի…

- Թուրքական բանակից հրաժարվում են…

Աշխարհաքաղաքական ընտրության ծածկագիրը

ԱՄՆ-ԵՄ երկյակի տված վերջնագրի պատասխանը կլինի՞ ՀՀ անդամակցությունը Եվրասիական Միությանը, թե՞ կարելի է մնալ բեւեռների կենտրոնում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում անդրադարձ է կատարել նաեւ ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններին, նշել է, որ պատրաստակամ է բանակցություններ սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ:

Ինչպես եւ սպասելի էր, Եվրամիության պատասխանը չուշացավ, հենց հաջորդ օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց ԱՄՆ եւ ԵՄ միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին:

Երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ առավելագույնը 2 տարվա ընթացքում կհաջողվի ավարտել բանակցությունները՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք կարող են առաջանալ բանակցությունների ընթացքում:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ԵՄ այս համաձայնագրի հաջողության դեպքում տեղի ունենան աշխարհաքաղաքական նոր վերաձեւավորումներ: Չնայած այս երկյակը հաճախ էր հանդես գալիս միասնական դիրքերից, այնուամենայնիվ, համաձայնագրի ընդունումից հետո Վաշինգտոնը կմեծացնի ճնշումը այն պետություների վրա, որոնք կհամարձակվեն կոմնորոշվել դեպի այլ աշխարհաքաղաքական կենտրոններ:

Այստեղ մտահոգում է նաեւ Հայաստանի կարգավիճակը, մեր երկիրը ստիպված է լինելու դիմակայել ոչ միայն Ռուսաստանի եւ Եվրամիության, այլեւ արդեն Միացյալ Նահանգների ավելի կտրուկ ճնշումներին: Մոսկվան այսօր էլ հետամուտ է Եվրասիական Միության ստեղծմանը, որի դեպքում ակնկալում է իր ռազմավարական գործընկերներին կտրել Եվրոպական Միությունից:

Եվ ահա, կարող է նաեւ մի երրորդ ուղղություն եւս «հարվածներ» հասցնել աշխարհաքաղաքական իր շահերից ելնելով:

Դեռ հիմա է Հայաստանը կանգնած ընտրության առջեւ՝ կատարել այդ ընտրությունը Եվրասիական Միության, որ նույնն է, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-Եվրոպական Միություն դաշինքի միջեւ:

Մինչեւ այժմ Հայաստանին հաջողվել է զարգացնել նորմալ հարաբերություններ այդ երկու ուղղությունների հետ, սակայն մոտ ապագայում այդ հնարավորությունը կարող է եւ չլինել՝ կախված նոր ստեղծվելիք Եվրասիական Միության եւ ԱՄՆ-ԵՄ ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների հետ:

Մեր երկիրը պետք է ճիշտ կատարի իր ընտրությունը կամ կարողանա շարունակել փոխլրացման քաղաքականությունը, որպեսզի չտուժվի Արցախի հարցը, մեր աշխարհագրական դիրքը իր խանգարող գործոններով չակտիվանա, հարեւան պետությունների հետ հարաբերությունները չլարվեն եւ այլն:

Գուցեեւ հնարավոր լինի միջոց գտնել ռազմատնտեսական եւ աշխարհաքաղաքական համագործակցության եզրերը համադրելու այս երկու կենտրոնների միջեւ: Թերեւս պետք է աշխուժացնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի եւ Եվրասիական Միության հետ հարաբերությունների զարգացումը՝ կտրուկ չպատասխանելով ԱՄՆ-ԵՄ երկյակի կողմից հնարավոր առաջարկներին:

Գուցե ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ երկու ռազմական դաշինքների հետ հաջողված փորձը եւս կարող է հուշել այն գաղտնաբառը, որը թույլ կտա օգտակար երկկողմանի բանակցություններ վարել այս ընթացքում:

Հայկ Թորգոմյան

Ու՞մ հետ կաշխատեն մեր նախագահները

Ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, ով էլ ընտրվեր ՀՀ նախագահ, երկրի արտաքին քաղաքականությունը էականորեն չէր փոխվի: Պատճառն, ըստ քաղաքագետի, մեկն է՝ ներքին համակարգը: Պետք է հենց այդ համակարգը փոխվի, այլ ոչ թե անձերը:

Ինչպես արտաքին քաղաքականությունում, այնպես էլ ներքին, «տնտեսական եւ օլիգարխների խնդիրը լուծելու համար ռազմավարական տեսլական պետք է լինի»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ միջազգային հանրության համար մեծ հաշվով միեւնույնն է, թե ով կդառնա երկրի նախագահ: Ավելի կարեւոր է, թե ինչպես կընթանային ընտրությունները, քանի որ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում էր, թե ով կդառնա երկրի նախագահ:

«Չեմ կարծում, որ ինչ-որ երկիր օժանդակում է թեկնածուներից որեւէ մեկին: Թեեւ միջազգային հանրության համար ամենաճանաչված թեկնածուն Սերժ Սարգսյանն է, բայց այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ այլ պետությունների միջամտություններն ավելի քիչ են, քան նախորդներում»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ եթե Եվրամիությունն ու Միացյան Նահանգները շահագրգռված են, որ Հայաստանն ունենա ժողովրդավարական ընտրություններ եւ լեգիտիմ նախագահ, ապա Ռուսաստանի համար միեւնույնն է, այստեղ «հասկանում են, որ ով էլ ընտրվի նախագահ, կաշխատի Ռուսաստանի հետ. Ղարաբաղի հարցը լուծված չի, հայ-թուրքական սահմանը փակված է, այս պայմաններում մեր միակ ռազմավարական դաշնակցից հո չե՞ք հրաժարվի»,- ասել է քաղաքագետը:

Նա համոզված է, որ լեգիտիմ նախագահի դերում արեւմուտքն առավել ուրախ է՝ կրկին տեսնելով Սերժ Սարգսյանին:

Արման Դավթյան

Երկու ախպեր՝ մի անխելքի

Anadolu գործակալության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Թուրքիան պետք է պարզաբանի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ուղղված շնորհավորական ուղերձի հարցը»: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը. «Մամուլից ինձ հայտնի է դարձել, որ նախագահ Աբդուլլահ Գյուլն իբր թե շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ես հստակ տեղեկատվություն չունեմ, որովհետեւ պետք է ուսումնասիրեմ այս հարցը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Եվ եթե իրականում նման շնորհավորանք եղել է, դա Թուրքիայի, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումն է, բայց այն պետք է հստակեցվի»:

Թուրքիան դեռ պատասխան չի տվել, որովհետեւ մեծ ախպերն է, ինչ կուզի՝ կանի, իսկ Բաքուն թող պատասխան տա, թե ինչու է առանց Անկարայի գիտության, նոր գազային բանակցություններ սկսել Մոսկվայի հետ:

Թուրքական բանակից հրաժարվում են

Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հրապարակել է վերջին 3 տարվա ընթացքում հրաժարականի դիմում ներկայացրած թուրքական բանակի զինվորականների թիվը:

Ըստ այդմ, 2009թ. հունվարից մինչեւ 2012-ի հունվարն ընկած ժամանակահատվածը Թուրքիայի զինված ուժերում ծառայության մեջ գտնված 13.751 զինծառայող հրաժարական է տվել: Ի դեպ, ուշագրավ է այն, որ նրանց շարքերում են եղել բազմաթիվ գեներալներ, ծովակալներ, սպաներ եւ ենթասպաներ: Նշված ժամանակամիջոցում 4.967 զինվորական պարզապես չի ցանկացել երկարացնել զինուժի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:

Մեր կողմից հիշեցնենք վերջերս թուրքական բանակի հետ կապված սկանդալները, երբ համասեռամոլներին բանակից ազատելու համար նրանց իսկ սեռական ակտերի նկարահանումները տարածվել էին, ու գործին խառնված էին եղել բարձրաստիճան զինվորականներ: Դա հիմք էր դարձել, որպեսզի խոհանոցային որոշ մանրամասներ դուրս սպրդեն, այն է՝ բարձրաստիճան զինվորականները այդ նկարահանումները տարածել էին պոռնոգրաֆիայի սեւ շուկայում եւ զգալի գումար վաստակել: Ու երբ դա բացահայտվել էր, զինվորականները իրենց գումար աշխատելը պայմանավորել էին ոչ բավարար վաստակով: Պարզվել էր նաեւ, որ զինվորականները համասեռամոլ մարմնավաճառների են կանչում բանակ՝ հատուկ նկարահանելու համար: Դա խոստովանել էին գաղտնի գործով անցնող մարմնավաճառները:

Ահա այսպիսի թյուրքական բարքեր, ինչը ենթադրում է, որ այդ «բացահայտումը» հաստատ բանակային բիզնես շահերի բախման հետեւանք է եղել:

Ու սրանք էլ իրենց դարդը թողած՝ ամբողջ օրը մեր բանակից են խոսում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։