- Որտե՞ղ է մեծ դռան մեծ կողպեքի բանալին…

…Երեւի Հայաստանը մի մեծ դուռ ունի, որը չենք տեսել ազգովի, բայց մեծ դռան մեծ կողպեքի բանալիները պահանջվել են… Իսկ գուցե Արեւմուտքի օժանդակությանն է դիմել՝ բանալիների պատճենը Վաշինգտոնում կամ Բրյուսելում սարքելու համար: Մի խոսքով, սարերի քամին քիչ էր, սարի սմբուլն էր պակասում, ու հիմա ընկել երկրով մեկ բանալի ենք փնտրում…

- Հայոց Էպոսը պատժեց, մնաց Տիեզերքը…

…Այդպես էլ իր նշած՝ 81% ձայները չհավաքած թեկնածուն, ով, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքերի, ստացել է 0,42%: Ըստ երեւույթին «էպոսագետը» մոռացել էր 81-ից առաջ եղած 0-ն ասեր, չնայած հավաքած ձայները անգամ 0,81% չեղան:

Որտե՞ղ է մեծ դռան մեծ կողպեքի բանալին

Նախագահական թեկնածուների մեջ 2-րդը ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել էր, թե վերջապես այսքան տարիներից հետո հաղթեց ժողովուրդը, նա էլ անցավ հանրահավաքային հնեաբանությանը… Փոխարեն այսքան տարիներից հետո ժողովրդի հաղթանակը ողջունվեր եւ ժողովրդին ու պետությունը համախմբելու փորձ արվեր, իրականացվում է Արեւմուտքի որոշ խառնակիչների հերթական «սադոմազոխիստական» ծրագիրը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: Դրան պատասխանեց ՀՀ նախագահի մամլո քարտուղարը. «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013թ. նախագահական ընտրությունները լավագույնն էին ՀՀ 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգեւորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում: Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին, ապա նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»:

Իսկ հովհաննիսյանական թեւը ոգեւորված նշել է, թե հանդիպման առաջարկը ճիշտ չի ընկալվել եւ առաջակը ակնարկ էր, որ գործող եւ վերընտրված նախագահը պետք է գա Ազատության հրապարակ եւ «հանձնի բանալիները»: Երեւի Հայաստանը մի մեծ դուռ ունի, որը չենք տեսել ազգովի, բայց մեծ դռան մեծ կողպեքի բանալիները պահանջվել են…

Հետո, երբ Սերժ Սարգսյանը այդպես էլ չտարավ այդ բանալիները, Րաֆֆի Հովհաննիսյանը իր ոտքով գնաց Բաղրամյան 26 եւ… վերցրե՞ց բանալիները: Չասաց՝ «դիվանագիտակա՜ն հանդիպում էր», այսօր կխոսի: Կխոսի՞ արդյոք: Իսկ գուցե Արեւմուտքի օժանդակությանն է դիմել՝ բանալիների պատճենը Վաշինգտոնում կամ Բրյուսելում սարքելու համար: Մի խոսքով, սարերի քամին քիչ էր, սարի սմբուլն էր պակասում, ու հիմա ընկել երկրով մեկ բանալի ենք փնտրում…

Արտակ Հայոցյան

Հայոց Էպոսը պատժեց, մնաց Տիեզերքը

Ըստ panorama.am-ի, մինչ մյուս նախագահացուները ընտրական գործընթացին են հետեւում, Վարդան Սեդրակյանը տանը նստած քյուֆթա էր ուտում: Այս թեկնածուն ընտրության օրը տարբերվել է մյուս թեկնածուներից իր արտասովոր վարքագծով: Եթե բոլոր թեկնածուները կամ նրանցից շատերը ամբողջ թիմով աշխատել են հետեւել ընտրական գործընթացին եւ իրավիճակը կառավարելի դարձնել, ապա «էպոսագետը» առավոտյան գնացել է «հիվանդանոց, այնուհետեւ վերադարձել տուն, սուփրա սեղան փռել ու կինո է դիտել»: «Գիտե՞ք հիմա ինչ եմ անում, «Շողակաթ»-ով էն շան մասին հայտնի ֆիլմն եմ նայում՝ փափուկ բազկաթոռիս մեջ նստած: Ավստրալիական ֆիլմա, էնքան լավնա, ես շատ եմ սիրում, որովհետեւ ուսանողական ժամանակներում էս ֆիլմը շատ էի դիտում: Էս պահին, օրինակ, շանն են պաչում, ընտանիքով, հենց հիմա միացրեք, դուք էլ կնայեք: «Լիսան» շատ լավ ֆիլմա: Չգիտեմ՝ հիշում եք, թե չեք հիշում, ասուլիսներից մեկի ժամանակ ասել էի՝ էսօր տղայիս ծնունդնա, համ էլ: Իմ ընկերներով հավաքվել, նստել, նշում ենք»,- կայքին տեղեկացրել է «էպոսագետ» թեկնածուն:

Իսկ այն հարցին թե՝ «ի՞նչ եք կարծում, լուսաբացին կամ առավոտյան, կունենա՞նք առիթ Ձեզ շնորհավորելու՝ որպես ընտրված նախագահ», պատասխանել է. «Դե…հիմա, եթե էս ամեն ինչը շատ սիրուն խաղարկվեց, ամսի 21-ին ես հայտարարություն կանեմ… Ձեզ մենակ մի բան կասեմ, որ նախագահական ընտրությունները նոր միայն սկսում են:

Ընտրություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը չներկայացավ այդպես էլ իր նշած՝ 81% ձայները չհավաքած թեկնածուն, ով, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքերի, ստացել է 0,42%: Ըստ երեւույթին «էպոսագետը» մոռացել էր 81-ից առաջ եղած 0-ն ասեր, չնայած հավաքած ձայները անգամ 0,81% չեղան:

«Դե ըտենց պատահում է մեծ քաղաքականության մեջ, պետք չէ դրանից մեծ դժբախտություն սարքել»,- ասել է այս թեկնածուն:

Ինչո՞ւ այդպես ստացվեց: «Չեք կարողանում պատկերացնել, թե ինչու այդպես ստացվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ թատերական հրապարակից ասում էր, ես այստեղ եմ քնում, ես այստեղ եմ սափրվում, այստեղից գնալու եմ նախագահի նստավայր: Երբեւիցե իրեն հարցրե՞լ եք, թե ինչու այդպես չեղավ»,- արձագանքել է արդեն նախկին թեկնածուն: Իսկ բողոքարկելու խնդիրը դեռ որոշելու է, ըստ իրեն՝ վատառողջ է եւ բուժվում է այժմ:

Նախկին էպոսագետ եւ ներկայիս դիցաբան Վահագն Նանյան

* * *

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է նախնական դիտարկումներ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ. «Որեւէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք ու վստահելի, եթե ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե նշյալ ընտրախախտումների մասին քանի ահազանգ է եղել եւ քանիսն են եղել հիմնավոր՝ ընտրակաշառքի բաժանում, կրկնակի քվեարկություն, ուղղորդված քվեարկություն, քվեաթերթիկի լցոնում, հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում, ձայների հաշվարկի արդյունքների կեղծում»: Իհարկե, համապատասխան հաղորդագրություններով հանդես են եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը:

* * *

«Այլընտրանքային» ուժի՝ ԲՀԿ-ի մեծաթիվ ներկայացուցիչներ ամբողջ ընտրական ընթացքում ՀՀԿ տեղական շտաբների «աշխատակիցների» էին վերածվել: Չնայած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «պրիստիժնի» չմասնակցեց ընտրություններին, սակայն ըստ ՀՀԿ-ականների, ԲՀԿ-ականները «իրենց կոտորում են, որ կոալիցիա մտնեն, բայց դե էլ ինչների՞ս են պետք»…

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։