Ետ տվեք մեր փողերը – Կամ՝ 8 միլիոնը քամուն տալու «արվեստը»

- Թվերի խաղի աշխարհում…

- …«ազգային համաձայնության կառավարություն» կստեղծվի՞…

Ետ տվեք մեր փողերը…

Նախագահական ընտրություններն անցան այնպիսի մթնոլորտում, որ ոչ մի բանի պակաս չզգացվեց: Անգամ կարծիքներ եղան, թե ոմանց միջոցով անլրջացվում են այս ընտրությունները: Ընդհանրապես փորձ եղավ անմրցակցային դարձնել ընտրությունները, իբր առկա թեկնածուների պարագայում գործող նախագահի վերընտրությունն անխուսափելի է ու միանշանակ:

Նախագահի թեկնածուներից Արման Մելիքյանը հենց սկզբից հայտարարեց, թե մինչեւ իրեն չտրամադրեն ՀՀ-ից հեռացածների ցուցակները, ինքը չի մասնակցելու քարոզարշավին: Վերջում հրաժարվեց անգամ քվեարկությությանը մասնակցել եւ ընտրողներին կոչ արեց, որ եթե ցանկանում են պայքարել իշխանության դեմ, ձայն տան իրեն, քանի որ միեւնույնն է այսպես՝ «տանը նստած» հաղթելու դեպքում նույնիսկ, չի ճանաչելու ընտրությունների արդյունքները: Սա եզակի երեւույթ է նաեւ համաշխարհային ընտրապատմության մեջ:

Վերջում այս՝ արդեն նախկին թեկնածուն ներկայացրել էր թվեր ու հաշվարկներ, իր 8 մլն. դրամը քամուն տալը մաթեմատիկորեն բացատրելու համար: Նախ՝ նշել էր «ադրբեջանահայ փախստականների մասին, որոնց թիվը ժամանակին եղել է 362 հազ.», եւ ահա, իրեն հայտնի չէ նրանց երկրում լինել-չլինելը, ապա եւ՝ ընդունելով հայտարարությունում իր ներկայացրած հաշվարկների տրամաբանությունը, գտել էր, որ որպես ընտրող գրանցված քաղաքացիները կազմում են ընդհանուր բնակչության 84%-ը եւ այդ տոկոսային հարաբերակցությունը կիրառելով՝ ՀՀ-ից հեռացած 1,5 մլն. քաղաքացիների մեջ ձայնի իրավունք ունեցողների քանակը ճշտելով կստացվի, որ ՀՀ-ից հեռացել է 1.260.000 ընտրող, կամ ընտրացուցակներում ներառված ընտրողների մոտ 50%-ը: Այս իրավիճակում, եթե հավատալու լինենք ՀՀ-ում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումներից հետո հրապարակված տվյալներին, որոնց համաձայն ընտրություններին կմասնակցի հարցվածների 56%-ը (իսկ այդ հարցումներն անցկացվել են բացառապես ՀՀ տարածքում), ապա ընտրության օրը քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազ. ընտրող»: Եվ նեղացած ու այս ամենի մասին հենց նոր իմացած Ա. Մելիքյանը եզրահանգել է. «Ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ, ՀՀ-ն ունի 2.501.597 գրանցված ընտրող, որոնցից միայն 28.859-ն են երկքաղաքացիներ, եւ մշտական բնակչության մոտ 5%-ն էլ, թերեւս, ձայնի իրավունք չունեցող փախստականներն են: Այսինքն, արդեն այս հաշվարկի շրջանակներում, որը արտագաղթի վերաբերյալ տվյալներ բոլորովին չի պարունակում, ստացվում է, որ մոտ 400 հազ. ընտրողներ գտնվում են ՀՀ-ից դուրս: Երբ այս խնդիրը դիտարկում ենք արտագաղթի վերաբերյալ եղած տեղեկատվության վերլուծության համատեքստում, ապա կստացվի ավելի հստակ պատկեր՝ ըստ գնահատականների, ՀՀ-ից հեռացել է մոտ 1,5 մլն. մարդ»:

Ահա թե ինչ զոհաբերության է գնացել այս թեկնածուն, որ քամուն տված 8 մլն. դրամը չի ափսոսացել: Է՜, եղբայր, դրա համար կարիք չկար

նախագահի թեկնածու դառնալ եւ 0% քարոզարշավով թվաբանական հայտնագործություններ անել: Ոստիկանությունն այդ թվերն արդեն տրամադրել էր, եւ կարելի էր անգամ այլ կարգավիճակում գտնվելով էլ այլ հարցումներով դա հստակեցնել: Բայց չէ՜, սա առաջին դեպքը հո չէ, երբ ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը փորձում է դառնալ նաեւ ՀՀ ԱԳ նախարար… Դե հասկանալի է, որ ՀՀ նախագահ չէր դառնալու, ինքը գոնե այդ մասին լա՜վ գիտեր, բայց դիվանագիտական կարողությունները գնահատելու համար պետք էր եւս մեկ անգամ նախագահի թեկնածու դառնալ:

Մեկ այլ նախկին թեկնածու Արամ Հարությունյանն էլ, նախագահ դառնալու համար, ուրիշ նպատակներ էր հետապնդում. բարձր մակարդակով բանակցել իշխանական թեւի հետ որեւէ նախարարի պաշտոնի համար, ինչը փոխհատուցված կլիներ 8 մլն-ն անտեղի վատնելու համար: Եվ նա այդ նպատակին հասնելու համար իր՝ հաճախ իրարամերժ մտքերը հանրության դատին ներկայացրեց: Հետո երեւի փորձեց իշխանամերժ կարգավիճակում դառնալ ընդդիմության թեկնածու՝ առավելապես իր նախկին կուսակից (հեռացել է կամ հեռացվել, կարեւոր չէ) Պարույր Հայրիկյանին հրապարակավ «մեսիջներ» ուղարկելով: Բայց հետո հասկացավ, որ ինչքան իշխանամերժ է, այնքան էլ ընդդիմամերժ է՝ հեռացավ, չարժանանալով Արման Մելիքյանի ճակատագրին:

Անդրիաս Ղուկասյան թեկնածուն առաջին օրից անցավ հացադուլի եւ իր 8 մլն. դրամը ծախսեց… ոչինչ չուտելու համար, այնինչ՝ հազարավոր մարդիկ դա վստահաբար ուտելու (այն էլ՝ խիստ անհրաժեշտը եւ ապրելու համար պարտադիրը) եւ այլ կենցաղային նպատակների համար կծախսեին: Նա միանգամից պահանջեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից, քանի որ նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն կաշառատվությամբ է զբաղվել: Իսկ հետաքրքիր է՝ մյուս մասնակից թեկնածուների փողերը «ճշտվա՞ծ» էին, չարժե՞ր գոնե մի քանիսի հարստության պարզաբանման համար էլ առանձին պահանջ ներկայացնել, օրինակ՝ հենց ՀՀՇ-ական վարչապետ եղած Հրանտ Բագրատյանին: Ինչեւէ, հետո հացադուլավոր թեկնածուն հայտարարեց, թե ընտրակաշառք բաժանող կուսակցությունները պետք է լուծարվեն եւ ապա հրապարակավ առաջարկեց քննարկել քաղաքացիական հասարակության լիրաժեք մասնակցության ձեւերը սահմանադրական կարգ ձեւավորելու համար: Ինձ համար անհասկանալի է նաեւ այս թեկնածուի… թեկնածու լինելը:

Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանը կիսով չափ «տնօրինեցին» իրենց քարոզարշավին ներդրած 8 մլն. դրամը՝ ծառայեցնելով յուրովի: Բացի այդ, 2-ն էլ շաղկապվեցին՝ առաջինիս վրա մահափորձ կատարելու փաստով:

ԱԻՄ ղեկավարը եւ՛ աջակցություն ստացավ մահափորձից հետո, եւ՛ անվստահություն՝ իբր կեղծ մահափորձի կազմակերպման համար, ինչը որպես «շոու» համարվեց հենց նրա կեցվածքի ու իրարամերժ քայլերի համար:

Իսկ իրեն էպոսագետ կոչող թեկնածուն նախագահի հերթական ընտրությունը պարզապես մի ծիծաղաշարժ գործընթացի վերածելու փորձ արեց, ինչը կոմեդիայից դրամայի վերածվելու ճանապարհին է դեռեւս, քանի որ հետընտրական հարցեր կան բաց մնացած, եւ այժմ տրագիկոմեդիայի փուլում է նրա սկսած գործը: Իսկ թե դա ներքին կամ արտաքին պատվեր ուներ կամ այլ բան կա՞ իրականում, կպարզաբանվի:

Ստացվում է՝ հնարավորինս լիարժեք իրենց 8 մլն. ընտրագրավը (իհարկե այլ ծախսերը չհաշված) թերեւս քամուն չտվեցին թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը: Վերջինս նաեւ հաղթեց ընտրություններում, իսկ մյուս 2-ն անձնական վարկանիշներ կուտակեցին, եւ չի բացառվում անգամ գործակցեն իշխանությունների հետ:

Կարեն Բալյան

* * *

Իշխանական կուլիսային խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծվի:

Ըստ այդ զրույցների, ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձեւավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաեւ բարձր ձայներ ստացած թեկնածուները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել ԱԳ կամ սփյուռքի նախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները (ըստ լրատվության մեր աղբյուրների, Բագրատյանն ուզել է ԿԲ նախագահի կամ վարչապետի պաշտոնը): Եվ իբր այդ կառավարությունում ընդգրկվելու են ոչ միայն նախագահի թեկնածուներ, այլ՝ ԲՀԿ-ականներ: ՀՀԿ հայտնի թեւը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձում է լուծել ընտրություններին չմասնակցած ԲՀԿ-ին ապագա կառավարությունում ներգրավելու հարցը: ՀՅԴ-ն էլ կարծես թե դեմ չի լինի կառավարությունում ընդգրկվելուն: Գուցե նաեւ այլ ուժե՞ր հայտնվեն:

Թվերի խաղի աշխարհում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը փորձել է հանդես գալ սոցիոլոգիայի պաշտպանությամբ, եւ հարց է բարձրացրել, թե այն թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ այլոք, ովքեր պնդում էին, թե հաղթելու են մեծաթիվ ձայներ հավաքելով, հիմա կասե՞ն՝ ո՞ւր են նրանց 70-80% ձայները:

Բոլորն էլ ապացուցում էին, թե ունեն այդքան մեծ հնարավորություն եւ մեղադրում էին սոցիոլոգներին՝ կեղծ թվեր ներկայացնելու մեջ:

Նրա խոսքով, լավ կլիներ, որ իր ասուլիսին ներկա լիներ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պնդում է, որ «հենց իր ձայներից են գողացել, ոչ թե Հրանտ Բագրատյանի կամ Պարույր Հայրիկյանի»:

Անդրադառնալով տարաբնույթ սոցհարցումների արդյունքներին՝ սոցիոլոգը հայտնել է, որ մեծ մասամբ դրանք ճիշտ կանխատեսումներ են եղել՝ առաջատար մատնանշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ 2-րդ տեղը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Սոցիոմետր»-ի՝ ընտրություններից մի քանի օր առաջ արված վերջին հարցումներն էլ էին տվել այդ ցուցանիշը:

Սակայն, ամենակարեւորը այդ կանխատեսումներում այն էր, որ մատնանշվել էին նաեւ այն մարզերը, որտեղ Սերժ Սարգսյանը կստանար առավել քիչ ձայներ:

«Մեզ թվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կանայք ավելի շատ ձայներ են տվել, քան Սերժ Սարգսյանին, բայց սխալվեցինք՝ գործող նախագահի ընտրողների մեջ կանայք ավելի շատ են, քան հակառակորդի, ով միայն մի կետով առավելություն ուներ՝ նրան ընտրել են աղքատները … երեւի կարծելով, որ իրենց աղքատությունը կապված է նախագահի դեմքի հետ»,- ասել է սոցիոլոգը:

ԸնդդիմադիրՀովհաննիսյանը գրեթե բոլոր շերտերից ձայն է տարել՝ 6%-ը եղել են նախկինում ՀՀԿ-ին ընտրողները, 29,4%-ը՝ ՕԵԿ-ինն էր:

Իսկ նախկինում 23% «Ժառանգությանը» ընտրողները այս անգամ նրան չեն ընտրել:

Նախագահ Սարգսյանը «հենվում է բոլոր քաղաքական ուժերին, բացի ծայրահեղական ՀԱԿ-ից. նրան ձայն տվողների 61%-ը ՀՀԿ-ականներն են, 16%-ը՝ նախկինում ԲՀԿ ընտրածներն են, 1,7%-ը՝ ստացել է «Ժառանգություն»-ից, 10%-ը ՀՅԴ-ից, ՕԵԿ-ականների 25%-ն է ընտրել»,- հավելել է սոցիոլոգ Ադիբեկյանը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։