Հետընտրական – Բոլորն էլ գոհ մնացին… թ ե ր եւ ս…

Ժողովուրդը հաղթում է ու հաղթվում – Անմրցակցային՝ իրենցի բացակայությա՞ն պատճառով – ԱՊՀ-ն՝ Պուտինի օրինակով – «Le Figaro»-ի «անվտանգության գործոնը»…

Ժողովուրդը հաղթում է ու հաղթ-վ-ում

Ընտրությունների օրը ICES միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են 134 ընտրատեղամաս, դրանց 65%-ը դրական է գնահատվել ընտրական գործընթացը կազմակերպելու առումով, իսկ ընտրատեղամասերի 35%-ի աշխատանքը դիտորդները գնահատել են բավարար: Եվ չի եղել որեւէ ընտրատեղամաս, որի աշխատանքը բավարարից ցածր գնահատեն դիտորդները. հայտնել է Իսրայելի ներկայացուցիչ Ալեքսանդր Ցինկերը:

Ամեն դեպքում զարմանալի է, որ այս դիտորդները գոնե 1 տեղամասում էլ չեն հանդիպել մի լուրջ խախտման կամ սադրանքի: Սակայն գուցե հանդիպե՞լ են եւ դա մտել է բավարար գնահատված ընտրատեղամասերի ցանկ: Ինչեւէ, այս դիտորդները դրական են գնահատել ընտրությունները՝ համարելով, որ դրանք ընդհանուր առմամբ կայացել են ժողովրդավարական, թեկնածուների մրցակցային պայմաններում եւ համապատասխանել են միջազգային բոլոր չափանիշներին: Ընտրությունների ժամանակ պահպանվել են հիմնարար սկզբունքները, որոնք ապահովում են քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, հաշվարկը ընտրատեղամասերում եւ արդյունքների ամփոփումը: Առաքելությունը բավարարությամբ ընդգծում է, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղի չեն ունեցել անկարգություններ, որեւէ մեկը չի ձեռնարկել գործողություններ ընտրական գործընթացը, նաեւ արդյունքների ամփոփումը խաթարելու համար: Ելնելով այս ամենից՝ առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված խախտումները աննշան են ազդել ընտրական գործընթացի ժողովրդավարական, թափանցիկ լինելու վրա: Ուստի՝ «նախագահական ընտրությունները կայացել են, դրանք լեգիտիմ են, ժողովրդավարական, որոնք կայացել են ՀՀ Ընտրական օրենսգրքի տառին համապատասխան»: Կարեւորվել է նաեւ, որ թեկնածուների շտաբերը համարել են, որ ընտրություններում հաղթել է հայ ժողովուրդը: Ըստ նրանց դիտարկման՝ անհամեմատելի է, թե ինչ պայմաններում էին ընտրությունները Հայաստանում անցկացվում դեռ տարիներ առաջ:

Անմրցակցային՝ իրենցի բացակայությա՞ն պատճառով

ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարություն է տարածել, որում անշված է, որ «այս ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից»: Համաձայն դիտորդների՝ քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարեւոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:

Չնայած ընտրությունները այս եվրոպացիների աչքերով «զուրկ էին իրական մրցակցությունից», այնուամենայնիվ, Տոնինո Պիցուլան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը, հայտնել է, որ իրենց համար «հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարեւոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները՝ դեպի ամուր եւ ոգեշնչող ժողովրդավարություն»:

Հետաքրքիր է, այդ «ոգեշնչող ժողովրդավարությունը» Եվրոպայում եւ ամբողջ Արեւմուտքի գոնե 1 երկրում առկա՞ է: Վստահաբար՝ ոչ: Արեւմտյան ժողովրդավարությունը ներքին եւ արտաքին բռնակալական իր դրսեւորումներով կարող է ոգեշնչող լինել միայն արեւմտյան ռազմա-քաղաքական եւ դրամա-տնտեսական լծակներին տիրապետող մի քանի տոկոսանոց անդեմ ու մարդակուլ զանգվածի համար:

Ինչեւէ, ըստ դիտորդների՝ ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ եւ լավ կազմակերպված, ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարեւոր միջոցառումներ, նաեւ՝ քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով: Բայց, նկատել են, որ «մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների եւ պետական կառույցների տարանջատումը, ինչը ներառում էր վարչական ռեսուրսների սխալ գործածում եւ ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին եւ քարոզարշավի միջոցառումներին»:

Լրատվական ծածկույթը թույլ է տվել ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին, սակայն դիտորդները նշել են, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների՝ թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի եւ վստահության պակասի: Հենց սրա մասին էլ ասեցինք վերեւում՝ այդ «ազդեցիկ կուսակցությունների՝ թեկնածուները» առավելապես ԵԱՀԿ ԽՎ որոշ պատասխանատուների ցանկությամբ պիտի ներգրավվեին, բայց նախընտրեցին չմասնակցել ու խայտառակ չլինել, որպեսզի իրենք չարժանանան «ընտրողների շրջանում հակակրանքի եւ վստահության պակասին»:

Չնայած այս դիտորդները նաեւ թանաքից էին դժգոհ, տեղ-տեղ հեշտությամբ մաքրվել էր, ինչը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, բայց շեշտել էին, որ ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված:

ԱՊՀ-ն՝ Պուտինի օրինակով

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, որ ընտրությունների նախապատրաստումն ու դրա ընթացքը բավարար է: Բացի այդ, ԱՊՀ դիտորդները ուրախալի են համարել, որ չկար այն լարվածությունը, որ առկա էր նախորդ ընտրություններում, եւ թեկնածուների միջեւ առկա էր «կոռեկտության մթնոլորտ»: «Բոլոր թեկնածուները ունեին հավասար հնարավորություններ տեղեկացնել իրենց ծրագրերի մասին, իսկ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստացել հավասարապես ծանոթանալ թեկնածուների ծրագրերին»,- նշել են դիտորդները: Անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձին, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն ասել է, որ դա անհանգստացրել է իրենց, սակայն ուրախ են, որ ընտրական գործընթացը չխաթարվեց:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարությունում ընդգծում է, որ «անկասկած ընտրությունները լեգիտիմ էին եւ որ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով»: Այս Առաքելությունը չի արձանագրել փաստեր, որոնք կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: Առաքելությունը եկել է այն եզրակացության, որ նախագահական ընտրությունները կայացել են ՀՀ Սահմանադրության եւ գործող օրենսդրության տառին համապատասխան. «Ընտրություններն ազատ էին, թափանցիկ եւ մրցակցային, համապատասխանել են միջազգային չափանիշներին»:

Այս դիտորդները խախտումներ արձանագրել են եւ հիմնականում դրանք վերաբերել են այն փաստին, որ մի շարք ընտրողներ չեն կարողացել իրենց անունները գտնել ընտրացուցակներում: Սակայն նկատել են, որ խնդիրը արագ հարթվել է: Այս եւ մի շարք այլ խախտումներ, որ նկատվել են, ըստ նրանց, չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Le Figaro»-ի «անվտանգության գործոնը»

ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ է ներկայացրել նաեւ միջազգային մամուլը, սակայն ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro»-ն հոդված է հրապարակել նաեւ ՀՀ գործող նախագահի գործոնը մատնանշելով, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ՆԳ նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց առաջ 2007թ. եղել է վարչապետ:

ԵՄ հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահել իր հարավային հարեւանի ազնվությանը: «Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաեւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»,- հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատճառով խիստ կարեւորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ»:

Նարե Մշեցյան

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։