Նախընտրական եւ հետընտրական – Թերեւս բոլորն էլ աշխատում էին…

- Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը… – Հայրիկյանը դեռ չգիտի… – Տան պատերն էլ չօգնեցին…

Թերեւս բոլորն էլ աշխատում էին

Փետրվարի 17-ի դրությամբ, ըստ ոստիկանության հաղորդագրության, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն էր 2.505.980, որից՝ այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 14.285, ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 502, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 1.719, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 1.628:

ՀՀ նախագահի այս ընտրությանը տեղական ու միջազգային (ինչպես եվրո-ամերիկյան, այնպես էլ ռուս-ԱՊՀական ուղղություններից) դիտորդներ թիվն անցնում էր 7 հազարը: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 12-ն էին՝ 632 դիտորդներով, տեղական դիտորդական կազմակերպությունները`26-ը՝ 6.251 դիտորդով:

Ըստ օրենքի՝ ժամը 8-ից բացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը, եւ օրվա ընթացքում հրապարակել է քվեարկության ընթացքը, ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ տեղեկատվություն: Այն գործել է մինչեւ ժամը 20-ը եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ մարզերի ու Երեւան քաղաքի հայտնվել են տեղեկություններ:

Նշենք, որ ընտրությունների օրը լրագրողների համար գործել է թեժ գիծ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) լրագրողներն ընտրությունների լուսաբանման ընթացքում կարող էին զանգահարել ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրել էլեկտրոնային փոստի info.cpfe@gmail. com հասցեով: Արագ արձագանքման խումբը ուսումնասիրել է ստացված ահազանգերը եւ ձեռնարկել միջոցներ:

Իսկ գլխավոր դատախազությունը նախապես հորդորել էր ընտրախախտումների դեպքում ահազանգել իրավապահներին՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրություններին մասնակցելու եւ իր քաղաքացիական կամքի ազատ արտահայտելու իրավունքը պաշտպանելու համար: Իրավապահ մարմինները պարբերաբար հիշեցրել են, որ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է: Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ոստիկանությունում եւ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել էին աշխատանքային խմբեր: ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները, շահագրգիռ բոլոր անձինք զգուշացվել էին, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես պետք է ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ հիմնավորվելու դեպքում օրինախախտների գործողություններին տալ համարժեք իրավական գնահատական: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունում գործել է թեժ գիծ՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ 010.511-699:

Ոստիկանությունը պատասխանում էր ընտրակաշառքների մասին զլմ-ներում ու սոցցանցերում առկա հրապարակումներին, նաեւ «ընտրակաշառք բաժանելու մասին զլմ-ներում տարածված հաղորդումներին», որն ամենից շատն է մտահոգում լրագրողներին: Այս առումով, ըստ ոստիկանության տվյալների, իրավական ընթացակարգերով նախատեսված ստուգումների արդյունքում «դեպքերի գերակշռող մեծամասնությամբ պարզվել է, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները եղել են կամ չկոնկրետացված խոսակցությունների (ասեկոսեների) վերարտադրության հետեւանք, կամ հաղորդում ներկայացրած անձանց ենթադրությունների արդյունք, կամ էլ ունեցել են այնքան ընդհանրական բնույթ, որ որոշակի փաստերի կամ անձանց վերաբերյալ ողջամիտ տվյալներ չեն պարունակել, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են տրամադրել իրենց վկայակոչած փաստերը հաստատող նյութեր կամ այլ կերպ համագործակցել իրավասու մարմինների հետ»:

Բոլոր դեպքերում ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար ոստիկանությունը եւ ֆիզիկական անձնք, զլմ-ները, հասարակական ու քաղաքական կազմակերպությունները համագործակցել են:

Այս առնչությամբ լրագրողները պնդում էին, որ իրենց իրավունքն է իրավապահ մարմիններին չբացահայտել աղբյուրը: Ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների ժամանակ շատ լրագրողների մոտ ընտրակաշառքների կամ այլ իրավախախտումների մասին նյութեր հրապարակելիս դատախազություն կամ ոստիկանություն կանչվելու մտավախություններ էին առաջանում: Իսկ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքով լրագրողը իրավունք ունի չբացահայտել իր աղբյուրը, քրեական դատավարության մասին օրենքի 179-րդ հոդվածով էլ իրավապահ մարմինների համար հաղորդումներ կարող են հանդիսանալ լրատվամիջոցների հրապարակումները: Միաժամանակ, դրանք հրապարակած զլմ-ները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը:

Այսպես՝ որոշ հակասություն կա 2 օրենքների միջեւ, ինչն էլ լարվածության պատճառ է դառնում: Բայց տրամաբանությունն ասում է, որ եթե դատախազությունը պետք է քննի գործը, ուրեմն պետք է ոչ թե աղբյուրը, այլ փաստաերն ու հիմնավորումները ներկայացվեն: Լրագրողներն էլ իրավախախտումների մասին նյութեր գրելիս պետք է հիմնվեն լիարժեք փաստերի վրա եւ եթե հոդվածում ամեն ինչ ասված է, ապա մնացածը դատախազության գործն է:
Սա հավաստել է նաեւ գլխավոր դատախազությունը, որ վարույթն իրականացնող մարմիններին տվյալ պարագայում չի հետաքրքրում, թե որտեղից է լրատվության միջոցը իմացել այդ մասին, խոսքը նյութերի տրամադրման մասին է եւ ոչ թե աղբյուրի բացահայտման: Գլխավոր դատախազն հավաստել է, որ բոլոր դիմում-բողոքները քննարկվում են: Նա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների անդամներին ընդունել եւ պատասխանել է նրանց հարցերին:

Դիտորդների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ոստիկանությունում: Այստեղ մանրամասն ներկայացվել է նաեւ ընտրացուցակների ճշգրտման ընթացակարգը, նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում մշակված անճշտությունների վերաբերյալ 4000-ից ավելի տեղեկությունը, ու այլ ուսումնասիրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էլ հանդիպել է մի շարք երկրների ներկայացուցիչների, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ եւ ներկայացնելով նախընտրական ընթացքը, կարեւորել է տարբեր երկրների ԿԸՀ-ների միջեւ ձևավորված սերտ համագործակցությունն ու ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը:

Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել ՀՀ ԿԸՀ-ի նիստերն առցանց հեռարձակելու նորամուծությունը, ինչպես նաեւ ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումները:

Անի Մարության

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր: Առաջին հայացքից սա պարտություն է: Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30.000 ձայնի համար (կարծում եմ՝ մեր շուրջ 100.000 ձայնից մեզ այդքանն են թողնելու):

Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները: Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ: Մենք դեռ կքննարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը: Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս ու, որպես կանոն, տատանվում են 5-8%-ի շրջանակներում: Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին:

Բացի այդ՝ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլեւ 2-րդ եւ կամ նույնիսկ 3-րդ տեղերը կանխորոշելու համար: Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց: Բռավո:

Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին ու փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը: Բայց արդեն ուշ էր: Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված: Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, 3-րդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ): Այդպես էր որոշված: Ձեր ձայները չեն կորելու:

Հայրիկյանը դեռ չգիտի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դեռ չի որոշել՝ Սահմանադրական դատարանում կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ:

Անգամ կատակել է. «Ես որեւէ ձայն ստացե՞լ եմ»:

Նա դեռ կազդուրվում է: Իսկ բողոքարկման հարցը կորոշեն իր շտաբում: Նաեւ հետագա քայլերի մասին խոսելիս ասել է. «Վերահաշվարկ պահանջող, բողոքող լինեի, գնդակահարությունից հետո կասեի, որ սա այլեւս ընտրություն չէ»:

Նրա խոսքերով՝ իր քարոզարշավն ավարտվել էր դեռ հունվարի 31-ին, սակայն ընկերների եւ հարազատների հորդորով դուրս չեկավ ընտրարշավից:

Տան պատերն էլ չօգնեցին

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ընտրություններին չի մասնակցել, տնից է հետեւել: Նա խոստացել էր, եթե ընտրվեր, ապա ընտրությունները չեղյալ էր հայտարարելու: Բայց հիմա, ամենաքիչ ձայները հավաքած թեկնածուն չգիտի՝ ի՞նչ է անելու, բայց ասել է.«Թող գնան ու իրենց կեղծարարության տակից դուրս գան»:

Չի պատրաստվում վերահաշվարկ պահանջել կամ դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու. «Որեւէ կերպով Հայաստանի արդարադատության մարմինների հետ համագործակցելու նպատակ չունեմ: Մեզ մոտ չկա արդարադատության»:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։