Որ ցանկանա հասնել հայկական պահանջատիրության առաջադրմանը

- Ավարտվեց ՀՀ նախագահի հերթական ընտրությունը եւ այն ազդարարեց, որ դեռեւս շարունակվում է ՀՀ 3 նախագահների ղեկավարման դարաշրջանը…

…Եվ վերջում՝ հայ արիների՝ երկրի ղեկավարին ուղղված մաղթանքը մի փոքր շտկենք՝ … որ նախագահը ցանկանա՛ հասնել հայկական պահանջատիրության հաստատմանը…

* * *

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփված

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2.529.016 է, սակայն ընտրությանը մասնակցել է 1.521.931 ընտրող, այսինքն՝ ընտրողների 60,18%-ը:

Երեւանում մասնակցել է 445.338 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 53,99%-ը:

Արագածոտնի մարզում՝ 72.696 ընտրող կամ 63,60%-ը:

Արարատի մարզում՝ 157.506 ընտրող կամ 73,92%-ը:

Արմավիրի մարզում՝ 127.845 ընտրող կամ 56,92%-ը:

Գեղարքունիքի մարզում՝ 128.796 ընտրող կամ 69,06%-ը:

Լոռու մարզում՝ 143.059 ընտրող կամ 60,15%-ը:

Կոտայքի մարզում՝ 137.561 կամ 59,15%-ը:

Շիրակի մարզում՝ 132.793 ընտրող կամ 57,92%-ը:

Սյունիքի մարզում՝ 71.899 ընտրող կամ 65,50%-ը:

Վայոց ձորի մարզում՝ 29.597 ընտրող կամ 62,65%-ը:

Տավուշի մարզում՝ 71.317 ընտրող կամ 65,73%-ը:

Բոլոր 1988 տեղամասերի տվյալները. -

Սերժ Սարգսյան՝ 861.160 ձայն կամ ձայների 58,64%-ը:

Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539.672 ձայն կամ ձայների 36,75%-ը:

Հրանտ Բագրատյան՝ 31.643 ձայն կամ ձայների 2,15%-ը:

Պարույր Հայրիկյան՝ 18.093 ձայն կամ ձայների 1,23%-ը:

Անդրիաս Ղուկասյան՝ 8.328 ձայն կամ ձայների 0,57%-ը:

Վարդան Սեդրակյան՝ 6.203 ձայն կամ ձայների 0,42%-ը:

Արման Մելիքյան՝ 3.516 ձայն կամ ձայների 0,24%-ը:

* * *

Որ ցանկանա հասնել հայկական պահանջատիրության առաջադրմանը

Ավարտվեց ՀՀ նախագահի հերթական ընտրությունը եւ այն ազդարարեց, որ դեռեւս շարունակվում է ՀՀ 3 նախագահների ղեկավարման դարաշրջանը: ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց իր նախորդների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պայմաններում: 1-ին եւ 2-րդ նախագահները տարբեր պատճառաբանություններով կողքից դիտորդ մնացին, բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը եւ հայտարարեց, որ քվեարկել է Հայաստանի Հանրապետության օգտին, ապա Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէր եւ գործերի բերումով չի մասնակցել քվեարկությանը (համենայնդեպս, նրա ասելով): Եթե 1-ին նախագահը մասնակցեց, բայց չշնորհավորեց վերընտրված Սերժ Սարգսյանին, ապա 2-րդ նախագահը չմասնակցեց, բայց օժանդակեց, հետո զանգահարեց ու շնորհավորեց նորընտիր նախագահին:

Այս առումով, նախագահի հետագա գործունեության համար կարեւոր է, որ նրան շնորհավորել են նաեւ համաշխարհային 3 գլխավոր ուղղությունների՝ Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության եւ Ռուսաստանի Դաշնության պատասխանատուները, ովքեր ընդգծել են, որ այս ընտրությունները զգալիորեն տարբերվում էին բոլոր նախորդներից, եւ մարդկանց ազատ ընտրելու եւ հիմնարար այլ սկզբունքները պաշտպանվել են: Սա կարեւոր է ոչ միայն ընտրված նախագահի հետագա գործունեության համար, այլեւ՝ հենց Հայաստանի, քանզի բացի ներքին հարցերի կարգավորումից, նման գնահատականները կարող են նպաստել նաեւ արտաքին քաղաքական խնդիրների առաջխաղացմանը:

ՀՀ եւ ՀՀԿ նախագահը շնորհավորանքներ է ստացել ինչպես երկրների ղեկավարներից, այնպես էլ քաղաքական կառույցների կողմից: Արեւմուտքում մեծ դերակատարում ունեցող ԵԺԿ նախագահը եւս ողջունել է հաջողված ընտրությունների կազմակերպման համար ու հավաստել ՀՀԿ-ի հետ համագործակցելու իրենց կամքը: Նա նաեւ ողջունել է ԵԺԿ անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը՝ ընտրություններում իրենց թեկնածուի 2-րդ արդյունքը ցույց տալու համար:

Նախագահին շնորհավորել են նաեւ արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական ուժեր: Վերջիններից Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը վստահություն է հայտնել, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել է ՀՀ նախագահի եւ կառավարության կողմից՝ երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման առումով: Առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախյան հիմնախնդրի լուծման համար:

Ռամկավար ազատական կուսակցության աշխարհասփյուռ կառույցի անունից Կենտրոնական վարչությունը նախագահին մաղթել է ուժ ու կորով՝ իմաստուն ձեւով շարունակելու առաջնորդել հայրենիքի նավը այս աշխարհի փոթորկահույզ ծովերի միջով:

Փարիզում գործող «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հուսով է, որ ականատեսը կլինենք ազատագրված Արցախի դե-յուրե վերամիավորմանը Հայրենիքի հետ, մեր պատմական Հայրենիքի արեւելյան մասում ժողովրդավար, արդար եւ ազատ քաղաքացիական հասարակարգի հետագա ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի շեշտակի բարձրացմանը, տնտեսության սրընթաց զարգացմանը: Նաեւ՝ որ այս 5 տարիները լինելու են Հայոց հայրենիքում ապահովության, կայունության, ազգահավաքի տարիներ, եւ որ համահայկական ուժերի զորաշարժի արդյունքում կլուծվի նաեւ Արեւմտահայոց՝ այսինքն Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգորդների իրավունքների ու պահանջների արդար հատուցման հիմնախնդիրը: Այս բոլորի երաշխիքն է համաշխարհային հայության տարբեր հատվածների միջեւ կապերի ու փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների իրականացման գործում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ աշխատանքների ու դերերի բաշխումը, համազգային ջանքերով մեծածավալ, ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ մշակումն ու իրագործումը:

Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը նշել են, որ արտաքին որոշ ուժեր փորձում են իրենց լծակներով հակաընտրական ալիք առաջացնել, ինչպես մինչեւ ընտրությունները փորձեցին, սակայն դրանք ապարդյուն եւ անարդյունք ավարտ կունենան: Միաժամանակ հավելել են, թե ցավալի է, որ ընտրելու ձայն ունեցողների շուրջ 60%-ը միայն մասնակցեց ՀՀ նախագահի հերթական ընտրությանը (չնայած 70-80%-անոց ընտրություններ նույնիսկ եվրոպական երկրները չեն իրականացնում), սակայն միջազգային ու տեղական դիտորդների հավաստմամբ, նաեւ իրենց ուսումնասիրությունների արդյունքներով ապահովվել է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Գրանցվել են որոշ խախտումներ, ինչը սակայն որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրական արդյունքների վերջնահաշվարկի վրա. «Երբ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից ոմանք հայտարարում են, որ այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը եւ անգամ հատուկ բողոքարկող կարծիք չեն ամրագրում հանձնաժողովներում եւ ԿԸՀ-ում նախնական արդյունքների հաստատմանը մասնակցելիս, ապա ճիշտ կլիներ հակառակորդին շնորհավորելու մշակույթը եւս նորամուծվեր այս ընտրություններում: Եվ ճիշտ կլիներ նաեւ, որ հաղթող կողմը ապագա կառավարությունը ձեւավորելիս առաջնորդվեր ազգային համաձայնության կառավարություն կազմավորելու սկզբունքով, ինչը ակնառու քայլ կլիներ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների խթանման համար»: Հայ արիներն ու ազգայնականները հույս են հայտնել, որ նորընտիր նախագահն իր նախագահական երկրորդ շրջանում կկարողանա հասնել երկրի ներքաղաքական կայունացմանն ու հատկապես տնտեսության արտադրական-արդյունաբերական ոլորտի զարգացմանը, սոցիալական եւ իրավական արդարության հաստատմանը, ազգի կենսամակարդակի բարելավմանը, իսկ արտաքին հարցերում՝ Արցախի իրավական վերամիավորմանը Հայաստանի հետ, Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջաններում հայկական շահերի ամրապնդմանն ու նպատակների միջազգայնացմանը, ինչպեսեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ըստ այդմ՝ նաեւ հայկական պահանջատիրության առաջադրմանը»:

Մաղթել են նաեւ, որ «ընտրված նախագահը դառնա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նախագահը, ինչպես նաեււ աշխարհասփյուռ հայության պաշտպան-ղեկավարը, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ մասում էլ գտնվի՝ զգա հայրենիքի շունչն ու պաշտպանությունը: Սա կլինի այն գրավականը, որ ամեն հայ ինքնըստինքյան կզգա, որ բացի իրավունքներից նաեւ պարտականություններ ունի հայրենիքի ու հայության հանդեպ»:

Իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես եկավ իր ընտրողներին, թիմին եւ ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով. «Այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել ու ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին»: Նախագահը շնորհակալություն է հայտնել ինչպես իր թիմին, այնպես էլ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, մրցակցության հնարավորություն ընձեռել:

Չնայած, որոշ եվրոպական դիտորդներ էն գլխից էին փորձում ընտրություններն անմրցակցային համարել, սակայն հետընտրական իրավիճակը, ինչպեսեւ առկա թվերն ու ընտրությունների ազատ ընթացքը հավաստում են, որ այդ եվրաչինովնիկները ստել են: Իսկ արտաքին եւ ներքին գնահատականները հիմնականում դրական արձագանքներ ունեցան:

Եվ վերջում՝ հայ արիների՝ երկրի ղեկավարին ուղղված մաղթանքը մի փոքր շտկենք՝ … որ նախագահը ցանկանա՛ հասնել հայկական պահանջատիրության հաստատմանը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։