- Խոստում՝ ճիգերի վերջին գերլարումով – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

- «Կեղտոտ մամուլ» – Հովհաննես Թումանյան

Խոստում՝ ճիգերի վերջին գերլարումով

Անկեղծ ասած՝ որպես խմբագիր հոգնել եմ տարատեսակ ընտրական գործընթացներից, քաղաքական այրերին ու տնտեսական գործիչներին ներկայացնելուց, սրա բամբասանքը նրա մասին, նրա հիշոցները մյուսի մասին գրառելուց: Հասկանալի է, երբ արձանագրում ես Պետրոսի խոսքը Պողոսի մասին, դու գրանցող ես, ոչ Պետրոսի մտածելակերպը կարող ես փոխել, ոչ Պողոսի:

Ու հոգնել եմ հենց այդ գրանցելուց:

Բայց դա է իրականությունը, իսկ մենք այդ իրականությունը հայելային պատկերով ցույց տվողներն ենք:

Հոգնել եմ նաեւ մեր քաղաքական ու տնտեսական «երեւելիներին» արժանի այն ընթերցողներից, ովքեր ոչ միայն մեր, այլեւ յուրաքանչյուր թերթ բացում են՝ բողոքելու համար, որ Պետրոսի հայհոյանքը Պողոսի հասցեին չի գրվել կամ մեղմացվել է:

Ովքեր թերթը բացում են, որ որոշեն՝ իշխանամե՞րձ ենք, թե՞ ընդդիմադիր: Բայց քանի որ մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ երկրորդը, ու արդարացիորեն խոսում ենք եւ՛ մեկի եւ՛ մյուսի ճիշտ ու սխալ քայլերից, ստացվում է՝ մենք մի օր իշխանության մարդն ենք, մյուս օրը՝ ընդդիմության:

Իսկ ի՛մ ընթերցողը սպասում է՝ համբերատար, ըմբռնումով, որ կգա մի օր, երբ ինքը թերթը կբացի ու չի կարդա, թե ում հանդիպեց այս ու այն պաշտոնատար անձը, թե ով է ժողովրդից խլածով բարերարություն անում ու նույն ժողովրդի մաղթանքին արժանանում, թե ով է սպասում հերթական ընտրություններին՝ ճառերի ու ճամարտակությունների համար, եւ այսպես շարունակ:

Իսկ ի՛մ ընթերցողը սպասում է, թե երբ է մի օր թերթի էջերում տեսնելու Մարդուն՝ Հայ մարդուն՝ հայ զինվորին, հայ հնձվորին, հայ քարտաշին, հայ գյուղացուն, հողագործին, անասնապահին…

Թե երբ է տեսնելու Հային՝ ի՛ր՝ իսկական՝ չերեւացող արմատով, շոշափելու հայի հոգու խորքերում մոռացված երազները:

Սպասում է, ու թերթը, ցավոք, երբեմն-երբեմն է կարողանում օգնել իր իսկական ընթերցողին: Որովհետեւ թերթ է, որովհետեւ լրագրություն է ու իրականությունն արտացոլող:

Ու սպասում ենք, ես էլ, ի՛մ ընթերցողս էլ… այն օրվան…

Իսկ այսօրը նորից ենթադրում է հետընտրական գործընթացներ, դարձյալ գնահատականներ, կրկին Պողոս-Պետրոս, ու սրանց ցուցանելու համար միջոցների դաժան, հոգեմաշ հայթայթում:

Բայց այսօրը նաեւ ենթադրում է խոստում: Խոստում հենց ի՛մ ընթերցողին՝ այն օրվա համար…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Կեղտոտ մամուլ»

«Խոսքեր ու ձեւեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար աչքերով, հազար հազար ականջներով, հազար հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հասնում են մի կարճ եզրակացության, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի:

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետեւել է, նկատած կլինի թե նա ի՞նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգեւորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգեւորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»:

Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգեւորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում:

Չեն կարդում եւ չեն կարող կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել եւ չեն հարգելու, որովհետեւ դուք «կեղտոտ» եք: Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչեւ որ զգան, եւ խոր զգան ու զգաստանան…»:

Հովհաննես Թումանյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։