Կանանց տոնական միամսյակ – մարտի 8 – ապրիլի 7. Շնորհավո՜ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր

Շնորհավորում ենք հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի կապակցությամբ: Հայուհին պե՜տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՜ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՜ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՜ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների: Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի…

Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին…

Եվ թող հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման…

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

«Լուսանցք» շաբաթաթերթ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։