Սաակաշվիլին ահազանգում է Վրաստանի տրոհման վտանգի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շուտով հրաժեշտ կտա իր աթոռին, բայց դեռ չի հանգստանում հակառուսական կողմնորոշումից, ինչը հանգեցրեց Վրաստանի մասնատմանը, Աբխազիայի եւ հարացային Օսիայի անկախացմանը: «Ռուսաստանը որոշ ուժերի (հիմնականում՝ հայերին նկատի ունի – խմբ.) միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում»,- ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի օդակայանում՝ Բաքվից վերադառնալու ժամանակ: Իսկ Բաքու մեկնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւս զգուշացնի այդ մասին:

«Վրաստանում ինքնավարություններ ստեղծելու սպառնալիք կա, իսկ Ադրբեջանում վրացական սցենարով իշխանափոխություն է պատրաստվում: Ռուսաստանում հայտնվել է մի ադրբեջանցի, Սադիկով ազգանունով ոմն մեկը, որը Վրաստանի Գարդաբանի շրջանից է ու միլիարդատեր է: Նա խոստացել է, որ Վրաստանի ադրբեջանցիների համար ինքնավարություն է ստեղծելու: Նման բան խոստանում է նաեւ վրացական նոր իշխանությունների կողմից համաներմամբ ազատ արձակված ազգությամբ հայ Չախալյանը, ով էլ առաջ է քաշում Վրաստանում (Ջավախքում – Ա.Դ.) հայերի ինքնավարության հարցը»:

Բաքվից Թբիլիսի վերադառնալիս Վրասատանի նախագահն ասել է նաեւ, թե այդ հարուստ ադրբեջանցին պատրաստվում է Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնել. «Միլիարդատեր Սադիկով Վահիդ Ալեկբերովը, ով հայտնի գործարար է Ռուսաստանում, մի քանի այլ միլիարդատերերի հետ պատրաստվում է անել այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում. մեծ գումարների օգնությամբ իշխանափոխություն իրականացնել (2012թ. երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, որի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսաստանի դրածո» է համարում)»:

Իսկ Վահագն Չախալյանին բանտարկած եւ վերջերս նրա ազատության դեմ արտահայտված Սաակաշվիլին հայ գործչին նույնպես Ռուսաստանի գործակալ է համարում, եւ անգամ Հայաստանի իշխանություններին է ահազանգել (հակահայ քարոզչության հերթական դրսեւորում է): Իհարկե, հայ գործիչը հերքել է այդ հերյուրանքը:

Սաակաշվիլին Վրաստանի նոր իշխանություններին՝ գործող վարչապետ Իվանիշվիլիին, երկխոսության կոչ է արել՝ ընդգծելով, որ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է միավորվել: Եվ այսպես աղմկում է հեռացող նախագահն իր պաշտոնավարման վերջին օրերին՝ դիմելով Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին, ինչը կարող էր անել շա՜տ վաղուց, երբ ազդեցիկ դեմք էր իր երկրում, երբ հայերը հավասարություն էին պահանջում, սակայն այդ ժամանակ նա այլ նպատակներ ուներ:

Հայաստանի նապագահ Սերժ Սարգսյանի արձագանքը հայտնի չէ, բայց Իլհամ Ալիեւի աշխատակազմը զարմանք է հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն ասել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի ընթացիկ գործընթացներում կարելի է զուգահեռներ անցկացնել, սակայն չի կարելի հաշվի չառնել առկա մի շարք տարբերություններ. «Յուրաքանչյուր երկիր ունի ներքին եւ արտաքին քաղաքականության իր գիծը, սակայն իրավիճակը մեր երկրներում տարբեր է, ինչն արտահայտվում է շատ հարցերում եւ Սաակաշվիլիի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանում մեր սփյուռքի որոշ ներկայացուցիչներ զբաղեցնում են Ադրբեջանի նկատմամբ վտանգավոր դիրքորոշում, արտացոլում է բացառապես նրա սեփական կարծիքը»:

Արման Դավթյան

Երկիր՝ որտեղ հակասեմականություն չկա՞

«Haaretz» իսրայելական թերթի թղթակիցը՝ Անշել Փֆեֆֆերը, հայտնել է, որ Ադրբեջանում ամեն քայլափոխի կհանդիպես, որ իրենց երկրում հակասեմականություն չկա ու երբեք էլ չի եղել»: Այնուհետեւ շարունակել է, թե դա այն երկրում, որտեղ «բնակչության շուրջ 95%-ը մուսուլման շիաներ են»:

Ինչպես «Inopressa.ru»-ն է մեկնավանում, հոդվածագիրը այնուամենայնիվ հիշեցնում է, որ հայերի հետ Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմ է եղել, նաեւ շեշտում է այն ներկա փաստը, որ «ռեժիմը ծեծում է ցուցարարներին, բանտարկում լրագրողներին ու այլախոհներին, ովքեր վիճարկում են ընտրությունների արդյունքները», բայց հեղինակի համոզմամբ՝ մարդու իրավունքների իրավիճակի հարցում «լակմուսի թուղթը» հրեաների հանդեպ վերաբերմունքն է:

Մենք հասկանում են ռուսաստանյան լրատվամիջոցի ընդգծումը, եւ դա միշտ է նկատելի նման դեպքերում, մարդու, ազգային թե կրոնական փոքրամասնությունների իրավունքներում հրեաներին են «լակմուսի թուղթ» նկատում, անգամ հակասեմականություն ասելով միայն հակահրեականությունն է նկատի առնվում, քանզի մյուս սեմական ազգերի՝ արաբների, ասորիների կամ այլոց իրավունքները «չեն տեղավորվում» հակասեմականության մեջ:

Ադրբեջանի փորձը «պուտինյան Ռուսաստանի» հետ համեմատվելու, հրեաների մոտ այս հարցն է առաջացրել. «Կարո՞ղ է արդյոք բռնապետ Ալիեւը վատ վերաբերվել սեփական ժողովրդին եւ լավ լինել հրեաների հետ: Կարող է, եթե նրա գործողությունները պայմանավորված են Վաշինգտոնում «հրեական լոբբիի» աջակցությունն ստանալու հույսով»:

«Coordination Forum for Countering Anti-Semitism»-ի տվյալներով՝ 2012թ. Ադրբեջանում գրանցվել է հակասեմական միայն մեկ միջադեպ. ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը հակասեմական նամակ էր ստացել այն բանից հետո, երբ քննադատել էր «Azerbaijan Airlines»-ին՝ հային թռիչքի չթողնելու համար:

«Կարելի է ենթադրել, որ հրեաներին պաշտպանում են, հանդուրժում, եթե նրանք իրենց պահում են որպես հավատարիմ Ադրբեջանի քաղաքացիներ:

Իսկ նախագահ Ալիեւը կպաշտպանի՞ հրեա համայնքին, եթե իր դեմ կամ ընդդիմադիր այլ ցույցերին միանան նաեւ երիտասարդ հրեաները:

Իրական երաշխիքները փոքրամասնության համար կարող է տալ միայն ժողովրդավարությունը, այլ ոչ թե բռնապետը»,- ամեն դեպքում իր այս հրապարակային խոսքը որոշակի պարզաբանմամբ է եզրափակել Անշել Փֆեֆֆերը:

Կարեն Բալյան

* * *

ԱՄՆ-ում քննարկումներ են սկսվել Ադրբեջանում այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: Պետքարտուղարության ու կառավարության կողմից անցկացվող քննարկումներին մասնակցում են հայտնի ամերիկյան «KBR» ընկերությունը, հրեական լոբբին եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչները:

Այդ քննարկումներին հետաքրքիր է «KBR» ընկերության մասնակցությունը: Նավթի ու գազի բիզնեսով զբաղվող այս ընկերությունը, որը բազմաթիվ նավթային երկրներում հիմնական բաժնետերերից մեկն է, Ադրբեջանի նավթային հատվածում շատ քիչ թվով նախագծերի է մասնակցում: Հայտնի է նաեւ նրանով, որ հաճախ միջամտում է այն երկրների ներքաղաքական խնդիրներին, որտեղ բիզնես է ծավալում, ինչպես նաեւ ներգրավվում է կոռուպցիոն գործողություններում:

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։