Արցախի ճանաչումը՝ անհետաձգելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը դարձյալ չէր կարող ոչ մի բան փոխել հայ-ադրբեջանական սառեցված հարաբերություններում, իսկ պատճառը նորից ադրբեջանական սադրանքներն ու խառնակչություններն են: Ըստ հայկական կողմի, Արցախի հարցում միջազգային հանրության եւ հայկական կողմի տեսակետների մեջ գրեթե հակասություններ չկան, ուստի խնդիրներ չեն ծագում այդ առումով:

Երեւանում հայ դիվանագետների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը նորից անդրադարձել է արցախյան հիմնախնդրի թեմային եւ նկատել, որ եթե որեւէ երկիր սպառնում է միայն ուժ գործադրել, ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը ձախողվել է: «Իսկ մեր դիրքորոշումը համահունչ է միջազգայնորեն ընդունված դիրքորշմանը, կասեմ ավելին, այդ միջազգային հանրության դիրքորոշումն է համահունչ մեր դիրքորոշմանը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ դրանք պարապ խոսքեր չեն:

Նաեւ շահագրգիռ երկրներն են փաստում, որ լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունած հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի, նաեւ Հելսինկիի, Աթենքի, Ալմա-Աթայի, Վիլնյուսի եւ վերջերս Դուբլինում, նախարարական համաժողովների շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները միանշանակ դա են վկայում:

Վերջերս Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը, ինչը մի նոր խթան է Արցախի անկախության ճանաչմնանն ուղղված: Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը, եւ ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:

Այս նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: Իսկ մինչ այդ՝ Լիտվայի Սեյմասում կայացել էր «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր Հայաստանում ու Լիտվայում ժողովրդավարական շարժումների եւ արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նաեւ Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցել եւ ելույթ են ունեցել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Այսօրինակ գործընթացները պետք է տեղափոխվեն այլ երկրներ, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է նոր իրավիճակ ստեղծել, որն էլ կդառնա հակամարտությունների խաղաղ կարգավորման երաշխիք: Եվրամիությունը ներկայացնող լիտվացի գործընկերներին առաջարկվել է հետամուտ լինել բացառելու երկակի չափանիշների կիրառումը՝ ըստ աշխարհաքաղաքական նպատակահարմարության, ինչը եվրոպական կառույցներում դարձել է վտանգավոր գործելաոճ:

Սա ավելի է բարդացնում իրավիճակը, քանզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները այս պահին ավելի լարված են, քան 1994թ. ստորագրված՝ հրադադարի մասին համաձայնագրից առաջ էր: Պատճառն այն է, որ միջնորդները հաճախ երկակի ստանդարտներից օգտվելով իրենց հայտարարություններում հավասարապես են մեղադրանքներ հնչեցնում եւ առաջարկում պահպանել զինադադարը:

Եվ Ադրբեջանը ամեն օր դիմում է սահմանախախտ սադրանքների, դիպուկահարների միջոցով լարում է իրավիճակը՝ իմանալով, որ միջազգային մեղադրանքը երկուստեք է հնչելու, անկախ հարձակվողի ու պաշտպանվողի կարգավիճակից:

Իսկ հակամարտությունը հաճախ փորձում են ներկայացնել որպես երկու՝ իբր փոխադարձաբար անընդունելի, անհաշտ միջազգային նորմերի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության իրավունքի բախում:

Իսկ երբ իրավական փաստերի կողքին կան նաեւ պատմա-քաղաքական իրողություններ, Արցախն Ադրբեջանի կազմում դառնում է բացառապես խորհրդային բռնապետական իրողություն:

Ուստի՝ հենց այս ճշմարտությունը պետք է դառնա ԼՂՀ ճանաչման կռվանը:

Վահագն Նանյան

Գանգատ՝ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են եվրադատարան

Վերջապես կատարվում է այն, ինչին շատերս էինք սպասում. հայկական կողմը փորձ է անում վերականգնել արդարությունը եւ չեղյալ համարել հայասպան Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:

Բուդապեշտում սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպեսեւ մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել անհատական գանգատ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ:

Պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը եւ հերոսացումը, խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) ու 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:

Փաստաբանական խմբում ներառված են տեղական ու միջազգային մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարությանը Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը եւ օտարերկրյա փաստաբաններ:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես երրորդ կողմ: Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. «Դատապարտյալների փոխանցման մասին» Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում եւ ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Այդ մարմինը Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն է:

Բացի այդ, նախատրաստվում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի իրականացրած հակահայկական խտրականության քաղաքականությունը եւ ընդհանրապես հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:

Պաշտոնական Երեւանը համոզված է, որ ադրբեջանցի մարդասպանի փոխանցումը եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը եւ հերոսացումը, միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, եւ այդ հիմքով ձեռնարկվել ու ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու եւ հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու եւ խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար:

Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբարեբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։