Երեւանի քաղաքապետը երկրի փոխնախագա՞հ

Երեւանի քաղաքապետի պաշտոնի եւ ավագանու համար ոչ պակաս կարեւորությամբ կպայքարեն քաղաքական ուժերը, ինչը արդեն զգացնել է տալիս: Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, քաղաքապետն էլ… նմանապես:

ՀՀԿ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բնականաբար անդրադարձել է այս հարցին: Շատերն էին կարծում, թե Տարոն Մարգարյանը երկրի նախագահի ընտրության հետ առնչվող որոշակի հարցերի պատճառով (Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը պարտվել էր) չի լինի հանրապետականների թիվ 1 թեկնածուն, սակայն նա կարողացել է ինչ-ինչ փաստարկներ ներկայացնել կուսակցության եւ երկրի նախագահին ու պարզաբանել է վիճելի հարցերը: Սարգսյանը հավատացել է Մարգարյանին, որովհետեւ չնայած այլ թեկնածուների ցանկությանը, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ եւ կապի ու տրանսպորտի ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանի, Երեւանի ավագանու թեկնածուների ցուցակը կգլխավորի հենց Տարոն Մարգարյանը: ՀՀ նախագահը եւ գործադիր մարմնի անդամները միաձայն կողմ են քվեարկել:

Այդ նիստում քննարկվել են նաեւ որոշ մարզպետերի ու քաղաքապետերի պաշտոնանկության հարցերը, ինչպեսեւ՝ կառավարության կազմի հրաժարականի հարցը, որը կլինի նախագահի երդման արարողությունից հետո՝ ապրիլի 9-ին, որից հետո նոր կազմ կնշանակվի:

Երեւանի ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետը հնարավոր է լինի ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, թեեւ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա այդ մասին:

«Ժառանգության» կուսակցությունը, հանրահավաքները շարունակելով, ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա հաջողության հասնել գոնե այս ընտրություններում, առավել եւս, որ հնարավոր է մյուս ընդդիմադիր ուժերը կրկին չմասնակցեն ընտրություններին, եւ դա նորից միակ ընդդմադիրի կերպարը կպարգեւի այս կուսակցությանը, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ եղավ:

Չնայած կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված որեւէ հարց չեն քննարկել, բայց զրույցներ կան, որ ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի ՀՀՇ վարչության նախկին նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Սա կարող է նշանակել, որ փորձ կլինի գոնե այս անգամ միավորել ցաքուցրիվ ընդդիմադիր շատ ուժերի:

Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին. կարծիք է հայտնել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ սա կլինի երկրորդ կարեւոր ընտրական գործընթացը, որից կհրաժարվի ՀԱԿ-ը, ինչ դարձել է խորհրդարանական քաղաքական ուժ: Հնարավոր է՝ հենց այսպես էլ լինի, քանի որ ՀԱԿ-ից դուրս են եկել գրեթե բոլոր լուրջ քաղաքական կազմակերպությունները, եւ վերստին գործելու է ՀՀՇ-ՀԱԿ-ը, ինչը չի կարող լուրջ մրցակից լինել ընտրություններում եւ կարիք ունի հզորացման:

ԲՀԿ-ն նույնպես բանակցությունների մեջ է, եւ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, ըստ ամենայնի, քննարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների հարցը եւս: Չնայած ԲՀԿ-ն առավել շահագրգռված է ազգային համաձայնության կառավարության ձեւավորման եւ, առաջին հերթին, վարչապետի փոփոխության հարցերով: ԲՀԿ-ին հուզում է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, չնայած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե որեւէ մեկը թող չմտածի, թե ԲՀԿ-ն վախենում է ԱԺ նոր ընտրություններից: Մինչդեռ իրականում նոր ընտրությունները հաստատ շահեկան չեն լինի հենց ԲՀԿ-ի համար, որն այս ամիսներին նախագահական ընտրության ընթացքում դրսեւորվեց որպես թուլակամ կառույց, իսկ այդ կառույցի ղեկավարը՝ որպես ոչ վճռական ու հաստատուն անձնավորություն: ԲՀԿ խմբակցության քարտուղարը փորձել է հիմնավորել նոր ընտրության ոչ արդիական լինելը եւ նշել է, որ չփոխված Ընտրական օրենսգրքով ընտրության գնալը «կնշանակի որեւէ նոր պատկեր չունենալ»:

Ինչեւէ, ԲՀԿ-ում, ըստ լուրերի, չի բացառվում, որ ընտրացուցակի 1-ին համարը լինի ոչ կուսակցական, ում մասնակցությունը կլինի զուտ ձեւական՝ որպես առաջատար, որն ընտրություններից հետո ինքնաբացարկ կներկայացնի: Եվ այդ մարդը պիտի ընկալելի լինի երեւանցիների կողմից ու ֆինանսապես ապահովված: Արծարծվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի թեկնածության հարցը, ինչը ՀՀ 2-րդ նախագահի մամուլի խոսնակը հերքել է, բայց զրույցները շարունակում են մնալ:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանի ՍԴ դիմելու փաստը, եւ առաջարկում է յուրօրինակ ճանապարհային քարտեզ, ինչը կարծես պատասխանն է ընդդիմադիր որոշ ուժերի, երբ ճանապարհային քարտեզ էին առաջարկում նախագահական ընտրություններից հետո: Ինչեւէ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել եւ առաջարկել է. «Երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանը համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ». 1. Մինչեւ ՍԴ-ի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում ՍԴ վրա: 2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը՝ զերծ մնալով ավելորդ հռետորականությունից եւ քաղաքական մեկնաբանություններից: 3. Հայտարարել, որ ՍԴ-ի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական եւ իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ»:

Մի բան էլ ես առաջարկեմ կրթության նախարարին. այն է՝ վերջապես խոսել հայերեն՝ առանց «իմպերատիվ վերդիկտների»:

Անի Մարության

Երեք նախագահները վերադառնում են սկզբին

Սեդրակ Քոչարյանը չի՞ գլխավորի ԲՀԿ ցուցակը…

Տեղեկությունները, թե ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, անգամ գլխավորել ԲՀԿ ցուցակը ավագանու ընտրություններում, դեռ հերքվում է: «Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Իսկ լուրերը, որ մարտի 5-ին, ԲՀԿ-ն քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը, եւ քննարկումները շատ բուռն են անցել, քանի որ առաջարկ է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չեն դադարում տարածվել: Ըստ որոշ հրապարակումների, կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հետաձգել է նիստը:

Սա էլ հերքել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով պնդել է, թե ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկում չի ունեցել ընդհանրապես:

ԲՀԿ-ն նորի՞ց կռվախնձոր դարձավ…

Շատերն էին ակնկալում, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի հետընտրական զարգացումներում ԲՀԿ-ի անելիքների հետ կապված կարեւոր խնդիրներ, ինչպեսեւ ներկայումս քաղաքական օրակարգի գլխավոր հարց դարձած Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափի հարցը: Սակայն 3 ժամ տեւած եւ ավելի քան 200 հոգանոց հավաքում այս կարեւոր հարցերից ոչ մեկի վերաբերյալ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ դիրքորոշում չի հայտնել: Կարծիք կա, որ վախեցել է տեղեկատվական արտահոսքից եւ տարակարծություններից: Առանց այն էլ, ըստ լուրերի, «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարվելիք այցից առաջ բավական զայրացրել է նախագահին, թերեւս նաեւ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Գագիկ Ծառուկյանը չի կարող միանգամից գործող ու նախկին նախագահների դեմ պայքարել:

«Ժառանգության հետ» հանդիպումով ԲՀԿ-ն հիշեցրել է քաղաքական դաշտում իր դերի մասին, գուցե ակնարկելով, որ Կրեմլում նաեւ իր մասով ձեռնտու որոշումներ կայացվեն, թե չէ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այսինքն՝ Արեւմուտքի կողքին կհայտնվի:

Այս հարցն էլ նորից խնդիրը հետ է տանում, դեպի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գուցե շարունակում է հավակնել ԲՀԿ-ն շարժելու իրավունքին եւ գուցե խոստումներ է տվել ԲՀԿ ղեկավարին: Նույնը կարող էին անել նաեւ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միասին:

Այլապես, եթե իրական է որդի Քոչարյանի թեկնածության քննարկման հարցը, ապա այս հերքումներն ու ձգձգումները եւս կարող են կապված լինել Պուտին -Սարգսյան հանդիպման արդյունքների հետ:

Հասկանալի է, որ Պուտին-Քոչարյան կապը եւս աշխատում է: Այսպիսով՝ թերեւս ավելի հասկանալի է լինում կուսակցության քաղխորհրդի նիստում ԲՀԿ ղեկավարի բավական կտրուկ եւ քննադատող ելույթը առկա իրավիճակի վերաբերյալ:

Մի՞թե չի դադարել եւ դեռ շարունակվելու է ՀՀ 3 նախագահների հակամարտությունը: Եվ արդյո՞ք ԲՀԿ նախագահը կարծում է, թե կարող է խաղալ եւ հաղթել բոլոր նախագահներին: Դժվար է հավատալ, բայց այս կյանքում ամեն բան պատահում է:

Նարե Մշեցյան

Գնու՞մ է երկրից

– …նախագահի շրջապատը խիստ դժգոհ է նրա փեսայի գործունեությունից…

Ըստ որոշ աղբյուրների, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել իր փեսային՝ Միքայել Մինասյանին գործուղել Վատիկան՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Թե ինչու՞, նշվում են տարբեր, անգամ հակասական կարծիքներ:

Ամենատարածված տեսակետն այն է, որ նախագահի շրջապատը խիստ դժգոհ է փեսայի գործունեությունից, ով իր ստվերային գործողություններով պարբերաբար դավադրություններ է կազմակերպում իշխանության այս կամ այն հայտնի դեմքերի դեմ: Միքայել Մինասյանը չունենալով որեւէ պաշտոն եւ չլինելով ՀՀԿ անդամ՝ անցած նախագահական ընտրություններում նշանակվել էր շտաբի պետի տեղակալ, ինչն աննախադեպ որոշում էր անգամ ՀՀԿ-ականների համար :

Ոմանք սկսել են Միքայել Մինասյանին համեմատել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի փեսա Վալենտին Յումաշեւի հետ, ով Ռուսաստանում այն ժամանակ մեծ ազդեցություն ուներ լրատվական ոլորտի վրա, ինչը գործում է նաեւ այս պարագայում: Շատերն են պնդում, թե նախագահի փեսան իր կարգավիճակն օգտագործելով, դարձել է Հայաստանի այսօրվա «թիվ 1 մեդիաօլիգարխը», որի տնօրինության տակ են ՀՀ գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունները, մի շարք թերթեր, ռադիոընկերություններ, կայքեր:
Ասում են, որ երիտօլիգարխը ստվերային աջակցում է նաեւ մի շարք հակաօլիգարխիկ հասարակական շարժումների, ունի ազդեցության գործակալներ, անգամ ազդեցիկ քաղաքական կուսակցություններում: Աջակցում է ինչպես արեւմտամետ, այնպես էլ ռուսամետ որոշ գործիչների:

Եվ հիմա, այս ամենից հետո այլ հարց է ծագում, իսկ ինչու՞ պիտի նախագահը փեսային «հանի» Հայաստանից:

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.