Մեռա՜նք անընդդիմություն

Ազգային ընդդիմության ձեւավորումը ազգային իշխանություն ձեւավորելու չափ կարեւոր է, ինչը երկու դեպքում էլ թերի է Հայաստանում

Արդեն առավել քան ակնհայտ է, որ «Ժառանգության» հանրահավաքային տրամաբանությունը հանգելու է Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Բայց մի քանի ուղություններ համենայնդեպս ներառվեցին այս հանրահավաքներում: Նախ՝ որ ընտրողներին իբր ապացուցեցին, թե պայքարեցին նրանց՝ այդպես էլ բոլորիս անհայտ քանակի ձայների համար (զարմանալի է, թե դա ինչ թիվ է ու ինչպես է ձեւավորված, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են ընտրված նախագահ): Հետո՝ միջազգային որոշ ուժերի պետք էր ցույց տալ, թե իրենք են ընդդիմության առաջատար ուժը՝ միաժամանակ կատարելով նրանց հետընտրական ցանկությունները:

Կարծում եմ՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ուղղություններում «Ժառանգությունը» ձախողվեց: Հանրահավաքները հեղափոխական ալիքի չձգեցին, մարդիկ չտեսան այն ուժն ու առաջնորդին, ում պետք է ապավինեն, եւ արեւմտյան «արաբական հեղափոխությունները» (իրականում՝ հեղաշրջումները) անգամ հեռանկարում հայկական չդարձան: Ինչպես կարող էին մարդիկ ապավինել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ամեն օր հիշեցնում էր, թե իր վրա պետք չէ հույս դնել, եթե ժողովուրդը գնա առաջ, ինքը կգնա նրանց հետեւից… Սա առնվազն տարօրինակ առաջնորդական կերպար է, որը հաստատ այլ նպատակներ էր հետապնդում, ինչն էլ հասկացան ընդդիմադիրների նշած «իրենց ձայների պաշտպանության համար հավաքված մարդիկ»: Անգամ Սերժ Սարգսյանին եւ Տարոն Մարգարյանին Ազատության հրապարակ կանչելը արդեն տեղում դոփելու պես մի բան էր: Մի անգամ էլ կանչվեց նախագահը, բայց ոչ թե եկավ հրապարակ, այլ իր մոտ ընդունեց ընդդիմության ներկա առաջատարին: Ով նշում է, որ ռազմավարությունն այսօր այն է, որ «ՀՀ քաղաքացիները պաշտպանեն ժողովրդի իրավունքը եւ ի կատար ածեն մեր պահանջը. թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ եւ իրենք կատարելու են մեր պահանջը»: Եվ ահա թե ինչի համար է ընդդիմադիր Հովհաննիսյանը հրավիրում «պարոն Սարգսյանին, որ գա այստեղ՝ Ազատության հրապարակ, եւ ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը, որ գա հայ ժողովրդի, ոչ թե Րաֆֆու պահանջով, ինքը ինքնաբացարկ տա մինչեւ ապրիլի 9-ը»:

Այսպես ներքին եւ արտաքին դիտորդների կողմից ժանաչված՝ ընդդիմության շուրջ 500 հազար ընտրաձայները «ժողովուրդ» են ճանաչվել, իսկ իշխանության ներկայացուցչի ավելի քան 800 հազար ձայները՝ «չժողովուրդ»…

Ահա այն ամբողջ «ժողովրդավարական» տրամաբանությունը, որ գործում է հետընտրական ժամանակահատվածում: Եվ սա արվում է ամենայն լրջությամբ, գոնե շատ լուրջ դեմքեր ընդունած:

Եվ ինչպես նշվեց, ամեն ինչ՝ տրամաբանական, թե անտրամաբանական, Երեւանի քաղաքապետի ընտրության համար է արվում: ՏԻՄ ընտրությունները եւ հատկապես մեծ քաղաքները «գրավելը» գերնպատակ է դարձել:

Եվ «Բարեւ՛ Հայաստան», «Բարեւ՛ Երեւան, Գյումրի, Վանաձոր…» ասվածը միայն դա է նշանակել: ՀՀ Սահմանադրական դատարան էլ դիմեն, միջազգային դատարան էլ, նախկին թեկնածուի շտաբում շատ լավ գիտեն պատասխաններն ու թվաբանությունը:

Հիմա նորից նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին միասին Ազատության հրապարակ կանչող ուժը գուցե այլեւս հասկացնում է իր 3 նպատակները. 1. ՀՀ նախագահ, 2. ՀՀ վարչապետ, 3. Երեւանի քաղաքապետ:

Դե 1-ինը հասկանալի պատճառներով չի ստացվում, 2-րդի համար ավելի լուրջ միջազգային քաղաքական կռվաններ են գործում, իսկ 3-րդը կարծես իշխանությունների սրտով չէ՝ մայրաքաղաքը հանձնել հակառակորդին…

Մնացածը՝ հաջորդիվ:

Ի դեպ, հանրահավաքներ կազմակերպող «Ժառանգության» գրասենյակները մարզերում հիմնականում փակ են:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.