Արդեն առավել բացահայտ քայլերով է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հրավիրած հանրահավաքի մարդկանց կարծիքն անտեսում, իսկ հանդիպում ու հաշվի է նստում արեւմտյան գործիչների հետ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ այս անգամ էլ որոշել են դիմել Սահմանադրական դատարան: Իսկ թե ինչ է ուզում ամեն օր հավաքվող ընտրազանգվածը, դա ընդդիմադիր գործչին չի հետաքրքրում:
Իսկ ո՞վ է Թալիավինին, որ պիտի որոշի այն հայ մարդկանց ճակատագիրը, ովքեր իրապես եկել ու կանգնել են իրենց համոզմունքների համար… Եվ ոչ թե ընդդիմական խաղի կամ օտարահաչ դրսեւորումների:
Իսկ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Էջմիածնում եւ այլուր ընդդիմադիր գործիչը հայտարարում է, թե ժողովուրդ, հույսներդ իմ վրա չդնեք, ես կգամ ձեր ետեւից, եթե դուք պահանջներ ունեք եւ կգնաք պահանջելու: Էջմիածնում անգամ նշել է, որ ինքն աստված չէ եւ ամենակարող չէ… Այնպես որ կարելի է հասկանալ, թե ինչու է օտարների հետ տեսակցում ընդդիմադիր Հովհաննիսյանը, եւ ինչու է այնտե՛ղ հույսը փնտրում: Ինքը, փաստորեն հույս տվող չէ, ժողովուրդն էլ հուսադրող քայլեր չի անում, իսկ թե ինքնաբուխ ինչպես պետք է դա անի, հասկանալի չէ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի հետ քննարկել են նաեւ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ մարտի 4-ին նախկին թեկնածուի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանին են հանձնել հայց, որով պահանջվում է «վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը իր շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ, քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դուրս գալու ուղիները: Հաջորդ հանդիպումը «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ էր, որոնց հետ քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանը միտված քայլերն ու մտահոգությունները:
Տեղի է ունեցել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպումը (մեր տեղեկատվության աղբյուրի համաձայն, այն կայացել է ԲՀԿ ղեկավարի առաջարկով), որին ներկա են եղել նաեւ կողմերի ներկայացուցիչները: Նախկին թեկնածուն վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները՝ համարելով դրանք կեղծված: «Դարեր շարունակ» իշխանության մեջ գերաճած եւ գերհագեցած ԲՀԿ ղեկավարներն էլ նշել են, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում՝ ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաեւ կիսել են ընդդիմադիր գործչի շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ «երկրում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու եւ փոփոխությունների հրամայականի կապակցությամբ»: ԲՀԿ-ն եւս համարում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ:
Հետաքրքիր է, որ այս ամենին զուգահեռ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտնել է, որ իր թեկնածուն նախագահական ընտություններում գործող նախագահը չէր, բայց նրա համար Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է: Պատգամավորը դժվարությամբ է մտաբերել այն թեկնածուի անունը, ում տվել էր իր ձայնը միայն այն պատճառով, որ նա դրսում, այս ցրտին սոված նստել հացադուլ էր անում, իսկ նույն այդ ժամանակահատվածում ինքը օտար երկրում ծովափնյա տաք գոտում իր հանգիստն էր վայելում, «այսինք բալանս եմ պահել ու համարում եմ, որ ճիշտը դա էր այդ պահին»: Նա հայտնել է, որ չի միանա Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին:
Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը անդրադառնալով Հայաստանում հետընտրական գոծընթացներին եւ դրանց վրա Մոսկվայի ազդեցության հարցին, նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կարող են լինել խնդրահարույց հարցեր, սակայն այդ երկրների տարակարծությունները առանցքային բնույթ չունեն. «Չեմ կարծում, որ կարելի է մտածել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով Մոսկվան կցանկանա շիկացնել ՀՀ ներքաղաքական կյանքը»: Ըստ փորձագետի, «Ժառանգության» ղեկավարը որպես քաղաքական գործիչ դեռեւս չի կայացել. «Կարծում եմ, որ նա զարմացած է այն արդյունքներից, որ ստացել է, որովհետեւ մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 5% էր հավաքել, նա երբեք մեծ տոկոսներ չէր ստացել: Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում նրա ստացած տոկոսները միայն իրենը չեն, նա այսպես ասած, «անտիսարգսյանական» թեկնածու է, թե կոնկրետ, որ մասն է այդ ձայներից միայն իրենը, չեմ կարող ասել: Ուստի՝ նրա մասին խոսել որպես լուրջ քաղաքական գործչի, այդքան էլ լուրջ չէ»:
Եվ զարմանալի չէ, որ «Ժառանգության» ներկայացուցիչները հանրահավաքներում շարունակում են ապացուցել այդ չկայացվածության դրսեւորումները՝ հայտարարելով, թե իշխանությունները սկզբից «թմբկահարում էին միջազգային դիտորդների գնահատականները, իսկ հիմա էլ կանգնած են այլ տագնապի առջեւ, չի բացառվում, որ Հայաստան կարող է ներխուժել ՀԱՊԿ ԶՈւ-ն, քանզի պուտինյան կայսրությունը ենթադրում է շարունակել Խորհրդային Միության կայսրության տխրահռչակ պրակտիկան»: Այս ցնորամտությանը տրվում է նաեւ «հիմնավորում», թե չպետք է մոռանալ, որ «Հայաստանի մայրաքաղաքը Երեւանն է, իսկ նորընտիր նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Հակառուսական այս գիծը վստահաբար եւս թելադրված է արեւմտյան խորհրդատուների կոմից, ինչը հստակ կատարվում է: Հակառակ կողմն էլ փորձել է ՀՅԴ ներկայացուցչին կանգնեցնել փաստի առաջ եւ Ռուստամյանին հարց են ուղղել, թե տեղյա՞կ են, որ Հովհաննիսյանի կինը եւ երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են: Ի պատասխան հնչել է, թե Րաֆֆիի կնոջ քաղաքացիությունը իրեն չի հետաքրքրում. «Դա իրական լուրջ խնդրից շեղելու միտում ունի, իսկ թե ով որտեղի քաղաքացի է, թող իրենք որոշեն: Եթե նա հայ է, ուրեմն հայ է: Մեր ժողովրդի ճակատագրով մտածող մարդն էդպիսի տարանջատումներ չի կարող կատարել: Շատ հայեր Հայաստանից դուրս են եւ շատ շատերն էլ արտերկիր տեղափոխվել են վերջին 10-15 տարում, հիմա դա ինչ է նշանակում՝ դադարել են մեր հայրենակիցը լինե՞լ»,- ասել է ՀՅԴ գործիչը:
Որոշ զլմ-ներ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճը համարում են Ջորջ Վաշինգթոնին նմանվելու փորձ, ով իր քարոզարշավի ընթացքում շրջանառում էր նախագահական աշխատավարձից հրաժարվելու միտքը, սա, իհարկե այլ ձեւակերպումներով, համեմատականի մեջ է դրվում ներկայիս դեպքում: Իսկ կնոջը, մորը, զավակին եւ շանը կամ նման այլ ձեւերով քարոզարշավում ներգրավելու մեթոդիկան Բարաք Օբամայի ոճն է, որը գուցե,արդյունավետ էր ԱՄՆ-ում, սակայն Հայաստանում ավելի շատ ընկալվում է որպես թուլության նշան, իբր թեկնածուն չի կարողանում ինքնուրույն վարել քարոզարշավը:
Ինչեւէ, առանց ցունամիների ընդդիմադիր ալիքը դեռ քայլարշավում է «Բարեւ»-ով, ինչը թերեւս իր դադարին կհասնի սահմանադրական պատասխանն ստանալոց հետո, չնայած միջազգային դատարաններին դիմելու ցանկություն հայտնողներ էլ կան: Բայց ի՞նչ պետք է ասվի այդ դատարանում, եթե դիտորդական միջազգային բոլոր առաքելությունների կարծիքը հաստատել է վերընտրված նախագահի հաղթանակը, ում շնորհավորել են շահագրգիռ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարները:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



