Մենա՞կ է գործել «էպոսագետ» Սեդրակյանը

Տեսնենք ե՞րբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված 2 անձանց եւ «էպոսագետ», նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի միջեւ հարաբերությունների մասին տարածվող լուրերը համոզում էին, որ «էպոսագետի» կալանավորումը սարերի ետեւում չէ: Անգամ ինքը՝ կասկածյալ նախկին թեկնածուն, նախընտրական շրջանում «կանխազգում» էր դա եւ հայտարարել էր այդ մասին: ԱԻՄ նախագահի եւ նրա մերձավորների համար եւս անսպասելի չէր, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանի համար, ում խոսքերով «էպոսագետն այդ ամենի մեջ միայնակ չի գործել եւ նա միայնակ պատվիրատու լինել չի կարող: Կարող է պատվիրատու օղակներից մեկը լինել, նա միայնակ ի՞նչ շահ պետք է ունենար»:

Եվ նախագահի նախկին թեկնածու Հայրիկյանի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում մարտի 5-ի գիշերը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում, որոշվեց բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը եւ կալանավորել մեկ այլ նախկին թեկնածու «էպոսագետ» Սեդրակյանին: ԱԱԾ-ի քննչական վարչությունը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ԱԻՄ նախագահի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով‘նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը հենց այդ օրը՝ չհաստատելով ու չհերքելով հավաստել է, որ նախագահի արդեն նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին պատկանող գրասենյակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել, խուզարկել են նաեւ նրա ավտոմեքենան: Լրագրողներին Սեդրակյանը հայտնել էր, թե իրեն «թարսի պես չեն ձերբակալել», անգամ զարմացել է, երբ լսել է, թե նման տեղեկություն է տարածված ու միանգամից «կծել» է. «Էդ նույն զլմ-ները չե՞ն, որ գրել էին, թե աներոջս ձերբակալել են, որը մահացել է 20 տարի առաջ»: Իսկ երբ հայտնել են, որ խուզարկություն է ընթանում նաեւ նրա տանը, «էպոսագետը» ասել է, որ տեղյակ չէ, ինքն իր աշխատավայրում է:

Մինչ այս, «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող Հայրիկյանի առողջական վիճակը վատացել էր, եւ նրան է այցելել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ մասնագետների, վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում, «ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է»:

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ժամը 23:20-ի սահմաններում, Երեւանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի:

Դեպքի վայրից առգրավվել էր 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միեւնույն տրամաչափի 1 գնդակ էլ հանվել է ԱԻՄ ղեկավարի մարմնից վիրահատության ընթացքում: Իսկ հետաքննությունը հայտնաբերել էր մեղավորներին եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված 2 անձինք՝ Երեւանում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966 թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: Վերջինները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել էին խոստովանական ցուցմունքներ: Ձեռնարկված գործողությունների արդյունքում Խաչիկ Պողոսյանի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը: Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 34-305-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քր.օրենսգրքի 34-305-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Բացի այդ, ըստ ԱԱԾ լրատվական կենտրոնի, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել էին ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչեւ կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում՝ տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների եւ ցուցմունքների հետ:

«էպոսագետը» դատարանի վճռով նույնպես կալանավորվել է 2 ամսով եւ տեղափոխվել մեկուսարան: Նա հայտնել է, որ շուտով կորոշի իր մարտավարությունը ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ցուցմունքներ դեռ չի տվել: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը փոխանցել է իր պաշտպանյալի խոսքերը. «Նա նշել է, որ դա աբսուրդ է: Ես չեմ հասցրել նորմալ զրուցել, քանի որ գործողությունները սկսեցին օրվա երկրորդ կեսից: Կհանդիպեմ նրան եւ կորոշենք մեր հետագա անելիքները»: Պաշտպանը բնական է համարում, որ քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել. «Բայց իրականում, այլ խնդիր է, թե մեղադրանքը որքանով է հիմնավոր», ուստի միջնորդություն է ներկայացրել գործով քննիչին, քանի որ իրեն անհասկանալի են իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը եւ դրա հիմքերը. «Չենք հասկանում ոչինչ, ինչ կապ ունեն մեղադրանքն ու դրա հիմքերը իմ պաշտպանյալի հետ, տեղյակ չենք՝ մյուս 2 կալանավորվածներն ինչ ցուցմունքներ են տվել, որպեսզի մեզ տրամադրեն հիմքերը»:

Ընտրական գործընթացներում շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ էր ուզում նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը «Սասնա Ծռեր» էպոսից եւ ինչ էր ուզում ասել՝ էպոսը որպես քարոզչամիջոց ընդունելով: Անգամ զարմացողներից ավելի շատ զայրացողներ եղան, որ խաղարկվում է հայոց էպոսի բովանդակությունը, իմաստը, էլ չասենք՝ Տիեզերքի անունից հանդես գալու իրավունքի մասին: Օրերս «http://hayeli.am» կայքէջը մի հոդված տեղադրեց «էպոսագետի» կալանավորման առիթով՝ վերնագրելով. «Փակվեց Ագռավաքարում՝ մինչեւ կբացվի Մհերի դուռը»: Մասնավորապես նշվել է. «Այսպիսով՝ էպոսագետ ներկայացող թեկնածուի երկու կանխատեսումներից մեկը՝ իրեն ձերբակալելու մասով, 13 օր ուշացումով իրականացավ, իսկ 81% քվեն նա այդպես էլ չհավաքեց՝ փակվելով իր Ագռավաքարում՝ ԿԳԲ-ի «պադվալում», առնվազն 2 ամսով: Տեսնենք, թե երբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի»…

Իմիջիայլոց, այլ տեսակետ էլ կա, թե ինչու կալանավորվեց Սեդրակյանը՝ այդ «ծանոթ ու անծանոթ էպոսագետը»: ԱԻՄ նախագահը նշել է, որ չի ճանաչում «էպոսագետին», նրա մասին իմացել է առաջադրվելուց հետո, իսկ նրա «պայծառ» մտքերի հետ էլ ծանոթացել է նախընտրական շրջանում: Այնպես որ, անձնական «խորհրդավոր» կապերի գոյությունը հիմնավոր չէ, եւ հիմնական հարցը մնում է այն, արդյո՞ք ԱԱԾ-ն Սեդրակյանին է համարում Հայրիկյանին վերացնելու փորձի իրական պատվիրատուն, թե՞ ընդամենը նրան, այսպես կոչված, «միջնորդի» դերում է տեսնում: Ըստ այդ տեսակետն ունեցողների, այս տեսանկյունից կալանավորումն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան պարզեցնում իրավիճակն ու հանգամանքները եւ խնդիրն այն է, որ «Սեդրակյանն այնքան էլ պարզամիտ կամ գուցե թեթեւամիտ մարդ չէ, ինչպիսին փորձում էր իրեն մատուցել նախընտրական շրջանում՝ տեղավորվելով խեղկատակի կամ ծաղրածուի կերպարի մեջ: Նախ՝ նրա ֆետիշային ընկալումները էպոսի վերաբերյալ, բոլոր հարցերում իրականությունը դրա պրիզմայով անցկացնելու հանգամանքը Սեդրակյանին ավելի շատ մոտեցնում էին ֆանատիկոսի: Իսկ այդպիսի տիպերը կարող են նման գործերի մեջ ուղղակիորեն ներգրավվել ոչ միայն խորը թաքնված, շրջապատի համար առաջին հայացքից անհասկանալի անձնական, գաղափարական մոտիվներով, այլեւ այլ, ավելի շահագրգիռ շրջանակների ձեռքին հեշտությամբ գործիք դառնալով: Միայն այն հանգամանքը, որ նա անցել է թե՛ հոկտեմբերի 27-ի եւ թե՛ մարտի 1-ի գործերով, ցույց է տալիս առնվազն մութ գործերում ներքաշվելու նրա հակումները, իսկ նմանները սովորաբար պատահական մարդիկ չեն լինում»:

Նաեւ տարակուսանք է արտահատվում, թե ո՛չ նա, ո՛չ էլ պետական որեւէ պատկան մարմին այդպես էլ հստակ պարզաբանում չտվեցին «համեստ ունակություններ ու մտավոր պոտենցիալ ունեցող այս անձնավորության պատկառելի ֆինանսական ու նյութական միջոցների ծագումնաբանության մասին»: Ներկայացված մեղադրանքների մասին իմանալուց ոչ պակաս չափով է հասարակությունն ա՛յս հարցերի պատասխանները ցանկանում ստանալ: Իսկ այն փաստը, որ նախագահի թեկնածուի դեմ մահափորձն իրականացվել է հենց նախընտրական փուլում, ցույց է տալիս դրա քաղաքական ենթատեքստը «անկախ այն բանից, դրանք ուղղակիորեն առնչվում էին անմիջականորեն Հայրիկյան-անձին, քաղաքական գործչին, թե նա պարզապես ընտրվել էր ամենահարմար եւ խոցելի թիրախ՝ բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար»:

Կարծիք է հնչել նաեւ, որ Վարդան Սեդրակյանին կալանավորելու որոշումը կարող էր ունենալ նաեւ «հանրային ուշադրությունը բոլորովին այլ տեղեկատվական խայծերի ու զարգացումերի վրա կենտրոնացնելու, այսինքն՝ ներքաղաքական, հետընտրական գործընթացներից շեղելու նպատակ»: Այս տեսակետը պատճառաբանվում է, որ «եթե իսկապես ԱԱԾ-ն ի սկզբանե արդեն պլանավորել էր Սեդրակյանի կալանավորումը եւ սպասում էր ընտրությունների ավարտին, ապա կարող էր սպասել եւս մի քանի օր՝ մինչեւ նախագահի երկու թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած ընտրությունների սահմանադրականությունը վիճարկող դիմումների կապակցությամբ ՍԴ-ն որոշում կկայացներ»: Ինչեւէ, բոլոր տեսակետներն այսօր հնչելու իրավունք ունեն, ինչը կարող է միակարծության հանգել, երբ նախաքննության նյութերը հրապարակվեն եւ մեղադրանքներ փաստարկված լինեն:

Արամ Ավետյան

Հ.Գ.- Երեկ «Սիրունյան իրավաբանական գրասենյակ»-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ ԸՕ-ի 87 հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո եւ սահմանված իրավունքներն ու պարտականությունները թեկնածուի վրա տարածվում են մինչեւ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչեւ սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Ըստ նույն հոդվածի 6-րդ մասի, նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչեւ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ, որը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչեւ թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաեւ ձերբակալությունը կալանքով փոխելու եւ կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»: Ըստ պաշտպանի, Սեդրակյանը դեռ նախագահի թեկնածու է, չի կարող կալանավորվել:

Իսկ փողերի լվացումը, գաղտնալսումը…

Մարտի 1-ին, ժամը 14:00-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, ինչը կարող է տեղաշարժի առիթ դառնալ նաեւ հայտարարված «փողերի լվացման» գործում:

Իսկ գուցե Վարդան Օսկանյանը կարողացե՞լ է շա՜տ հայտնի ու վախենալու հանթսմաններին խառնել այս գործին եւ նախընտրական գործընթացներում սառեցված այս գործը արդե՛ն հալվել-ջրվել է…

Ինչեւէ, երբ Վարդան Օսկանյանը մասնակցեց ԲՀԿ-«Ժառանգություն» հետընտրական հանդիպմանը ու հանդիպեց նաեւ Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին, ԱԱԾ-ն վերստին կանչեց Սալբի Ղազարյանին: Հետաքրքիր է, որ հետընտրական ժամանակահատվածում դեսպան Թալիավինիի աշխուժությունը սահմաններ չունի, նա հանդիպել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսպես խորհրդակցելով էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կազմել է իր վերջնական զեկույցը, որն իբր պետք է նպաստի ընտրությունների նկատմամբ հանրության վստահությանը:

Լեւոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսումը եւս սառեցված կարգավիճակում է:

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.