Տակի ճյուղը կտրում է, բայց միշտ հասցնում է այլ ճյուղի նստել

Ըստ «news.am»-ի, «երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը մարտի 6-ին մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա հայհոյում է նրանց, որոնցից գումար կամ որեւէ օգնություն է ստացել:

Ըստ այդմ՝ երգահանը պարզաբանել է, թե Հայաստանի երեք նախագահներից ինչեր է վերցրել կամ չի վերցրել:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չի վերցրել, նրա օրոք գործում էր քարտ, որ եթե հայտնի արվեստագետը հիվանդանում է, նրան Ֆրանսիայում բուժում են ձրի, այդպես էլ նա բուժվել է ձրի:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց բնակարան է տվել, ինքը դրա համար շնորհակալություն է հայտնել:

«Եթե տալիս են ու տալիս են տեղին, բայց երբ մարդը սխալ է անում, չասե՞ս, դիտողություն չանե՞ս: Օրինակ՝ «մարտի 1-ը» կուլ տալու բա՞ն է, դուք կլռեի՞ք, թե՞ կխոսեիք»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Իսկ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ 3-րդ նախագահը, երբ նա պաշտպանության նախարար էր, հովանավորել է նրա մեկ սկավառակը՝ տալով 30 հազար դոլար: «Ես նրան ասացի, որ սա անհրաժեշտ է, որպեսզի մեր երեխաները հայ մեծանան: Եթե այդ բանը չանեի, երեխաները առանց երգի էին մնալու, քանիցս շնորհակալություն եմ հայտնել:

Բայց երբ որ Սերժ Սարգսյանի օրոք հետեւողական նշանակումներ են արվում՝ մշակույթի, կրթության նախարար, ես իրավունք չունե՞մ որպես քաղաքացի եւ որպես քիչ թե շատ հայտնի մարդ, դիտողություն անել»,- նշեց նա:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանից եւս գումար է վերցրել, երգ գրել, ընտրություններին կանգնել նրա կողքին, բայց նաեւ քննադատել է, իր խոսքով՝ «պատվերը կատարել է, ապա՝ քննադատել»»:

Կարծում է՝ ծաղրում է բոլորին, բայց բոլորը ծիծաղում են նրա վրա

Դարձյալ ըստ «news.am»-ի, «Ռուբեն Հախվերդյանն առաջիկայում երկու համերգ կունենա, մեկը՝ «Մեցցոյում», մյուսը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում: Համերգին կհնչեն հին եւ նոր երգեր, մասնավորապես՝ կհնչի երկու նոր երգ, որոնցից մեկի վրա աշխատել է ավելի քան 12 տարի:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը լրագրողների հետ հանդիպման էր եկել ծամոն ծամելով:

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը դժգոհություն հայտնեց նրա ծամոն ծամելու հետ կապված եւ հետաքրքրվեց, թե ինչի է ծամոն ծամում: Հախվերդյանն էլ օրինակ բերեց Ջոն Լենոնին՝ ասելով, թե նա նախագահի համար համերգ տալիս էլ էր ծամոն ծամում:

«Ծամոն ծամելով փորձում եմ իմ վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլի նկատմամբ, որովհետեւ հայ մամուլը իմ կյանքը կերել է»,- նշեց նա:

Այնուհետեւ «արդարացավ», թե սխտոր է կերել, որպեսզի բերանից սխտորի հոտ չգա եւ լրագրողները չուշաթափվեն այդ հոտից, ծամոն է ծամում:

Այս զրույցից հետո Ռուբեն Հախվերդյանը հենց տեսախցիկների առաջ հանեց ծամոնը բերանից եւ դրեց սեղանին: Այնուհետեւ սեղանին դրված ծամոնը վերցրեց եւ նորից ծամեց:

Իսկ ասուլիսի ավարտին նա, դիմելով աղջիկ լրագրողներին, ասաց՝ «շաշ անտերներ, գնացեք պսակվեք բոլորդ, բայց ում հետ, փեսացուները սաղ խոպան են գնացել»:

* * *

Ի միջի այլոց, ադրբեջանական ու թուրքական էլեկտրոնային պարբերականները այս օրերին մեջբերումներ էր, որ անում էին Ռուբեն Հախվերդյանից:

Day. az-ն, օրինակ, խոշոր տառերով գրում էր՝ «Ռուբեն Հախվերդյանը ասել է, որ «Հայաստանում միայն մեռյալ հոգիներ են», «որ հայ երգիչները թուրքական ու ադրբեջանական մեղեդիներն են գողանում, հայերեն բառեր դնում ու երգում», «որ Հայաստանում մտավորականներ չկան» եւ այլն:

Հախվերդյանը իսկական աստղ էր դարձել, ով ադրբեջանցիների համար եւ՛ քաղաքական գործիչ էր, եւ՛ խոշոր մտածող, եւ միակ հայ լավագույն երգիչը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.