Երբ ազգի գնահատանքը ազգի երեսին են շպրտում

Որպես երգիչ մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական Արցախը

Ազգի կողմից գնահատվելով՝ նաեւ միջազգայնորեն ճանաչված մշակույթի գործիչները իրավունք չոււնեն թքելու այնտեղ, որտեղից սնվում են:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այն հանրահայտ ճշմարտությանը, որ մշակույթը մարդկանց ու երկրներ նվաճելու լավագույն զենքն է: Լավագույնն է, քանզի կարելի է առանց մի մարտական կրակոցի, պարզապես քարոզչությամբ եւ դրամաշնորհներով (արանքում նաեւ՝ դրամ «շնորհելով») գրավել ու դեպի սեփական կեցակարգին եւ լեզվամտածողությանը բերել ինքնությունից ու էությունից հեռացած ժողովուրդներին ու մարդկանց: Այսպես մշակույթ է թելադրվում զանգվածներին ինչպես մտածողության եւ ինքնության, այնպես էլ բարոյականության ու հոգեբանության ասպարեզներում, եւ համաշխարհայնացման նպատակն արդեն դառնում է նաեւ այդ խեղվածների ու այլասերների (ինչը հետագայում նաեւ եսակենտրոն ինքնասիրության եւ ինքնահավանության է վերածվում) նպատակը: Նրանք դառնում են այն «միջազգային հանրության» վճարովի կամ անվճար ծառաները, ովքեր պատրաստ են քարուքանդ անել սեփական երկիրն ու մշակույթը:

Ինչեւէ, այս տխուր ու զազրելի հակազգային, նաեւ օտարանպաստ եսակենտրոնությունը բացառություն չէ նաեւ Հայաստանում: Եվ արդեն Ռուբեն Հախվերդյանի, Ջիվան Գասպարյանի կամ Նունե Եսայանի պես սիրված արվեստի ներկայացուցիչները իրենց ազգային կենտրոնը սկսել են շփոթել ապազգային եսակենտրոնության հետ (հուսով ենք՝ վերջին երկուսի պարագայում դա որպես եզակի վրիպում կմնա): Այս թեմային անդրադարձել ենք, եւ այդ երեւույթը միանշանակ արատավոր ու վտանգավոր համարել: Հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանն արդեն ոչ թե վրիպել, այլ մի քանի անգամ հակազգային «սխալներ» է թույլ տալիս, եւ սրան պետք է գնահատական տրվի նաեւ պետականորեն, ազգայնորեն: Ինչու՞ պետականորեն, քանի որ այն մտքերը, որոնք նա արտահայտել է, ընդդիմադիր քաղաքական ուժի հանրահավաքի ժամանակ է եղել եւ, կամա թե ակամա, քարոզչություն է արվել ի շահ Ադրբեջանի: Զարմանալի է, որ երբ Թուրքիայի՝ գուցե չմտածված (մտավորականը չմտածելու իրավունք չունի,- խմբ.) գովքն էին անում վերոնշյալ արվեստի գործիչները, պետությունը էլի լռեց: Ի՜նչ է, այնքան են վախենում «միջազգային հանրությունից», որ պետության շահը (եթե ոչ գոնե որպես հայ) մոռանու՞մ են… Մինչդեռ հանրությունը տվել է գնահատականը՝ նրա համար եղկելի են այդ ծախու մտածողները: Հայի գենը, փառք մեր աստվածներին, դեռ պինդ է: Առայժմ միայն մեկ տխրահռչակ Գեորգի Վանյան կա, ով ադրբեջանական մշակույթի, առավելապես կինոփառատոնների կազմակերպման հրահանգի տակ է (սա էլ իր կարգավիճակն է), բայց ԱՄՆ-ի դեսպանատան փողերն առայժմ անզոր են գոնե այդ առումով… թեեւ վանյանական թեկնածուներից կարծես անպակաս ենք:

Հերթական ապազգայնությունը Ռուբեն Հախվերդյանը դրսեւորեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Թե ինչ են խոսում նրա մասին, որ պարզապես գումարներ աշխատելու համար ժամանակին Դաշնակցության քարոզաերգերն էր երգում, հիմա էլ՝ «Ժառանգության» (կամ՝ գործարար շրջապատում «տնից տուն» էր վազում), թողնենք ընտրազանգվածի դատին, իսկ մենք մեջբերենք նրա՝ հանրահավաքում ասված խոսքերից. «Կռիվը պարտկոմի Ռոբերտի ու կոմսոմոլի քարտուղար Սերժի հետ է… Եվ ի՞նչ է նշանակում հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը մեզ ղեկավարի…»:

Հասկանալի է՝ երգիչը դեմ է իշխանությանը, ու դա նրա՛ իրավունքն է, բայց քանի որ «հեռավոր ադրբեջանական գավառ» ձեւակերպումով նա աղավաղել է Հայոց պատմությունը, նրան իր տեղը ցույց տալն էլ մե՛ր իրավունքն է. ու տեղ նա արդեն… չունի՛…

Երգիչը այս անգամ էլ է հետողորմյա արել. «Խոսքը սխալ են ներկայացրել, կտրել են կոնտեքստից… Հիմա Արցախը մեր անբաժանելի մասն է: Սա ճշմարտություն է: Ես ասել եմ, որ այն ժամանակ, երբ Ռոբերտն ու Սերժը եղել են Կեւորկովի աշակերտները՝ ԼՂ-ն էլ եղել ա ադրբեջանական տարածք: Դրա համար սրանք ուժային մեթոդներից այն կողմ չեն գնում, բացի ուժայիններից ուրիշ ոչ մի բան չգիտեն: Կոնտեքստը փոխել են, էդ սկզբի ասածը չեն ասում, բայց չի էլ հետաքրքրում, թե ովա դա արել, կամ ում ա ձեռնտու: Ու ես նորից եմ ասում, որ սրանք այն ժամանակվա ֆաշիստական ռեժիմի արդյունքն են՝ ինքն էլ, Ռոբերտն էլ: Կեւորկովի աշակերտներն են եղել: Մեկը աշխատել է կոմսոմոլի քարտուղար, մյուսը՝ պարտկոմ: Պարտկոմը Ռոբերտն էր, Սերժն էլ Կեւորկովի օգնականն էր ու կոմսոմոլի քարտուղար, ի՞նչ պիտի սովորեին նրանից.Կեւորկովը հայատյաց մարդ էր: Ես սա եմ նկատի ունեցել»:

Իսկ մտավորական կոչված Հախվերդյանը չի հիշու՞մ, որ Արցախը մինչեւ «հեռավոր ադրբեջանական գավառ» լինելը բուն հայկական տարածք էր եւ է, հայի բնօրրանի մի անբաժան մասը: Սա լավ չի հիշու՞մ, թե «պոլնի» խմելու «ձիրքը» տեղ-տեղ «պրակոլներ» է տվել… Իսկ ինքը արդյո՞ք չի ապրել կոմունիստական Հայաստանում (այդ ժամանակ տարբերություն չկար, թե որտեղ կապրեիր՝ նաեւ Ադրբեջանում, թե Կիրգիզիայում) եւ հիմա իր վրա կոմունիստական աղբ կա՞, թե չէ՞: Սովետական Հայաստանում հայատյացներ չկայի՞ն, ոմանց հետ հաստատ քիչումիչ շփված կլինի ընկեր-պարոն արվեստագետը: Նույնիսկ այսօր Հայաստանում կան հայատյացներ: Եթե մտավորական կոչված Հախվերդյանը չի վարակվել վերոնշյալ աղբով ու չի սովորել «պարտկոմներից ու կոմսոմոլներից», ապա ի՞նչ իրավունք ունի կասկածելու այլ մարդկանց չվարակվելու եւ չսովորելու հնարավորությանը: Իսկ իր պաշտպանած «Ժառանգության» անդամներից չկա՞ն նախկին պարտիականներ ու կոմսոմոլներ (նախկինում պաշտպանած ՀՅԴ-ի կազմում նույնպես), թե՞ էլի խմելու «ձիրքը» տեղ-տեղ…

Երգիչը հերոսաբար շարունակում է. «Ես ասում եմ՝ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր: Ներկայումս ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական: Իսկ իմ ասածն էն ա, որ նրանք Կեւորկովի մոտ աշխատելով, այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են եւ չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ: Նրանք կայացել ու դաստիարակվել են ադրբեջանական գավառում եւ չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետեւ նրանք աշխատել են Կեւորկովի մոտ»:

Սա նույն երգի կրկներգի պես մի բան եղավ, եւ ի՞նչ է նշանակում «Արցախը ներկայումս ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական»: Սա կարող է ասել միայն տխմարը կամ թշնամին: Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Արցախը անկախ պետություն է, որը միջազգայնորեն ճանաչման եզրին է, ավելին՝ շուրջ 20 տարի առաջ վերամիավորվել է Հայաստանի հետ: Եվ միայն թշնամին կարող է սա չտեսնել ու հակառակը պնդել:

Այս մտավորական հորջորջյալը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը «Ռանչպարների կանչը» կարդացել ա»: Կարեւորը՝ վեպը «կարդացել ա» Ռուբեն Հախվերդյանը, ու ներարկվել է այնքան, որ հասկացել է, թե… Արցախը հայկական հող չէ…

Մյուս կարդացած ներարկվածներից ու ամբիոնում գտնվողներից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը չարձագանքեցին: Ավելին՝ չարձագանքելու համար զրույցի բռնվեցին: Իսկ սա նույնն է, թե նրանք են ասել այն, ինչ հնչել է իրենց պատասխանատվությամբ ընթացող հանրահավաքում:

Ի դեպ, աղմուկից խուսափելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը հետո հայտարարեց, թե համաձայն չէ Ռուբեն Հախվերդյանի՝ «երեկ Ազատության հրապարակի հարթակից արված հայտարարության հետ, որ ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»: Այսինքն՝ այդ օրը համաձա՞յն էր, հաջորդ օրը տեսավ լավ անդրադարձ չկա երկրում՝ դարձավ անհամաձա՞յն:

Բայց չէ, ելքը գտել էր, նա համաձայն չէ, սակայն միաժամանակ իրեն իրավունք է վերապահում հարգել այդ «համաքաղաքացու եւ մյուս ՀՀ քաղաքացիների ազատ խոսք ասելու իրավունքը»: Ու եթե այդ «ազատ խոսքը» նույնիսկ Հայաստանի հերն է անիծու՞մ: Սա՞ է, պարո՛ն Րաֆֆի, «Րաֆֆիի Հայաստանը»:

Փոխարենը մենք կասենք՝ որն է «Րաֆֆիի Հայաստանը»: Եվ այսպես՝ Ռուբենն ասում է. «ՀՀ-ում պիտի ժողովրդավարություն հաստատվի, եւ հաստատողը ՀՀ քաղաքացին հենց պիտի լինի, եւ ոչ թե դրսից եկած եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Եվրոպացիները ըստեղ գալիս ուտում-խմում-գնում են, էդա իրանց միսիան»:

Րաֆֆին սա լավ գիտի, բայց «էդ իրանց միսիան» կատարողների հետ ամեն օր խորհրդակցում է, շա՜տ մեղմ ասած, ու Սահմանադրական դատարան դիմելու հարցը նրա՛նց հետ որոշում եւ ոչ թե հանրահավաքի մասնակից ՀՀ քաղաքացիների: Ահա այսպիսի «Րաֆֆիի Հայաստան»՝ երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը…

Հարբած Ռուբեն Հախվերդյանին ծափահարող ամբոխից հիասթափված է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանը. «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում՝ Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի օրը, իրեն կորցրածի կերպարով, ինքնասիրահարված Հախվերդյանի կողմից գիտակցաբար հնչեցված հակապետական, հակահայկական մտքերը ուղղակի ապշեցրել են ՀՀ հարյուր-հազարավոր հայրենասեր քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ ինձ: Նրա այս խոսքերը ուղղակի ջուր լցրեցին հորինված ադրբեջանական պետության ջրաղացին: Այն, ինչ ես տեսա եւ լսեցի էլեկտրոնային կայքերում տեղադրվածտեսանյութից, ուղղակի խորին հիասթափություն ապրեցի ոչ միայն հարբած եւ մոլորված, ոտքի վրա հազիվ կանգնող երգիչ Հախվերդյանից, այլ նաեւ հրապարակում նրան ծափահարող մի հատված ամբոխից (ոչ թե քաղաքացիներից)… Ապրելով Հայկական բարձրավանդակում, որի հարեւանները ամենուր թշնամանքով են լցված մեր պետության եւ ժողովրդի հանդեպ, յուրաքանչյուրս, մասնակիցը լինելով հայ ազգային-ազատագրական պայքարին, արցախյան չհայտարարված պատերազմին, ամեն օր խոնարհվելով հայ ժողովրդի անվտանգությունը, հայոց պետականության սահմանները պաշտպանած, հայկական 2-րդ հանրապետությունը՝ Արցախը ազատագրած եւ գիտակցաբար նահատակված բազմահազար հերոս քաջորդիների շիրիմների առջեւ, Ազատության հրապարակում մոլորյալի կերպարով դրսեւորվող Ռուբեն Հախվերդյանի հնչեցրած թուրքամետ խոսքերին շատերդ համաձայնվում եւ ծափահարում եք: Ինչո՞ւ, ի՞նչի համար: Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել նրան եւ ծափահարողներին ու ասել, որ պատմական Արցախը ադրբեջանական հեռավոր գավառ չէ, որ ոչ վաղ անցյալում Արցախի ազատագրման պատերազմում գիտակցաբար նահատակված հազարավոր քաջորդիների մարմինները հանգչում են բազմաթիվ եռաբլուրներում, քաջորդիներ, որոնք եղել են, կան ու կլինեն ամեն մեկիս եղբայրներն ու քույրերը: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին քաղաքացիների առջեւ հարբածի կերպարանքով հանդես եկող ոմնը բարձրացնում է եւ հաստատում Լեռնային Ղարաբաղի ոչ հայկական լինելու հարցը, ապա այդ ոմնի արյան տեսակը պիտի շտապ ստուգել եւ այդ հրատապ խնդրով առաջին հերթին պիտի մտահոգվի հենց Հովհաննիսյանը»:

Խաչիկ Ասրյանը հավելել է. «Երբեք կոչ չեմ անի կտրել Հախվերդյանի ականջները, կոչ չեմ անի բոյկոտել նրա համերգները, որովհետեւ նա՝ որպես երգիչ, արվեստագետ, որպես հասարակական գործիչ, իր մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական 2-րդ պետությունը՝ ԼՂՀ-ն: Թող ոչ մեկը չհամարձակվի ասել՝ ճակատագրական սխալը նրա լեզվի սայթաքում էր: Նա Եռաբլուրի պանթեոնում հերոսների հանգչող հոգիների հանդեպ տարրական հարգանք չցուցաբերեց եւ իրականում դարձավ պատմական հայրենիքը ուրացող: Եվ նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ իմ ճշմարիտ, կոշտ եւ կոպիտ խոսքերին, թող շատ լավ գիտակցեն, որ խոսքերս բացառապես ուղղված են աստվածային հողի վրա ապրող հայ ժողովրդի կատարած մեծագույն սխրանքների պաշտպանությանը, քաղաքացու արժանապատվության պահպանմանը, եւ, վերջապես, արեւի տակ ապրելու յուրաքանչյուրիս իրավունքներին: Եվ ոչ մեկս՝ լինենք պետական պաշտոնյա թե շարքային քաղաքացի, երգիչ, կոշկակար, մարզիկ թե մանկավարժ, իրավունք չունենք գիտակցաբար ջուր լցնելու մեր հարեւան թշնամի՝ հորինված Ադրբեջան կոչվող պետության ջրաղացին, ավելին՝ գիտակցաբար ոչնչացնելու մի ողջ ժողովրդի՝ հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Արցախի անկախությունը՝ դրանով դառնալով սրբապիղծ»:

Անգամ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ թույլ չեն տալու արցախցուն բաժանել հայաստանցուց, ախալքալաքցուց, իջեւանցուց. «Ես երեւանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի եմ, ղարաբաղցի եմ նույնքան, որքան ախալքալաքցի, եւ ժողովուրդը երբեք չի պայքարել մեկը մյուսի դեմ, մեր պայքարը բռնության, ապօրինության ու ամենաթողության դեմ է: Եվ ուրեմն սա պայքար է հանուն հայ ժողովրդի միասնության»: Դե գնա՜, Ռուբեն, մի լա՜վ մտածիր…

Աժ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը վրդովվել է՝ նշելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչքան էլ պայքարով տարված լինի, կա պարկեշտության սահման, եւ ավելի կարեւոր հարց պետության համար, քան Արցախի հարցն է, չկա. «Տեսա՞ք ինչպես աշխուժացան ադրբեջանցիները մեր այս քաղաքական վայրիվերումներից»: Իսկ Հախվերդյանի ելույթի մասին ասել է. «Դա միայն կարող է ասել արցախցիների նկատմամբ անասնական ատելություն զգացող մարդը, կամ նա, ում գենետիկ ծագումը անհայտ է: Մենք պետք է գտնենք եւ պատժենք մեր ներքին թշնամիներին: Ինչպես են թույլ տվել, որ այդ մարդը հանգիստ իջնի ու գնա տուն»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի խոսքն ավելի զգացական էր. «Շատ եմ երազել ամբողջ կյանքս անձամբ չճանաչել ու չտեսնել Ռուբեն Հախվերդյանին: Որպես մարդ չեմ ուզում նրան իմանալ, այդպիսի դեպքերում զարմանքից ուղղակի մազերս պոկվում ընկնում են: Բարոյաէթիկական տեսանկյունից անթույլատրելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից, հետո թքել այդ ձեռքի մեջ: Եթե դու այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր: Տարիներով նստած այդ պրիվիլեգիաներից օգտվում ես, պահանջում ես, ստանում ես, բայց դրանից հետո արթնանալ ու այսպես վայրահաչե՞լ: Ռուբեն, երգում ես, երգի, դա լավ է ստացվում քեզ մոտ, դրանից այն կողմ մի՛ գնա»: Ըստ Մազմանյանի, հայկական հողերը ադրբեջանական գավառ անվանելը դավաճանություն է. «Եթե ասում է, որ թող գնա իրա գավառը, ուրեմն ինքը Հայաստանից թող դուրս գնա: Ղարաբաղը իմ գավառը չի, Ղարաբաղը իմ եւ իմ ընկերների արյունով 10 դարում միակ հետ նվաճված մի կտոր հայ հողն է: Եվ այդ հողի մասին այդպես խոսողը այս հողի վրա տեղ չունի»:

Մեզ հետ զրույցում իր զայրույթն արտահայտեց նաեւ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նա էլ ցավում էր, որ անձամբ ճանաչելով Ռուբեն Հախվերդյանին, նրա հետ սրտանց խոսել է ազգային, մշակութային ու բարոյական շատ արժեքների շուրջ, ինչը, փաստորեն, դատարկաբանություն է եղել երգչի համար: «Ես իսկապես շատ եմ սիրել Ռուբենի երգերը, ինքս էլ եմ երգել դրանք՝ ինձ համար, ընկերներիս հետ, քանզի պայքարի տանող ոճ կա դրանց մեջ, բայց արի ու տես, որ խմիչքը եւ դրանից բխող կյանքը կարող են փոխել մարդուն: Անգամ հակազգային մտքեր բարձրաձայնելու մղեն»: Արմեն Ավետիսյանի կարծիքով՝ Արցախն ադրբեջանական գավառ համարած (անգամ սովետական տարիներին էին արցախցիները պայքարում Հայաստանին վերամիավորվելու համար) երգահան Հախվերդյանը սպանեց իր հայրենասիրական ու մնացյալ երգերը՝ երգարվեստը. «Եվ եթե նա հասկանար սա, ապա լավ էր ինքնասպան լիներ, քան իր կենդանության օրոք իր արվեստը սպաներ: Քանզի իր մահից հետո այդ արվեստի գործերով պիտի ապրեր… Իսկ հիմա ապրելու է՝ այլեւս մեռած արվեստագետի կաղապարի մեջ»: ՀԱՄ առաջնորդը նաեւ հավելեց. «Չի կարող հայ մարդն ատել իր Հայրենիքը, կարող է դեմ լինել իշխանությանը, ընդդիմությանը, անգամ պետությանը (կառավարման ձեւին), բայց ոչ երբեք Հայրենիքին: Հին խոսք կա՝ «հերս էլ պապիս ձեռքը բռնած գա…», հիմա այդ ոճով ասում եմ, երկնային կյանքով ապրող «հերս էլ պապիս ձեռքը բռնած գա» եւ Արցախին կամ հայոց երկրի որեւէ հատվածին ադրբեջանական կամ թուրքական ասի՝ դավաճան է բառի ամենադաժան իմաստով: Ազգը եւ Հայենիքը ուրացողը տեղ պիտի չունենա, իսկ ովքեր սեփական արվեստը վերազգային են համարում՝ պարզապես պետք է ստորացվեն, քանզի միայն ծաղրի են արժանի: Սրանք անգամ չեն հասկանում, որ միջազգային արժեքները ազգային արժեքներից՝ միջ-ազգայիններից են ստեղծվում, եւ եթե իրենք ազգից վեր են դասում իրենց, ապա միայն միջազգային խամաճիկի ճակատագիր է սպասում սրանց»:

ՀԱՄ ղեկավարի համար, մեղմ ասած, զարմանալի է «Ժառանգության» ներկայացուցիչների պահվածքը. «Գոնե Րաֆֆիից չէի սպասում, որ կլռի, չի դադարեցնի Ռուբենի խոսքը: Նա պե՛տք է դա աներ, թեկուզ հանուն իր հետագա նպատակների: Իսկ հիմա նրա պայքարն էլ, նրա հայրենասիրական խոսքերն էլ անիմաստ են հնչելու կամ գոնե երկիմաստ»:

Վերջում հայ արիների առաջնորդը Ռուբեն Հախվերդյանին այսպես դիմեց. «Դու, «հեռավոր ադրբեջանական գավառից» եկած հայերին տեսնելով ու փնովելով, արդյո՞ք չես տեսնում ավելի հեռավոր ամերիկաներից կամ եվրոպաների ու ռուսաստանների գավառներից եկածներին: Ինչ-որ բան կա՞, որ թույլ չի տալիս «տեսնել: Եթե բ..-ի տղա Կեւորկովի մեղքը բարդում ես Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վրա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի հարազատ մեկի՝ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ամերիկահաճ ու հակահայ (այդ թվում հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվորության թեզը պաշտպանող) պատմագիտության մեղքը ինչու՞ չես բարդում նրա որդու վրա… Գուցե, քո՛ տեսության համաձայն, Րաֆֆին էլ ա՞յդ դասերն է լավ սովորել: Իհարկե չպիտի՛ բարդել հոր մեղքերը որդու վրա, էլ չեմ ասում ազգադավ Կեւորկովի մեղքերը բոլորովին այլ մարդկանց վրա: Խոսքս այլ ենթատեքստ ուներ: Ամեն մեկն իր համար է պատասխանատու, թե չէ ես էլ քեզնից ու ոմանցից, Ռուբեն, կարող եմ Հայկի փոխարեն պատասխան պահանջել դավադիր Բելի քայլերի համար, որովհետեւ տեսնում եմ, որ բելերի որջ կա Հայաստանում»…

Դրա համար էլ թուրքական էժանագին ապրանքներ ներկրելով թշնամու բանակն են հզորացնում շատ հայեր, Երեւանում փորձում են թուրքական խանութ բացել, ադրբեջանական քարտեզների (Արցախը բռնակցված) կազմով տետրեր են վաճառում մեր երկրում եւ այլն…

Կարող էինք, իհարկե, էլի տեսակետներ ներկայացնել, սակայն այսքանն էլ բավարար է պատկերացնելու, թե քաղաքականությունում ինչքան դյուրին կարելի է հայրենասերից հայրենադավի վերածվել:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։