Ընդհանուր հայտարարը չգտնվեց

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միասնական մասնակցության հարցը լիովին սպառված է: Հայտնի է, որ այլեւս միայն առանձին մասնակցությամբ հանդես կգան այդ ուժերը:

Այնուամենայնիվ, փորձում են համագործակցության ինչ-ինչ եզրեր գտնել, ինչը թերեւս անհնարին է: Ավելին, շատերի կարծիքով, ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական համագործակցություն չի լինի, քանզի դեռ մեծ հարց է, թե ընտրություններից հետո ի՞նչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն, եթե ավագանու անցած ընտրություններում իր դիրքերը պահպանի կամ ավելի շատ ձայն ստանա:

Ի վերջո, այսօրինակ վերաբերմունքը ցույց է տալիս, որ ընդդիմադիրները ավելի շատ խնդիրներ ունեն միմյանց հետ, հատկապես առաջատար ուժը լինելու եւ ընտրազանգվածը բաժանելու առումով:

Ավագանու ընտրություններին «Ժառանգության» հիմնական մրցակիցը այլեւս ՀՀԿ-ն չէ, քանզի իշխանական այս ուժն ունի իր ընտրազանգվածն ու հնարավորությունները, որը չի «կիսվում» ընդդիմադիր ոլորտի հետ:

Ընդդիմադիր դաշտի այս ճգնաժամը կարող է խորքային դառնալ, ինչը կազդի նաեւ երկրի քաղաքական ոլորտի կայունացման վրա, եւ սա վտանգավոր է ու պետք է հուզի բոլորին, այդ թվում՝ իշխանություններին:

«Ժառանգությունը» հույս ուներ հանրահավաքներով մնալ թիվ 1 ընդդիմադիրը, որի փաստացի կրողը դարձավ ՀՀ նախագահի ընտրություններից հետո 2-րդ տեղը ունենալով, սակայն ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է իր ցուցակով, իսկ ով ցանկանում է՝ կարող է պարզապես միանալ ԲՀԿ-ին:

Եվ ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն է նշել, Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնում է իր քաղաքական կապիտալը: «Այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով հավակնում է դառնալ համար մեկը ընդդիմադիր դաշտում, պետք է ավելի իրատեսական ծրագրեր ներկայացնի»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ իր անորոշ քայլերով այլեւս դժվարեցնում է այդ կապիտալի պահպանումը ընդդիմադիր գործիչը, ով ՀՀ նախագահի ընտրությաուններին դարձել էր ընդդիմադիր հատվածի առաջնորդը:

«Ժառանգության»-ից նշում են, թե իրենց համար Երեւանի ավագանու ընտրությունները պայքարի ընդամենը մի օղակն են եւ ոչինչ ավելի. «Մեզ համար կարեւոր է պայքարն ու դրա արդյունքը: Եթե այս պայքարի արդյունքում հաղթենք, դրանից կշահեն նաեւ իշխանությունները, որոնք ինքնամաքրվելու հնարավորություն կունենան»:

Բայց սա արդեն պարտությունն ընդունելու նշան է:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել: Հասկանալով, որ ավագանու ընտրության հարցում չկա միասնություն, հիմա էլ փորձ է արվում համոզել ամբողջ ընդդիմությանը ԱԺ մանդատները վայր դնելու, ինչը արտահերթ ընտրությունների գործընթացն ավելի կարագացնի:

Բայց սա եւս իրատեսական չէ, քանի որ ՀԱԿ-ը «Ժառանգությանը» չի համարում ճշմարիտ ընդդիմադիր ուժ, կարծում է, որ խաղում է իշխանության խաղը եւ հաստատ չի գնա արտահերթ ընտրությունների:

Ավելին ՀԱԿ-ի պատասխանատուները հայտարարել են, որ Երեւանի ավագանու ամենահարմար ընդդիմադիր միասնությունը ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակն է:

Վահագն Նանյան

* * *

Նախագահի մեկ այլ նախկին թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանից հստակ ծրագիր էր ակնկալում. «Մենք պիտի հստակ բացատրություններ ստանանք՝ ինչ է ուզում անել: Սցենարները ես չպետք է հուշեմ, պետք է որոշի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ինչ որոշում էլ կայացնի, ես կհարգեմ իր որոշումը, որովհետեւ այս պահին ինքն է գլխավոր գործող անձը»:

Բայց որոշում չկա:

Եվ ընդդիմադիրներն արդեն հասկացնում են, որ եթե միավորման հարցը չկարգավորվեց, ապա այստեղ մեղավորը արդեն իշխանությունը չէ:

Ինքնասպառում

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է զարմացնել իր անտրամաբանական միօրինակությամբ եւ հայտարարել է, թե որեւէ ուղերձ չունի Սերժ Սարգսյանին, սակայն պատրաստ է ամեն վայրկյան նրան ընդունել Ազատության հրապարակում: «Իմ ասելիքը ես ներկայացրի, մերժվեց, ինչպես գիտեք, պատրաստակամություն հայտնեցի նորից գնալ գրասենյակ մինչեւ այս հանգրվանին հասնելը, հիմա ես կոչ եմ անում գալ հրապարակ՝ կամ հրապարակային, կամ ի մասնավորություն քննության առնել մեր հիմնախնդիրները»,-ասել է նա: Սակայն նախագահն արդեն դիմել էր հանդիպման համար եւ, կարծում ենք, այլեւս չի արձագանքի նմանատիպ կոչերին: «Ժառանգության» ղեկավարը խուսափում է նաեւ հեռուստաեթերներից, իսկ այն հարցերին, թե արդյո՞ք վարչապետ կաշխատի, եթե կառավարության ղեկավարի աթոռն առաջարկեն, պատասխանել է, որ «պաշտոնի չի գնում»:

Ամեն ինչ գնում է դեպի վերջը, որը տեղի կունենա ավագանու ընտրություններից հետո, երբ հետաքրքրությունը ընտրական գործընթացների նկատմամբ կսառի այլեւս: Գուցե սա է պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, թե պատրաստ է հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Սա արդեն նման է մի գործընթացի, որը բերում է նախնական կետին, ինչից էլ ամեն բան սկսվել էր:

Իսկ այն հանգամանքը, որ ընդդիմադիր գործիչը իր պայքարին «կցում» է նաեւ ծնողներին (ընտանիքն արդեն «կցված» է, ցավոք, որպես արեւմտյան ձեւականություն), հատկապես հորը, ով հայագիտության մեջ տխրահռչակ ու հակահայ համբավ ունի, ապա վերոնշյալ վերջը արդեն կարելի է արձանագրել:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.