Կա՛մ արտգործնախարար կա՛մ ոչի՞նչ

Ազգային ընդդիմության գոյությունն այլեւս առաջնային է

…Ընդդիմության վիճակը վատ է՝ առաջնորդ, որպես այդպիսին, չունի: Իսկ իշխանության վիճակն ավելի վատ է, որովհետեւ եթե ի դեմս Սերժ Սարգսյանի, ունի առաջնորդ, փոխարենը չունի առաջնորդի ծրագրերը հիմնային կատարողներ: «Լուսանցք»-ը առիթով նշել է, որ վատն է երկրի ղեկավարի կադրային քաղաքականությունը…

ՀՀ նախագահի բոլոր նախկին թեկնածուները առաջադրումներից հետո հերթով հայտարարում էին իրենց ապագա հաղթանակի մասին, ոմանք ընտրություններին անգամ մասնակցում էին 4-րդ նախագահի կարգավիճակով: Բայց եղավ այն, ինչ եղավ, ինչ պիտի լիներ, ըստ տեղական եւ միջազգային սոցիոլոգների ու դիտորդների կանխատեսման: Եվ ընտրությունների արդյունքը, հասկանալի է, որ արդեն իրենց 4-րդ նախագահ հռչակածների սրտով չէր, եւ սկսվեց…

Նախագահ Սերժ Սարգսյանի ամենաառաջին «նավսողը» եղավ այսպես կոչված էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով դեռ հետընտրական շրջանում, երբ ազատության մեջ էր ու իրեն էն գլխից տիեզերքի կողմից ընտրված Հայաստանի նախագահ էր համարում, հայտնեց, թե չի ցանկանում, որ Ս. Սարգսյանը երդվի:

Նա էլ փետրվարի վերջին ասել էր, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ ընտրված նախագահին չի ճանաչում որպես ՀՀ նախագահ: Անիմաստ համարեց խոսել իր եւ մյուս թեկնածուների հավաքած ձայներից, քանի որ «ամեն ինչ նկարված է»: «Մինչեւ ապրիլի 9-ի երդման արարողությունը ունենք 40 օր եւ պետք է ճիշտ օգտագործենք, որ այդ երդման արարողությունը տեղի չունենա եւ Հայաստանում նոր նախագահական ընտրություններ անցկացվեն: Եթե Սերժ Սարգսյանը նոր նախագահական ընտրություններում ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, թող առաջադրի եւ, եթե արդար ընտրություններում հաղթի, ես կշնորհավորեմ նրան»,- ասել էր «էպոսագետը»: Սակայն չէր ճշգրտել, եթե ինքը 1%-ի չձգի, արդա՞ր են համարվելու ընտրությունների արդյունքները, թե՞ մինչեւ կյանքներիս վերջը նորանոր ընտրություններ են լինելու:

Իսկ մարտի 1-ին որոշ ուժեր էլ հանրահավաքների միջոցով փորձեցին աներեւույթ քաղաքականացնել այն, ինչն ուղերձ կլիներ նախագահ Սարգսյանին, սակայն այս անգամ դա չստացվեց ու ընտրություններում 2-րդ տեղը գրաված թեկնածուն փորձեց հանրահավաքների միջոցով հասնել իր նպատակին: Սակայն մի բան հստակ է բոլորի համար, այդ թվում Ր. Հովհաննիսյանի, որ նրա հավաքած շուրջ 500 հազար ձայնը իրենը չեն, դրանք ընդդիմադիր ձայներ են, ավելի պարզ՝ հակասերժական, որոնք պետք է բաշխվեին ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Եվ հասկանալի էր, որ հանրահավաքներն էլ արդյունավետ չեն լինելու: Եթե կեսմիլիոնանոց ձայներ ունեցող կազմակերպությունը չի կարողանում անգամ դրա 1/5-րդը հավաքել հանրահավաքի (լավ գոնե 500 հազարից՝ 50 հազարին), ապա կարելի է գրեթե անսխալ հաշվել նրա ունեցած ձայների իրական թիվը:

Բացի տեսական ու գործնական հստակությունից նաեւ պարզ էր, որ հանրապետությունը «Բարեւ»-ի ենթարկած այս նախկին թեկնածուն հոգնելու էր հանրահավաքներից, քանզի ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում մի քանի հարյուրանոց հավաքները տպավորիչ չէին ոչ միայն Հայաստանում, այլեւ շահագրգիռ երկրներում: Իսկ ցուցարարներից ոմանց բախումները հովհաննիսյանական հավաքների կազմակերպիչների հետ հասկացնել էին տալիս, որ կարող են ավելի լուրջ առճակատումներ սկսվել, ինչը հաճախ ապօրինի անցկացվող եւ իշխանությունների կողմից ներվող ցույցերին այլ բնույթ կհաղորդեր եւ դա իավապահներին կմղեր բառացիորեն սահմանադրական այլ միջոցների դիմելու:

Եվ «Ժառանգության» ղեկավարը գնաց հացադուլի ճանապարհով, ինչը դարձել է այս նախագահական ընտրությունների «իմիջը»: Հացադուլավորներ էին նաեւ Անդրիաս Ղուկասյանը (ով այդպիսին էլ մնաց մինչեւ ընտությունների ավարտը), նրան քիչումիչ միացան Պարույր Հայրիկյանն ու Արամ Հարությունյանը, հիմա էլ նորից Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեեւ մի քանի շաբաթ առաջ նա վստահեցրել էր, որ հացադուլի չի դիմելու, սակայն դրժեց խոստումը, քանի որ այլ ելք չեր տեսնում: Բայց սա ավելի թույլ տարբերակ է, քան նախկինում Ազատության հրապարակում հնչած պահանջները՝ թող նախագահ Սարգսյանը բերի եւ հրապարակավ իրեն հանձնի «նախագահական բանալիները»: Այն ժամանակ ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշեց, թե սա տունտունիկ խաղը չէ եւ նախագահի աթոռն էլ խաղալիք չէ, որ երեխայի պես լացես ու ուզես այն: Այժմ ավելի վատ տարբերակն է ընտրված՝ «սովամահ կլինեմ, եթե երկրի նախագահի աթոռն ինձ չտաք»…

Սա արդեն լուրջ չէ, եթե Ր. Հովհաննիսյանը հավատում է իր հաղթանակին եւ ունեցած «ավելի քան միլիոն» ձայնին, ապա նա պետք է այդ միլիոնին ոտքի հանած լիներ արդեն (նրանք իրենք կհավաքվեին, եթե իրականում լինեին, մենք դա տեսել ենք նախկինում) եւ նրանց կողմից իրեն «տրված» իշխանությունը վերականգնած պիտի լիներ: Սա կլիներ արդարն ու ճշմարիտը, եթե ասվածի նախաբանն այդպես էլ լիներ:

Փետրվարի 23-ին ռուսաստանյան «Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցում «Ժառանգության» ղեկավարը նշել էր, որ չեն նստելու հրապարակում. «Մենք հացադուլ չենք անելու: Արդեն 15 օր հացադուլ արել եմ եւ այլեւս չեմ պատրաստվում անել: Մենք գնալու ենք քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, եւ Հայաստանը վերադարձնելու ենք մեր մարդկանց»: Դրանից հետո կարծիքներ եղան, որ այդպես էլ լինելու է, չնայած անգամ ընդդիմադիր որոշ գործիչներ հայտարարեցին, թե «Րաֆֆին այն լիդերը չէ, որի հետեւից կգնան իրենք, եւ նա իշխանությունների խաղն է խաղում»: Ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը մեկ անգամ էլ հաստատեց, որ «Րաֆֆին հարմար ընդդիմադիր է իշխանությունների համար եւ պետք է մտածել իշխանափոխության այլ ճանապարհների մասին»:

…Բայց նույն Րաֆֆին Ազատության հրապարակում նստեց անժամկետ հացադուլի: Թե ինչպե՞ս բացատրել այս քայլը, պատասխանեցինք վերեւում: Սա ծայրահեղ քայլ է՝ այլեւս հեղափոխական անելիք չունեցող մարդու, ինչպիսի ծայրահեղ քայլ է հենց հացադուլին դիմելը: Չնայած հանրահավաքներում ընդդիմադիր այս գործիչը միշտ էլ ասել է, որ ժողովուրդն իր վրա հույս չդնի, թող ժողովուրդը գնա հեղափոխության, ինքը էլ կգնա նրա հետեւից: Շա՜տ տարօրինակ հեղափոխաձեւ է:

Հասկանալի է, որ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների գործընթացը, ինչը եւս մտնում էր հանրահավաքներով զանգվածներին պահելու եւ ընտրաձայներ ստանալու ծրագրում: Բայց այս անգամ կարծես ընդդիմադիր մյուս ուժերը մասնակցում են, եւ «Ժառանգության» իրական ձայները բավարար չեն լինելու մի նոր հաղթանակ ազդարարելու: ԿԸՀ-ն արդեն բաց է առաջադրումների առումով, եւ նշանակում է՝ երկիրն էլի ապրելու է քաղաքական այլ ռիթմով, եւ ինչքան էլ «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձեցին միասնական ճակատ ստեղծել, չստացվեց: Ըստ էության, այս ընտրազանգվածը բաժանելու խնդիրն այն ջրբաժանն է, որ նշյալ ընդդիմադիր ուժերին ավելի մեծ հակառակորդներ է դարձնում, քան իշխանություններն են, որոնք իրենց ձայների տերն են:

Հացադուլի մեջ հայտնվելով, Րաֆֆին փորձում է շուրջը համախմբել մարդկանց, ովքեր կարեկցանքից դրդված գոնե կգան իր մոտ: Ինչպես միշտ այս ընդդիմադիր գործիչը այս հարցերում ներառել է նաեւ ընտանիքի անդամներին, ինչը եւս պետք է տպավորություն գործի:

Հասկանալի էր, որ քաղաքական ու այլ գործիչներ էլ կգան, ու սա նոր փորձ է միասնական ճակատի ձեւավորման՝ «Ժառանգության» շուրջ: Ազատության հրապարակ են եկել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը (ՀԱԿ-ում վստահ են, որ Սարգսյան եղբայրներն էլ իշխանության խաղն են խաղում), նախկին ՀՀԿ-ական եւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀԿ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Մարգարիտ Եսայանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, նախկին ՀՀՇ վարչության նախագահ, ապաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Արարատ Զուրաբյանը, նախկին ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը, ՀՅԴ ներկա եւ նախկին պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանը, չգործող, բայց պարբերաբար «Ցեղակրոն» կուսակցության անունը շահարկող Շանթ Հարությունյանը, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը, ՀԱԿ անդամներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը եւ այլք (անգամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է հրապարակ այցելել եւ հանդիպել): Բայց սա դեռ միավորվելու քայլ չէ: Ավելին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ճիշտ կլինի, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն ԲՀԿ-ի շուրջ, որի ընտրացուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը:

Սա առավել քան դրդել է, որպեսզի Ր. Հովհաննիսյանը հայտնի, թե գիշեր-ցերեկ կմնա Ազատության հրապարակում՝ մինչեւ ապրիլի 9-ը. «Որ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ տա, կամ ժողովրդի հաղթանակն արձանագրվի, կամ նոր ընտրություններ հայտարարվեն: Բոլոր դեպքերում ապրիլի 9-ը ջրբաժան է, եւ վստահ եմ, որ մենք ունենալու ենք նոր Հայաստանի ինագուրացիա»: Մինչեւ մարտի 31-ը Ազատության հրապարակում «հացադուլ, վախադուլ, ստադուլ» է հայտարարված:

Սա էլ թերեւս չի ազդում ընդդիմադիրների կարծիքներին, եւ ըստ «Ժառանգության» ղեկավարի, ուժը արյուն չէ, ուժը միասնությունն է: Նա կարծում է, թե իր ներկայիս կարգավիճակը կօգնի դիմելու այսօրինակ հոգեբանական կամ զգացմունքային տեսարանների՝ հասկացնելով, որ «մարտիմեկյան» ձեւով չի պատրաստվում միասնության: Արյան դեմ հանդես գալը հասկանալի ու ողջունելի է իհարկե, բայց այսօրվա «սովադուլ» վիճակը պայքարող առաջնորդի կերպարի հետ ոչ մի կապ չունի: «Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության եւ Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին խեղող, ծախող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես մինչեւ մարտի 31-ը՝ մինչեւ Սուրբ Զատիկի տոնը հայտարարում եմ մեր հրապարակում իմ վախադուլը, ստադուլը, եւ քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու ու կեղծիք, եւ սպառնալիք չեմ ընդունելու որեւէ մեկի անունից: Եթե մինչեւ մարտի 31-ը պարոն Սարգսյանը դուխ չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն միակ խնդրանք ունեմ, թող Սարգսյանը Վեհափառին ասի՝ մի խմեք իմ կենացը»: Վեհափառ Հայրապետին դիմելով էլ ասել է. «Հայր սուրբ, դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիք իշխանության ձեռքին»:

Այսքանից հետո, գրեթե մահվան պատրաստություն տեսած մարդը, ով ուրիշի «դուխից» է խոսում, հայտնում է առաջիկա օրերի անելիքի մասին: Նախատեսվում է, որ դեռ կխոսի ՍԴ կայացնելիք որոշման ու Երեւանի ավագանու ընտրությունների մասին:

Իշխանություններն էլ փորձում են մի կերպ ընդդիմադիր գործչին հանել «էյֆորիայի» այս վիճակից: Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից պարզել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է «պարոն Հովհաննիսյանին հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար, բայց իրենք ափսոսանքով են արձանագրում նրա մերժումը՝ հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,- հավելել է Ա. Արզումանյանը:

Հայ եւ միջազգային դիտորդներին, սոցիոլոգներին, ԿԸՀ եւ ընտրատեղամասերի ընդդիմադիր ու իշխանական աշխատակիցներին ու լիազորներին, լրագրողներին, այլ երկրների նախագահներին ու միջազգային կառույցների պաշտոնյաներին չհավատալով եւ ինքզինքը նախագահ հռչակելով՝ ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառում եւ կործանում է այն համբերատար ու հասկանալի-ընկալելի նախկին գործչին, ով հանրությանը անհասկանալի մղումներով գնում է ինքնակործանման:

Եվ սա ցավալի է, քանզի նա կարող էր դառնալ ընդդիմադիր առանցք եւ զարկ տալ ընդդիմադիր նոր դաշինքի ստեղծմանը՝ ի հակակշիռ ներկա իշխանությունների, ինչն ավելի հեշտ ճանապարհով նրան կբերեր իշխանափոխության կամ ներքաղաքական իրավիճակը կհանգեցներ դրան:

Իսկ այժմ անգամ ընդդիմադիր որոշ զլմ-ներ գրում են, թե «Րաֆֆիի պայքարի ամբողջ բառապաշարը թելադրված է Բաղրամյան 26-ում. մարդն ասում է, որ պայքարը տեւական է լինելու: Ցանկացած տեւական պայքար Հայաստանում ավարտվել է հաղթանակած թեկնածուի ամբողջական պարտությամբ եւ նույնիսկ կապիտուլիացիայով: Խոսքն առանց բացառության նախագահի բոլոր ընտրություններում ընդդիմադիր բոլոր թեկնածուների մասին է: Այդ մարդը, այսինքն Րաֆֆին, ասում է՝ ժողովուրդը իշխանությունը վերցնելու է մայիսի 5-ին, Երեւանում: Ակնարկում է ավագանու ընտրությունները: Տղա, ջան, երբ ժողովուրդը քեզ քվե էր տալիս, կարծեմ փետրվարի 18-ն էր: Երբ հետընտրական առաջին իսկ հանրահավաքից նրան տուն ուղարկեցիր՝արդեն ասացիր քո գլխավոր մեսիջը՝ ես փաս: Դու այնքան անլրջացրիր, ավելի ճիշտ՝ քեզանով այնքան անլրջացրին հաղթանակի քվեն, որ հաջորդ ընտրություններում չի բացառվում ընդդիմությունն ընդհանրապես մի քոռ կոպեկի ձայն էլ չստանա» («Հրապարակ»): Անգամ խոսում են, թե Ր. Հովհաննիսյանին պաշտոն են առաջարկել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ նրան առաջարկել է գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը» («Ժողովուրդ»): Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ ի թիվս այլ առաջարկների է ԱԺ նախագահը նշել, որ կա դրա հնարավորությունը, սակայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ ԱԺ-ն անկախ մարմին է, եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացները որեւէ կապ չունեն հրապարակում կատարելիք քայլերի հետ: Մեր տեղեկատվության աղբյուրների համաձայն էլ, Սերժ Սարգսյան – Րաֆֆի Հովհաննիսյան առաջին հանդիպմանը ընդդիմադիր գործիչը ցանկացել է վերադառնալ արտգործնախարարի պաշտոնին, որը վարել է ՀՀ 1-ին նախագահի ժամանակ, ինչը մերժվել է՝ այլ առաջարկների սպասումով:

Դառնալով Րաֆֆիի՝ իր դիակի վրայով չգնալու «տեսությանը»: Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը անդրադառնալով այդ հայտարարությանն ասել է. «Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել, եւ ՀՀԿ-ում երբեք չեն գնա յուրայինների դիակի վրայով»: Վստահեցրել է, որ վերընտրված Ս. Սարգսյանը եւս ընդդիմադիր գործչի դիակի վրայով չի գնա, բայց որպես նախագահ ապրիլի 9-ին կերդվի: «Հավանաբար դա լեզվի սայթաքում է, որովհետեւ նման արտահայտություն անելը անլուրջ է ու այդպես չի կարելի ժողովրդին առաջնորդել: Մենք զոհերի կողմնակից չենք եւ մեռնել նշանակում է հանձնվել անկարողությունից»,- հավելել է ՀՀԿ պատգամավորը, ում համար անընդունելի է նաեւ Ր. Հովհաննիսյանի հացադուլը: Չբացառեց, որ կարող է այցելել նրան, քանզի իր թշնամին չի համարում: Իսկ ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի այցին Ր. Հովհաննիսյանին, նա ասել է. «Իհարկե դա փիառի տեսակետից լավ է, բայց ավելի շատ քաղաքական ռոմանտիկայի ոլորտից է: Սակայն նախագահ Սարգսյանը հանդուրժող մարդ է, եւ եթե հասարակությանը դա պետք լինի, հնարավոր է այցելի»: Անկախ ամեն ինչից, ընտրված նախագահը կանցկացնի երդմնակալության արարողությունը, քանզի պատրաստվում է գնալ «ռադիկալ փոփոխությունների եւ ընդդիմությանը տրամադրել վերահսկողական լծակներ, սակայն չի պատրաստվում զիջել իր ներկա հեգեմոն դիրքը»:

Գ. Սահակյանը նշել է նաեւ, որ ընդդիմադիր գործչի ձայները այն քաղաքական գործիչների ձայներն էին, ովքեր չմասնակցեցին փետրվարի նախագահի ընտրություններին. «Եթե այդ գործիչները մասնակցեին ընտրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը 4-5% էլ չէր հավաքի»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ այսպիսով Ր. Հովհաննիսյանն իր գուժած «մահվան» կամ «դիակի վրա քայլելու» հայտարարությամբ այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, որ «իրեն սպանում են», ինչը կարող է հանգեցնել անկանխպատեսելի հետեւանքների: Նշանակում է՝ ընդդիմադիր գործիչը միտումնավոր փորձում է սրել վիճակը:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի տարածած հաղորդագրությունում ասվում է.«Հացադուլը հոգեբանական ճնշման միջոց է՝ հուզական շարքից, նույն հուզականությունն, ինչը մենք տեսնում էինք փետրվարի 18-ից հետո հարթակում հնչեցված ելույթներում: Ասենք, որ այսօրվա իշխանությունը շատ բան է տեսել եւ այնպես չէ, որ իրեն կարելի է նման հուզական գործիքներով ճնշել, եւ անգամ, երբ ասում ես՝ իմ դիակի վրայով, դա միայն ցույց է տալիս, թե ինչի ես դու ընդունակ ու պատրաստ՝ իշխանության, աթոռի համար, ուրիշ որեւէ ռեալ բան կարծես ցույց չի տալիս»: Ինչ վերաբերում է «կազմակերպել» բառի շահարկմանը (քանզի ՀՀ նախագահն օրենքով կազմակերպում է ընտրությունները), ապա այն ըստ ԱԺ փոխխոսնակի, փորձում են բերել այնպիսի եզրահանգման, որ այսինչ տեղամասում որեւէ մեկի հնարավոր խախտումը կազմակերպված է հանրապետության նախագահի կողմից, ինչը պարզապես «զավեշտալի պատկերացում է, քանի որ ասելիք չկա, պարզապես ընկել են բառի հետեւից: «Բարեւ»-ը սարքեցինք մի հեղափոխություն, «կազմակերպելը» դարձնենք մի ուրիշ բա՞ն: Քանի որ որեւէ փաստ չկա, արդեն փնտրում են մասնավոր նամակներում, թե ինչ մտքեր ու բառեր են օգտագործվում, գնում են դեմագոգիական հարցապնդումների, իսկ ավելի գործածելին՝ պարզապես բղավելն է, գոռալ, գոռալ անընդհատ, եւ կարեւոր չէ, թե ինչի շուրջ, քանզի, երբ դու գոռում ես, այլեւս ոչ ոք չի հասկանում, թե ինչ ես ասում ու պարտավոր չես գոռալու մեջ լինել փաստարկված եւ հիմնավոր: Այնպես որ, այսօր մեր աչքի առաջ՝ եւ՛ Սահմանադրական դատարանում, եւ՛ ընդհանրապես քաղաքական հարթակներում հիմնականում այս ու այս տիպի միջոցներ են կիրառվում: Հացադուլը նույնպես այդ տրամաբանական «ծիրին» մեջ է, եւ կարելի է ասել դրա տրամաբանական ավարտն է, որովհետեւ պարզ է, որ ուրիշ անելիքներ չկան՝ վերցված է մի բեռ, որն ուժերից վեր է, եւ վերցված է չմտածված: Հայտարարություններ են եղել, որոնք արվել են չգիտակցված, առանց դրանց հետեւանքը պատկերացնելու եւ, ինչպես ասում են, իրենք իրենց փակուղու առջեւ են կանգնեցրել»:

Նման տեսակետներին ի պատասխան խոսել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հույս ունի, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին չի լսի. «Մեր երկրում մի հատված կա, որ չի ուզում ոչինչ հասկանալ: Կա քաղաքական հացադուլ, որ պայքարում խաղաղ միջոց է: Հացադուլ, որը փոխարինվեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ եւ իրենց պայքարը հասել էր մի փուլի, երբ մարդիկ պահանջում էին արմատական փոփոխություններ… Հույս ունեմ, որ այդ լուծումը երկար սպասեցնել չի տա, եւ 3-րդ ու 4-րդ նախագահների հանդիպումից հետո լուծում կլինի»…

Արամ Ավետյան

Հ.Գ. – խմբ. կողմից – Լրագրողին ազատ թողնելով՝ հակիրճ փոխանցենք մեր համոզմունքը:

ՀՀ-ի իշխանությունն ու ընդդիմությունը համարժեք են իրար՝ երկուսն էլ թույլ խաղացողներ են:

Ընդդիմության վիճակը վատ է՝ առաջնորդ, որպես այդպիսին, չունի: Իսկ իշխանության վիճակն ավելի վատ է, որովհետեւ եթե ի դեմս Սերժ Սարգսյանի, ունի առաջնորդ, փոխարենը չունի առաջնորդի ծրագրերը հիմնային կատարողներ:

«Լուսանցք»-ը առիթով նշել է, որ վատն է երկրի ղեկավարի կադրային քաղաքականությունը:

Այդ կադրերը (բացառություններին խնդրում ենք չվիրավորվել, խոսքը համակարգի մասին է) ստորաքարշ են, սրտացավ չեն: Այդպիսիք թուլացնում են իշխանությանը, իսկ թույլ իշխանությունը ուժեղ ընդդիմություն ունենալ չի կարող:

Իշխանությունն ու ընդդիմությունը միշտ էլ համազոր հոմանիշներով են զուգահեռվում:

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։