Պատմություն կեղծողներն ամենուր են

Իրաքը տարբեր երկրների դեմ ներկայացրել է մոտ 40 հայց՝ պահանջելով հետ վերադարձնել 2003թ. ԱՄՆ ներխուժումից հետո երկրից ապօրինի դուրս բերված պատմական արժեքները. հայտնել է Իրաքի ՆԳՆ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հուսեյն Ալ-Շամրին:

Օտար երկրներում գտնվող պատմական արժեքները դուրս բերելու հանգամանքները եւ դրանք վերադարձնելու հարցը պարզելու համար քննություն կընթանա, եւ մոտ ժամանակներս դատական որոշումները կթարգմանվեն օտար լեզուներով ու Իրաքի ԱԳՆ-ի միջոցով կուղարկվեն այն երկրներ, որտեղ գտնվում են Իրաքի պատմական հուշարձանները: Ալ-Շամրին հույս է հայտնել, որ օտար երկրները չեն առարկելու եւ վերադարձնելու են հուշարձանները:

Նշենք, որ Իրաքի բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ եւ գրադարաններ ավերվել կամ թալանվել էին 2003թ. ներխուժումից, ինչպես նաեւ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ անհետացել են հնագույն պատմության անգին հուշարձաններ, հնագիտական արժեքներ, արվեստի գործեր, հազվագյուտ գրքեր եւ ձեռագրեր, որոնցից շատերը հետագայում հայտնաբերվել են արտասահմանում:

Սա շատ նման է ԽՍՀՄ տարիներին Հայաստանում հայտնաբերված հնագույն գտածոների «արտահանման» պատմությանը, որը չդադարեց նաեւ ՀՀ 3-րդ հանրապետության գոյության առաջին տարիներին:

Այսօր, այդ գտածոները «հայտնաբերվում» են Ադրբեջանում կամ Իսրայելում կամ… եւ հայերի (ամենահին) պատմությունը սեփականացնելու փորձեր են արվում: Նույնը եղավ Իրաքում, երբ շումերական եւ այլ արժեքները դուրս տարան երկրից…

Հայկ Թորգոմյան

Փոխլրացում՝ ազգային շահերին միտված

Նորընտիր կարգավիճակում նախագահական առաջին այցը արտերկիր Սերժ Սարգսյանը կատարեց Մոսկվայի ուղղությամբ եւ ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինի հետ քննարկեցին հայ-ռուսական գործընկերային հարաբերություններն ու ԱՊՀ-ի հետ առնչվող մի շարք հարցեր: Մինչ այս հանդիպումը հարց էր հնչեցված, թե կարո՞ղ է հակասել եվրաինտեգրումը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Հայաստանը ձգտում է ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության հետ, ինչը մտահոգում է Մոսկվային.- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը: Երեւանում նա ավելի պարզ է արտահայտվել. «Կարծում եմ, պետք է խրախուսել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց, միաժամանակ մենք հարգում ենք խորը հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ այս երկուսը փոխբացառող չեն: Հուսով եմ, որ ԵՄ հետ կշարունակվի համագործակցությունը Ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի շրջանակներում, եւ ենթադրում եմ, որ կլինեն որոշ խնդիրներ՝ Մաքսային միության հետ կապված: Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը ձգտումներ ունի ավելի սերտ հարբերություների Եվրամիության հետ»:

Վտանգն այստեղ այն առումով է, որ Մոսկվան փորձում է «չորով» լուծել Եվրասիական Միության ստեղծումը՝ ի վնաս Եվրոպական Մրության, ինչը վստահաբար ձեռնտու չէ Հայաստանին: Երեւանը կարողանում է լավ աշխատել երկու ուղղությունների հետ՝ հակակշիռներ ստեղծելով:

Հակառակ դեպքում կհայտնվի հակամարտ բեւեռների շրջանում եւ ստիպված կլինի կատարել ընտություն, ինչը միաբեւեռության պարագայում միայն կվնասի հայկական շահերը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը Երեւանում երեք հանդիպում է ունեցել՝ ՀՀ նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ, եւ գոհ է հանդիպումների արդյունքներից: Իսկ սա Հայաստանի համար ոչ միայն եվրոպական ուղղության դեպքում կարող է նպաստավոր լինել, այլեւ՝ հենց անգլո-ամերիկյան, քանզի Լոնդոնն առավելապես ամերիկյան շահերի կրողն է Եվրոպայում: Իսկ Ստրասբուրգի՝ եվրոպական երկրների ու կառույցների հետ, պաշտոնական Երեւանն ավելի դյուրին է կարգավորում հարցերը:

Եվ այժմ հարկավոր է ռազմավարական գործընկեր Ռուսաստանին իրատեսորեն համոզել, որ եվրոպական ու ամերիկյան ուղղությունների հետ հարաբերությունները ռուսականի հետ «փոխբացառող չեն», ինչպես նշել էր նաեւ բրիտանական գործիչը:

Արտաքին փոխլրացումային քաղաքականությունը այլընտրանք չունի, գոնե այսօր:

Արտակ Հայոցյան

Երկակի ստանդարտները փոխլրացումային տարբերակ չեն

Մոսկվայում ավարտված Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, մեր նախագահը, նաեւ որպես ՀՀԿ նախագահ, աշխատանքային այցով մեկնել է Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Այցի շրջանակում նա ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւս կհանդիպի:

Իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի (Բեռլինում) եւ Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի (Աթենքում) հետ:

Եվրոպական ուղղությունը հանդիպումներ է նախաձեռնել նաեւ Ադրբեջանում, որտեղ այս ընթացքում այցելել է ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան, ով հայտնել է, որ ԵՄ գլխավոր նպատակն է անվտանգության հարցերով իրենց տեսակետներն արտահանել տարածաշրջանային պետություններ, անդրադարձել է նաեւ ԼՂ-ի հիմնախնդրին՝ նշելով, թե այս հակամարտությունը շատ բարդ խնդիր է, «որը ձգձգվում է երկար տարիներ եւ չնայած դրան, մենք հույս ունենք, որ հակամարտությունը արագ կկարգավորվի ու մենք կնպաստենք այդ հակամարտության կարգավորմանը»: ԵՄ-Ադրբեջան համագործակցության մասով նշվել է. «Կարծում եմ, որ էներգետիկ հարցերը մեր հարաբերությունների գլխավոր ասպեկտներն են: Մի կողմից, Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր է մեր էներգետիկ անվտանգության համար: Մյուս կողմից՝ դա շահավետ է Ադրբեջանի համար, որը, որպես նավթ եւ գազ արտադրող երկրի, հետաքրքված է իր էներգակիրների՝ դեպի ապահով ու կանխատեսելի շուկաներ մատակարարմամբ»:

Մոսկվան շտկու՞մ է

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ՌԴ նախագահը նշել է, որ ՀՀ նախագահի ընտրություններում հավաքած մոտ 60% քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք երկրի նախագահն իր առջեւ դրել է:

Այնուհետեւ նշվել է, որ Երեւանի հետ Մոսկվան ունի առանձնահատուկ հարաբերություններ, եւ դրանք հաջողությամբ են զարգանում՝ չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին: Անցյալ տարի ավելի քան 20% ապրանքաշրջանառության աճ է գրանցվել երկրների միջեւ: Ըստ Պուտինի՝ «Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել 1-ին տեղը»: Քննարկվել են ռազմավարական գործընկեր եւ դաշնակից երկու պետությունների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում են հեռանկարային ու ներդրումային համատեղ ծրագրեր:

Նախագահները կարեւորել են կապերը քաղաքական առումով եւս՝ նշելով, որ փոխգործակցություն կա գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը եւ դրանով, սկզբունքորեն, ամեն ինչ ասված է.-եզրափակել են նախագահները:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։