Հռոմի նոր պապը հակասական է, բայց՝ հայամետ

…Այժմ ոչինչ հայտնի չէ նոր Պապի հակահրեական վարքի մասին, բայց նա հրապարակավ խոսել է միասեռական «ընտանիքների» կողմից երեխաների որդեգրման դեմ, նաեւ դեմ է բուն համասեռամոլությանը եւ արհեստական վիժումներին: Հայտնի է նաեւ, որ 7 տարի առաջ Արգենտինայում նա Թուրքիայից պահանջել է ճանաչել հայերի ցեղասպանությունը…

- Կանայք եւ տղամարդիկ հավասար են ի վերուստ՝ Արարչական Օրենքով…

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն: Ըստ ընդունված կարգի, այդ պահին Սիքստինյան Մայր տաճարի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել՝ տեղեկացնելով՝ Հռոմի նոր Պապ է ընտրվել:

Ընտրությունը կայացել է 3-րդ փորձից հետո, եւ նորընտիր հոգեւոր առաջնորդը որպես պապ կկրի Ֆրանցիսկ անունը: Առաջին անգամ է, որ Հռոմի Պապը Եվրոպայից չէ, եւ նա կլինի Հռոմի 266-րդ պապը:

Այս ամենի մասին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարել է Արքեպիսկոպոս Ժան Լուի Տորան: Կոնկլավին մասնակցել է կարդինալների կոլեգիայի 115 անդամ: Ընտրությունը մեկնարկել էր մարտի 13-ին:

Նշենք, որ փաստացի 1378թ.-ից Պապ են ընտրվում մշտապես կարդինալները: Կոնկլավը կարող է տեւել բավականին երկար ժամանակ. օրինակ, պատմության մեջ ամենակարճ Կոնկլավը եղել է Յուլիյ 2-րդի ընտրության ժամանակ 1503թ. հոկտեմբերի 31-ին, այն տեւել է մի քանի ժամ: Իսկ ամենաերկար Կոնկլավը տեւել է 3 տարի՝ 1268-1271թթ.:

Քանի որ Հռոմի նոր պապը արգենտինացի է, ապա հետաքրքիր է նրա հանդեպ վերաբերմունքը հենց Արգենտինայում, ինչը պարզվում է միանշանակ չէ, ավելին՝ հակասական է:

Հայտնի է, որ Ֆրանցիսկ 1-ին սրբազան քահանայապետին (ի դեպ, 16-րդ դարի առաջին կեսի Ֆրանսիայի թագավորը նույնպես կրում էր Ֆրանցիսկ 1-ին անունը) Արգենտինայում կասկածում են 1976թ. Խորխե Վիդելայի ղեկավարած խունտայի հետ համագործակցության մեջ: Խունտան Վիդելայի կառավարման 5 տարիներին առեւանգել է ճիզվիտների կրոնական համայնքին (պաշտոնական անվանումը՝ Քրիստոսի հասարակություն) պատկանող 2 հոգեւորականի: Կան կասկածներ, թե Արգենտինայի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն (նոր Պապի աշխարհիկ անվանումը) առնվազն ոչինչ չի արել ճիզվիտ հոգեւորականներին օգնելու հարցում:

Ի դեպ, ճիզվիտները նաեւ հակահրեաների համբավ ունեն: Փիլիսոփա եւ պատմաբան Խանի Արենտդի ուսումնասիրությունների համաձայն, հենց ճիզվիտներն են Եվրոպա ներմուծել հակահրեականությունը: Ճիզվիտական «Civilta Cattolica» կաթոլիկական ամսագիրը մեծ նշանակություն է տվել հակահրեականության քարոզին:

Սակայն հայտնի է, որ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին բելգիացի ճիզվիտները ֆաշիստների հարձակումներից փրկել են հարյուրավոր հրեա երեխաների՝ թաքցնելով նրանց իրենց հիմնարկներում, նաեւ տրամադրելով կեղծ փաստաթղթեր այն մասին, որ երեխաները կնքված են քրիստոնեական ծիսականության կանոններով:

Այժմ ոչինչ հայտնի չէ նոր Պապի հակահրեական վարքի մասին, բայց նա հրապարակավ խոսել է միասեռական «ընտանիքների» կողմից երեխաների որդեգրման դեմ, նաեւ դեմ է բուն համասեռամոլությանը եւ արհեստական վիժումներին:

Իսկ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ 7 տարի առաջ Արգենտինայում նա Թուրքիայից պահանջել է ճանաչել հայերի ցեղասպանությունը:

Ի դեպ, Բերգոլյոն այն եզակի ճիզվիտներից է, որին կաթոլիկ եկեղեցին շնորհում է եպիսոկոպոսի նվիրապետական աստիճան:

Նորընտիր Պապը՝ Բունենոս Այրեսի նախկին Արքեպիսկոպոսը, հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, երբ Վեհափառ Հայրապետը Արգենտինա էր այցելել առաջին անգամ: Եվ չի բացառվում, որ Հայոց ցեղասպանությունն իր հայրենիքում ճանաչած Արքեպիսկոպոսը եւ այժմ Հռոմի Պապը, նույն կերպ վարվի նաեւ Հռոմում, եթե հայ հոգեւոր դասը կարողանա ճիշտ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկել:

Հայոց ցեղասպանության հարցում հարավամերիկյան երկրները միշտ են նպաստավոր դիրք ունեցել, իսկ 1915թ. ցեղասպանությունն առաջինը ճանաչել ու դատապարտել է Որուգվայը: Արգենտինան ու Բրազիալիան եւս հայամետ դիրքորոշումներ ունեն, ինչն իրապես ազդում է այս աշխարհամասի այլ երկրների վրա:

ՀՀ իշխանությունները նույնպես պիտի աշխուժացնեն հարաբերությունները Վատիկանի հետ, ինչը առավել շահեկան կդարձնի հայկական նպատակները միջազգային ասպարեզում: Չպետք է մոռանալ, որ Վատիկանը շուրջ 1,5 մլրդ. քրիստոնյաների կարեւորագույն հոգեւոր կենտրոն է, իսկ կաթոլիկներ կան ոչ միայն Եվրոպայում եւ Ամերիկայում, այլեւ Ասիայում, Աֆրիկայում ու Ավստրալիայում:

Արման Դավթյան

* * *

Կանայք եւ տղամարդիկ հավասար են ի վերուստ՝ Արարչական Օրենքով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստում չի քննարկել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը, այն պետք է լրամշակվի: Իսկ դրա ընդունումը նաեւ ՀՀ պարտավորությունն է, որ առաջ են քաշվել մի շարք միջազգային կոնվենցիաների վավերացմամբ՝ ըստ այդմ օրենքը դեռ 2010թ. պետք է ընդունվեր: Ինչեւէ, օրինագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի արդեն հաջորդ շաբաթ ԱԺ քառօրյա նստաշրջանում:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասել է, որ կառավարությունը առաջարկների մեծ մասը դարձյալ մերժել է, բայց առաջարկեց լրացումներ անել, երբ երկրորդ ընթերցումը լինի ու օրենքը վերջապես ընդունվի: Մասնավորապես, դուրս է մնացել ՀՅԴ խմբակցության այն առաջարկը, որով նախագծի հոդվածներից մեկում անհրաժեշտ էր համարվում ավելացնել մի դրույթ, որը կարգելեր այն սովորույթների ու ավանդույթների խրախուսումը, ինչպես նաեւ դրանց քարոզումը զլմ-ներով, որոնք պարունակում են գենդերային խտրականության տարրեր:

Կառավարությունը հետեւյալ պարզաբանումն է տվել. «ՀՀ-ում սովորույթների ու ավանդույթների համաձայն շատ ծեսերի կամ ծիսակատարությունների ժամանակ տղամարդիկ եւ կանայք առանձնանում են կամ իրականացվում են միայն իրենց համար սահմանված գործառույթներ: Սույն մասի պահանջից ելնելով՝ տվյալ բոլոր անձանց պետք է ենթարկել պատասխանատվության օրենքի պահանջի խախտման համար»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։