«Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

…Էպոսը ազգի ինքնության դրսեւորում է…

…«Տեր կենդանին» էպոսի գլխավոր խորհրդանիշն է…

«Հացն ու գինին, տեր կենդանին»

(էպոսի գլխավոր հավատո հանգանակը)

«Սասունցի Դավիթ» դիցազներգությունը1՝ հայոց դիցերգություններից (դիցապատումներից2) հետո մեր ազգի ինքնությունը ներկայացնող ու այն սնող երկրորդ գլխավոր հոգեւոր հուշարձանն է: Էպոսի առանցքն ու բովանդակային հյուսվածքի հանգուցակետերն են տեսակ-տեսակ խորհրդանիշերը՝ հայ ինքնությունը բնութագրող, հայի էության արարչա-աստվածատու բացարձակ հոգեգծերը ներկայացնող պատկերները:

Այդ խորհրդանիշերից որոշները՝ պակաս առանցքայինները էպոսում պարզորոշ՝ առերեւույթ ներկայացված են: Մյուսների՝ առավել առանցքայինների պարագայում, սակայն, բանը այդպես չէ. դրանք կամ խորհրդավորությամբ են ներկայացված, կամ դրանց վրա քող է քաշված (զգացվում է այդ խորհրդանիշերը ներկայացնող բանասացների զգուշավորությունը…), կամ էլ՝ այդ խորհրդանիշերի մասերը էպոսում շաղ են տրված (որոնք հետեւաբար պիտի ի մի բերվեն, որպեսզի վերականգնվի խորհրդանիշերի ամբողջականությունը): Այս երկրորդ եւ երրորդ պարագաներում հայ էպոսը իսկը մի թաքնագիտական, հայ ոգու իսկատիպ գծերը թաքնատեսորեն ներկայացնող մի գիրք է: Նշենք հայ դիցազներգության երկրորդ խումբ խորհրդանիշերի՝ էպոսում ոչ բացահայտորեն ներկայացվելու պատճառները:

Ամեն մի բնական օրգանիզմ, ի վերուստ սահմանված կարգի համաձայն, իր կենսունակության, շարունակելիության միջուկը կազմող իր ամեն ինչը (օրինակ՝ ծաղիկը՝ վարսանդը, պտուղը՝ կորիզը) քողարկում, գաղտնապահում է, ըստ այդմ իր այդ ամեն ինչն իր համար սրբազնացնելով, դրանց խորհրդավորություն հաղորդելով, իսկ այլ օրգանիզմներից՝ իրեն ապահովագրելով, անվտանգ դարձնելով: Ազգն էլ բնական օրգանիզմ է, որի կենսունակությունը, անընդհատ լինելությունն ապահովող գործոններից են նրա խորհրդանիշերը, որոնք նա, ըստ ամենայնի պահում-պահպանում, «բարուրում» է (արտահայտությունն Նարեկացու «Մատյան»-ից է)՝ դրանց հաղորդելով սրբազնություն, խորհրդավորություն՝ իր համար, իսկ այլոց համար՝ դարձնելով անձեռնմխելի, անվտանգ3: Այնպես որ՝ մեր էպոսի երկրորդ խումբ խորհրդանիշերի՝ էպոսում ոչ բացահայտ ներկայացումը պայմանավորված է նախ եւ առաջ բանի բնական դրվածքով:

Էպոսի խորհրդանիշերը ունենալով հանդերձ առասպելական հիմք ու հայ կյանքի հեթանոսական ժամանակների (երբ ազգային կեցութաձեւն էր իշխողը) դրոշմ, այնուամենայնիվ կրում են նաեւ պատմության (հատկապես, Չարենցի արտահայտությամբ, «կաղ միջնադարի») ու հայ կյանքի կրոնական ժամանակների բացասական ազդեցության հետքերը: 301թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց միահեծան պետական կրոն: Հայի նախնի՝ հայրերից եկող ազգային հավատքն, եւ ընհանրապես ազգային ամեն ինչ (լեզու, երգ, պար, բանասացություն, դիցաբանություն…) արգելվեց: Այդ արգելանքը, տարբեր ընդգրկումներով, շարունակվեց ամբողջ միջնադարում ու հետայդու: Արգելանքի ենթարկվեցին նաեւ, պարզ է, ազգային խորհրդանիշերը՝ ազգային հավատքի ու մշակույթի առանցքային տարրերը: Բայց դրանք, չնայած այդ արգելանքին, հայի կյանքում, իհարկե, շարունակվեցին ապրել, ապրել՝ «ակի ու կրակի» արանքում, դժնդակ պայմաններում, գաղտնիորեն: Եվ պարզ է, որ ժամանակի այդ որոգայթներում, այդ ահ ու սարսափի պայմաններում բանասացների՝ հայ քրմության հոգեւոր ժառանգորդների (ովքեր իրենց գլուխն ու գլխում եղածն ինչպես կարողանում պահում էին) հիշողության մեջ հայ ազգային խորհրդանիշերը պահպանվելու էին ժամանակի թոզն ու փոշին իրենց վրա կրելով, պահպանվելու էին՝ իրենց նախկին՝ պայծառ տեսքը ինչ որ չափով կորցնելով, ծպտվելով, բանասացների պատումներում տրոհվելով, հաճախ՝ անանուն արծարծվելով:

Այնպես որ՝ պատմության քառուղիներում հերոսաբար վերապրած մեր բանասացների՝ «փիր (իմա՝ հիասքանչ, բանիմաց, – Ք.Մ.) վարպետների» օգնությամբ մեզ հասած հայոց էպոսն4, ինչպես ամբողջության մեջ, այնպես էլ ներկա դեպքում՝ էպոսում արծարծված հայ ազգային խորհրդանիշերի կտրվածքով, ընթերցել-հասկանալ-մեկնաբանել-ներկայացնելու անհրաժեշտությունը կա (մինչեւ այժմ եղածները բավարար չեն, քանի որ դրանցում բացակայում է էպոսի խորազնին ուսումնասիրությունը): Սույնը կարեւորենք նաեւ այն առումով, որ, ինչպես հայտնի է, ՅՈւՆԵՍԿՕ-ն հայոց դիցազներգությունը ընդգրկել է համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում, եւ հետեւաբար, ով, եթե ոչ մենք պիտի նախեւառաջ մեր խորախորհուրդ էպոսը ճանաչենք, ճանաչենք ու նրա խորհուրդներով ապրենք:

Էպոսի տեսակ-տեսակ խորհրդանիշերից առանձնացնենք հիմնայինները՝ տիեզերական զորություններին վերաբերողները:

Տեր կենդանին

«Խնամք շա՛տ է մեծ թագավորին» (էպոսի՝ Արարչին ուղղված բառաբանական խոսքերից)

«Տեր կենդանին» էպոսի գլխավոր խորհրդանիշն է:

Դա է արծարծվում էպոսի՝ մի քանի տեղերում հիշատակվող՝ գլխավոր հավատո հանգանակ երդումում՝ «Հացն ու գինին, տեր կենդանին»: Քանի որ այդ երդումը էպոսում տրվում է հերոսների կյանքի կարեւորագույն պահերին, օրինակ՝ տուն-տեղ հիմնելու, մեծ զոհաբերություն կատարելու պատրաստակամություն հայտնելու, ահեղ թշնամու դեմ մեծամարտի դուրս գալու, Քուռկիկ Ջալալուն թշնամու կապանքներից ազատելու կապակցությամբ, ուստի դրանից հետեւում է այն, որ երդման Տեր կենդանին խորհրդին հույժ կարեւոր տեղ է հատկացվում: Ով է մեր դիցհերոսների այդ շատ պաշտելի ու կարեւորելի Տեր կենդանին: Լեզվաբանորեն երկու՝ հոմանիշ իմաստով կարելի է դա հասկանալ. կամ՝ որպես գերագույն անձ նշանակող՝ կենդանիների (ամբողջ կենդանի աշխարհի, բոլոր կենդանի արարածների) Տեր5, կամ էլ որպես՝ դարձյալ գերագույն անձ նշանակող՝ կենդանի (միշտ ապրող, շնչող) Տեր: Այսինքն՝ երկու դեպքում էլ Տեր կենդանին գերագույն անձի (զորության, էակի) իմաստով է հասկացվում: Իսկ որպես այդպիսին հայ հավատքային ընկալումներում պատկերացվել է Արարիչը՝ Երկնային Հայրը, ում էլ հենց խորհրդանշում է ավանդապահ մեր էպոսի Տեր կենդանին: Որ խոսքը Արարչի մասին է (եւ ո՛չ մեկ այլի…)՝ դա ավելի որոշակի է դառնում, երբ էպոսի այլ դրվագներում հանդիպում ենք «հեր կենդանին» (այսինքն՝ կենդանի արարածների Հայր, ով, պարզ է, Արարիչն է), «Երկնքի ու Երկրի ստեղծող» (ով, դարձյալ պարզ է, Արարիչն է) եւ «մեծ թագավոր» արտահայտությունների:

Հետեւաբար, ասում է մեզ այդ պարզ դիտարկումը, մեր էպոսը պահել-պահպանել-մեզ է հասցրել հայ հավտքի գլխավոր՝ Արարիչ խորհուրդը, ըստ որի Նա է տիեզերական գերագույն զորությունը՝ երնքի ու երկրի, երկնային ու երկրային արարածների («կենդանիների») արարողը, ամենայնը՝ տիեզերական ու երկրային զորությունները համակարգողն ու կառավարողը: Հնու՜ց ի վեր Արարիչ խորհուրդը կազմել է հայ հավատքի ու կյանքի, հայ աշխարհընկալումի ու ճանաչողության առանցքը,- այս առումով էլ կարեւորենք էպոսի այդ ավանդապահությունը:

Էպոսում Տեր կենդանու անունը չի տրվում (դե, մեր հնարամիտ բանասացները ստիպված էին քողարկել խորհուրդը): Բայց քանի որ մի տեղ, ինչպես իմացանք, նա կոչվում է «հեր կենդանի», ապա դրանից աներկբա հետեւում է, որ նա հայ ավանդական դիցաբանությունից հայտնի Արա-ն (Արա-Մազդն,-պարսկական տարբերակով6)՝ երկնային Հայրն է: Էպոսի Տեր կենդանին՝ Արարիչը էպոսի դիցազունների, նրանց ցեղի, ազգի երկնային Հայր Արարիչն է: Արարչի այդպիսի՝ հարազատական ընկալումը էպոսում ակնհայտ է. էպոսի հայ հերոս-հերոսուհիները համոզված են, որ Նա, որպես երկնային Հայր, միշտ իրենց ազգին հովանի է կանգնում, զորացնում է, տիրություն է անում, ինչպես հայրն է իրենից սերվածի նկատմամբ վարվում: Դրվագներից մեկում, օրինակ, Ծովինարը երկրպագելով Արարչին՝ ասում է. «Գոհանամ քենե, էրկնի ու էրկրի ստեղծող, / Որ ըզ մեզի ու մեր ժողովուրդ/ ազատ արիր էն զուլումի (Խալիֆի,- Ք.Մ.) ձեռնեն»:

Էպոսի բազում տեղերում, բացի Տեր կենդանի (Արարիչ) խորհրդից, կան նաեւ Աստվածածին եւ Աստված խորհուրդները: Այդ խորհուրդների իմաստի մասին դեռ կխոսենք: Այստեղ նշենք միայն, որ այդ խորհուրդները էպոսում Արարիչ խորհրդից հստակորեն չտարբերակվելով հանդերձ (էպոսում թեկուզեւ ոչ հստակորեն երեւում է այն գիտակցումը, որ դրանք մի՝ ընտանի խորհուրդների համակարգություն են կազմում)՝ նրա հետ չեն էլ նույնացվում. առաջինները երկրորդի համեմատ դիտվում են որպես ենթակա խորհուրդներ: Պատահական չէ, որ էպոսի մեր հայազուն հերոսները տիեզերական բացարձակ զորություններին ուղղված իրենց գովաբանական կամ երդումնային խոսքերում նախ հիշում են Տեր կենդանուն (Արարչին), ապա Աստվածածնին կամ՝ Աստվածածնից հետո՝ Աստծուն: Այսինքն՝ հայ էպոսում մենք տեսնում ենք հայ ավանդական դիցընկալմանը հատուկ՝ տիեզերական բացարձակ զորությունների՝ եռամիասնական աստիճանակարգային (հիերարխիկ) ընկալումը՝ երկնային Հայր (Տեր կենդանին)-երկնային Մայր (Աստվածածին)-Աստված7:

Մեր դիցազներգության դիցազունները իրենց երկրպագած տիեզերական գերագույն զորություն՝ Արարիչ խորհրդի, այդ խորհրդից բխող համապատասխան օրենք-օրինաչափությունների համաձայն էլ իրենց կյանքում ապրում են: Նրանք իրենց գիտակցելով որպես դիցազն՝ աստվածամարդ, Արարչի երկրային ժառանգորդ՝ իրենց տրված արարչականությամբ ապրելու պարտքի, իրավունքի ու առաքելության գիտակցումն ունեն:

Հայ դիցազունների հոգեկերտվածքի ու վարքուբարքի այդ գիծը հատուկ է էպոսի մյուս հայազուն անձանց նույնպես (ոմանց, օրինակ, Ցռան Վերգոյին, պակաս չափով իհարկե):

Ի տարբերություն Սասնա տան՝ Արարչի (ինչպես նաեւ նրա հետ կենսականորեն կապված՝ Աստվածամոր ու Աստծո) ընկալումից իսպառ զուրկ է Մսրա (Խալիֆայի) տունը: Այդ տան «հավատքային հասունության» աստիճան է էպոսում դիտվում կռապաշտությունը՝ ինչ-որ մեծ ու փոքր, սեւ ու սպիտակ դեւերի կուռքերին երկրպագելը:

Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Շարունակելի

1 Դիցազն – լեզվաբանորեն նշանակում է աստվածներին (դիցերին) հարազատ սերունդ (ազն): Հետեւաբար՝ դիցազներգություն նշանակում է աստվածներին հարազատ սերնդի՝ աստվածամարդկանց մասին պատմող երգ (երգեր):

2 Դիցապատումը (դիցերգությունը), ի տարբերություն նախորդի, վերաբերում է արդեն զուտ աստվածներին (դիցերին):

3 Ժողովուրդների ու հասարակությունների՝ մարդկանց այդ անբնական հավաքականությունների պարագայում բանն այդպես չէ. նրանք արտաքին աշխարհի առջեւ իրենց ամեն ինչով բացվում, մերկանում են:

4 Էպոսի վերջում էպոսը պատմողին՝ «փիր վարպետին» «քառսուն օղորմի» է տրվում: Մենք էլ նույնը ասենք:

5 Բարբառային ձեւերում, երբ վերաբերություն է արտահայտվում, ին մասնիկը երբեմն որպես հոգնակիակերտ մասնիկ էլ է հանդես գալիս. օրինակ՝ կենդանի-կենդանին՝ կենդանիներին վերաբերող:

6 Թե՛ հայոց, թե՛ պարսից մեջ Արարչի անունը Արա-ն է եղել. Պարսիկները պարզապես հավելել են մազդա-ն (նշանակում է պաշտելի):

7 Դեռ կտեսնենք, որ մեր էպոսը Աստված խորհուրդն էլ միադեմ չի ընկալում:

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։